«Մենք ցանկանում ենք այս պատգամը տալ աշխարհին. կյանքը պարգև է և մենք բոլորս եղբայրներ ենք»:
Նոյեմբերի 6-ին Ն. Ս. Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը՝ Վատիկանի Պողոս Զ անվան սրահում, հանդիպեց աշխարհի տարբեր վայրերից ժամանած գրեթե 7500 մանուկների հետ, որոնց թվում էին նաև հինգ հայ մանուկներ՝ Մարիա Համբարձումյանը, Վիվիեն Առաքելյանը, Ալեքսանդր Պողոսյանը, Անժելիկա ու Եվա Հակոբյանները։
«Մանուկները հանդիպում են Պապին, սովորենք աշխարհի մանուկներից» բնաբանով այս հավաքը կազմակերպված էր Մշակույթի և Կրթության վերատեսչության հովանավորությամբ:
Նախ, տեղի ունեցավ գեղարվեստական մի հայտագիր, որի ընթացքում մանուկների զանազան խմբեր ներկայացրեցին երգեր ու վկայություններ, ապա Նորին Սրբությունը մուտք գործեց սրահ և մանուկները ջերմ ծափողջույններով ընդունեցին նրան:
«Շնորհակալություն բոլորիդ, որ այստեղ եք, ձեզ ընկերակցողներին ու այս հանդիպման կազմակերպիչներին», ասաց Սրբազան Քահանայապետը, ապա ակնարկելով հանդիպման բնաբանին «սովորենք մանուկներից» նշեց, որ ոմանք կարող են մտածել, որ այս բնաբանը տարօրինակ է, որովհետև մանուկները պետք է սովորեն, բայց և այնպես «մենք ձեզանից սովորելու կարիք ունենք», հարեց Նորին Սրբությունը՝ հաստատելով հետևյալը. «մանուկները ինձ հիշեցնում են, թե որքան գեղեցիկ է կյանքն իր պարզության մեջ և որքան հաճելի է միասին լինելը»։
«Սրանք երկու մեծ պարգևներ են Աստծուց. ապրել և կարողանալ իրար հետ ապրել», ասաց Սրբազան Քահանայապետը և ընդգծեց. «մենք աշխարհին ցանկանում ենք ասել, որ կյանքը գեղեցիկ պարգև է ու մենք իրար եղբայրներ ենք»։
«Արդարև, դուք ժամանել եք համայն աշխարհից՝ որպես մեծաթիվ եղբայրներ, ովքեր հանդիպում են այն մեծ տան մեջ, որ Հիսուս մեզ նվիրեց, այսինքն՝ Եկեղեցում», ասաց Նորին Սրբությունը և հավելեց, որ ինքը կփափագեր մեկիկ-մեկիկ ողջունել ներկա բոլոր մանուկներին, սակայն դուք «մեծաթիվ եք», դրա համար էլ ձեր միջոցով ցանկանում եմ ողջունել աշխարհի բոլոր մանուկներին և ասել, որ «դուք սքանչելի եք: Թո՛ղ ժպիտը վերադառնա երկրի բոլոր մանուկների դեմքերին»:
Սրբազան Քահանայապետը հրավիրեց մտածել այն մանուկների մասին, ովքեր տառապում են պատերազմի, աղքատության, հիվանդությունների ու բնական աղետներու պատճառով:
«Սիրելի մանուկներ ձեր ներկայությունն այստեղ նշան է, որն ուղղակի հասնում է մեր մեծահասակների սրտին ու մենք պետք է անսանք ձեր պատգամին», ասաց Նորին Սրբությունն ու հրավիրեց մանուկներին իրեն ուղղել իրենց պատրաստած հարցերը, ապա կոչ արեց աղոթել Տիրամորը, որպեսզի օգնի նրանց ու խնդրեց, որ աղոթեն նաև իր համար։
Սրբազան Քահանայապետին ուղղված մանուկների հարցերը բազմաթիվ ու բազմազան էին, որոնցից առաջինը Բրազիլիայից ժամանած Իզիտորայի հարցն էր. «Մենք մանուկներս կարո՞ղ ենք աշխարհը փրկել»։ Նորին Սրբությունը պատասխանեց «այո», մենք պետք է պաշտպանենք Երկիրը, եթե կործանենք այն, մենք մեզ կործանած կլինենք» ու հրավիրեց բոլոր մանուկներին միասնաբար կրկնել հետևյալը. «Երկիրը կործանել նշանակում է կործանել ինքներս մեզ»:
