• «Մի՛ վախեցիր, այլ զգոն եղիր»

    Երբեմն մենք զգում ենք, որ դարձել ենք անվստահության և անհանգստության գերին, վախենում ենք, որ չենք դիմակայի, չենք հասնի ճանաչման ու սիրո, չենք իրագործի մեր ծրագրերը, երբեք երջանիկ չենք լինի:


    Մեր կյանքը Աստծո ձեռքերում է, սակայն իմանալով, որ Տերը սիրով հոգ է տանում մեր մասին, մենք ծուլանալու իրավունք չունենք: Ընդհակառակը, մենք պետք է զգոն լինենք և միշտ պատրաստ գործելու, քանի որ սիրել նշանակում է նրբանկատ լինել ուրիշների հանդեպ, ասաց Ն. Ս. Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը՝ «Հրեշտակ Տեառն» աղոթքը կարդալուց առաջ:

     

    Այսօրվա ավետարանական ընթերցման մեջ, հիշեցրեց Նորին Սրբությունը, Հիսուս խնդրում է աշակերտներին չտրվել վախին և հորդորում է զգոն լինել։ Տիրոջ շուրթերից հնչում է երկու կոչ. «Մի՛ վախեցիր, փոքրիկ հոտ» (Ղկ. 12,32) և զգոն եղե՛ք. «Թող ձեր գոտիները մեջքներիդ պնդված լինեն, և ճրագներդ՝ վառված» (Ղկ. 12,35): Սրանք այն առանցքային խոսքերն են, որոնք անհրաժեշտ են վախերն ու պասիվ, քնկոտ կյանքի գայթակղությունը հաղթահարելու համար, պարզաբանեց Սրբազան Քահանայապետը և առաջարկեց դրանք մանրամասն քննարկել: Աշակերտներին կոչ անելով չվախենալ՝ Տերը հիշեցնում է Հոր սերն ու հոգատարությունը, Ով հոգ է տանում դաշտի շուշանների և երկնքի թռչունների մասին, սակայն ամենից շատ հոգում է Իր զավակների կարիքները: Ուստի անհանգստանալու պատճառ չկա, քանի որ Աստված ամուր պահում է մեր կյանքն Իր ձեռքերում: Այնուամենայնիվ, «երբեմն մենք զգում ենք, որ դարձել ենք անվստահության և անհանգստության գերին, վախենում ենք, որ չենք դիմակայի, չենք հասնի ճանաչման ու սիրո, չենք իրագործի մեր ծրագրերը, երբեք երջանիկ չենք լինի։ Այդ ժամանակ փորձում ենք լուծումներ գտնել, գտնել մի ոլորտ, որտեղ կկարողանանք դրսևորել ինքներս մեզ, նյութական հարստություն կուտակել, վստահություն ձեռք բերել։ Արդյունքում մենք այդպես էլ թաթախված ենք մնում այս հոգսերի ու տագնապների մեջ», – ասաց Նորին Սրբությունը:

     

    «Հիսուս քաջալերում է մեզ. մի՛ վախեցեք: Վստահեք Հորը, Ով ցանկանում է պարգևել այն ամենը, ինչի կարիքը մենք իրականում ունենք: Նա մեզ արդեն տվել է Իր Որդուն, Իր Թագավորությունը, և Նա միշտ կառաջնորդի Իր նախախնամությամբ՝ ամեն օր հոգ տանելով մեր մասին: Մի՛ վախեցեք. սա այն համոզմունքն է, որին պետք է ամրակցված լինեն մեր սրտերը»:

     

    Հիսուսի «զգոն եղե՛ք» երկրորդ խոսքի մեջ ամփոփված է «քրիստոնեական իմաստությունը», շարունակեց Սրբազան Քահանայապետը: «Հիսուսն այդ կոչը կրկնում է մի քանի անգամ, իսկ այսօր Նա դա անում է երեք կարճ առակների միջոցով, որտեղ պատմվում է մի տանտիրոջ մասին, ով հանկարծակի վերադառնում է հարսանիքից, այնուհետև չի ցանկանում, որ իրեն կողոպտեն ավազակները, ապա վերադառնում է երկար ճանապարհորդությունից: Այս երեք առակների իմաստը հետևյալն է. պետք միշտ զգոն լինել, արթուն մնալ, չծուլանալ, քանզի Տերը կարող է գալ նույնիսկ այն ժամանակ, երբ մենք Նրան չենք սպասում»։

     

    Մեր կյանքի ավարտին Տերը մեզանից հաշիվ կպահանջի մեզ վստահված բարիքների համար, հետևաբար զգոն լինել նշանակում է նաև պատասխանատու լինել, այսինքն՝ խնամքով պահպանել և տնօրինել այդ բարիքները, պարզաբանեց Նորին Սրբությունը՝ հիշեցնելով, որ Աստված մեզանից յուրաքանչյուրին առատաձեռնորեն շնորհել է շատ բարիքներ: Աստված մեզ շատ բան է տվել. կյանք, հավատ, ընտանիք, հարաբերություններ, աշխատանք, բնակարան, քաղաքներ, ամբողջ տիեզերքը: Սակայն արդյո՞ք մենք հոգ ենք տանում Աստծո տված այդ ժառանգության մասին: Արդյո՞ք գնահատում ենք այդ ամենի գեղեցկությունը, թե օգտագործում ենք միայն մեզ և մեր վայրկենական հարմարության համար: Արդյո՞ք կարող ենք պահպանել այն, ինչ մեզ տրված է:

     

    Խորհրդածության ավարտին Սրբազան Քահանայապետն ասաց.

     

    «Եղբայրներ և քույրեր, եկե՛ք քայլենք առանց վախի, վստահ լինելով, որ Տերը միշտ մեզ հետ է: Եկե՛ք արթուն մնանք, որպեսզի քնած չլինենք, երբ Տերը մեր կողքով անցնելիս կլինի: Սուրբ Օգոստինոսն ասում էր. «Վախենում եմ, որ Տերը կողքովս կանցնի, իսկ ես չեմ նկատի»։ Զգոն եղե՛ք: Թո՛ղ մեզ օգնի Սուրբ Կույս Մարիամը, Ով բաց չթողեց Տիրոջ այցելությունը և պատրաստակամորեն պատասխանեց Նրան՝ «ահա ես եմ»»։

     

    Վատիկան Նյուզ, ռուսական բաժին

    Թարգմանեց՝ Նաիրա Բաղդասարյանը

Օրացույց

Օրացույց


Recent Comments