«Մեր ավագները կանչված են վաղվա աշխարհը եղբայրության և սոցիալական բարեկամության մեջ կառուցելու համար»
Ավագ սերունդը՝ մեր տատիկներն ու պապիկները կարևոր առաքելություն ունեն, որ կարող են անել միայն իրենք՝ երիտասարդներին փոխանցել հավատքը, իրենց հիշողությունները, պահպանել հոգևոր և բարոյական արմատները, երազել խաղաղության արդարության մասին և դրանք դարձնել ուղեցույց՝ երիտասարդների և ամբողջ հասարակության համար: Այսպես է սովորեցնում Ն. Ս. Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը իր հատուկ ուղերձում, որով այս տարի առաջին անգամ հուլիսի 25-ը հռչակեց որպես տարեցների տոնելի օր՝ Ընդհանրական Եկեղեցում, և կոչ արեց համայնքներում առավել հոգատար լինել տարեցների հանդեպ: Առաջնորդվելով Քահանայապետի կոչով և նորընտիր Կաթողիկոս Պատրիարք Ամեն. Տ. Ռաֆայել Պետրոս ԻԱ-ի հայրական հովանավորությամբ՝ այս տարի առաջին անգամ Հայաստանում Հայ Կաթողիկէ Եկեղեցու Առաջնորդարանը կազմակերպեց մեկօրյա հոգևոր կրթություն՝ տարեցների համար: Հոկտեմբերի 2-ին «Կարդինալ Աղաջանյան» կենտրոնում հավաքվեցին մոտ 150 տարեցներ՝ տարբեր կաթողիկէ համայնքներից, «Հայկական Կարիտասի» ցերեկային խնամքի կենտրոնից և Անարատ Հղության միաբանության հայ քույրերի տարեցների խնամքի կենտրոնից: Հոգևոր կրթությունը սկսվեց Սուրբ Պատարագով, որի ընթացքում կենտրոնի պատասխանատու Տ. Գրիգոր Ավագ Քահանա Մկրտչյանը ողջունեց տատիկներին և պապիկներին և ասաց հետևյալը.
«Սա առաջին անգամն է, որ մենք հիմա հավաքված մեր բոլոր համայնքներից, ինչպես որ երիտասարդական օրերն ենք արել, ձեզ հետ էլ պետք է շարունակենք աշխատել: Շատ ուրախ եմ, որ սա ձեզ համար մի հնարավորություն է, որ շփվեք այլ համայնքների հետ ևս, փոխանակեք ձեր փորձը և կստեղծվի մի գեղեցիկ հոգևոր բարեկամություն»:
Ծիսական օրը նվիրված էր Տիրոջ յոթանասուներկու աշակերտների հիշատակությանը: Տ. Գրիգորը խոսեց Ավետարանը քարոզելու համընդհանուր առաքելության մասին, որ յուրաքանչյուր քրիստոնյայինն է, նաև՝ տարեցներինը՝ անկախ տարիքից.
«Երբեմն թվում է, թե միայն քահանաներն ու վարդապետները, կամ մայրապետները պետք է քարոզեն Ավետարանը, բայց սա սխալ տեսություն է, մենք կարող ենք քարոզել, ուղղորդել, բայց ձեզանից յուրաքանչյուրը՝ որպես մի միսիոներ, պարտականություն ունեք տարածելու Աստծո Խոսքը»:
Այս մասին խոսել է նաև Քահանայապետն իր ուղերձում, որի բովանդակությունը ամփոփ ներկայացրեց Հ. Գառնիկ Ծ. Վրդ. Հովսեփյանը՝ Սուրբ Պատարագից հետո: Քահանայապետն իր ուղերձում հավաստիացնում է տարեցներին Եկեղեցու մերձավորության, սիրո և հոգատարության մեջ՝ նրանց հասցեագրելով Հիսուսի խոստումը համբարձվելիս. «Ես ձեզ հետ եմ բոլոր օրերում» (Մտթ. 28, 20).
