• Սուրբ Յովսէփ Հայ Կաթողիկէ Եկեղեցու օծման եւ պաշտօնական բացման արարողութիւնը Ղազանչի համայնքում

    «… խնդրանքս է, որ ամենայն երկիւղածութեամբ կարողանանք մեր սրտերը, մեր միտքն ու աղօթքները ամբողջութեամբ կենդրոնացնել դէպի Սուրբ Սեղան, որտեղ Յիսուս Քրիստոսը սրտաբաց ընդունում է մեր աղօթքն ու իղձերը»:


    Կիրակի, 2022 թուական, սեպտեմբեր 25. Վարագայ Սուրբ Խաչի տօնի առթիւ տեղի ունեցաւ Ղազանչի գիւղի նորակառոյց Սուրբ Յովսէփ Հայ Կաթողիկէ Եկեղեցու օծման  արարողութիւնը՝ ձեռամբ Ն.Ս.Տ.Տ. Ռաֆայէլ Պետրոս ԻԱ. Կաթողիկոս Պատրիարքի Տանն Կիլիկիոյ Կաթողիկէ Հայոց եւ առընթերկայութեամբ Հայաստանի եւ Արեւելեան Եւրոպայի Հայ Կաթողիկէ Առաջնորդութեան Առաքելական Կառավարիչ Գերպ. Հայր Միքայէլ Վրդ. Բասսալէի, Երուսաղէմի եւ Յորդանանի Հայ Կաթողիկէների Պատրիարքական Էկզարք, Լեւոնեան Քահանայապետական Վարժարանի մեծաւոր Գերպծ. Հայր Նարեկ Թ.Ծ.Վ. Նաամոյեանի:

     

    Թեմի համար այս կարեւոր եւ գեղեցիկ իրադարձութեանը ներկայ էին՝ Հայ Կաթողիկէ Եկեղեցու հոգեւորականներ, որոնք ծառայում են Հայաստանի եւ սփիւռքի հայ կաթողիկէ համայնքներում, Աշոցքի համայնքների Հայ Առաքելական Եկեղեցու հոգեւոր հովիւ Արժ. Տ. Յարութիւն Քհնյ. Պետրոսեանը, Անարատ Յղութեան Հայ Քոյրերի Միաբանութեան անդամներ, Աշոցքի «Տիրամայր Նարեկի» հիւանդանոցի տնօրեն Հ. Մարիո Կուկարոլլոն, «Հայկական Կարիտաս» ԲՀԿ աշխատակիցներ, պաշտօնատար անձինք, ինչպէս նաեւ հաւատաւոր ժողովրդի հոծ բազմութիւն:

     

    Ղազանչիի Հայ Կաթողիկէ Եկեղեցու շինարարական աշխատանքների մեկնարկը տրուեց 2014 թուականի նոյեմբերի 20-ին՝ նախաձեռնութեամբ եւ օրհնութեամբ Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի, Ուկրաինայի եւ Արեւելեան Եւրոպայի Հայ Կաթողիկէների Առաջնորդ Արհ. Տէր Ռաֆայէլ Արքեպս. Մինասեանի: Կատարուեց հիմքերի օրհնութեան արարողութիւն, սակայն աշխատանքները դադարեցուեցին ֆինանսաւորում չլինելու պատճառով:

     

    Տարիներ անց՝ 2020 թուականի մայիսին, Արհ. Տէր Ռաֆայէլ Արքեպս. Մինասեանի անմիջական ջանքերի շնորհիւ՝ «Renovabis» բարեսիրական կազմակերպութիւնը համաձայնեց հովանաւորել Եկեղեցու կառուցման աշխատանքները, որոնք սկսեցին իրականացուել Արժ. Տ. Գրիգոր Աւ. Քհնյ. Մկրտչեանի ղեկավարութեամբ:

     

