«Վրաստանն ու Հայաստանը պետք է կանգնեն կողք-կողքի՝ խուսափելու համար անցյալի սարսափելի ողբերգություններից և հասնելու համար ազատ, ժողովրդավարական և խաղաղ զարգացմանը»
Ստորև ներկայացնում ենք Թբիլիսիի Իլիայի համալսարանի պրոֆեսոր, պատմաբան Գիորգի Մաիսուրաձեյի խոսքը, որով նա հանդես եկավ Հայոց Ցեղասպանության հիշատակությանը նվիրված միջոցառման ժամանակ՝ 2025թ. ապրիլի 24-ին, Թբիլիսիում, որին ներկա էր նաև Արհ. Տ. Գևորգ Արքեպս. Նորատունկյանը: Պատմաբանի այս ելույթը ուշագրավ շեշտադրություններ է կատարում, որոնք օգնում են ավելի լավ հասկանալ հայ և վրաց ժողովուրդների հարաբերությունները՝ Վրաստանում հայ կաթողիկէ համայնքների կյանքի առավել խոր ընկալման համատեքստում: Պրոֆեսոր Մաիսուրաձեի խոսքի վրացերեն և անգլերեն տեքստերը տրամադրել է Վրաստանում ՀՀ դեսպանությունը, որի համար մեծապես շնորհակալ ենք:
«Ինձ համար մեծ պատիվ և ծանր պարտականություն է դիմել ձեզ՝ այս ողբերգական հիշատակության օրը: Այս օրը, ինչպես և Անկախության օրը, ամենահիշարժան օրն է Հայաստանի ժամանակակից պատմության մեջ: Մինչ Հայաստանի Հանրապետությունը սեպտեմբերի 21-ին տոնում է սովետական կայսրությունից իր անկախության և պետականության վերականգնումը, ապրիլի 24-ը սգո օր է, երբ հայ ժողովուրդը հիշում է իր երկար և հարուստ պատմության ամենասարսափելի իրադարձություններից մեկը և հարգանքի տուրք մատուցում իրենց հարյուր հազարավոր հայրենակիցներին, ովքեր տեղահանվել և սպանվել են Օսմանյան Կայսրության մեջ՝ Առաջին համաշխարհային պատերազմին:
Թե՛ տոնակատարումը, թե՛ սուգը հատուկ կարևորություն ունեն անհատների և ազգերի կյանքում, որովհետև ուրախությունն ու վիշտը իրար են կապում մարդկանց և միաձուլում միավորյալ ազգային մարմնի մեջ՝ բնորոշելով նրանց հավաքական միությունն ու ինքնությունը: Դա հավասարապես ճշմարիտ է մեծ և փոքր ազգերի համար, սակայն, փոքր ազգերի համար պատմական հիշողությունը առավել մեծ կարևորություն ունի, որովհետև նրանց պատմությունը գոյության և ինքնության պահպանության պատմություն է:
Խորհրդանշական է, որ այս ողբերգական օրվա հիշողությունը և դրա մասին խոսելը տեղի է ունենում այստեղ՝ Թբիլիսում՝ Վրաստանի մայրաքաղաքում: Անցյալ դարասկզբին վրացական պատմագիտության հիմնադիր Իվանե Ջավախիշվիլին գրել է. «Յուրաքանչյուր կրթված վրացի պետք է ծանոթ լինի իր հարևան եղբայրական հայոց ազգի տառապանքով լի և շատ ուշագրավ պատմությանը»: Վրացու համար հայոց պատմության իմացությունը անհրաժեշտ է ոչ միայն սեփական մտավոր հորիզոններն ընդլայնելու համար, այլ նաև այն պատճառով, որ դա իր սեփական պատմության մի մասն է, քանի որ վրաց և հայ ժողովուրդների պատմություններն այնքան են միահյուսված, որ անհնարին է դրանք զատել իրարից:
