• Վերջ տանք արարչագործության դեմ մղվող անիմաստ պատերազմին

    «Աստծո ողջ ժողովուրդը կոչված է սինոդալ երկխոսության և դարձի»։


    Ն. Ս. Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը՝ Աղոթքի համաշխարհային օրվա կապակցությամբ, հրապարակեց ուղերձ Աստծո արարչագործության պաշտպանության մասին: Կաթողիկէ և ուղղափառ քրիստոնյաներն այս տոնը նշել են սեպտեմբերի 1-ին:

     

    Նորին Սրբությունը գրում է «երկրի մայրական սրտի բաբախյունի» մասին. ինչպես արգանդում գտնվող մանուկի սիրտն է բաբախում մոր սրտի հետ ներդաշնակ, այնպես էլ «մենք պետք է մեր կյանքի սեփական ռիթմերը համապատասխանեցնենք արարչագործության ռիթմերին»։ Սրբազան Քահանայապետը կոչ է անում հավատացյալներին և բարի կամքի տեր բոլոր մարդկանց «կանգնել բնապահպանական և կլիմայական անարդարության զոհերի կողքին և վերջ դնել արարչագործության դեմ մղվող անիմաստ պատերազմին»։

     

    Անհետաձգելի գործողություններ են պահանջվում կայուն և արդար աշխարհ ստեղծելու համար, ընդգծում է Նորին Սրբությունը՝ հիմք ընդունելով ՄԱԿ-ի Միջկառավարական հանձնաժողովի լուրջ նախազգուշացումները կլիմայի փոփոխության վերաբերյալ: Վատթարագույնից դեռ կարելի է խուսափել, եթե բոլորը ձգտեն առավել կայուն կենսակերպի՝ ներկայում և ապագայում:

     

    Ամեն ոք կարող է ունենալ իր ներդրումը սրտի, ապրելակերպի և պետական քաղաքականության փոխակերպման միջոցով, ընդորում սրտերի «բնապահպանական դարձի» այս կոչն արել է Հովհաննես Պողոս II, որը հիմնական մեկնարկային կետն է. այն ենթադրում է արարչագործության հետ հարաբերությունների վերանայում և վերանորոգում, որպեսզի մենք այլևս շրջակա միջավայրը չդիտարկենք՝ որպես շահագործման օբյեկտ, այլ պահպանենք այն՝ որպես Արարչի սուրբ պարգև, գրում է Սրբազան Քահանայապետը:

     

    Կենսակերպի փոփոխությունն ամենից առաջ սկսվում է Արարչի և Նրա արարչագործության հանդեպ երախտագիտությամբ ու հիացմունքով, ապա շարունակվում մեր «բնապահպանական մեղքերի» ապաշխարությամբ: «Աստծո շնորհի օգնությամբ եկե՛ք որդեգրենք այնպիսի ապրելակերպ, որը նվազեցնում է թափոններն ու ավելորդ սպառումը, հատկապես այնտեղ, որտեղ արտադրական գործընթացը թունավոր և անկայուն է»: Անհրաժեշտ է ուշադիր լինել մեր սովորությունների և տնտեսական որոշումների նկատմամբ՝ հանուն ներկա և ապագա սերունդների բարեկեցության, իսկ դրա համար պետք է, օրինակ, խնայել ռեսուրսները, վերամշակել, թափոնները, օգտվել մատչելի ապրանքներից և էկոլոգիապես կայուն ծառայություններից:

     

    Նորին Սրբությունը կոչ է անում ուշադրություն դարձնել պետական քաղաքականությանը, հատկապես «տնտեսական քաղաքականությանը, երբ որոշ արտոնյալներ խայտառակ ձևով հարստանում են, իսկ մյուսներն ապրում են նվաստացուցիչ կենսապայմաններում», սա լուրջ սպառնալիք է խաղաղությանն ու արդարությանը։ Մենք միասին պետք է դադարեցնենք անարդարությունն աղքատների, ինչպես նաև ապագա սերունդների նկատմամբ, որոնց սպառնում է կլիմայի փոփոխության վատթարագույն հետևանքներն ու ազդեցությունը:

     

    Հիշեցնելով կայանալիք Եպիսկոպոսների Սինոդի մասին՝ Սրբազան Քահանայապետն ընդգծում է, որ «Աստծո ողջ ժողովուրդը կոչված է սինոդալ երկխոսության և դարձի»։ Ամեն մի տեղական Եկեղեցի ունենում է իր յուրօրինակ և անփոխարինելի ներդրումն ու աղոթում, որպեսզի Սուրբ Հոգին մեր ջանքերն ուղղորդի «երկրի վերանորոգմանը»:

     

    Ուղերձի ավարտին Նորին Սրբությունն ասում է, որ Սինոդալ Եկեղեցին պետք է լինի կյանքի աղբյուր մեր ընդհանուր տան և նրա բոլոր բնակիչների համար՝ ամենուր արդարություն և խաղաղություն սերմանելով:

     

    Վատիկան Նյուզ, ռուսական բաժին

    Թարգմանեց՝ Նարիա Բաղդասարյանը

Օրացույց

Օրացույց