Հայ հոգևոր առաջնորդներն Արցախի ժողովրդի օրինական իրավունքները պաշտպանելու կոչով դիմել են իրենց ժողովրդին:
Կոչը համընկնում է ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության COP29 համաժողովի հետ, որը կանցկացվի Բաքվում նոյեմբերի 11-ից 22-ը։ Այն ստորագրել են Հայ Կաթողիկէ Եկեղեցու Ռաֆայել Պետրոս XXI Կաթողիկոս Պատրիարքը, Հայ Առաքելական Եկեղեցու Արամ I Կաթողիկոսը և Մերձավոր Արևելքի Հայ Ավետարանական եկեղեցիների միության ղեկավար Փոլ Հայդոստյանը։
Հայերի հոգևոր առաջնորդներն «իրենց արդար բողոքն ու մտահոգությունն են հայտնում արցախահայության դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի (2020-2023թթ.) և, որպես պատերազմի հետևանք, իրենց պատմական հայրենիքից 120.000 արցախցիների բռնի տեղահանման, հայկական մշակութային ու կրոնական հուշարձանների ծրագրված ոչնչացման և Արցախի քաղաքական առաջնորդների ապօրինի բանտարկման առնչությամբ»։
Նրանք գրում են, որ չեն կարող «լռել Ադրբեջանի կողմից արցախահայության իրավունքների ոտնահարման և միջազգային հանրության անտարբերության առաջ»։
Հատկապես Բաքվում տեղի ունենալիք ՄԱԿ-ի Միջազգային համաժողովի նախօրեին քրիստոնյա առաջնորդներն իրենց պարտքն են համարում ընդգծել «Արցախի հայ ժողովրդի նկատմամբ շարունակվող անարդարությունը»։ Կոչի նպատակն է քաղաքական գործիչներին և դիվանագետներին իրազեկել Արցախի հայ ժողովրդի հիմնախնդրի մասին, այդ թվում՝ միջկրոնական և միջեկեղեցական կապերի միջոցով։ Քրիստոնյա առաջնորդները ջերմեռանդ աղոթքի կոչ են անում ՝ Ադրբեջանում պահվող արցախցի գերիների շուտափույթ ազատ արձակման համար: Նրանք ընդգծում են, որ «Ազգային արժեքները պետք է գերակա լինեն ցանկացած այլ արտաքին և ժամանակավոր նկատառումներից»:
Նոյեմբերի 10-ին՝ ժամը 17:00-ին, Հռոմի Սուրբ Նիկողայոս Հայ Կաթողիկէ Եկեղեցում տեղի կունենա համամիութենական աղոթք` Հռոմի Քահանայապետական Լևոնյան Վարժարանի և Սուրբ Աթոռում Հայ Առաքելական Եկեղեցու նախաձեռնությամբ:
Վատիկան նյուզ, ռուսական բաժին
Թարգմանեց՝ Նաիրա Բաղդասարյանը