Դժվար կլիներ գտնել երկու այլ ազգեր, որոնց ճակատագրերն այդքան սերտորեն կապված են իրար հետ, ինչպես վրաց և հայ ժողովուրդներն են: Երկու երկրներն էլ պատմության թատերաբեմին հայտնվեցին միաժամանակ, դեռևս հնագույն ժամանակներում, և երկուսն էլ, կարելի է ասել, կիսում են հավասարապես երկար պատմական փորձառությունը: Երկուսն էլ քրիստոնեությունն ընդունեցին նույն ժամանակաշրջանում: Հենց քրիստոնեության պաշտպանությունն էր, որ դարձավ ինքնության և մշակութային բացառիկության գլխավոր դրոշմը՝ երկու ժողովուրդների համար էլ: Շնորհիվ աշխարհագրական դիրքի, վրացիներն ու հայերն իրենց երկար պատմության ընթացքում կիսել են միևնույն ճակատագիրը: Չի կարող զուգադիպություն լինել, որ 11-րդ դարում վրաց ժամանակագիր Լեոնտի Մռովելին հայ և վրացի ժողովուրդների ազգային նահապետներ Հայոսին և Քարթլոսին բնորոշել է որպես եղբայրներ: Կարելի է ասել, որ վրացիներն ու հայերը պատմական երկվորյակներ են: Նրանցից որևէ մեկի պատմության մեջ չի եղել ոչ մի արտաքին կամ ներքին իրադարձություն, որն ազդած չլինի մյուսի վրա: Վրաստանն ու Հայաստանը հավասարապես թիրախավորվել են հարևան հավակնոտ մեծ կայսրությունների կողմից և ստիպված են եղել կողք-կողքի պաշտապնվել և պայքարել ազատագրության համար:
Միջին դարերում վրացական և հայկական պետությունները նույնիսկ կառավարվել են նույն արքայատոհմի կողմից: Յուրաքանչյուր մեծ կայսրություն, որն ուզում էր տիրապետել վրաց և հայ ժողովուրդների վրա, ջանացել է այս երկու եղբայրական ազգերին հանել միմյանց դեմ, թշնամանք վառել նրանց միջև, բայց արդյունքը շատ հաճախ եղել է համագործակցությունը և զինակցությունը: Երկու երկրների պատմությունները դրա վկան են: Վրացիներն ու հայերն այնքա՛ն շատ ընդհանրություններ ունեն, որ դժվար է դրանք գտնել այլ հարևան ժողովուրդների մոտ: Խորապես խորհրդանշական է, որ վրաց գրականության կոթողային առաջին ստեղծագործության՝ Սրբուհի Շուշանիկի վարքի հերոսուհին՝ սուրբ նահատակ Շուշանիկ թագուհին, դուստրն էր Վարդան Մամիկոնյանի, ով հայոց պատմության մեծագույն հերոսներից է: Վրաց և հայկական մշակույթները այնքան սերտորեն են կապված և համանման, որ պատմաբանները հաճախ են վիճաբանել միմյանց հետ, թե այս կամ այն մշակութային տարրերն ում են պատկանում:
Սակայն, այս իրողությունները եղել են ոչ թե մրցակցության, այլ՝ հպարտության առիթ: Ոչ մի այլ վայրում դա առավել ակնհայտ չէ, քան՝ Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիի մշակույթի մեջ, որը հատկապես 18-20-րդ դարերում ծառայել է որպես մշակութային կենտրոն ոչ միայն վրացիների, այլ նաև՝ հայերի համար: Թե՛ վրացիների և թե՛ հայերի համար հավասարապես հպարտության առիթ է ունենալ Թբիլիսիի հայազգի մեծ բանաստեղծ Սայաթ-Նովայի նման անհատականություն, ում բանաստեղծությունները ժառանգությունն են և՛ հայ, և՛ վրաց գրականության, կամ հիշենք Թբիլիսիում ապրած դրամատուրգ Գաբրիել Սունդուկյանին և նրա «Պեպո» պիեսը, որը վրաց թատրոնի գոհար է, կամ մեծ հայ երգահան Արամ Խաչատրյանին, ով ծնվել