• Բեմադրութիւն հայ կաթողիկէների նահատակութեան մասին, երթ դէպի ջարդի ձոր եւ այլ միջոցառումներ

    Բեմադրութիւն հայ կաթողիկէների նահատակութեան մասին, երթ դէպի ջարդի ձոր եւ այլ միջոցառումներ


    Ապրիլի 22, 23, 24-ին Հայոց Ցեղասպանութեան զոհերի յիշատակութեան միջոցառումներ տեղի ունեցան հայ կաթողիկէ գրեթէ բոլոր համայնքներում՝ Սբ. Պատարագ, երիտասարդների նախաձեռնութեամբ ջահերով երթեր, մոմավառութիւններ, հոգեհանգստեան արարողութիւններ:

      Գիւմրիում ապրիլի 22-ին տեղի ունեցավ մոմավառութիւն եւ հոգեհանգստեան արարողութիւն նոր տեղադրուած «Վերածնունդ» հուշակոթողի մօտ, իսկ ապրիլի 24-ին Հ. Պետրոս վրդ. Եսայեանը մատուցեց Սբ. Պատարագ՝ առընթերակայութեամբ Փանիկի ժողովրդապետ Հ. Գառնիկ վրդ. Յովսէփեանի եւ Սան Պաոլոյի ժողովրդապետ Հ. Սիմոն վրդ. Դէ Նարդոյի: Ներկայ էր նաեւ Թբիլիսիի ժողովրդապետ Հ. Միքայէլ վրդ. Խաչկալեանը:

     Սբ. Պատարագի քարոզի ժամանակ Հ. Պետրոսն ասաց, որ Հայ Կաթողիկէ Եկեղեցին շարունակում է աղօթել Եղեռնի զոհերի հոգեհանգստեան համար, քանի որ Հայ Կաթողիկէ Եկեղեցում նրանք դեռեւս սրբեր չեն, ինչպէս արդեն Հայ Առաքելական Եկեղեցում (սրբադասումը, ինչպէս գիտէք, տեղի ունեցաւ 2015թ. ապրիլի 23-ին).Կաթողիկէ Եկեղեցում սրբադասման սկզբունքները տարբեր են.առայժմ Երանելի է հռչակուել միայն Իգնատիոս եպս. Մալոյեանը (2001թ.), ում վերջնական սրբադասման համար աղօթում ենք:

     Քարոզի ժամանակ Հ. Պետրոսն ասաց, որ արդարութիւնը, որը պահանջում ենք Ցեղասպանութեան ճանաչման համար, հիմնուած է Աստուծոյ արդարութեան վրայ: Մենք յիշում ենք Մեծ Եղեռնի զոհերին, որպէսզի դաս քաղենք նրանց հաւատքի վկայութեան օրինակից, դա՛ է յիշողութեան նպատակը, որպէսզի մենք հաւատքի կեանք ունենանք: «Եթէ նրանք մեռան կրոնի եւ ազգի համար, ուրեմն, այսօր այդ կրոնը եւ ազգը պէտք է ապրեն մեզանով».ասաց վարդապետը եւ յիշեցրեց Սրբազան Քահանայապետի խօսքերը, թէ մենք ոչ միայն տառապեցինք Քրիստոսի համար, այլեւ հարութիւ՛ն առանք Նրա մէջ: Այսօրուայ սերունդները չպէտք է մակերեսօրէն վերաբերեն Եղեռնի զոհերի թափած արեանը, այլ պէտք է այդ արիւնը ընդունեն որպէս ուժ՝ իրենց հաւատքի համար, որպէսզի կարողանան այսօ՛ր ապրել այդ հաւատքով: Աստուծոյ համար մեռնելը Եղեռնի նահատակների համար լոկ խօսքեր չէին, այլ՝ իրականութիւն, որը կրկնելն այսօր մեզ համար դժուար է: «Այսօր պատրա՞ստ ենք Յիսուսի համար կեանք տալու, թէ նոյնիսկ օրական մի քանի րոպէ չենք նուիրում Յիսուսին…ես՝ որպէս հայ քրիստոնեայ, ինչպիսի՞ն եմ».այս հարցերի շուրջ է Հ. Պետրոսը հրաւիրում մեզ խորհրդածելու: Ապրիլի 24-ը մեզ համար պէտք է դառնայ խղճի քննութեան օր.վստահ է Հ. Պետրոսը, մենք չենք ապրում մեր պապերի քայլի համաձայն.մեր պապերը չեն կարող գոհ լինել այսօրուայ մեր կեանքից: Պէտք է կարողանանք պահել մեր հաւատքը եւ նուիրուածութիւնը Քրիստոսին, միայն սա՛ կարող է մեզ պահել լաւ հայ, վստահ է վարդապետը:

