• «Laudato si (Գովեմ զՔեզ)» շրջաբերականի համառոտ էությունը. ինչպե՞ս հաղթահարել ճգնաժամը

    Բնապահպանական ու սոցիալական ճգնաժամը կարելի է հաղթահարել միայն անկեղծ երկխոսությամբ և «բնապահպանական դարձով»:


    20 հունիսի, 2015թ.

     

    Ֆրանցիսկոս Սրբազան Պապի նոր Laudato si` Գովեմ զՔեզ, շրջաբերական նամակի բովանդակության մասին ընդհանուր պատկերացում կազմելու համար առանձնացրել եմ մի քանի դրույթներ՝ հնարավորինս սեղմ շարադրանքով:

     

    «Ինչպիսի՞ աշխարհ ենք թողնելու մեր հաջորդներին՝ այսօր տարիք առնող երեխաներին» (160).սա է շրջաբերականի հիմնական հարցը: Այս նամակը միայն միջավայրի պահպանության մասին չէ, այլ կոչ է անում մեզ հարցադրումներ անել մեր գոյության իմաստի և սոցիալական կյանքի արժեքների մասին.

     

    «Ո՞րն է մեր կյանքի նպատակը, մեր աշխատանքի նպատակը…ինչու՞ երկիրը մեր կարիքն ունի…մինչև չառերեսվենք այս մեծ խնդիրների հետ, մեր մտահոգությունը բնապահպանությամբ անլուրջ արդյունքներ կունենա».գրում է Պապը:

     

     Շրջաբերականի անունը, որը Սբ. Ֆրանցիսկոսի աղոթքից է՝ Laudato si` Գովեմ զՔեզ, հիշեցնում է մեզ, որ երկիրը՝ մեր ընդհանուր տունը, «նման է քրոջ, ում հետ կիսում ենք մեր կյանքը, և մոր, ով մեկնում է իր ձեռքերը՝ մեզ գրկելու համար» (1): Մենք մոռանում ենք, որ ինքներս հող ու փոշի ենք, մենք շնչում ենք այդ մոր օդը և զովանում նրա ջրերով (2):

     

    Այս երկիրը հիմա շահագործում են անխնայաբար, այն ողբում ու աղաղակում է: Պապը հրավիրում է մեզ ականջ դնելու այդ աղաղակին կոչ է անում «բնապահպանական դարձի»՝ օգտագործելով Հովհաննես Պողոս Բ-ի արտահայտությունը:

     

    Շրջաբերականում Պապը հույս է հայտնում, որ մարդկությունը դեռևս ունակ է դրական միջամտություն անելու (58), մարդիկ ունակ են իրենք իրենց հաղթահարելու և նոր մեկնարկ տալու (205): Պապը ամբողջ մարդկությանը հրավիրում է երկխոսության՝ միասին գործելու հանուն ընդհանուր տան բարօրության:

     

    «Շատ գիտնականների, փիլիսոփաների, աստվածաբանների և քաղաքացիական խմբերի խորհրդածությունները…հարստացրել են Եկեղեցու մտածողությունը այս հարցերի շուրջ» (7), աներկբայորեն փաստում է նամակը և դրանով իսկ փաստում Եկեղեցու բաց լինելը՝ գիտական մտքի ու պարզ մարդկանց մտածումների առջև:

     

    Առաջին գլխում փաստվում է, որ կլիմայի փոփոխության բացասական հետևանքները առաջին հերթին իրենց մաշկի վրա զգում են աղքատները, իսկ նրանք, ովքեր տիրապետում են շատ ռեսուրսների և տնտեսական ու քաղաքական իշխանության, մտահոգվում են միայն խնդիրները կոծկելով (26):

     

    Այսպիսի ողբերգությունների նկատմամբ ոչ պատշաճ արձագանքը խոսում է պատասխանատվության զգացումի կորստյան մասին՝ մեզ նման մարդկանց հանդեպ, որոնց վրա է հիմնված ամբողջ քաղաքացիական հասարակությունը, (25) գրում է Պապը:

     

     Մոլորակի էկոհամակարգը, կենդանական և բուսական աշխարհի բազում տեսակներ վտանգված են բնական ռեսուրսների ոչ ճիշտ օգտագործման, սպառողական մշակույթի անսանձելիության հետևանքով, իսկ գիտական միտքը, որը կարող է լուծումներ մշակել էկոլոգիալական խնդիրների վերացման համար, հաճախ ծառայում է փողի ու սպառողական մշակույթի քմահաճույքին:

     

    Եկրորդ գլխում Պապն առաջարկում է մարդկությանը ուշադրություն դարձնել Սուրբ Գրքին և վաղ քրիստոնեական ավանդությանը, որոնք կօգնեն գիտակցել արարչագործության հանդեպ մարդու մեծ պատասխանատվությունը, որն Աստծուց է.Աստված մարդու՛ն է հանձնել երկրի խնամքը, որպես համընդհանուր բարիք և պատասխանատվություն:

     

    «Մարդկային կյանքը հիմնված է երեք հիմնարար և սերտորեն փոխկապակցված հարաբերությունների վրա՝ Աստծու, մերձավորի և երկրի հետ: Ըստ Սուրբ Գրքի, այս երեք կենսական հարաբերությունները խզվել են…մեղքի հետևանքով» (66):

     

    Աստծո պատկերով ստեղծված լինելը և երկրին տիրելու մասին աստվածային պատվիրանը չի արդարացնում մեր եղբայրների և այլ արարածների վրա տիրելու մեր ցանկությունը.մարդիկ պատասխանատվություն ունեն՝ խնամելու աշխարհի պարտեզը, ի մտի ունենալով այն ճշմարտությունը, որը արարծների գոյության նպատակը մարդը չէ, այլ՝ Աստված (83):