«Սիրելի՛ տատիկներ և պապիկներ, ծերությունը հիվանդություն չէ, այլ՝ առանձնաշնորհյալ ժամանակ և տարեցը դերակատար է, ոչ թե անտեսվելու սահմանված մի անձ, այսօր դուք ապրում եք ծերության եղանակը, որ հիվանդություն չէ այլ մի առանձնաշնորհում՝ նմանվելու Հիսուս Քրիստոսին և խաչ կրելու ամեն օր»:
Հայր Գառնիկը, որպես քաջալերանք և հարգանքի արտահայտություն առաջարկեց ծափահարել բոլոր տարեցներին՝ ինչպես արել էր Ն. Ս. Ֆրանցիսկոսը հուլիսի 25-ին Հռոմի Սուրբ Պետրոսի հրապարակում: Ամբողջ դահլիճը ծափահարեց:
Մյուս հոգևորականներն առաջարկեցին խորհրդածել մի քանի հարցի շուրջ: Սրբազան Քահանայապետն իր նամակում ասում է՝ Աստված մեզ հետ է, իսկ մենք Աստծո հետ ե՞նք, հարցադրում արեց Հ. Եղիա Վրդ. Դերձակյանը.
«Աստված մեզ հետ է, ինչպե՞ս. Մկրտությամբ, որով որդեգրեց մեզ, մենք դարձանք Աստծո զավակներ, բայց մեր զավակներից և թոռներից քանիսը կան, որ զրկված են Աստծո հետ մտերմությունից, Աստված ինչպե՞ս մեզ հետ է. դրոշմով, որով մեզ տալիս է իր Սուրբ Հոգու շնորհները, բայց մենք չենք օգտվում, որովհետև մենք դրոշմված չենք»:
Ի՞նչ կարող են մեր տատիկներ ու պապիկներն իրենց առաջացած տարիքում անել հասարակության և Եկեղեցու համար, հարցրեցի ես.
«Դուք բոլորդ ունեք դժվարություններ հաղթահարելու մեծ փորձ, ցավը տանելու փորձառություն, ունեք դժվարությունները հնարավորություն դարձնելու փորձառություն, այսօր առավել քան երբևէ մեր հասարակությունը կարիք ունի այդպիսի ուսուցիչների՝ հանձինս ձեր, որպեսզի սովորեցնեն մեզ, թե ինչպես կարելի է ցավը հաղթահարել ու շարունակել ապրել: Այսօր երբ դուք մեզ հետ եք, համայնքներում ակտիվ եք, եկեղեցի եք գալիս, նշանակում է, որ, ինչպես Պողոս առաքյալն է ասում, «արդեն իսկ մի բարի ճակատամարտ եք հաղթել և պահել եք ավանդը, հավատքը» և հիմա ժամանակն է, որ դա կիսեք ուրիշների հետ»:
Տ. Նարեկ Քհն. Թադևոսյանը կոչ արեց հավատքը գործի վերածել, որպեսզի լսածը պտուղներ տա իրական կյանքում, այլապես կնմանվենք սերմնացանի առակի այն վայրերին, որտեղ սերմերը խեղդվում են փշերի մեջ.
«Երբ մենք վերադառնանք տուն, որքան էլ մենք այստեղ գեղեցիկ բանախոսենք, ուզենանք, որ ձեզ ավելի Քրիստոսին մոտեցնենք, եթե վերադառնաք տուն ու այս բոլորը մոռանաք, եղավ, որ ամեն ինչ անիմաստ է: Պետք է սովորեք ինքներդ ձեզ նեղություն տալ: Քրիստոս չէ՞ որ իր կյանքը տվեց մեզ համար: Հիմա մենք մեզ հարց տանք՝ միթե՞ այդ թափված արյանը չպետք է լինենք երախտապարտ»:
Տեր Նարեկը հույս հայտնեց, որ այսուհետ ամեն տարի կկազմակերպվի այսպիսի մի գեղեցիկ օր՝ տարեցների համար և կդառնա ավանդույթ: Տ. Միքայել Քհն. Դոմբուրյանը հրավիրեց խորհրդածել կյանքի նպատակի մասին, որ սահմանել է Աստված՝ մարդ արարծի համար.
«Մամիկնե՛ր, պապիկներդ, զավակներ եք մեծացրել, դժվարություններով, տառապանքով, արթուն եք մնացել մինչև առավոտ, հաց եք վաստակել և պատրաստել ձեր զավակների համար: Սա մեր մարմնավոր պարտականությունն է միայն, սակայն, յուրաքանչյուրս հարց տանք, թե որն է Աստծո նպատակը մեզ համար, դրա համա՞ր է միայն մեզ ստեղծել Տերը: Աստված մեզ ստեղծել է ավելի մեծ նպատակի համար՝ հավիտենական կյանքի համար»:
Հոգևոր կրթությանը ներկա էր նաև Հայկական Կարիտասի տարեցներին ուղղված ծրագրային ռազմավարության համակարգող, Ֆլորա Սարգսյանը, ով խոսեց՝ հույսի և պարտականության մասին՝ որպես առաջացած տարիքում գտնվող փորձառու մասնագետ և ընտանիքի մայր.
