• Կատարվեց Երանաշնորհ Հայրապետի թաղման և հուղարկավորության արարողությունը (լրացված)

    2015թ. հունիսի 30-ին, կեսօրից հետո ժամը 16:00-ին (Լիբանանի ժամանակով) տեղի ունեցավ Տանն Կիլիկիո Կաթողիկէ Հայոց Կաթողիկոս Պատրիարք Ամեն. Տ. Ներսես Պետրոս ԺԹ-ի թաղման արարողությունը:


     

    Արարողությունը կատարվեց Բեյրութի Սբ. Գրիգոր Լուսավորիչ-Սբ. Եղիա Աթոռանիստ Եկեղեցում, իսկ մարմինն ամփոփվեց Հայ Կաթողիկէ Պատրիարքարանի Սրբո Կուսի Ավետման Եկեղեցու պատրիարքների դամբարանում:

     

    Ինչպես հայտնում է Հայ Կաթողիկէ Պատրիարքարանի դիվանը,

    թաղման կարգին և հուղարկավորությանը մասնակցեցին Հայ Կաթողիկէ Եկեղեցու սինոդոսական եպիսկոպոսները, կղերական դասն ու հավատացյալները, Սուրբ Աթոռի Արևելյան Եկեղեցիների հաստատության կառավարիչ կարդինալ Լեոնարդո Սանդրին, Լիբանանում պապական նվիրակ Գաբրիելե եպս. Քաչիան,  Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Ա-ը, Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ին ներկայացնող եպիսկոպոսներ, Լիբանանի պատրիարքների և եպիսկոպոսների խորհրդի նախագահ, Մարոնիտ Կաթողիկէ Եկեղեցու Պատրիարք կարդինալ Պշարա Ռաին,  արևելյան այլ կաթողիկէ և ոչ կաթողիկէ Եկեղեցիների պատրիարքներ, ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, Լիբանանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանը, Վատիկանում ՀՀ դեսպան Միքայել Մինասյանը, Լիբանանի խորհրդարանի և սենատի նախագահները, այլ քաղաքական ու հասարակական գործիչներ, մամուլի, բանակի ներկայացուցիչներ:

     

    Եկեղեցու դրան մոտ արարողության մանսակիցներին դիմավորեցին Հայ Կաթողիկէ միության Զալքայի շեփորախումբը, պատվի կանգնած հայ կաթողիկէ սկաուտներն ու պատանիները: Երբ եկեղեցի բերվեց Երանաշնորհ Հայրապետի մարմինն ամփոփող դագաղը, շեփորախումբը հնչեցնում էր Շոպենի ռեքվիեմը: Դագաղը ուսամբարձ փոխադրվեց մինչև խորան և դիմավորվեց հանդիսավոր զգեստավորված եպիսկոպոսների կողմից՝ գլխավորությամբ Պատրիարքական կառավարիչ Արհ. Գրիգոր եպս. Կապրոյանի: Յընթացս պատրիարքական Կռունկ երգչախումբը հնչեցնում էր թաղման կարգին հատուկ գեղեցիկ շարականներ:

     

     Թաղման արարողության ավարտին դամբանական ճառով հանդես եկավ Արհ. Գրիգոր եպս. Կապրոյանը, ով խոսեց Երանաշնորհ Հայրապետի բազմավաստակ գործունեության մասին:

     

    Ապա Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետի ցավակցագիրն ընթերցեց կարդինալ Լեոնարդո Սանդրին:

     

    Խոսք առավ Լիբանանի պատրիարքների և եպիսկոպոսների խորհրդի նախագահ, Մարոնիտ Կաթողիկէ Եկեղեցու Պատրիարք կարդինալ Պշարա Ռաին, որը ամբողջ խորհրդի անունից ցավակցություն հայտնեց Հայ Կաթողիկէ Եկեղեցուն և անդրադարձավ Երանաշնորհ Հայրապետի հոգևոր արժանիքներին, ծառայողական ոգուն:

     

    Գարեգին Բ Կաթողիկոսի ցավակցագիրն ընթերցեց Հ. Մաշտոց վրդ. Զահթերյանը, իսկ ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընթերցեց ՀՀ նախագահի ցավակցագիրը:

     

    Թաղման կարգն ավարտվեց Արամ Ա Կաթողիկոսի և Արհ. Հ. Գրիգոր եպս. Կապրոյանի աղոթքով և օրհնությամբ:

     

    Երանաշնորհ Կաթողիկոս Պատրիարքի մարմինը ամփոփվեց պատրիարքական դամբարանում, ըստ իր իսկ ցանկության:

    11218936_1685762891652227_9143703270888632238_n 11221409_1685762984985551_1224073586251552635_n 11707556_1685761288319054_5553755004127488709_n

Օրացույց

Օրացույց