«Աղոթելով մենք վառ ենք պահում հույսի կայծը»:
«Սիրելի՜ երիտասարդներ, մի՛ վախեցեք բոլորի հետ կիսել Հարություն առած Քրիստոսի հույսն ու ուրախությունը։ Պահպանե՛ք այն կայծը, որ բռնկված է ձեր մեջ, բայց միևնույն ժամանակ նվիրե՛ք այն, որովհետև այն պիտի աճի… Հատկապես մոտ եղեք ձեր այն ընկերներին, ովքեր կարող են լինել ժպտադեմ, սակայն ներքնապես լաց լինեն և այլևս որևէ լավ բանի հանդեպ հույս չունենան: Թույլ մի՛ տվեք նրանց վարակվել անտարբերությամբ, եղե՛ք բաց ուղիներ, որոնցով կարող է հոսել Հիսուսի Հույսն ու տարածվել այն միջավայրում, որտեղ դուք ապրում եք»:
Այս խոսքերը կարդում ենք Երիտասարդների Համաշխահային 38-րդ օրվան նվիրված Նորին Սրբության 2023թ. նոյեմբերի 9-ի պատգամում, որը կնշվի սույն թվականի նոյեմբերի 26-ին՝ հետևյալ վերտառությամբ. «Հույսով ուրախացե՛ք» (Հռոմ.12,12):
Սրբազան Քահանայապետը պատգամը սկսում է՝ հիշելով օգոստոս ամսին Լիսաբոնում տեղի ունեցած ԵՀՕ՝ տասնյակ հազարավոր երիտասարդների մասնակցությամբ, որը «եղավ լույսի և ուրախության շառաչյուն», որի եզրափակիչ պատարագի ավարտին Նորին Սրբությունը հայտարարեց միջցամաքային ուխտագնացության հաջորդ հանգրվանի մասին, որը տեղի կունենա 2027թ. Սեուլում (Հարավային Կորեա): Սրբազան Քահանայապետը նաև հիշեցրեց, որ մինչ այդ նա երիտասարդներին ժամադրել է Հռոմում` 2025թ-ին, Երիտասարդների Հոբելյանի առիթով, որտեղ նրանք պետք է լինեն «հույսի ուխտավորներ»:
Միասին քայլել հույսի ճանապարհներով
«Արդարև, դուք՝ երիտասարդներդ ուրախ հույսն եք, որ մշտապես մարդկության ու Եկեղեցու ուղևորության մեջ է», հաստատեց Նորին Սրբությունը՝ երիտասարդներին առաջարկելով միասին քայլել հույսի ճանապարհներով՝ չանտեսելով մարդկությանը հուզող հարցերը։
«Այս երկու տարվա ընթացքում՝ Հոբելյանին պատրաստվելիս, պիտի խորհրդածենք «Հույսով ուրախացե՛ք» Սուրբ Պողոսի խոսքերի շուրջ, ապա պիտի խորացնենք Եսայի Մարգարեի խոսքը. «Բոլոր նրանք, ովքեր կապավինեն Տիրոջը, կքայլեն առանց հոգնելու» (տես՝ Եսայի 40,31)» պատգամում գրում է Սրբազան Քահանայապետը՝ պատասխանելով նաեւ երկու հարցերի. «Որտեղի՞ց է գալիս ուրախությունը», «Որտեղի՞ց է գալիս հույսը»։
Որտեղի՞ց են գալիս ուրախությունն ու հույսը
«Սբ. Պողոսի քարոզած «Հույսով ուրախացե՛ք» խոսքը բխում է Քրիստոսի զատկական խորհրդից, Նրա հարության ուժից, Քրիստոսի հետ հանդիպման ուրախությունն է և այն գիտակցությունը, որ մենք սիրված ենք Աստծուց», գրում է Նորին Սրբությունը և ակնարկում հույսի ակնաղբյուրի մասին՝ անդրադառնալով երիտասարդության երազներին, բայց նաև այսօրվա իրականությանը, որտեղ շատ դեպքերում այդ հույսը պակասում է հենց երիտասարդների մեջ, ովքեր ապրում են տարատեսակ բռնություններ, պատերազմի փորձառություն, վախեր, ընկճախտ և այլն:
