«Սուրբ Հոգին միակ Հոր և Որդու Աստվածային «Մենք»-ն է՝ միավորված սիրո մեջ»:
Հոկտեմբերի 23-ի ընդհանուր ունկնդրության ժամանակ Ն. Ս. Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը շարունակեց քրիստոնեական ուսուցումների շարքը և մանրամասնորեն խոսեց Եկեղեցու լատինական ավանդույթներում Սուրբ Հոգու ուսմունքի և քրիստոնեական ամուսնության մեջ Նրա ունեցած առանցքային դերի մասին:
Նորին Սրբությունը հիշեցրեց, որ Սուրբ Հոգու վարդապետությունը, ամենից առաջ Սուրբ Օգոստինոս Երանելու մոտ, հիմնված է աստվածաշնչյան այն հայտնության վրա, որ Աստված սեր է: Սուրբ Հոգին միակ Հոր և Որդու Աստվածային «Մենք»-ն է՝ միավորված սիրո մեջ: Սուրբ Հոգին Եկեղեցու միասնության սկիզբն ու աղբյուրն է։ Նմանապես, քրիստոնեական ամուսնությունը սրբազան միության արտացոլումն է. ամուսինն ու կինը դառնում են մեկ մարմին՝ արտացոլելով Սուրբ Երրորդության սիրո միասնությունը:
Սրբազան Քահանայապետն ընդգծեց, որ ամուսնությունը պարզապես իրավաբանական կամ սոցիալական միություն չէ, այլ փոխադարձ ինքնանվիրման Խորհուրդ, երբ ամուսիններից յուրաքանչյուրը պարգև է դառնում մյուսի համար, որի հիմքում էլ սերն ու փոխադարձ աջակցությունն է: Ամուսնության հիմքը Աստվածային ծրագիրն է, որովհետև տղամարդն ու կինը ստեղծվել են Աստծո պատկերով և նմանությամբ, հետևաբար նրանց միությունն էլ Երրորդության միասնության պատկերն է:
Նորին Սրբությունն ուզում է, որ իրավական, հոգեբանական և բարոյական իմացության հետ մեկտեղ ապագա ամուսիններն ավելի խորը հոգևոր պատրաստվածություն ստանան։ Ցավոք սրտի, ժամանակակից աշխարհում ընտանեկան հարաբերությունները հաճախ կառուցվում են երերուն հիմքի վրա: Ամուր ամուսնական հարաբերություններ հնարավոր է միայն քարի վրա կառուցել, որի հիմքը խորը հոգևոր գիտելիքներն են, այլ ոչ թե ժամանակավոր և անցողիկ արժեքները: Հոգևոր հիմք չունեցող ամուսնությունները կայուն չեն և դրանից առաջինը տուժում են երեխաները. «Նրանք տառապում են բաժանումից կամ ծնողական սիրո պակասից»։
Սրբազան Քահանայապետն ընդգծեց, որ Սուրբ Հոգին ապահովում է ամուսնության բերկրանքն ու ներդաշնակությունը: Նա որպես օրինակ բերեց Գալիլիայի Կանայի ավետարանական ամուսնական պատմությունը, երբ Հիսուս ջուրը գինի դարձրեց: Նույն կերպ էլ Սուրբ Հոգին կարող է առօրյա, սովորական կյանքը վերածել ուրախության և նոր ջերմություն տալ ընտանեկան հարաբերություններին. Նա բերում է նոր կյանք և ապահովում միասին լինելու ուրախությունը, նույնիսկ ի հայտ եկած դժվարությունների դեպքում:
«Սա բարեպաշտական պատրանք չէ, որովհետև հենց այսպես է գործում Սուրբ Հոգին բազմաթիվ ամուսնական հարաբերություններում, երբ ամուսինները որոշում են դիմել Նրան»:
Խորհրդածության ավարտին Նորին Սրբությունը մաղթեց, որ քրիստոնեական ամուսնության մեջ ամուսնու և կնոջ միջև լինի միայն մեկ միջնորդ՝ Սուրբ Հոգին:
Վատիկան նյուզ, ռուսական բաժին
Թարգմանեց՝ Նաիրա Բաղդասարյանը