«Յուրաքանչյուր անձ՝ լինի տարեց, թե երիտասարդ, ունի անելիք և երբեք չպետք է ասի՝ վերջացրեցի: Համոզված եմ, որ յուրաքանչյուրդ ձեր տանը ունեք ձեր պարտականությունները, որոնք ուրիշներին չեք թողնի և պետք է սրբորեն կատարենք այդ պարտականությւոնը»:
Նա կոչ արեց միշտ աշխատել և սատար կանգնել երիտասարդներին և հասարակությանը:
Քույր Նարինեն Անարատ Հղության միաբան քույրերի անունից շնորհակալություն հայտնեց այս հանդիպման կազմակերպիչներին.
«Մի գեղեցիկ նվեր է սա համայնքի կողմից, մտածում էի՝ երևի մի օր էլ մեզ մոտ պետք է կազմակերպվի և ոչ միայն գեղեցիկ օր անցկացնենք, այլև աղոթենք, որովհետև ձեր աղոթքների կարիքը շատ ունի մեր հայրենիքը»:
Մասնակիցները հոգևորականների հետ միասին Վարդարան աղոթեցին՝ խաղաղության հայցելով հայրենիքի համար, և Հ. Գառնիկի առաջնորդությամբ աղոթեցին հատուկ մի աղոթք՝ Տարեցների առաջին համաշխարհային օրվա առթիվ, որը հայացրել է Հ. Գառնիկը:
Տարեցներն ապա իրենց սրտի խոսքերն ուղղեցին ներկաներին և հոգևոր հովիվներին:
Մեկօրյա հոգևոր կրթությունն ավարտվեց փոքրիկ համերգային ծրագրով, որ այնքա՜ն զվարթացրեց տատիկների ու պապիկների սրտերը՝ լի անսպառ լավատեսությամբ և հույսով՝ ի Տերն մեր Հիսուս Քրիստոս:
Աղոթք՝ Տարեցների առաջին համաշխարհային օրվա առթիվ
Հայացրեց՝ Գերհ. Հ. Գառնիկ Ծ. Վրդ. Հովսեփյան
ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՄ ՔԵԶ ՏԷՐ, Քո մխիթարիչ ներկայութեան համար, նոյնիսկ մենութեան մէջ, Դու՛ իմ յոյսն ես, իմ վստահութիւնը, Պատանեկութիւնիցս ի վեր, դու իմ ժայռն ու ամրոցը եղար։ Շնորհակալ եմ քեզ, որ ինձ ընտանիք պարգեւեցիր, Շնորհակալ եմ քեզ երկար կեանքի օրհնութեան համար։ Շնորհակալ եմ ուրախութեան եւ դժվարութեան պահերի համար, այն երազանքների համար, որոնք իրականացել են, եւ որոնք դեռ առջեւում են։ Շնորհակալ եմ նոր պտղաբերութեան ժամանակի համար՝ որով դու ինձ կանչեցիր, Աճեցրու՛, ով Տէ՛ր, իմ հաւատքը, եւ ինձ դարձրու՛ քո խաղաղութեան գործիք. Սովորեցրու՛ ողջունել նրանց, ովքեր տառապում են ինձանից ավելի, Սովորեցրու՛ ինձ երբեք չդադարել երազել եւ քո կատարած հրաշքների մասին պատմել նոր սերունդներին։ Պահպանի՛ր եւ առաջնորդի՛ր Ֆրանցիսկոս Պապին ու Եկեղեցուն, որպէսզի Աւետարանի լոյսը հասնի աշխարհի բոլոր ծայրերը։ Քու Սուրբ Հոգին ուղարկիր, ո՛վ Տէր՝ նորոգելու համար աշխարհը, որպէսզի դադարի համաճարակի փոթորիկը, Թո՛ղ,որ աղքատները մխիթարուին ու վերջ դրուի ամէն տեսակ պատերազմներին։ Ինձ թիկունք կանգնի՛ր տկարութեանս մէջ, Պարգեւիր շնորհքը լիութեամբ ապրելու ամէն մէկ ակնթարթ, որ ինձ ես պարգեւում, այն վստահութեամբ, որ Դու իմ հետ ես ամէն օր, մինչեւ աշխարհի վախճանը։ ԱՄԷՆ։
Տ. Հովսեփ Քհն. Գալստյան