Հույժ սիրելի՛ ծայրագույն վարդապետներ, վարդապետներ, քահանաներ, սարկավագներ, մայրապետներ և հավատավոր ժողովուրդ,
Սույն գրով գալիս ենք ամենքիդ մեր ցավակցությունն ու մխիթարական խոսքը հղելու՝ մեր Երանաշնորհ Կաթողիկոս Պատրիարք Ամենապատիվ Տեր Ներսես Պետրոս ԺԹ-ի մահվան կապակցությամբ և ի լուսավոր և անմար հիշատակ։
Աստծո կամքով և կարողությամբ, ի գին զանազան դժվարություների և առողջական ծանր պարագաների, Երջանկահիշատակ Հայրապետը հոժարությամբ և սիրով ծառայեց՝ ի սպաս Հայ Կաթողիկե համայնքի պայծառության և յուր փարախն առաջնորդեց դեպի դալար և հանգստավետ վայրեր։ Ի փառս Աստծո և վասն Հայ Եկեղեցու ամրապնդման, պահելով անաղարտ նախնյաց ուղղափառ հավատը, Հայրապետը՝ ներդրեց յուր ամեն կարողություն։
Հայ ազգի համար դարակազմիկ այս տարում Ամենապատիվ Հայրապետը, գործակցությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի հետ միասին, իրագործեց 2015թ. ապրիլի 12-ին Հռոմում Սրբազան Քահանայապետի ձեռամբ մատուցված Սբ. Պատարագը և Ս․ Պետրոս տաճարում, Սրբազան Քահանայապետի կողքին, յուր աղոթքը բարձրացրեց առ Բարձյալն՝ ի ոգեկոչումն մեր սրբոց ապրիլյան նահատակաց Հայոց Մեծ Եղեռնի։ Ցնծաց և պատվեց յուր սուրբ նախնյաց, երբ Հայ Եկեղեցու սրբալույս աստվածաբան և փիլիսոփա Գրիգոր Նարեկացին հռչակվեց Տիեզերական Եկեղեցու Վարդապետ։ Այս հիշարժան տարում լրացան Ամենապատիվ Հայրապետի քահանայական ձեռնադրության հիսուն և եպիսկոպոսական ձեռնադրության քսանհինգ տարիները, ինչպես նաև՝ Հայրապետական Աթոռի գահակալության տասնհինգ վաստակաշատ տարիները։
Աստծո բարի և հավատարիմ ծառան մտավ երանավետ և անսպառ Արքայությունը։ Սիրելինե՛ր, վշտի և ցավի այս պահին Բարձրյալն Ամենազոր և Սուրբ Ավետարանը թող օգնակա՛ն լինեն բոլորիս, ա՛յս է ճանապարհը մեր, որ պիտի հետևենք մեր Ամենապատիվ Հայրապետի օրինակին և գտնենք մխիթարություն և համբերություն։
Մեր աղոթքն ենք բարձրացնում առ Աստված՝ կնքելով մեր խոսքը Ս․ Գրիգոր Նարեկացու աղոթքով․
«Եվ մխիթարի՛ր, բժշկի՛ր, քավի՛ր
Ու կենագործի՛ր նախկին օգնությամբ՝
Ընձեռելով ինձ օրհնյալ քո ձեռքով
Զորություն՝ վերջին տագնապիս պահին։
Քեզ վայել է փա՛ռք ըստ ամենայնի
Հավիտյաններից հավիտյանս․ամեն»։ (Բան ԼԸ)
Հ․Գ․ Արդեն իսկ մեր հոգևոր դասը տեղյակ է, որ հաջորդ կիրակի՝ 05․07․2015, հայ կաթողիկե բոլոր եկեղեցիներում մատուցվելու է Սուրբ և Անմահ Պատարագ, կատարվելու է Հոգեհանգստյան պաշտոն՝ Երջանկահիշատակ Կաթողիկոս Պատրիարք Ամենապատիվ Տեր Ներսես Պետրոս ԺԹ-ի հոգու հանգստության համար։ Մեր խնդրանքն է ամենքի՛դ՝ հավատացյալ ժողովուրդ և հոգևոր դաս, միասիրտ և միակամ խնկելի ձեր աղոթքով հիշել և պատվել Երանաշնորհ Հայրապետին և կրկին անգամ փառս մատուցել Ամենաբարի և Ամենախնամ Աստծուն․Ամեն։
Ձերդ աղոթարար՝
Բարձշն. Տ. Ռաֆայել Արքեպս. Մինասյան՝
Առաջնորդ Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Արևելյան Եվրոպայի կաթողիկե հայոց
29 հունիսի, 2015թ.
PDF` Ցավակցագիր