• Եվրախորհրդարանի որոշման կէտերը՝ Սրբազան Պապի յայտարարութիւնների վրայ հիմնուելու մասին
    20150415PHT42101_original

    Եվրախորհրդարանի որոշման կէտերը՝ Սրբազան Պապի յայտարարութիւնների վրայ հիմնուելու մասին


     17 ապրիլի, 2015թ.

     

    2015թ. ապրիլի 15-ին, ինչպէս գիտէք, Եվրախորհրդարանը իր երրորդ բանաձեւն ընդունեց Հայոց Ցեղասպանութեան մասին: Սա մի մէծ քայլ էր միջազգային հանրութեան կողմից՝ յաւուր պատշաճի գնահատական տալու 1915-1923թթ. հայ ժողովրդի հանդէպ երիտթուրքական կառաւարութեան ոճրագործութիւնը եւ այսօրուայ Թուրքիայի ղեկաւարութեան առջեւ բարոյական ու քաղաքական անխուսափելի պայմաններ դնելու՝ եվրոպական ընտանիքին անդամակցելու համար:

     

     Այստեղ, իհարկէ, քաղաքականութիւնն իր տեղն ունի.

     

    Հայոց Ցեղասպանութեան 100-րդ տարելիցն ու Սրբազան Պապի յայտարարութիւնների ազդեցութիւնն ամբողջ աշխարհում, որը նման է երկրաշարժի հետցնցումների, հարմար առիթ դարձան՝ Թուրքիայի ղեկաւարութեանը տեղը դնելու եւ յիշեցնելու համար, թէ ինչպիսին է նրանց իրական դէմքը, երբ ուզում են երեւալ որպէս արդարութեան ու հումանիզմի կողմնակիցներ եւ պահանջում իրենց համարել եվրոպական պետութիւն:

     

     Ապրիլի 15-ի որոշումը, միգուցէ, ոմանց համար աւելի շատ քաղաքական դեմարշ էր, իսկ Պապի յայտարարութեան վրայ հիմնուելը ու հայերի ցաւը կիսելը՝ Թուրքիայի հետ քաղաքական հաշվեհարդարը քողարկող դիմակ, բայց փաստ է, որ այդ կարեւոր պատմական որոշումը շատերի կողմից ընկալուեց՝ որպէս Սրբազան Ֆրանցիսկոս Պապի ապրիլի 12-ին Սբ. Պետրոսի տաճարում արած յայտարարութիւնների մի պտուղը եւ այդպէս էլ կա՛յ, որովհետեւ, եթէ չլիներ Պապի այդ պատմական քայլը, իսկ եթէ աւելի խորանանք՝ Հայ Կաթողիկէ՛ Եկեղեցու նուիրապետութեան նախաձեռնութիւնն ու խնդրանքը՝ Սբ. Պատարագ մատուցելու մասին, ամենայն հաւանականութեամբ չէին լինի ոչ եվրախորհրադարանի պատգամաւորների այդ կրակոտ ելոյթները ըննդէմ թուրք իշխանաւորների, հիացմունքը Պապի խօսքերով, յուզմունքը եւ, ոչ էլ, իհարկէ, այդ երրորդ բանաձեւը կամ որոշումը:

     

     Եվրախորհրդարանի պատգամաւորներն իրենց ելոյթներում հիմնւում էին Սրբազան Պապի արտայայտութիւնների եւ բարոյական ու կրոնական վիթխարի հեղինակութեան վրայ, որը նա վայելում է ամբողջ աշխարհում: Շատ հետաքրքիր է այդ «P8_TA-PROV(2015)0094» (EP Resolution, PDF, էջ՝15) համարով որոշման տեքստը, որտեղ ուղղակի կետեր կան Պապի յայտարարութիւնների մասին: Այս որոշման մէջ, գրուած է.

     

     

    «Եվրոպական խորհրդարանը,

     ի նկատի ունենալով

    -1948թ. ՄԱԿ-ի կնովենցիան՝ Ցեղասպանութեան հանցագործութեան կանխարգելման եւ պատժի մասին,

    -իր իսկ 1987թ. հունիսի 18-ի որոշումը Հայկական հարցի քաղաքական որոշման մասին,

    ….(նշուած են այլ փաստաթղթեր).