«Նրանք իրենց զգում են մութ բանտի մեջ բանտարկված՝ անկարող տեսնելու արևի ճառագայթները», գրում է Սրբազան Քահանայապետը՝ մատնանշելով բազմաթիվ երիտասարդների, ովքեր անձնասպան են լինում և հարց տալիս, թե ինչպես կարելի է այս իրականության մեջ՝ «ի տես մարդկության ապրած ողբերգությունների, հատկապես անմեղների ապրած ցավի», փորձարկել Սուրբ Պողոսի խոսքերը։
Դառնալ Աստծո սիրո արտահայտություն
«Մենք ստեղծված ենք Աստծո նմանությամբ ու պատկերով և կարող ենք դառնալ Նրա սիրո արտահայտությունը, որը կծնի ուրախություն և հույս նաև այնտեղ, որտեղ անկարելի են թվում դրանք», գրում է Ֆրանցիսկոս Պապը օրինակներ թվարկելով այս առնչությամբ, ինչպիսին է «Կյանքը գեղեցիկ է» ֆիլմը, կամ Սուրբ Մասսիմիլիանո Քոլպեի և սրբուհի Ժոզեֆինա Պախիթայի կյանքի վկայությունները։
Սրանք մեկնելով նա մեջբերում է Սուրբ Պողոս Զ-ի խոսքերը. «Քրիստոնյան կամ քրիստոնյաների խումբը […] շատ պարզ և ինքնաբուխ ձևով հավատք են ճառագում որոշ արժեքների նկատմամբ, որոնք դուրս են ներկայի արժեքներից, և հույս մի բանի հանդեպ, որը հնարավոր չէ տեսնել և ոչ էլ կհամարձակվենք այն պատկերացնել» (Առաքելական Հորդոր` Evangelii nuntiandi, 21):
Հույսը գիշերվա մեջ ճառագայթող լույս
«Հույսը, գրում է Նորին Սրբությունը, գիշերվա մեջ ճառագայթող լույս է», ակնարկելով ավագ Շաբաթ Օրը, որ հույսի օրն է, որի ժամանակ Եկեղեցին հիշատակում է Քրիստոսի դժոխք իջնելը, և նկարագրվում է, որ իր բոցավառող լույսով է անցնում խավարի միջով։
«Աստված չի դադարում մեզ նայել կարեկցությամբ, Նա նաև մտնում է մեր իսկ կյանքի դժոխքի փորձառության մեջ, որպես մի լույս, որը շողում է խավարում ու հաղթում մահին», ընդգծում է Սրբազան Քահանայապետն ու հաստատում, որ «քրիստոնեական հույսը պարզ լավատեսություն չէ, այլ վստահություն, որ արմատացած է սիրո ու հավատքի մեջ, որ Աստված մեզ երբեք մենակ չի թողնի և հավատարիմ է իր խոստմանը»։
Հույս հրահրել
Նորին Սրբությունն իր պատգամով շեշտադրեց հույս հրահրելու և այդ հույսի լույսը չմարելու կարևորությունը՝ անտեսելով մտահոգությունները, վախերը, առօրյա անցուդարձը, որոնք կարող են մթագնել այն։
«Կայծն օդի կարիք ունի, որպեսզի շարունակի փայլել և վերակենդանանալ հույսի մեծ կրակի մեջ», գրում է Սրբազան Քահանայապետը և Սուրբ Հոգուն ներկայացնում՝ որպես քրիստոնյաներիս ու քրիստոնեական կյանքի կայծի օդ, ապա հաստատում, որ «հույսը սնուցվում է աղոթքով»։
Հույսը նորոգվում է աղոթքով
