• Երբեք ուշ չէ նորից սկսելու համար

    «Աստծո հայացքը երբեք կանգ չի առնում սխալներով լի մեր անցյալի վրա, այլ անսահման վստահությամբ է նայում, թե ինչպիսին մենք կարող ենք դառնալ»:


    Հոկտեմբերի 30-ին Ն. Ս. Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը՝ «Հրեշտակ Տեառն» աղոթքը կարդալուց առաջ, խորհրդածեց Ղուկասի Ավետարանից վերցված մի հատվածի շուրջ, որտեղ նկարագրվում է Հիսուսի հանդիպումը Զակքեոս մաքսապետի հետ: Նորին Սրբությունն ընդգծեց, որ այս պատմության հիմքում «փնտրել» բայն է, իրար փնտրող երկու հայացքներ. Հիսուսին փնտրող Զակքեոսի հայացքը, և Զակքեոսին փնտրող Հիսուսի հայացքը:

     

    Զակքեոսը հարկահավաք էր, հիշեցրեց Սրբազան Քահանայապետը, լինելով հրեա՝ նա հարկեր էր հավաքում հռոմեական տիրակալների անունից, իսկ հայրենակիցների աչքում նա դավաճան էր։ Նա հարստացել էր օգտվելով իր դիրքից։ Ուստի Զաքեոսին ատում էին և մեղավոր անվանում: Ասվում է, որ «նա կարճահասակ էր» (տես՝ Ղկ. 19.3), հնարավոր է, որ սա ակնարկում է նրա ներքին ոչնչության, խղճուկ, անազնիվ կյանքի մասին: Սակայն այն փաստը, որ նա կարճահասակ էր, շատ կարևոր է այս պատմության մեջ, քանզի Հիսուսին տեսնելու համար Զակքեոսը նույնիսկ ինքն իրեն ծաղրի է ենթարկում. նա բարձրանում է ծառը: Քանի որ, չնայած իր ողջ ստորությանը, նա կարիք է զգում փնտրելու մեկին, ով կնայի իրեն և դուրս կբերի այն ճահիճից, որում նա հայտնվել է: Զակքեոսի պատմությունը մեզ սովորեցնում է, որ կյանքում երբեք ամեն ինչ կորած չէ: Միշտ կարելի է սկսել նորից և դարձի գալ: Հենց դա էլ անում է Զակքեոսը:

     

    Այս առումով, շարունակեց Նորին Սրբությունը, վճոռորոշ էր Հիսուսի հայացքը: Նա ուղարկվել էր Հոր կողմից կորածներին փնտրելու համար. գալով Երիքով՝ Նա անցնում է այն ծառի կողքով, որի վրա նստած էր Զակքեոսը.

     

    «Ավետարանն ասում է, որ ʺՀիսուս վեր է նայում, տեսնում նրան և ասում. Զակքեո՛ս, շտապիր իջի՛ր այդտեղից, որովհետև այսօր պետք է, որ Ես քո տանը գիշերեմʺ (տես՝ Ղկ. 19.5): Շատ գեղեցիկ պատկեր է, քանի որ եթե Հիսուսը վեր է նայում, ապա դա նշանակում է, որ Նա նայում է Զակքեոսին ներքևից: Ահա հենց սա է փրկության ողջ պատմությունը: Աստված մեզ վերևից չնայեց՝ մեզ նվաստացնելու և դատապարտելու համար: Ընդհակառակը, նա խոնարհվեց մեր ոտքերը լվանալու համար՝ ներքևից նայելով մեզ և վերականգնելով մեր արժանապատվությունը»։

     

    «Աստծո հայացքը երբեք կանգ չի առնում սխալներով լի մեր անցյալի վրա, այլ անսահման վստահությամբ է նայում, թե ինչպիսին մենք կարող ենք դառնալ», շարունակեց Սրբազան Քահանայապետը.

     

    «Եվ եթե երբեմն մենք մեզ «կարճահասակ» մարդ ենք զգում, ով չի կարողանում հաղթահարել կյանքի դժվարությունները և համապատասխանել Ավետարանին՝ խնդիրների և մեղքերի մեջ խրված լինելով, Հիսուսը միշտ սիրով է նայում մեզ. ինչպես Զակքեոսի մասին պատմության մեջ, Նա գալիս է մեզ ընդառաջ, կանչում է մեզ անունով և, եթե մենք ընդունում ենք Նրան, Նա գալիս է մեր տուն»:

     

    Եկե՛ք խորհենք, թե ինչպես ենք մենք նայում ինքներս մեզ, շարունակեց Նորին Սրբությունը. «Արդյո՞ք մենք ունենում ենք թերարժեքության զգացում և համակերպվում դրա հետ, թե՞ հուսահատության ժամանակ ձգտում ենք հանդիպել Հիսուսին: Ի՞նչ հայացքով ենք մենք նայում նրանց, ովքեր սխալվում են և փորձում վեր բարձրանալ։ Արդյո՞ք մենք նրանց չենք նայում դատապարտող ու արհամարհող հայացքով։ Եկե՛ք հիշենք, որ մարդուն վերևից ներքև կարելի է նայել միայն մի դեպքում, եթե պիտի օգնես նրան վեր բարձրանալ»:

     

    Քրիստոնյաները ուրիշներին պիտի նայեն Հիսուսի հայացքով՝ աջակցելով, գրկախառնվելով, կարեկցելով: Իր զավակներին Եկեղեցին միշտ պետք է նայի հենց Քրիստոսի՝ այլ ոչ թե մեղադրողի հայացքով, ընդգծեց Սրբազան Քահանայապետն իր խորհրդածության ավարտին:

     

    Վատիկան Նյուզ, ռուսական բաժին

    Թարգմանեց՝ Նաիրա Բաղդասարյանը

Օրացույց

Օրացույց