    2015թ. ապրիլի 12-ին Նորին Սրբութիւն Ֆրանցիսկոս Քահանայապետի յայտարարութիւնը

    Գ.քանի որ եվրոպական միաւորութեան շարժման հիմնական դրդապատճառներից մէկը կամքն է՝ Եվրոպայում կանխարգելելու պատերազմները եւ մարդկութեան դէմ հանցագործութիւնները,

    Դ.քանի որ Թուրքիան եւ Հայաստանը սկսել են դիւանագիտական հարաբերութիւնների նորմալացման գործընթաց՝ 2009թ. Ցիւրիխում ստորագրելով արձանագրութիւններ…

    Ե….քանի որ չի կարող լինել ոչ մի հաշտութիւն ՝առանց ճշմարտութեան եւ յիշողութեան…

    1.Հարգանքի տուրք է մատուցում…1,5 մլն հայ զոհերի յիշատակին, ովքեր ոչնչացուեցին Օսմանեան կայսրութիւնում, միանում է Հայոց Ցեղասպանութեան հարիւրամեակի յիշատակութեանը՝ եվրոպական համերաշխութեան եւ արդարութեան ոգով, կոչ է անում Յանձնախմբին եւ Խորհրդին՝ միանալու յիշատակութեանը,

    2.Յիշեցնում է իր 1987թ. հունիսի 18-ի որոշումը, որտեղ, ի միջի այլոց, ճանաչւում է, որ 1915-1917թթ. հայերի դէմ Օսմանեան կայսրութիւնում կատարուած ողբերգական եղելութիւնները ցեղասպանութիւն են…դատապարտում է մարդկութեան դէմ գործուած ցանկացած հանցագործութիւն եւ ցեղասպանութիւն եւ դրանք ժխտելու ցանկացած փորձ

    3…առաջարկում է հաստատել Ցեղասպանութիւնների միջազգային յիշատակութեան օր,

    5.Ողջունում է Թուրքիայի նախագահի…եւ վարչապետի…ցաւակցութիւնները եւ հայերի հանդէպ դաժանութիւնների ճանաչումը՝ որպէս ճիշտ ուղղութեամբ կատարուած քայլ, քաջալերում է Թուրքիային օգտագործել հայոց Ցեղասպանութեան հարիւրերոդ տարելիցը…՝ որպէս կարեւոր հնարաւորութիւն՝ շարունակելու իր ջանքերը՝ բացելու սեփական արխիւները, առերեսուելու իր անցեալին, ճանաչել Հայոց Ցեղասպանութիւնը եւ ճանապարհ հարթել հայ եւ թուրք ժողովուրդների միջեւ ճշմարիտ հաշտութեան համար»:

    Այս տողերում նկատելի է Սրբազան Քահանայապետի ուղերձի մէջ արծարծուող մտքերի հետ նմանութիւնը: Ապա շարունակւում է.

    «6. Յանձնարարում է (կամ երաշխաւորում է հիմք ընդունել՝ commends) Նորին Սրբութիւն Ֆրանցիսկոս Պապի 2015թ. ապրիլի 12-ի ուղերձը, որը հարգում է Հայոց Ցեղասպանութեան հարիւրամեակը՝ խաղաղութեան եւ հաշտութեան ոգով…»:

     

    Տեքստի միւս կետերով Եվրախորհրդարանը կոչ է անում Թուրքիային եւ Հայաստանին սկսել դիւանագիտական հարաբերութիւնների նոր փուլ, բացել միջպետական սահմանը, վավերացնել 2009թ. ցիւրիխեան արձանագրութիւնները, հաշտութիւն ու խաղաղութիւն գործընթաց սկսել հայ եւ թուրք ժողովուրդների միջեւ՝ փոխադարձ հարգանքով եւ աջակցել քաղաքացիական հասարակութեան նախաձեռնութիւններին:

     

    Այս որոշումը եւ այս օրերին ծաւալուող միւս իրադարձութիւնները փաստում են, որ Հայոց Ցեղասպանութեան համընդհանուր ճանաչման ու Թուրքիայի մերժողական դիրքորոշման դատապարտման խնդիրները Քահանայապետի յայտարարութիւններով եւ ամբողջ հայ ժողովրդի համար Քրիստոսի Սուրբ Զոհը մատուցելու սրբազան արարողութեամբ, կամ, այլ խօսքով, Կաթողիկէ Եկեղեցու ջանքերով, միջազգային հասարակական-քաղաքական ասպարեզում բարձրացան աննախադէպ  մակարդակի վրայ, ստացան նոր կրոնա-բարոյական բովանդակութիւն.

     

    յիշել անցեալը, բայց միաժամանակ գնալ ներմա՛ն ու սիրո՛յ, հաշտութեա՛ն եւ ի Քրիստոս խաղաղութեա՛ն ճանապարհով՝ յիշելով, որ Աստուած անսահմանօրէն ողորմած է իւրաքանչիւրիս մեղքերի հանդէպ:

     

    Լեւոն Գալստեան

     

Օրացույց

Օրացույց