Բաժիններ՝ Uncategorized
  • Աստծո Թագավորության դռները նեղ են, սակայն բաց են բոլորի համար

    «Արդյո՞ք մենք նախընտրում ենք հեշտ ճանապարհը՝ մտածելով միայն մեր մասին, թե՞ ընտրում ենք Ավետարանի նեղ դարպասները»:


     

    Աստծո Թագավորության դռները նեղ են, սակայն բաց են բոլորի համար

     

    Աստծո հավիտենական կյանքի ծրագրի մեջ մտնելու համար անհրաժեշտ է մի կողմ շպրտել հպարտության և ամբարտավանության թագը, սահմանափակել եսասիրությունը, հաղթահարել ծուլությունը և փորձել ներս մտնել մերձավորի հանդեպ սիրո «նեղ դարպասներով», նույնիսկ եթե դա կապված է խաչի հետ, ասաց Ն. Ս. Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը օգոստոսի 21-ին՝ «Հրեշտակ Տեառն» աղոթքը կարդալուց առաջ:

     

    Նորին Սրբությունը մեկնաբանեց մի հատված Ղուկասի Ավետարանից, երբ մի մարդ հարցնում է Հիսուսին. «Տե՛ր, սակավաթի՞վ են նրանք, որ փրկվելու են» և ստանում է հետևյալ պատասխանը. «Ջանացե՛ք մտնել նեղ դռնով» (Ղկ. 13,24): Նեղ դարպասները կարող են վախեցնել մեզ, տպավորություն ստեղծել, որ փրկությունը միայն ընտրյալների կամ կատարյալների համար է, ընդգծեց Սրբազան Քահանայապետը: Սակայն դա հակասում է Քրիստոսի ուսմունքին, քանզի հետո Նա ասում է. «Եվ կգան մարդիկ արևելքից և արևմուտքից, հյուսիսից և հարավից ու կբազմեն Աստծո արքայության մեջ» (Ղկ. 13,24): Այդ դարպասները նեղ են, սակայն բաց են բոլորի համար:

     

    Հիսուսն, հավանաբար, նեղ դարպասի պատկերը վերցնում է այն ժամանակվա առօրյայից, շարունակեց Նորին Սրբությունը. երեկոյան քաղաքի դարպասները փակվում էին, և միայն մեկը՝ ամենափոքրն ու ամենանեղն էր բաց մնում, և տուն հնարավոր էր վերադառնալ միայն նրանց միջով։ «Հիշենք Հիսուսի խոսքերը. «Ես եմ դուռը. եթե մեկը Իմ միջով մտնի, կփրկվի» (Հվհ. 10,9): Նա ցանկանում է մեզ ասել, որ Աստծո կյանք մտնելու, փրկվելու համար հարկավոր է անցնել Նրա միջով, ընդունել Նրան և Իր Խոսքը», – պարզաբանեց Սրբազան Քահանայապետը:

     

    «Քաղաք մտնելու համար մարդ պետք է իրեն «համեմատեր» միակ բաց, նեղ դռան հետ. նույնը վերաբերում է քրիստոնյայի կյանքին, որն  իրականացվում է «Քրիստոսի չափանիշներով»: Սա նշանակում է, որ չափանիշը Հիսուսն է և Նրա Ավետարանը. ոչ թե մեր ենթադրությունները, այլ այն, ինչ Նա Ինքն է ասում մեզ: Այսպիսով, այս դուռը նեղ է ոչ թե այն պատճառով, որ այն վերապահված է մի քանիսի համար, այլ որովհետև Հիսուսին պատկանել նշանակում է հետևել Նրան, կյանքը նվիրել սիրուն և ծառայությանը, ինչպես Նա արեց՝ անցնելով խաչի նեղ դռնով»:

     

    Նորին Սրբությունը կոչ արեց մտածել «սիրո ամենօրյա սխրագործությունների» մասին, որոնք պահանջում են ժամանակ և ջանք, ծնողների մասին, ովքեր իրենց նվիրվում են երեխաներին, նրանց մասին, ովքեր հոգում են ուրիշների կարիքները և չեն մտածում միայն իրենց շահերի մասին, ովքեր ծառայում են տարեցներին, աղքատ և սոցիալապես ամենախոցելի մարդկանց, նրանց մասին, ովքեր տառապում են իրենց հավատքի պատճառով, սակայն շարունակում են աղոթել և սիրել, նրանց մասին, ովքեր իրենց բնազդներին հետևելու փոխարեն չարին բարով են պատասխանում, ներելու ուժ և նորից սկսելու քաջություն են գտնում: Այս բոլոր մարդիկ ընտրում են ոչ թե իրենց հարմար լայն դուռը, այլ Հիսուսի նեղ դուռը՝ սիրով ապրած կյանքը։

     

    Խորհրդածության ավարտին՝ Սրբազան Քահանայապետն ասաց.

     

    «Եղբայրներ և քույրեր, ո՞ր կողմում ենք մենք ցանկանում լինել: Արդյո՞ք մենք նախընտրում ենք հեշտ ճանապարհը՝ մտածելով միայն մեր մասին, թե՞ ընտրում ենք Ավետարանի նեղ դարպասները, որոնք մարտահրավեր են նետում մեր եսասիրությանը, սակայն մեզ հնարավորություն են տալիս ընդունելու Աստծուց բխող ճշմարիտ կյանքը: Ու՞մ կողմից ենք մենք: Սուրբ Կույս Մարիամը, Ով հետևեց Հիսուսին մինչև խաչը, թո՛ղ օգնի մեզ մեր կյանքը համեմատել Նրա կյանքի հետ՝ լիակատար և հավիտենական կյանք մտնելու համար»:

     

     

Օրացույց

Օրացույց


Recent Comments