«Եղե՛ք բարի, եթե կարող եք, եղե՛ք ուրախ, սակայն մեղք մի՛ գործեք»:
Նոյեմբերի 27-ի ընդհանուր ունկնդրության ժամանակ Ն. Ս. Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը շարունակեց քրիստոնեական ուսուցումների շարքը և այս անգամ խոսեց Սուրբ Հոգու պտուղների մասին, որոնք Պողոս առաքյալը թվարկում է Գաղատացիներին ուղղված նամակում. «Սեր, խնդություն, խաղաղություն, համբերություն, քաղցրություն, բարություն, հավատարմություն, հեզություն, ժուժկալություն» (5,22):
Նորին Սրբության խոսքերի համաձայն, այդ պտուղները «շնորհքի և ազատաության համագործակցության» արդյունքն են: Դրանք արտահայտում են մարդու ստեղծագործական ներուժը, ում մեջ հավատքը սիրով է գործում (Գաղ. 5:6), և թեև «Եկեղեցում ոչ բոլորը կարող են լինել առաքյալ, մարգարե, ավետարանիչ, սակայն, առանց բացառության, բոլորը կարող են և պիտի լինեն գթասիրտ, համբերատար, խոնարհ և խաղաղարար»:
Սրբազան Քահանայապետը հատուկ անդրադարձավ ուրախության թեմային. Սուրբ Հոգու այդ պտուղը շատ է նրանց սրտերում, ովքեր հանդիպում են Հիսուսին: Ավետարանական ուրախությունը մարդկային սովորական ուրախությունից տարբերվում է իր հարատևությամբ. այն կարող է նորոգվել և փոխանցվել ուրիշներին:
«Ուրախությունը ժամանակի ընթացքում ոչ միայն չի քչանում, այլև բազմապատկվում է, երբ մենք այն կիսում ենք ուրիշների հետ»:
Ավետարանական ուրախության իրական օրինակ է հռոմեացի սուրբ Ֆիլիպ Ներին: Նա իր խնամակալության տակ գտնվող երեխաներին ոգեշնչում էր կյանքի իր կարգախոսով. եղե՛ք բարի, եթե կարող եք, եղե՛ք ուրախ, սակայն մեղք մի՛ գործեք: Ֆիլիպի ուրախությունը խորը հոգևոր ակունք ուներ. սեր Աստծո հանդեպ, որն այնքան շատ էր նրա սրտում, որ խրախուսեց հռչակել Բարի լուրը:
Իր քարոզի ավարտին Նորին Սրբությունը կոչ արեց միշտ ներել խոստովանողներին և ընդգծեց.
««Ավետարան» բառը նշանակում է բարի լուր, հետևաբար այն պիտի հռչակվի ոչ թե մռայլ դեմքով, այլ այնպիսի ուրախությամբ, որ կարծես թե թաքնված գանձ և թանկարժեք մարգարիտ ես գտել: Նա կրկնեց Փիլիպպեցիներին ուղղված Պողոս առաքյալի հորդորը. «Միշտ ուրախ եղե՛ք Տիրոջով, դարձյալ եմ ասում՝ ուրախ եղե՛ք: Թո՛ղ ձեր հեզությունը հայտնի լինի բոլոր մարդկանց» (Փիլիպ. 4,4-5)»:
Վատիկան նյուզ, ռուսական բաժին
Թարգմանեց՝ Նաիրա Բաղդասարյանը