Բաժիններ՝ Uncategorized
  • «Աստված մեզ հետ է ամեն մի վերքի մեջ»

    «Աստված բացահայտեց Իրեն և թագավորում է միայն անպաշտպան ու զինաթափող սիրո զորությամբ»


    Ծաղկազարդի կիրակիի Պատարագը «մեզ հիացնում է. մենք Երուսաղեմ մտնող Հիսուսին ողջունելու ուրախությունից անցնում ենք տխրության, երբ տեսնում ենք, որ Նա դատապարտված է մահվան ու խաչված», – ընդգծեց Ն. Ս. Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը մարտի 28-ի Սուրբ Պատարագի ժամանակ Վատիկանի բազիլիկայում:

     

    Ժողովուրդն ակնկալում էր հաղթանակ հռոմեացիների նկատմամբ զենքի միջոցով, սակայն Քրիստոսը գալիս է, որպեսզի տոնի Աստծո հաղթանակը Խաչի օգնությամբ: Ի՞նչ պատահեց մարդկանց հետ, ովքեր դեռ մի քանի օր առաջ աղաղակում էին ու ասում Քրիստոսին «Ովսաննա՜», իսկ հիմա գոչում են «Խա՛չը հանիր Նրան», – խորհեց Նորին Սրբությունը: Նրանք հետևում էին Փրկչի կերպարին, այլ՝ ոչ թե հենց Փրկչին: Նրանք, ինչպես և հիմա, աշխարհիկ ձևով զարմանում էին Քրիստոսի վրա, սակայն պատրաստ չէին հիանալ:

     

    Տիրոջ և Նրա Զատկի մեջ զարմացնում է այն, որ Նա փառքի է հասնում նվաստացման ճանապարհով, Նա հաղթում է՝ ընդունելով փշե պսակը, ցավն ու մահը, ընդգծեց Սրբազան Քահանայապետը: Տերը դա արեց մեզ համար՝ շոշափելով մարդկային իրականության խորքերը. բոլորի կողմից մերժված, Նա բարձրանում է Խաչը, որպեսզի իջնի մեր տառապանքների մեջ: Նրա սերը մոտենում է մեր ամոթալի թուլություններին: Գողգոթայի շնորհիվ մենք այլևս միայնակ չենք, ընդգծեց Նորին Սրբությունը.

     

    «Աստված մեզ հետ է ամեն մի վերքի, ամեն մի վախի մեջ. ո՛չ չարը, ո՛չ էլ մեղքը չունեն վերջին խոսքը: Աստված հաղթում է, սակայն հաղթանակի արմավենին միանում է Խաչի ծառին»:

     

    Սրբազան Քահանայապետը կոչ արեց հավատացյալներին աղոթել հանուն հիացման շնորհի, քանզի այն անհրաժեշտ է Հիսուսի հետ հանդիպման ամենօրյա ուրախ վկայության համար: Հիացմունքից զուրկ հավատքը այլևս չի զգում հրաշքի շնորհը, կյանքի Հացի և Խոսքերի համը, եղբայրների ու քույրերի գեղեցկությունը և արարչագործության պարգևը:

     

    Ավագ Շաբաթվա ընթացքում մենք կնայենք Խաչին, կոչ արեց Նորին Սրբությունը, որպեսզի Տերն Իր սիրով խորապես դիպչի մեր սրտերին, նորից խանդավառի մեր հավատքն ու բացի մեր սրտերը Սուրբ Հոգու պարգևների համար: Խաչված Տիրոջ մեջ մենք տեսնում ենք նվաստացած ու մերժված Աստծուն և ապշած հասկանում ենք, որ ընդունելով մերժվածներին ու նվաստացածներին, մենք սիրով ենք պատասխանում Հիսուսին. «Նա այստեղ է վերջինների մեջ, մերժվածների մեջ»:

     

    Հիացմունքի գեղեցիկ սրբապատկեր է հանդիսանում այսօրվա ավետարանական տեսարանը, որտեղ զարմացած հարյուրապետը բացականչում է. «Իրոք այս մարդը Աստծո Որդին էր» (Մկ. 15,39): Հռոմեացի սպան տեսավ, որ Հիսուս մահանալով ևս չդադարեց սիրելուց. «Աստված բացահայտեց Իրեն և թագավորում է միայն անպաշտպան ու զինաթափող սիրո զորությամբ»:

     

    Այսօր ևս Աստված զարմացնում է մեր բանականությունն ու սրտերը, քարոզի ավարտին ընդգծեց Սրբազան Քահանայապետը.

    «Թող այդ հիացմունքը համակի մեզ, որպեսզի նայենք Խաչին ու ասենք. ‘Դու իսկապես Աստծո Որդին ես: Դու իմ Աստվածն ես’»:

     

    Վատիկան Նյուզ, ռուսական բաժին

    Թարգմ.՝ Նաիրա Բաղդասարյան

Օրացույց

Օրացույց