    Դժբախտաբար, երբ ընթանում էին աշխատանքները՝ սեպտեմբեր 27-ին տեղի ունեցաւ հայ ազգի համար ամենասարսափելին՝ սկսուեց Արցախեան 44-օրեայ պատերազմը: Պատերազմի արհաւիրքը եւ մեծաքանակ զոհերի կորստի ցաւն իրենց սրտում՝ աշխատանքային խումբը շարունակում էր քարը քարին դնելով վեր խոյացնել Աստուծոյ տունը, որը պէտք է դառնար ոչ միայն մեզ՝ ապրողներիս, այլեւ մեր բոլոր նահատակների օթեւանը:

     

    Երկու տարի անց, երբ արդէն աւարտին էին մօտենում Եկեղեցու ներքին հարդարման աշխատանքները, սկիզբ առաւ մէկ այլ պատերազմ: Այս անգամ ռազմական գործողութիւններ սկսուեցին Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ՝ դարձեալ խլելով բազում կեանքեր եւ խեղաթիւրելով մարդկային ճակատագրեր:

     

    Թէեւ բազում խոչընդոտների եւ կրած դժուարութիւնների՝ Աստուծոյ կամքով ու նախախնամութեամբ Եկեղեցին այսօր կանգուն է եւ առաջիկայ հարիւրամեակների ընթացքում ծառայելու է ի սպաս հաւատաւոր ժողովրդի:

     

    Սուրբ Յովսէփ Հայ Կաթողիկէ Եկեղեցու օծման եւ պաշտօնական բացման արարողութեանը յաջորդեց Սուրբ եւ Անմահ Պատարագ՝ ձեռամբ Ռաֆայէլ Պետրոս ԻԱ. Կաթողիկոս Պատրիարքի, առընթերակայութեամբ Գիւմրիի ժողովրդապետ Արժ. Տ. Գրիգոր Աւ. Քհնյ Մկրտչեանի, եւ Մեծ Սեպասար, Ղազանչի, Սիզաւէտ, Բաւրա եւ Սարագիւղ Հայ Կաթողիկէ համայնքների ժողովրդապետ Արժ. Տէր Յովսէփ Քհն. Գալստեանի:

     

    Սուրբգրային ընթերցումներից յետոյ ներկաներին իր հայրապետական խօսքը յղեց Կաթողիկոս Պատրիարքը.

     

    «Սիրելի՛ հաւատացեալներ, նախքան իմ շնորհաւորական խօսքը յղելը, ուզում եմ խորին շնորհակալութիւն յայտնել Առաքելական Կառաւարիչ Գերպ. Հայր Միքայէլ Վրդ. Բասսալէին, ով առիթ ընձեռեց հայրենիք վերադառնալու եւ այս Սուրբ Եկեղեցին օծելու:

     