«Աղոթելով է պահպանվում և նորոգվում հույսը։ Աղոթելով մենք վառ ենք պահում հույսի կայծը։ Աղոթքը հույսի առաջին ուժն է», հաստատում է Նորին Սրբությունն ու կոչ անում երիտասարդներին, երբ վախի, կասկածի ու կեղեքման թանձր մշուշները շրջապատեն իրենց, և նրանք այլևս չտեսնեն արևը, «թող բռնեն աղոթքի ճանապարհը։ Որովհետև ինչպես գրել է երջանկահիշատակ Բենեդիկտոս ԺԶ. «եթե ինձ այլևս ոչ ոք չլսի, Աստված կշարունակի լսել ինձ»։
«Հույսը սնվում է նաև մեր առօրյա ընտրություններից։ Սուրբ Պողոսի «Հույսով ուրախացե՛ք» խոսքը պահանջում է կյանքի շոշափելի ընտրանքներ… Դրա համար էլ խրախուսում եմ ձեզ ընտրել հույսի վրա հիմնված կյանքի ոճը», գրում է Սրբազան Քահանայապետը՝ հորդորելով երիտասարդներին կիսվել ոչ թէ վատ լուրերով, այլ հույսի խոսքերով և դառնալ «հույս սերմանողներ»։
Վառել հույսի լապտերը
«Երբ երեկոյան ձեր ընկերների հետ դուրս եք գալիս ու մութ է լինում, դուք միացնում ենք ձեր բջջային հեռախոսների ջահերը՝ լույս սփռելու համար։ Մեծ համերգների ժամանակ ձեզանից հազարավորներն այս ժամանակակից լույսերը շարժում են երաժշտության ռիթմի համաձայն՝ ստեղծելով հուզիչ տեսարան: Գիշերը լույսը մեզ ստիպում է նոր ձևով տեսնել իրերը: Հենց այսպիսին է նաև հույսի լույսը, որ Քրիստոսն է: Նրա հարությունով լուսավորվում է մեր կյանքը։ Նրա հետ մենք ամեն ինչ տեսնում ենք նոր լույսի ներքո», գրում է Նորին Սրբությունը՝ մատնանշելով, որ «Մարտահրավերները եղել են ու միշտ էլ կլինեն, բայց եթե մենք օժտված ենք «հավատքով լեցուն» հույսով, ապա կդիմագրավենք իմանալով, որ դրանք չունեն վերջին խոսք, և մենք ևս կդառնանք ուրիշների հույսի փոքրիկ ջահը»։
Չփախչել աշխարհից ու կիսել ընդունած շնորհքները
Սրբազան Քահանայապետը երիտասարդներին կոչ արեց չփախչել աշխարհից, այլ սիրել մեր ժամանակը, որի մեջ Աստված մեզ զետեղել է՝ ոչ առանց պատճառի, այլ որպեսզի կիսենք Տիրոջից ընդունած շնորհքները։
«Քրիստոս ապրում է, Նա մեր հույսն է և սա է աշխարհի ամենագեղեցիկ երիտասարդությունը»։ (Առաքելական Հորդոր Christus vivit, 1), պատգամի ավարտին գրում է Ն. Ս. Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը՝ ակնարկելով երիտասարդներին նվիրված «Christus vivit» սինհոդոսական հորդորագրի մասին: Նա հրավիրում է երիտասարդներին իրենց ձեռքն առնել այդ փաստաթուղթը՝ «ամփոփելու և հույսով աշխատելու այդ անմոռանալի Սինոդի լիարժեք իրականացման համար»։
Նորին Սրբությունը պատգամն ավարտում է բոլորին կոչ անելով «կյանքը հանձնել Հույսին Մորը՝ Մարիամին, որպեսզի Նա մեզ սովորեցնի մեր մեջ կրել Հիսուսին, մեր հույսն ու ուրախությունը և այն նվիրել մյուսներին։ Բարի երթ սիրելի՜ երիտասարդներ: Ձեզ օրհնում եմ ու ձեզ միանում աղոթքով։ Դուք էլ աղոթեցեք ինձ համար»:
Վատիկան Նյուզ, Հայկական բաժին
Արևելահայերենի վերածեց՝ Նաիրա Բաղդասարյանը