• Սեպտեմբերի 1-ը «Արարչագործության խնամքի համար աղոթքի միջազգային օրն է».Սրբազան Պապը խնդրում է յուրաքանչյուրիս՝ աղոթել

    «Մենք առերեսվում ենք մեկ ընդհանուր բարդ ճգնաժամի, որը և՛ սոցիալական է, և՛ բնապահպանական». Laudato Si’, (139)


    1 սեպտեմբերի, 2015թ.

    Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը 2015թ. օգոստոսի 6-ին հրապարակած իր նամակով սեպտեմբերի 1-ը հաստատել է որպես «Արարչագործության խնամքի համար աղոթքի համաշխարհային օր»:

     

    Քահանայապետի նպատակը բոլոր քրիստոնյաներին միավորող աղոթքի հնարավորություն ստեղծելն է՝ բոլորին հուզող ընդհանուր խնդրի հիման վրա: Իր նամակում Սրբազան Պապը գրում է, որ միանում է Հույն Ուղղափառ Եկեղեցում վերջերս ընդունված սովորությանը՝ սեպտեմբերի 1-ին աղոթելու արարչագործության համար և Կաթողիկէ Եկեղեցում ևս հաստատում է նույն սովորությունը, որը կարող է միավորել բոլոր քրիստոնյաներին, ովքեր մտահոգ են իրենց ընդհանուր տան բնապահպանական ճգնաժամով:

     

    Մենք միշտ պետք է հիշենք, գրում է Նորին Սրբությունը, որ «հոգու կյանքը անջատ չէ մարմնից, բնությունից կամ աշխարհի իրականությունից, այլ ապրվում է դրանց մեջ և դրանց հետ, միության մեջ այն ամենի հետ, ինչ շրջապատում է մեզ» (Laudato Si’, 216):

     

    Բնապահպանական ճգնաժամը մեզ կոչ է անում խոր հոգևոր դարձի, որպեսզի Հիսուս Քրիստոսի հետ մեր մտերմության պտուղներն արտահայտվեն շրջապատող աշխարհի հետ մեր հարաբերություններում:

     

    «Առաքինի կյանք վարելու համար առանցքային է լինել պաշտպաններ Աստծո արարչագործության».շարունակում է Քահանայապետը:

     

    Աղոթքի այս համաշխարհային օրը առիթ է Տիրոջը շնորհակալություն հայտնելու Նրա ձեռքի հրաշալի ստեղծագործության համար, որը վստահել է մեր խնամքին, ինչպես նաև առիթ է խնդրելու Տիրոջ պաշտպանությունը՝ աշխարհի համար և ներում հայցելու մեր մեղքերի համար, որ գործում ենք աշխարհի հանդեպ:

     

    Արդարության և խաղաղության պապական խորհուրդը բոլոր կաթողիկէ հավատացյալներին առաջարկում է սեպտեմբերի 1-ին կազմակերպել մեկժամյա Սբ. Հաղորդության երկրպագություն՝ աղոթելու արարչագործության խնամքի համար:

     

    Այս քայլը շարունակությունն է բնապահպանական ու սոցիալական խնդիրների լուծման ուղղությամբ Սրբազան Պապի և Սուրբ Աթոռի կատարած քայլերի՝ «Գովեմ զՔեզ»՝ Laudato Si, շրջաբերականի հրապարակման և այդ թեմայով խորհրդաժողովների կազմակերպման, քարոզների և ելույթների:

Օրացույց

Օրացույց