
Առաջին հանդիպումը Քրիստոսի հետ
2026թ. օգոստոսի 23-ին Արևիկի Սբ. Գրիգոր Լուսավորիչ հայ կաթողիկէ եկեղեցում տեղի ունեցավ 11 երեխաների Առաջին Սուրբ Հաղորդության բերկրալից արարողությունը՝ յընթացս Սուրբ Պատարագի, ձեռամբ Արհ. Տ. Գևորգ Արքեպս. Նորատունկյանի և առընթերակայությամբ համայնքի ժողովրդապետ Արժ. Տ. Նարեկ Քհն. Թադևոսյանի: Սուրբ Պատարագին սպասավորում էին կիսասարկավագներ եղբ. Սիմավոն Մկրտչյանը և եղբ. Էմմանուել Մուրադյանը: Արարողությանը ներկա էին Շիրակի մարզպետի խորհրդական պրն. Գրիգոր Ավետիսյանը, Արևիկի Ավագանու անդամ պրն. Մարտիկ Մաթոսյանը և հավատացյալների մեծ բազմություն:
Սրբազան Հայրն իր քարոզում հայտնեց իր հայրական մեծ ուրախությունը՝ 11 մանուկների՝ եկեղեցական լիարժեք հաղորդության մեջ մտնելու խնդալից առիթով: Հիսուսի՝ մեր կյանքի Տիրոջ և Փրկչի, Մարմինն ու Արյունը ճաշակելու առաջին փորձառությունը Քրիստոսի հետ մտերմիկ սիրտ-սրտի հանդիպում է, որը երբեք չի մոռացվում, մանավանդ, երբ մանուկը իր տարիքի համեմատ գիտակցում է Սուրբ Հաղորդության խոր իմաստն ու արժեքը, գնահատում է աստվածային այդ մեծարժեք պարգևն ու շնորհը, բացատրեց Առաջնորդը:
Սուրբ Պատարագի ավարտին ներկաներին իր անզուգական կատարումներով գերեց մեներգչուհի օրիորդ Վարդուհի Թորոյանը, ով մանուկ հասակում ինքն էլ եղել է Առաջին Սուրբ Հաղորդության անմոռանալի արարողության մասնակիցներից մեկը և հիմա, երգարվեստում ունեցած իր բացառիկ հաջողությունների ճանապարհին իր սրտում միշտ կրում է Հիսուսի հետ իր առաջին հանդիպման ջերմ հուշերը՝ աշխարհի տարբեր բեմերում երգելիս:
Սուրբ Պատարագից հետո գյուղի համայքապետարանի դահլիճում նաև ելույթ ունեցավ Արև-Վան հասարակական կազմակերպության պարային համույթը՝ գեղեցիկ կատարումներով և տոնական տրամադրությամբ:
Տ. Հովսեփ Քհն. Գալստյան
Դիվան Առաջնորդության Կաթողիկէ Հայոց
24 օգոստոսի, 2026թ.