ու մեծացել է Թբիլիսում, և ում երաժշտությունն արտացոլում է և՛ վրաց, և՛ հայ ժողովուրդների երաժշտական մշակույթների ավանդույթները, կամ մեծ կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովին, առանց ում դժվար է պատկերացնել վրացական կինեմատոգրաֆիան: Չպետք է նաև մոռանանք մեծ հայ հոմանիստներ և գործարարներ Միքայել Արամյանցի և Ալքեսանդր Մելիք-Ազարյանցի անունները, ովքեր մեծ դեր ունեցան Թբիլիսիի ձևավորման մեջ և անջնջելի հետք թողեցին քաղաքի պատմության և ներկայի մեջ: Այս ցուցակը կարելի է անվերջ շարունակել:
Մրցակցության խնդիրների հայտնվելը հարևան և ազգակից ժողովուրդների միջև ուղղակիորեն կապված է 19-րդ դարում ազգայնականության աճման հետ՝ մի երևույթ, որը պատմական որոշակի ժամանակաշրջանում անհրաժեշտ մասն էր ժամանակակից ազգերի ձևավորման գործընթացում: Սակայն, ազգանյականությունը, որը ենթադրում է սեփական ազգի չափազանցված ընկալում և խոսում է այլ ազգերի նկատմամբ գերազանցության մասին, իր մեջ պարունակում է վնասակար տարրեր՝ և՛ հարևանների, և՛ սեփական ազգի դեմ: Այն կարող է միմյանցից խորթացնել երկու ազգակից ժողովուրդների և նրանց նետել անիմաստ վիճաբանությունների մեջ, որոնցից ոչ մեկը չի կարող շահել: Ազգայնականության բացասական հետևանքները լավագույն ձևով արտահայտում է բժշկության «ինքնահակազդում»՝ autoimmunity, հասկացությունը, որը տարածված է ներկայիս հասարակագիտության մեջ, որով բնորոշվում է այն երևույթը, երբ սեփական ինքնությունը պաշտպանելու պատրվակով վնասում և ոչնչացնում ես ինքդ քեզ: Սրանից շահում է միայն մեկ այլ վտանգավոր երևույթ՝ կայսրապաշտությունը, որը հեշտությամբ պարտության է մատնում և կուլ տալիս միմյանցից խորթացած ժողովուրդներին: Առաջին և Երկրորդ համաշխարհային պատերազմները կայսերապաշտական էին, որոնք աշխարհին բերեցին միայն տառապանք և ողբերգություն: Դժբախտաբար, կայսերապաշտությունը չի վերացել պատմությունից, և այսօր այն մեզ հիշեցնում է իր սարսափելի բնույթը ավելի մեծ ուժգնությամբ:
1918-ին Վրաստանն ու Հայաստանը անկախություն ձեռք բերեցին միաժամանակ: 1921-ին երկու երկրներն էլ հերթով անցել էին սովետական Ռուսաստանի տիրապետության տակ, և հակառակ իրենց կամքի, նրանք ստիպվեցին 70 տարի ապրել որպես սովետական կայսրության մի մասը: 1991-ից երկու երկրներն էլ կառուցում են իրենց անկախ պետականությունները, և այս ճանապարհին նրանք ստիպված են եղել հաղթահարելու բազմաթիվ քաղաքական և տնտեսական մարտահրավերներ: Այս դժվարին ճամփորդության ժամանակ, ճիշտ ինչպես բազմաթիվ անգամներ իրենց երկար պատմության ընթացքում, Վրաստանն ու Հայաստանը պետք է կանգնեն կողք-կողքի՝ խուսափելու համար անցյալի սարսափելի ողբերգություններից և հասնելու համար ազատ, ժողովրդավարական և խաղաղ զարգացմանը»:
Անգլերենից թարգմանեց՝
Տ. Հովսեփ Քհն. Գալստյան
Դիվան Առաջնորդության Կաթողիկէ Հայոց
28 ապրիլի, 2025թ.