     Սբ. Պատարագից յետոյ կատարուեց Հոգեհանգստեան կարգ, ապա համայնքի երիտասարդները մի ներկայացում բեմադրեցին՝ Երանելի Իգնատիոս եպս. Մալոյեանի եւ նրա 417 զաւակների նահատակութեան մասին: Հայր Պետրոսը յայտնուեց Մալոյեանի կերպարով, որին արտաքինով էլ շատ նման է: Այդ բեմադրութեամբ երիտասարդներն իրենց ժողովրդապետի հետ միասին ուզում էին արտայայտել իրենց ընկալումը՝ հաւատքի համար նահատակութեան ցաւի եւ միաժամանակ Յիսուսի Խաչը կիսելու երջանկութեան, թէկուզ եւ ոչ մասնագիտօրէն, բայց հաւատքի յուրովի ապրումով, ինչն, ի դէպ, յուզմունքով ընդունուեց հանդիսատեսի կողմից: Բեմադրութեան ժամանակ երիտասարդներից մէկը դուդուկով նուագում էր Կոմիտասի «Գարուն ա» եւ «Կռունկ» ստեղծագործութիւնները:

    Բեմադրութիւնից յետոյ երիտասարդները վարդապետների հետ միասին այցելեցին Գիւմրիից քիչ հեռու գտնուող Հերհերի ձոր կամ Ջարդի ձոր, ինչպէս ժողովուրդն է անուանում: Ըստ պատմական տեղեկութիւնների, սա մէկն է այն վայրերից, որտեղ 1918թ., երբ թուրքական զորքերը կոտորել են Ալեքսանդրապոլի եւ Ղարաքիլիսայի շրջանների բնակիչներին, սպանել ու լրցել են ձորը: Ուսումնասիրողները Հերհերի ձորում գտել են մարդկային ոսկորներ: Այժմ արդեն չկան ականատեսները, ովքեր պատմում էին այդ ահաւոր ջարդերի մասին:

     Հայր Պետրոսը Հայր Գառնիկի եւ Հայր Սիմոնի հետ միասին Ջարդի ձորում կատարեց Մեծ Եղեռնի զոհերի հոգեհանգստեան արարողութիւն, իսկ երիտասարդները ծաղիկներ դրեցին հուշակոթողի մօտ:

     Հայր Պետրոսը Հերհերի ձոր այցելած ժողովրդին ուղղուած իր խօսքում ուշադրութիւն հրաուիրեց Հովհաննէսի աւետարանի 12-րդ գլխի 24-26 համարներին եւ մեռնող ու կեանք տուող ցորենի հատիկին նմանեցրեց հաւատքի համար նահատակուած հայերին, ովքեր իրենց արեամբ եւ ի Քրիստոս հարութեամբ ապահովեցին Եկեղեցու եւ ազգի շարունակականութիւնը: Նրանք ատեցին իրենց սեփական անձերը եւ դրանք պահեցին հաւիտենական կեանքի համար: Վարդապետը դարձեալ յիշեցրեց Սրբազան Քահանայապետի խօսքերը, թէ մենք՝ հայերս, տառապեցինք Քրիստոսի համար եւ հարութիւն առանք ի Քրիստոս:

     

     

     

     

     

    13473_875950809110876_7833944570319465367_n - копия 13473_875950809110876_7833944570319465367_n 15585_1587094881559141_3225320816120824003_n 10660186_875950515777572_4270439654927663127_n 10941866_875968252442465_5193931334572052036_n 11020500_1587095318225764_6823658774864660650_o 11039084_875968412442449_3143120122873447980_n 11087949_1587095234892439_4074331910619391844_o 11088950_1587095421559087_5278220953074117267_o 11112967_1587095511559078_2350628358477016029_o 11140186_1587095348225761_2446730421175909403_o 11148756_875967905775833_120936963768438544_n 11160634_1587095428225753_7545560638199911830_o 11174790_875950595777564_3622104439562572774_n 11182666_1587095108225785_4401561400485376413_o

    100_5225 100_5238 100_5261100_5207 100_5222 100_5232 100_5235 100_5262

     

Օրացույց

Օրացույց