Երկրորդ հարցն ուղղեց պաղեստինցի 12-ամյա Ռանիան. «Սիրելի Ֆրանցիսկոս Պապ, եթե համաշխարհային երրորդ պատերազմը սկսվի, ապա խաղաղություն չի՞ լինի»։ Սրբազան Քահանայապետը պատասխանեց. «Պատերազմն արդեն սկսված է, պատերազմը բռնկված է համայն աշխարհում… կան թաքուն պատերազմներ..։ Մենք պետք է աշխատենք խաղաղության համար։ Իմ հետ կրկնեք. «մենք պետք է աշխատենք խաղաղության համար»:
Ուկրաինացի ինը տարեկան Իվանի հարցը հետևյալն էր. «Կարո՞ղ ես մեզ բացատրել, թե ինչպես կլինի խաղաղություն»։ Նորին Սրբությունը նշեց, որ այս հարցը դժվար է, ավելի դյուրին է հասկանալ, թե ինչպես է տեղի ունենում պատերազմը։
Սրբազան Քահանայապետը հրավիրեց մանուկներին խորհրդածելու այդ հարցի մասին, ապա նշեց, որ խաղաղություն կարելի է հաստատել մի արարքով, պետք է պարզապես բարեկամության ձեռքը երկարել: Խաղաղությունը կատարվում է սրտով։ Իմ հետ կրկնեք. «Խաղաղությունը կատարվում է սրտով ու երկարած ձեռքով»:
Ապա շարունակելով հարցերին պատասխանել՝ Նորին Սրբությունը հաստատեց, որ մանուկների ձայնն անհրաժեշտ է և մեծահասակները պետք է ունկնդրեն այդ ձայնը, որովհետև մանուկները խաղաղության պատգամավորներն են։
Այնուհետև հերթը հասավ Անդրանիկին, ով ժամանել էր Սիրիայից: Նա հարցրեց, թե ինչու են պատերազմների ժամանակ սպանում մանուկներին և ոչ ոք նրանց չի պաշտպանում։ Սրբազան Պապի դեմքը լրջացավ ու պատասխանեց հետևյալը. «Մանուկներն անմեղ են, և դա ցույց է տալիս պատերազմի դաժանությունը։ Մի պահ լռություն պահենք՝ ի հիշատակ պատերազմների ընթացքում սպանված մանուկների։ Պատերազմը դաժան բան է և դրա գինը վճարում են մանուկները, անմեղները։ Աղոթենք միասին մանուկների համար», ասաց Նորին Սրբությունն ու մանուկների հետ միասին աղոթեց տերունական աղոթքը։
«Ո՞վ են քո բարեկամները» եղավ Պերուից ժամանած մանուկի հարցը ու Սրբազան Քահանայապետը պարզությամբ պատասխանեց, որ ինքն ունի բազմաթիվ բարեկամներ, ապա ընդգծեց, որ այն անձը, ով բարեկամ չունի, տխուր անձ է։
Մանուկները հարցրեցին Քահանայապետին, երբ ինքը զայրանում է, հետո ինչպես է հանդարտվում, թե ինչու է կլիման տակավին տաք, եթե հիմա աշուն է, արդյոք նրան մտահոգում են բնապահպական խնդիրները:
«Ես անշուշտ մտահոգ եմ։ Մենք պետք է պաշտպանենք արարչագործությունը։ Պետք է սովորենք այս մեկը անել: Բոլորս պետք է մտահոգվենք բնապահպանությամբ ու պետք է, որ յուրաքանչյուրն իր աջակցությունը ցուցաբերի, օրինակ պլաստիկե շշերը ծով չնետելով։ Պետք է պաշտպանենք բնությունը» կրկնեց Նորին Սրբությունը, ապա պատասխանելով այլ հարցերի հորդորեց, որ չմսխեն բարիքներն ու հատկապես ուտելիքը։
Սրբազան Քահանայապետն ընդգծեց, որ խոսեցին բազմաթիվ նյութերի մասին, բայց մանուկների սրտին դիպչող գեղեցիկ բանը խաղաղությունն է, «որովհետև նրանք պատերազմ չեն ուզում, նրանք ուզում են, որ աշխարհում խաղաղություն լինի: Այժմ բոլորս միասին խաղաղության նշան անենք, մեկս մյուսին ձեռք մեկնենք՝ ի նշան խաղաղության», ասաց Նորին Սրբությունը, ապա հրավիրեց լռություն պահել ու աղոթել Տիրամորը, այնուհետև բոլորին շնորհեց իր օրհնությունները։
Վատիկան Նյուզ, Հայկական բաժին
Արևելահայերենի վերածեց՝ Նաիրա Բաղդասարյանը