     

    Մարդը եզակի տեղ ունի արարածների մեջ և դրանով իսկ՝ մեծ պատասխանատվություն՝ հոգ  տանելու բոլոր արարծների և իր եղբայրների ու քույրերի հանդեպ: Պետք է գիտակցել, որ գոյություն ունի «տիեզերական միություն, որը կյանքի է կոչվել մեկ և միակ Հոր կողմից: Յուրաքանչյուրս կապված ենք անտեսանելի կապերով և կազմում ենք տիեզերական մի ընտանիք՝ մի վսեմ միություն, որը մեզ լցնում է սուրբ, ջերմ և խոնարհ հարգանքով» (89):

     

    Երրորդ գլխում Սրբազան Պապը խոսում է տեխնոկրատ հասարակության մասին:

     

    Տեխնոկրատ տիրապետության մտածողությունն է հանգեցնում բնության ոչնչացմանն ու մարդկանց շահագործմանը:

    «Ժամանակակից կյանքը հատկանշվում է չափազանցված մարդակենտրոնությամբ (antrhropocentrism)» (116). մարդիկ այլևս չեն հասկանում իրենց ճիշտ տեղը աշխարհի նկատմամբ և ինքնակենտրոն դիրք են բռնում՝ կենտրոնացած բացառապես սեփական «ես»ի և իշխանության վրա: Հետևանքը «օգտագործման և դեն նետելու» տրամաբանությունն է, որն արդարացնում է վատնումի ցանկացած տեսակ, լինի միջավայրի կամ մարդու: Վատնումի մտածողությունը մարդուն և բնությանը վերաբերում է որպես պարզ առարկաների և հանգեցնում տիրապետության զանազան ձևերի: Այս մտածողության հետևանքն են երեխաների շահագործումը, ծերերին լքելը, մարդկանց ստրկացնելը, գերագնահատելը շուկայի ինքնակարգավորման հնարավորությունը և այլն: Նույն մտածողությունն ունեն մաֆիաները, թմրանյութեր վաճառողները, չծնված երեխաներին աբորտով հեռացնողները… (123):

     

    Պապը չի շրջանցում նաև փոքր ձեռնարկատերերի ու հասարակ գյուղացիների խնդիրները, որոնք հետևանք են գյուղատնտեսական հողերի՝ մի քանի հարուստների ձեռքում կենտրոնացած լինելու փաստի:

     

    Սոցիալական խնդիրները չի կարելի տարանջատել շրջակա միջավայրի խնդիրներից, որովհետև դրանք սերտորեն փոխկապակցված են պատճառահետևանքային կապով.մենք առերեսվում ենք մեկ ընդհանուր բարդ ճգնաժամի, որը և՛ սոցիալական է, և՛ բնապահպանական (139), վստահ է Քահանայապետը:

     

    Ի՞նչ կարող ենք և ի՞նչ պետք է անենք

     

    Վերլուծությունները, տեսությունները բավարար չեն, համոզված է Պապը, այլ հարկ է երկխոսություն հաստատել ոչ միայն միջազգային, այլև՝ անհատական մակարդակով, սա կօգնի հաղթահարել ինքնաոչնչացման պարույրը, որը կլանում է մեզ (163):

     

    Եկեղեցին չի հավակնում գիտական հարցեր լուծել կամ իրենով փոխարինել քաղաքականությունը: «Բայց ես ուզում եմ խրախուսել ազնիվ և բաց քննարկում, որպեսզի մասնավոր շահերն ու գաղափարախոսությունները չվնասեն համընդհանուր բարիքին».գրված է 188-րդ կետում:

     

    Քննադատելով միջազգային կառույցների անկարողությունը և քաղաքական կամքի բացակայությունը՝ լուծելու լուրջ խնդիրները՝ Պապը գրում է.

    «Ի՞նչը պետք է դրդի մեկին…կառչել իշխանությունից՝ միայն այն բանի համար, որ իրեն հիշեն, թե ընդունակ չի եղել քայլեր ձեռնարկելու, երբ հրատապ էր ու անհրաժեշտ» (157):

     

    Ցանկալի արդյունքներ ունենալու համար հարկ է սկսել կրթությունից՝ դպրոցում, ընտանիքներում, լրատվամիջոցներում, կրոնագիտության դասերում և այլուրեք:

     

    Պետք է նոր կենսաձև որդեգրել և կարողանալ առողջ ճնշում բանեցնել քաղաքական, տնտեսական ու սոցիալական իշխանություն ունեցող անձանց վրա:

     

    «…որպես հավատացյալներ, մենք աշխարհին նայում ենք ոչ թե դրսից, այլ՝ ներսից՝ գիտակից այն կապերին, որոնցով Հայրը մեզ կապել է բոլոր արարածներին: Զարգացնելով մեր անհատականությունը, աստվածատուր կարողությունները՝ բնապահպանական դարձը կարող է ներշնչել մեզ ավելի մեծ ստեղծագործական աշխատանքի և խանդավառության» (220):

     

    «Երջանկությունը նշանակում է՝ իմանալ ինչպես սահմանափակել որոշ կարիքներ, որոնք միայն արժեզրկում են մեզ, և բաց լինել այլ շատ հնարավորությունների առջև, որոնք կյանքն է առաջարկում», գրում է Քահանայապետը 223-րդ կետում:

     

     

    Ամբողջական շրջաբերականը անգլերեն տարբերակով՝ Laudato si Pope Francis’ Encyclical letter

     

    Լևոն Գալստյան

     

     

     

     

     

     

     

     

     

     

     

     

     

     

     

     

     

     

     

     

Օրացույց

Օրացույց