    Շնորհակալութիւն եմ յայտնում բոլոր նրանց, ովքեր մասնակցեցին այս Եկեղեցու կառուցման աշխատանքներին՝ յատկապէս Տէր Գրիգորին եւ Տէր Յովսէփին, ովքեր իրենց ամբողջ ժամանակը տրամադրեցին Աստուծոյ այս տունը կառուցելու համար: Ամենից առաջ ցանկանում եմ ասել, թէ ինչու է այս Եկեղեցին անուանուել Սուրբ Յովսէփ. ինչպէս Սուրբ Յովսէփը պահեց եւ պահպանեց Քրիստոսին եւ Աստուածամօրը՝ նրանց առաջնորդելով ուր որ պէտք էր, այդպէս էլ թող առաջնորդի եւ պահապան լինի ձեզ, որպէսզի յաղթահարուեն ձեր բոլոր տրտմութիւնները, թախիծը եւ դժուարութիւնները, յատկապէս այս օրերին, երբ մենք այնքան զոհեր ենք տալիս՝ յանուն հայրենիքի սիրոյ: Այս Եկեղեցին իր աղօթքով, հաւատարմութեամբ եւ տոկունութեամբ կը դառնայ դէպի յաղթանակ տանող ճանապարհ: Հետեւաբար, իմ բաղձանքն ու մաղթանքն է, որ նոյն հաւատով, դաւանանքով եւ տոկունութեամբ մնաք Եկեղեցու մէջ եւ դառնաք Քրիստոսի Եկեղեցին եւ հաղորդութեամբ միանաք Յիսուս Քրիստոսի Սուրբ Մարմնին: Սա է ճշմարիտ իմաստը, որ ցանկանում եմ փոխանցել ձեզ, քանզի, ի վերջոյ, մենք այս Սուրբ Խորանի ծառաներն ենք, որ ձեզ հետ միասին կ’աղօթենք առ Աստուած, որպէսզի Նա մեզ հետ լինի, իսկ մենք՝ Նրա հետ: Մեր պարտականութիւնն է նաեւ, ամուր պահել մեր հաւատարմութիւնը եւ փոխյարաբերութիւնը Աստուծոյ հետ: Մեր մարդկային կեանքի մէջ լռութիւնը ժողովրդին կղերական դասից բաժանելու համար  չէ, քանի որ մենք առաջին կարգում կանգնած աղօթում ենք ձեզ համար, ուստի անիմաստ կլինի, եթէ դուք չաղօթէք, այլ միայն մենք, քանի որ մենք բոլորս մէկ ընտանիք ենք, եւ, ինչպէս ասացի՝ մէկ մարմին իր բոլոր անդամներով: Հետեւաբար, խնդրանքս է, որ ամենայն երկիւղածութեամբ կարողանանք մեր սրտերը, մեր միտքն ու  աղօթքները ամբողջութեամբ կենդրոնացնել դէպի Սուրբ Սեղան, որտեղ Յիսուս Քրիստոսը սրտաբաց ընդունում է մեր աղօթքն ու իղձերը: Եվ, այսօր, այս օծման առիթով, վստա՛հ եղէք, որ ձեզ շնորհաւորում է նաև Ինքը՝ մեր Տէր Յիսուս Քրիստոսը, ով մեզ հետ է այս Սուրբ Խորանի մօտ, ուստի, կրկին ու կրկին խնդրում եմ աղօթքով միանալ մեզ, այլ ոչ թէ երկխօսութեամբ»:

     

    Պատարագի աւարտին իր շնորհակալական խօսքով հանդէս եկաւ Ղազանչիի Հայ Կաթողիկէների ժողովրդապետ՝ Արժ. Տէր Յովսէփ Քհն. Գալստեանը.

     

    «Ամենապատիւ Հոգեւոր Տէր, Գերապատիւ սիրելի Առաքելական Կառավարիչ, սիրելի Սուրբ Հայրեր, Արժանապատիւ Տէր Հայրեր, Առաքինազարդ քոյրեր եւ հաւատացեալներ,

    Այսօր մեզ համար մեծ ուրախութիւն է: Ես խօսում եմ հոգեւոր համայնքի եւ Եկեղեցու անունից: Մեծ ցնծութիւն եւ բերկրանք է, որովհետեւ Եկեղեցու այս օծումը եւ օրհնութիւնը մեզ համար հոգեւոր զարթօնքի եւ վերելքի մի խորհրդանիշ է, որով համայնքը ապրում է: Իրօք, Ղազանչի համայնքն արժանի է քարաշէն Եկեղեցի ունենալու, որովհետեւ Եկեղեցին մղում է իր հոգեւոր «բարի պատերազմը», ինչպէս ասում է Սուրբ Պօղոսը, այն իր վերելքի եւ ընթացքի մեջ է:  Չնայած բազում դժուարութիւններին եւ այս կիսապատերազմական օրերի լարուածութեանը՝ մարդիկ շարունակում են աղօթել եւ ներկայ գտնուել Սուրբ Պատարագների, եւ, վստահ եմ, որ այսօր ամբողջ համայնքի համար մեծ ուրախութիւն է, քանի որ տեղի ունեցաւ Եկեղեցու օծումը եւ վերջապէս մենք ունեցանք Ղազանչիի Սուրբ Յովսէփ Հայ Կաթողիկէ Եկեղեցին:

