• Հայ. փիւնիկի պէս մոխիրներից վեր յառնող ժողովուրդ

    «Այսքան չարիք թէ մոռանան մեր որդիք,
    Թո՛ղ այս աշխարհ հային կարդայ նախատինք».
    Աւետիս Ահարոնեան


    Շաբաթ, 24 ապրիլ, 2021 թուական. Սուրբ եւ անմահ պատարագ մատուցուեց Գիւմրու Սրբոց Նահատակաց Աթոռանիստ Եկեղեցւոյ մէջ՝ ձեռամբ Արժ. Տէր Գրիգոր Աւագ Քհնյ. Մկրտչեանի, առընթերակայութեամբ Արժ. Տէր Նարեկ Քհնյ. Թադեւոսեանի եւ Արժ. Տէր Միքայէլ Քհնյ. Դօմբուրեանի, ներկայութեամբ Գերյ. Հայր Գառնիկ Ծ. Վրդ. Յովսէփեանի: Սուրբ գրային ընթերցումներից յետոյ՝ Գերյ. Հայր Գառնիկ Ծ. Վրդ. Յովսէփեանը ներկաներին ուղղեց իր պատգամը՝ ի յիշատակութիւն Հայոց Ցեղասպանութեան նահատակների.

    «Սիրելի՛ քոյրեր եւ եղբայրներ ի Քրիստոս,

    Այսօր համայն հայութիւնը՝ աշխարհի չորս կողմերում, ոգեկոչում է Հայոց Ցեղասպանութեան 106-րդ ամեակը: Այսօր, ինչպէս եւ մէկ դար առաջ, շարունակում ենք պահանջատէր մնալ հայ դատին՝ սպասելով արդարութեան յաղթանակին:

    Հայաստան, Հայոց երկիր, Հայոց հող… Երկիր, որն ունի դարաւոր պատմութիւն, որի անունը յիշատակւում է այնպիսի հինաւուրց քաղաքակրթութիւնների կողքին, որոնցից շատերն այլեւս գոյութիւն չ’ունեն: Կանգուն է սակայն Հայաստանը եւ անկոտրում հայի ոգին:

    1915-1923 թուականներին զանգուածային տեղահանութեան ենթարկուեց եւ բնաջնջուեց Արեւմտեան Հայաստանի հայ բնակչութիւնը։ Հայոց Ցեղասպանութեան զոհերի յիշատակութեան օր է համարւում 1915 թուականի ապրիլ 24-ը: Մէկ եւ կէս միլիոն մարդ զոհուեց միայն այն պատճառով, որ հայ էր եւ քրիստոնեայ, հարիւրաւոր երեխաներ լոյս աշխարհ չեկան, սպաննուեց մի ողջ ժողովուրդ՝ անցնելով «Ցեղասպանութեան Գողգոթայի ճանապարհով»: Հայ ազգի պատմութեան մէջ արիւնով ներկուած այս տարիները իրենց անջնջելի հետքը թողեցին իւրաքանչիւր հայի սրտում: Պատմութեան այս էջերն անտեսանելի թելերով կապուած են ամէն մէկ հայի ճակատագրի հետ եւ յաւերժ կը մնան մեր ազգային գիտակցութեան մէջ:

     

    Եղեռնը վերապրածների եւ նրանց ժառանգների հոգու ցաւը չի ամոքւում, քանզի կայ սպեղանի մարմնական ցաւերի դէմ, բայց անդարմանելի են հոգու վէրքերը: 1915 թուականը յաւէտ կը մնայ մեր յիշողութիւններում եւ իւրաքանչիւր հայ պարտաւոր է բարձրաձայն կրկնել՝ «Յիշում եմ եւ պահանջում», իսկ վրէժխնդրութիւնը հայի սրտում կը մնայ այնքան ժամանակ, քանի դեռ Թուրքիան չի հատուցել իր գործած ոճիրների համար:

    Հայ ժողովուրդը դարեր շարունակ ունեցել է մեծ կորուստներ եւ նրա պատմութիւնը մի մեծ մատեան է ողբերգութեան: Մինչ օրս էլ հայը ապրում է պատերազմական գօտում: Նոյնիսկ 21-րդ դարում՝ շարունակում ենք տեսնել ապրիլեան քառօրեայ, սեպտեմբերեան 44-օրեայ պատերազմներ: Թէեւ տարածքային կորուստներին, այնուամենայնիւ, յաղթանակած ազգ ենք, քանի որ յաղթական է հայ զինուորի ոգին եւ ամուր՝ բազկի ոյժը:

     

    Ուզում են յաղթել մի ազգի, ում մայրերը երեխայ են ծնում կռուի պահին եւ Մոնթէ կոչում, ազգ, որի հերոս որդիների արեամբ է ներկուած հայոց հողի ամէն մէկ թիզ: Ուզում են յաղթել մի ազգի, որի ժողովուրդը՝ մեծ թէ փոքր, ծեր թէ երիտասարդ, ջանք ու եռանդ չեն խնայում ինչ-որ բանով օգտակար լինելու սահմանին կանգնած զինուորին։ Դառն է մեր ժողովրդի պատմութիւնը, սակայն, պէտք է ամուր կանգնենք մեր հողի վրայ, երբեք չհանձնուենք եւ չթուլանանք: Գոյատեւելու համար պէտք է շարունակենք պահանջատէր լինել եւ սերունդներին փոխանցել ո՛չ միայն յիշողութիւնը, այլեւ՝ ամուր կամք եւ վճռականութիւն հասնելու հայ դատի արդարութեանը:

    Կանք, կը լինենք ու դեռ կը շատանանք…»

     

    «Հայաստան ասելիս»

    Հայաստան ասելիս այտերս այրւում են,
    Հայաստան ասելիս ծնկներս ծալւում են,
    Չգիտեմ` ինչո՞ւ է այսպէս:

    Հայաստան ասելիս շրթունքս ճաքում է,
    Հայաստան ասելիս հասակս ծաղկում է,
    Չգիտեմ` ինչո՞ւ է այսպէս:

    Հայաստան ասելիս աչքերս լցւում են,
    Հայաստան ասելիս թեւերս բացւում են,
    Չգիտեմ` ինչո՞ւ է այդպէս:

    Հայաստան ասելիս աշխարհն իմ տունն է,
    Հայաստան ասելիս էլ մահն ո՞ւմ շունն է.
    Կը լինե՛մ, կը մնա՛մ այսպէս:

     

    Համո Սահեան

     

    Սուրբ պատարագի աւարտին՝ յարգանքի տուրքի երթ կազմակերպուեց դէպի Հայոց Ցեղասպանութեան նահատակների յուշակոթող, որտեղ եւ աղօթք բարձրացուեց առ Աստուած՝ հայցելով մեր նահատակների բարեխօսութիւնը:

     

    Հայոց Ցեղասպանութեան զոհերի յիշատակը ոգեկոչող պատարագներ մատուցուեցին Հայաստանի Հայ Կաթողիկէ բոլոր եկեղեցիներում:

     

    Գերյ. Հայր Գառնիկ Ծ. Վրդ. Յովսէփեան

    Փանիկի Սուրբ Աստուածածին Հայ Կաթողիկէ Եկեղեցւոյ Ժողովրդապետ,

    Հայաստանի Հայ Կաթողիկէ Երիտասարդաց միութեան նախագահ

     

Օրացույց

Օրացույց