«Ո՞վ է Տերը մեզ համար»:
2024թ. մայիսի 5-ին՝ «Երկնային թագուհի» աղոթքը կարդալուց առաջ, Ն. Ս. Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը խորհրդածեց առաքյալներին ուղղված Հիսուսի խոսքերի շուրջ. «Այլևս ձեզ ծառաներ չեմ կոչում, այլ բարեկամներ» (տես՝ Հվհ. 15,15):
Աստվածաշնչում Աստծո ծառաներն հատուկ մարդիկ են, որոնց Բարձրյալը վստահում է կարևոր առաքելություններ, պարզաբանեց Նորին Սրբությունը և բերեց այնպիսի կերպարների օրինակներ, ինչպիսիք են Մովսեսը (տես՝ Ելք 14,31), Դավիթ թագավորը (տես՝ Բ Թագ. 7,8), Եղիա մարգարեն (տես՝ Գ Թագ. 18,36): Աստծո ծառա է կոչվել նաև Սուրբ Կույս Մարիամը (տես՝ Ղկ. 1,38): «Աստված այս մարդկանց ձեռքերի մեջ է դնում իր գանձերը», – ընդգծեց Սրբազան Քահանայապետը և պարզաբանեց. Հիսուսի համար նույնիսկ այս ամենը բավական չէ, որպեսզի ասի, թե ով ենք մենք Նրա համար, որովհետև Նա ցանկանում է մեզ տեսնել որպես Իր բարեկամներ:
Մեր ողջ կյանքի ընթացքում՝ մանկությունից սկսած, մենք բարեկամության հրաշալի փորձառություն ենք ձեռք բերում. նախ, երբ մեր սիրելի խաղալիքներով խաղում ենք մեր ընկերների հետ, այնուհետև, մեծանալուն զուգընթաց, մենք նրանց ենք վստահում մեր առաջին գաղտնիքները, հավատարմությունը, ուրախությունն ու հոգատարությունը, և, վերջապես, ծերության ժամանակ նրանց հետ ենք կիսում մեր հիշողությունները, մտքերն ու մտահոգությունները: Յուղով, խնկով և գինով զվարճանում է սիրտը, ասում է Աստծո Խոսքը Առակաց Գրքում, «Ընկերի քաղցր խոսքը մտերիմ խրատով ուրախացնում է» (27,9):
Նորին Սրբությունն ընդգծեց, որ անհնար է որևէ մեկին ստիպել բարեկամություն անել, որովհետև իսկական ընկերությունը հաշվարկով չէ, այլ առաջանում է ինքնաբերաբար, երբ մենք ուրիշի մեջ ինչ-որ հարազատ բան ենք տեսնում: Իսկ ամուր և իսկական ընկերությունը կարող է դիմակայել դավաճանությանը: «Ամեն ժամանակ սիրող է բարեկամը», ասվում է Սողոմոնի Առակաց գրքում (Առակաց 17,17)։ Այդ մասին վկայում է հենց Ինքը՝ Տերը, երբ Իրեն դավաճանող Հուդային ասում է. «Ընկե՛ր, սրա՞ համար դու եկար» (Մտթ. 26,50): «Իսկական ընկերը քեզ երբեք չի լքի, նույնիսկ եթե դու սխալ ես արել, նա քեզ կհանդիմանի, սակայն կների և մենակ չի թողնի», – ընդգծեց Սրբազան Քահանայապետը:
«Այսօր Ավետարանում Հիսուս ասում է, որ մենք Իր բարեկամներն ենք: Մենք թանկ ենք Նրա համար՝ անկախ մեր արժանիքներից ու ակնկալիքներից: Նա դեպի մեզ է մեկնում Իր ձեռքը և առաջարկում Իր Սերը, Ողորմությունն ու Խոսքը: Նա մեզ է հայտնում Իր Հորից լսածը (տես՝ Հվհ. 15, 15): Հանուն մեզ՝ Նա Իրեն խոցելի է դարձնում, առանց պաշտպանության ու ձևականությունների՝ Նա հանձնվում է մեզ, որովհետև սիրում է մեզ և բարին կամենում, ցանկանում է, որ մենք Իր հետ կիսենք այն, ինչն Իրեն է պատկանում»:
Նորին Սրբությունը կոչ արեց ինքներս մեզ տալ հետևայլ հարցը. Ո՞վ է Տերը մեզ համար՝ ընկեր, թե՞ օտար մարդ: Արդյո՞ք զգում ենք, որ Նա մեզ սիրում է որպես հարազատ մարդիկ: Որքանո՞վ ենք մենք ընդօրինակում ենք Քրիստոսին ուրիշների հետ հարաբերություններում, հատկապես նրանց հետ, ովքեր սխալ են գործում և ներման կարիք ունեն:
«Թո՛ղ Սուրբ Կույս Մարիամն օգնի մեզ աճել Իր Զավակի հետ բարեկամության մեջ», խորհրդածության ավարտին ասաց Սրբազան Քահանայապետը:
Վատիկան Նյուզ, ռուսական բաժին
Թարգմանեց՝ Նարիա Բաղդասարյանը