     

    Մեր խորին երախտիքն ենք յայտնում Ամենապատիւ Հոգեւոր Տիրոջը՝ Եկեղեցու կառուցումը նախաձեռնելու եւ հովանաւորելու համար, բարեգործական Renovabis հովանաւոր եւ բարերար կազմակերպութեանը, Տէր Գրիգոր Աւագ Քհն. Մկրտչեանին, ով կազմակերպեց ամբողջ շինարարական աշխատանքները, ինչպէս նաեւ բոլոր շինարարներին, ովքեր իրականացրեցին կառուցապատման աշխատանքները եւ բոլոր նրանց, ովքեր սատար կանգնեցին մեզ: Շնորհակալութիւն եմ ուզում յայտնել նաեւ այն բարերարներին, ովքեր ուզում են իրենց ներդրումն ունենալ գեղեցիկ պատկերների տեսքով եւ վստահ եմ, որ այն կրելու է շարունակական բնոյթ»:

     

    Այնուհետեւ, ներկաներին համայնքի եւ իր անունից շնորհակալական եւ ողջոյնի խօսք ուղղեց Ղազանչի համայնքի վարչական ղեկավար Սերգեյ Եգանեանը.

    «Յարգելի՛ ներկաներ, ողջունում եմ բոլորիս այս խորհրդանշական օրուայ առթիւ: Մեր համայնքի անունից շնորհակալութիւն եմ յայտնում Ռաֆայէլ Պետրոս Կաթողիկոս Պատրիարքին՝ այսպիսի գեղեցիկ Եկեղեցի կառուցելու համար: Շնորհակալութիւն մեր բոլոր հոգեւորականներին այսօրուայ արարողութիւնը կատարելու համար:

     

    Սիրելի՛ ժողովուրդ, այսօր Ղազանչի համայնքի համար պատմական եւ խորհրդանշական օր է: Շնորհաւորում եմ բոլորիս եւ Աստծուն խնդրում, որ պահապան լինի մեր սահմանները հսկող բոլոր հայորդիներին: Թո՛ղ, որ այս Եկեղեցին իր օրհնութիւնը բաշխի բոլորիս՝ տալով առողջութիւն եւ միասնութիւն: Թո՛ղ որ այս աղօթատեղին դառնայ մեր բոլորի միասնութեան խորհրդանիշը»:

     

    Ղազանչի համայնքի Հայ Կաթողիկէ Երիտասարդաց Միութեան անդամներից Նաիրա Ղազարեանը եւ Անահիտ Թովմասեանը՝ Միութեան անունից երախտիքի խօսք փոխանցեց Եկեղեցու օծման եւ բացման առթիւ:

     

    Սուրբ եւ Անմահ Պատարագից յետոյ, Ն.Ս.Տ.Տ. Ռաֆայէլ Պետրոս ԻԱ. Կաթողիկոս Պատրիարքի գլխաւորութեամբ ծաղիկներ խոնարհուեցին եկեղեցու բակում կառուցուած խաչքար հուշարձանին՝ նուիրուած 44-օրեայ պատերազմում Ղազանչի գիւղի նուիրեալ զաւակ Մելիքսէթ Արոսեանի յիշատակին եւ հոգեհանգստեան կարգ կատարուեց 2020 թուականի Արցախեան պատերազմում նահատակուած բոլոր հայորդիների հոգիների հանգստութեան համար:

     

    Դիւան Հայաստանի Հայ Կաթողիկէ Առաջնորդութեան

     

    Ստորեւ կարող էք ծանօթանալ Ղազանչի համայնքի Հայ Կաթողիկէ գիւղի պատմութեանը եւ անցած հոգեւոր ճանապարհին.

     

    https://armenianchurchco.com/12597.html

     

     

Օրացույց

Օրացույց