Յուրաքանչյուր բարեպաշտ քրիստոնյա պարտավոր է իր ներդրումն ունենալ սեփական համայնքի եկեղեցաշինության մեջ:
6 օգոստոսի, 2015թ.
2015թ. օգոստոսի 5-ին Նինոծմինդայի շրջանի Ուջմանա գյուղում օծվել է Սբ. Հովհաննես Մկրտիչ եկեղեցին՝ ձեռամբ Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Արևելյան Եվրոպայի հայ կաթողիկէների առաջնորդ Արհ. Տ. Ռաֆայել արքեպս. Մինասյանի, առընթերակայությամբ՝ Ուջմանայի ժողովրդապետ Արժ. Տ. Անտոն քահանա Անտոնյանի և Արժ. Տ. Գրիգոր ավ. քահանա Մկրտչյանի: Օծման արարողությանը ներկա էին Նինոծմինդայի շրջանից պատգամավոր Հենզել Մկոյանը, Նինոծմինդայի մունիցիպալիտետի նախագահ Սմբատ Կյուրեղյանը, այլ պատվավոր հյուրեր և գյուղացիները:
Սբ. Հովհաննես Մկրտիչ եկեղեցին կառուցվել է 1850 (51)թ., ջերմեռանդ գյուղացիների ջանքերով: Տասնամյակներ շարունակ եկեղեցին անմխիթար վիճակում է եղել, սովետական տարիներին հայ կաթողիկէ գյուղերում կաթողիկէ հոգևորականների գործունեությունն արգելված է եղել, եկեղեցին անխնամ է մնացել: 1990 թ.-ից Ուջմանայի եկեղեցում սկսել են Սբ. Պատարագ մատուցել և եկեղեցական այլ խորհուրդներ կատարել հարևան գյուղերում սպասավորող կաթողիկէ հոգևորականները: 2008թ.-ից գյուղի ժողովրդապետն է Արժ. Տ. Անտոն քահանա Անտոնյանը, ով ծառայում է նաև հարևան Սխուլիս, Հեշտիա, Թորիա, Ժդանովական գյուղերում:
2015թ. գարնան և առման ամիսներին Սբ. Հովհաննես Մկրտիչ եկեղեցին հիմնովին վերանորոգվել է: Ծնունդով նույն գյուղից, Ավստրալիայում բնակվող Ռիմա Կարսլյանի ֆինանսական հովանավորությամբ նորոգվել են եկեղեցու բեմը, առաստաղը, Սբ. Խորանը, դուռը, պատուհանները, պատերը: Զանգակատունը նորոգվել է նույն գյուղի բնակիչ Ռոբերտ Ամիրխանյանի միջոցներով: Կարսլյանի միջոցներով շարունակվելու է եկեղեցու պատերի նորոգումը դրսի կողմից: Ռիմա Կարսլյանը նաև եկեղեցուն մի խաչքար է նվիրել՝ գյուղի հիմնադրման 185 ամյակի առթիվ: Ներկաներին ուղղված իր խոսքում Ռիման ասել է, որ կատարել է իր երազանքը՝ նորոգ տեսնել իր պապերի կառուցած եկեղեցին:
Ուջմանեցիները իրենց գյուղը հիմնել են 1830-ական թվականներին՝ գաղթելով Թուրքիայի տիրապետության տակ մնացած Արևմտյան Հայաստանի Խնուս բնակավայրից: Ուջմանեցիների խոսվածքում պահպանվել է Մշո բարբառը, որի պատճառով սովորություն է եղել նրանց անվանել «մշեցի կաթողիկէներ»: