• Գ․ Կիրակի Քառասնորդաց. Անառակի Կիրակին

    «Հա՛յր, մեղանչեցի երկնքի դէմ ու քո առաջ եւ այլեւս արժանի չեմ քո որդին կոչուելու»: (Ղուկաս 15:21)


    Կիրակի, 5 մարտի, 2023 թուական. Գ Կիրակի Քառասնորդաց Անառակին:

     

    Գիւմրի Սրբոց Նահատակաց Հայ Կաթողիկէ եկեղեցւոյ մէջ Սուրբ եւ Անմահ Պատարագ մատուցեց Փանիկի Սուրբ Աստուածածին Հայ Կաթողիկէ Եկեղեցու ժողովրդապետ Գերյ. Հայր Գառնիկ Ծ. Վրդ. Յովսէփեանը:

     

    Քարոզի հիմքում ընկած էր Ղուկասի Ավետարանում հիշատակուող անառակ որդու մասին պատմող առակը (Ղուկ. 15:11-32):

     

    «Սիրելի՛ հաւատաւոր ժողովուրդ, կարծում եմ, որ գոյութիւն չունի մի քրիստոնեայ մարդ, ով չգիտի կամ կեանքում գէթ մի անգամ չի լսել Անառակ Որդու մասին պատմող աւետարանական պատմութիւնը:

     

    Այս առակում նկարագրւում է մեղսալից կեանքով ապրած անառակ որդու զղջումը եւ ապաշխարութեամբ վերստին դէպի Հայրը դառնալը:

     

    Մի մարդ երկու որդի ունէր: Մի օր, նրա կրտսեր որդին հօրից պահանջում է իր բաժին ունեցուածքը եւ գնում հեռու երկիր: Այնտեղ որդին ապրում է անառակ կեանքով՝  վատնում ամբողջ ունեցուածքը: Սպառելով հօրից ստացած ժառանգութիւնը ստիպուած ծառայության է անցնում որպէս խոզապահ, ում նոյնիսկ արգելուած էր անգամ կենդանիներին տրուող եղջերենու պտուղներից ուտել:

     

    Ի վերջոյ, թշուառութեան մէջ յայտնուած կրտսեր որդին յիշում է հայրական տունը, զղջում կատարածի համար եւ ետ վերադառնում:

    Հայրը, տեսնելով որդու զղջումը, ուրախութեամբ ետ է ընդունում է նրան:

    Իսկ ահա, աւագ որդին երբ տեսնում է հօր վերաբերմունքը կրտսեր եղբօր նկատմամբ, դժգոհում է, որ ինքը միշտ հօր կողքին է եղել, սակայն նման պատւի երբէք չի արժանացել: Հայրը պատասխանում է. «Որդեա՛կ, դու միշտ ինձ հետ ես, եւ ամէն ինչ, որ իմն է, քոնն է. բայց պէտք էր ուրախ լինել եւ ցնծալ, որովհետեւ քո այս եղբայրը մեռած էր եւ կենդանացաւ, կորած էր եւ գտնուեց» (Ղուկաս 15:32):

     

    Կրտսեր որդին  մեղաւոր հոգին է, ինչպէս հայրն է անառակ որդուն ընդունում, նույն կերպ էլ Երկնաւոր Հայրը ամէն անգամ Իր անսահման  ներողամտութեամբ, սիրով ու գթասրտութեամբ  իր գիրկն առնում զղջացող մեղաւորին:

     

    Սիրելի՛ հաւատաւոր ժողովուրդ, ուզում եմ ձեզ ներկայացնել  հետաքրքիր եւ իրական պատմութիւն մի աղջկայ մասին, ով մի օր որոշում է հեռանալ իր ընտանիքից:

     

    Պատմութիւնը հետեւեալն է.

    Մի օր, մի փոքրիկ աղջիկ՝ որոշում է կայացնում մէկընդմիշտ հեռանալ իր ընտանիքից՝ չգիտակցելով իհարկէ իր արարքի լրջութիւնը եւ ծանր հետեւանքները:

     

    Աղջկայ ծնողները սկսում են անհանգստանալ եւ մտածել, թէ ինչ պատահեց իրենց աղջկայ հետ, որ նա նեղացաւ եւ լքեց իր այդքան սիրելի տունը:

     

    Ծնողները չգտնուելով իրենց հարցի պատասխանը, որոշում են գնալ եկեղեցի, դիմել քահանային, որպէսզի նա օգնի նրանց գտնել աղջկան:

     

    Քահանան լսելով ծնողներին՝ խնդրում է, որպէսզի աղջկայ մօր նկարը մի քանի օրինակով բազմացնեն եւ փակցնեն քաղաքի բոլոր յայտնի եւ անյայտ տեղերում եւ պատուիրում, որպէսզի նկարի ներքեւի հատուածում գրեն հետեւեալ տողերը.«Վերադարձի՛ր տուն, մենք քեզ սիրում ենք»:

     

    Անցնում են օրեր, մի օր՝ երբ աղջիկը անցնում է կայարանի կողքով՝պատահաբար տեսնում է մօր նկարը: Աղջկայ մօտ անմիջապես հայրական տան հետ կապուած հուշերն են արթնանում եւ նա որոշում է վերադառնալ տուն: Հասնելով տուն,  նա տեսնում է, որ տան դուռը բաց է, այդ ժամանակ մայրն իրեն ասում է. .«Սիրելի՛ աղջիկս, մենք մեր տան դուռը քո գնալուց յետոյ երբէք չենք փակել եւ անհամբեր սպասել ենք քո վերադարձին»:

     

    Սիրելիներս, այս գեղեցիկ պատմութիւնը կարող է ինչ-որ չափով մեր կեանքի Անառակ Կիրակիի վերարտադրութիւնը համարուել: Անառակ որդու դերում կարող է յայտնուել մեզանից իւրաքանչիւրն իր կեանքի որեւէ փուլում:

     

    Եկէ՛ք, սիրելինե՛րս, վերադառնանք մեր Հայրական տունը եւ սրտանց ասենք. «Հա՛յր, մեղանչեցի երկնքի դէմ ու քո առաջ եւ այլեւս արժանի չեմ քո որդին կոչուելու, վերցրու ինձ իբրեւ քո աշխատաւորներից մէկը» (Ղուկ. 15:17-19):

     

    Գերյ. Հ. Գառնիկ Ծ. Վրդ. Յովսէփեան

    Փանիկի Սուրբ Աստուածածին Եկեղեցւոյ Ժողովրդապետ

Օրացույց

Օրացույց