<<Այսօր ձեզ համար մի մանու՜կ է ծնվել՝ Էմմանուե՜լ, որը նշանակում է՝ Աստված մեզ հետ է>>։
Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Արևելյան Եվրոպայի հայ կաթողիկների Առաջնորդ Արհ․ Տ․ Գևորգ Արքեպս․ Նորատունկյանը 2025թ․ հունվարի 6-ին Աստվածահայտնության տոնական Սուրբ Պատարագ է մատուցել Մոսկվայի հայ կաթողիկէ համայնքի համար, Անարատ Հղության Կաթողիկէ Մայր Տաճարում։ Առաջնորդ Հոր առընթերակա համապատարագիչներն էին Մոսկվայի և հարակից շրջանների հայ կաթողիկէների ժողովրդապետ Գերհ․ Հ․ Պետրոս Ծ․ Վրդ․ Եսայանը և Սալեզյան միաբան Գերհ․ Հ․ Պետրոս Ծ․ Վրդ․ Պետրոսյանը։ Սուրբ Պատարագին ներկա էին նաև Մոսկվայի լատինածես կաթողիկէ բարձրաստիճան հոգևորականներ՝ Կիրիլ Գորբունովը՝ Մոսկվայի Աստվածամոր Արքեպիսկոպոսության Գլխավոր Փոխանորդը, Վասիլի Վայդան՝ Մոսկվայի հույն կաթողիկէների ժողովրդապետը։
Իր քարոզի ժամանակ Սրբազան Հայրը նախ ողջունեց լատինածես հոգևոր հայրերին, ապա իր գնահատանքը հայտնեց Գերհ․ Հ․ Պետրոս Ծ․ Վրդ․ Եսայանին՝ գործունյա հովվական աշխատանքի համար և գոհունակությամբ հիշեց Գերհ․ Հ․ Պետրոս Ծ․ Վրդ․ Պետրոսյանի հետ իր միասնական հովվական աշխատանքը Ռուսաստանում, երբ տարիներ առաջ ծառայում էր որպես Մոսկվայի ժողովրդապետ։
Առաջնորդ Հայրը հավատացյալներին հրավիրեց մտածել ավետարանական պատմության դրվագների մասին՝ հատկապես մոգերի այցը, Հերովդեսի նենգ խորամանկությունը՝ նորածին Մանկանը սպանելու դիտավորությամբ։ Նա ասաց, թե այս աշխարհի իշխանն այսօր էլ չի դադարում նենգությամբ խաբել և քրիստոնյաների ոտքերի տակ որոգայթներ լարել, բայց Երկնքի ձայնը ևս չի դադարում խոսել մարդկության այսօրվա մեջ։ Իսկ 21-րդ դարում ինչպե՞ս զատորոշել այդ երկնային ձայնը։ Ու՞մ հետևել՝ չմոլորվելու համար․
<<Ո՞վ է այսօրվա աստղը․ մեր հոգիներին ծառայելու համար նվիրագործված անձերն են՝ վարդապետները, միանձնուհիները, ովքեր իրենց կյանքով շարունակում են արձագանքել և մարդկությանը հռչակել, թե այսօր ձեզ համար մի մանու՜կ է ծնվել՝ Էմմանուե՜լ, որը նշանակում է՝ Աստված մեզ հետ է>>։
Սրբազանը հրավիրեց մտածել Հիսուս Մանկանը և Մարիամին մշտապես մեր սրտերում ունենալու կարևորության մասին, որպեսզի տոնական օրերի ավարտվելու հետ միասին չկորցնենք Նրանց ներկայության գիտակցությունը․
<<Երբ տոնական զարդարանքների մի մասը նետեք աղբանոց, զգույշ եղե՛ք, որպեսզի դրանց հետ մեկտեղ չնետեք նաև Հիսուս Մանկանը՝ Մոր հետ միասին, Հովսեփի և հրեշտակների հետ միասին ․․․ Նրանք պետք է բնակվեն ձեր սրտերում, Հիսուսը պետք է իշխի ձեր կյանքում մինչև հաջորդ տարվա հունվարի 6-ը։ Սա շատ բան կարող է փոխել մեր ամենօրյա կյանքի հևքի մեջ, վստահեցնում եմ ձեզ։ Սրբերը, ովքեր այդպես էին ապրում, ա՜յլ իղձեր էին ունենում, ա՜յլ լեզվով էին խոսում, որ խաղաղության, հաշտության, միության լեզուն է>>։
Սրբազան Հայրը Սուրբ Պատարագի և ջրի օրհնության հոգեպարար արարողությունը կատարելուց հետո հանդիպում ունեցավ նաև հավատացյալների հետ և մտերմիկ զրույց ունեցավ նրանց հետ։
Երեկոյան, Գերհ․ Հ․ Պետրոս Ծ․ Վրդ․ Եսայանի հետ Առաջնորդ Հայրը ներկա կգտնվեց Ռուս Ուղղափառ Եկեղեցու Մոսկվայի Սուրբ Փրկչի Մայր Տաճարում մատուցված Աստվածահայտնության տոնական աղոթական արարողություններին, որոնք նախագահում էր Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարք Կիրիլը։ Հավարտ Սուրբ Պատարագի նրանք մասնակցեցին նաև միասնական ընթրիքին, որի ընթացքում Առաջնորդ Հայրը ծանոթության զրույց ունեցավ Պատրիարք Կիրիլի հետ՝ հայտնելով իր եղբայրական բարեմաղթանքները Աստվածահայտնության տոնի առիթով, նաև փոխանցելով Տանն Կիլիկիո Կաթողիկէ Հայոց Կաթողիկոս Պատրիարքի ջերմ ողջույններն ու բարեմաղթանքները։
Դիվան Առաջնորդության Կաթողիկէ Հայոց