Բարձշն. Տ. Ռաֆայել արքեպս. Մինասյանն Իտալիայում է. մանրամասներ
14 մայիսի, 2015թ.
Ինչպես հայտնել ենք,
Հայկական Կարիտասի ընդհանուր նախագահ Բարձշն. Տ. Ռաֆայել արքեպս. Մինասյանը և գործադիր տնօրեն Գագիկ Տարասյանը այս օրերին մասնակցում են Հռոմում մայիսի 13-17-ը տեղի ունեցող Միջազգային Կարիտասի 20-րդ ընդհանուր համագումարին:
Ռաֆայել Սրբազանը տեղեկացրեց, որ 162 երկրների ներկայացուցիչների մասնակցությամբ վերատեսնվում է Կարիտասի ռազմավարությունը՝ հիմք ընդունելով Ֆրանցիսկոս Սրբազան Պապի ուղղությունը.
Կարիտասը միջոցն է Եկեղեցու՝ օգնելու աղքատներին, զրկյալներին, տեղահանվածներին և օգնության կարոտ բոլոր մարդկանց: Չկա մեծ Կարիտաս և փոքր Կարիտաս.ամենախեղճը, ամենատկարը և ամենահեռուն նույն արժեքն ունեն, ինչ՝ կենտրոնում գտնվողը: Կարիտասը Եկեղեցու ընտանիքն է, որ պահում և պահպանում է մարդկային ընտանիքը:
Այս ընդհանուր ուղղության կամ ռազմավարության հիման վրա յուրաքանչյուր երկրի Կարիտաս որոշում է իր սեփական գործելակերպը՝ ըստ իր երկրի համապատասխան օրենսդրության: Այս օրերին նաև տեղի կունենան Միջազգային Կարիտասի ընդհանուր նախագահի և եվրոպական կարիտասների տնօրենների ընտրություններ, որոնք նոր ավիշ կմտցնեն Կարիտասի ընդհանուր աշխատանքի մեջ, ասաց Ռաֆայել Սրբազանը:
Մայիսի 14-ին Բարձշն. Տ. Ռաֆայել արքեպս. Մինասյանը նաև Միլանի Մշակույթի կենտրոնում հանդես է եկել բանախոսությամբ՝ Հայոց Ցեղասպանության թեմայով, որտեղ ուշադրություն է հրավիրել հայ նահատակների հոգևոր սխրանքի և հավատքի վկայության փաստերի վրա:
Իսկ մայիսի 24-ին Ռաֆայել Սրբազանը Վենետիկի Սուրբ Ղազար կղզում՝ Մխիթարյան մայրավանքում, կկատարի քահանայական ձեռնադրություն: Կաթողիկէ Եկեղեցին կունենա երկու նոր վարդապետ՝ այժմ դեռևս սարկավագ վանական եղբայրներ՝ Տեր Անտոն (Զակքէոս) Գրիգորյանը և Տեր Գևորգ (Սարգիս) Սարգսյանը:
Քահանայական ձեռնադրությունը ուղիղ եթեր կհեռարձակվի համացանով՝ այստեղ: