• Եկեղեցին ի սկզբանե և միշտ հավատացել է Տիրամոր առանձնահատուկ սրբությանն ու դերին

    Եթե մենք գտնվում ենք Նրա թիկնոցի տակ, ապա մեզ ոչ մի վտանգ չի սպառնում


    II դարում արդեն իսկ հայտնվում են գրություններ հետևյալ խոսքերով. «Ողջոյն քեզ, Մարիամ, լի շնորհօք», որը հունարեն լեզվով էր: III դարում հայտնվում են աղոթքներ՝ ուղղված Աստվածածնին, օրինակ. «Քո ողորմության ներքո»:

     

    Տիրամոր առանձնահատուկ սրբության ու դերի մասին գաղափարը անընդհատ զարգանում և հասունանում էր: Եկեղեցին հասկանում էր, որ Աստվածածինը չէր կարող առնչություն ունենալ մեղքի հետ, քանզի նա ընտրվել էր Մարմնավորված Աստծո մաքուր տաճարը դառնալու համար:

     

    Վերջապես, 1854թ. դեկտեմբերի 8-ին Պիոս IX պապը հռչակեց հավատքի ճշմարտությունը՝ առ այն, որ Սուրբ Աստվածածինը դեռ Սբ. Աննայի արգանդում զերծ է եղել սկզբնական մեղքից, որն ամբողջ մարդկությունը ժառանգել է Ադամից ու Եվայից:

     

    Մարիամը նոր Եվան է, անմեղ աղավնի է, ով մարդկությանը բերում է քավության և վերածննդի բարի լուրը՝ Քրիստոսով: Այն լուրը, որ մեղքը վերջին խոսքը չէ և որ Նրանով մեզանից յուրաքանչյուրը հաղթել է մեղքը:

     

    Աստծո շնորհը ուժեղ է ամեն մեղքից: Մարիամը մեր Բարեխոսն ու Մայրն է: Շարունակելով Սբ. Պողոս առաքյալի միտքը, ով ասում էր. «Որովհետև, ինչպես մեկ մարդու անհնազանդությամբ շատ մեղավորներ եղան, նույնպես և մեկի հնազանդությամբ շատ արդար պիտի լինեն: Բայց օրենքը մեջտեղ ընկավ, որպեսզի հանցանքները բազմանան, որովհետև, ուր որ մեղքը շատացավ, շնորհն առավել ևս շատացավ» (Հռմ. 5, 19-20), ինչպես Եվայի միջոցով մենք դարձանք մեղքի և նախատինքի կրողներ, այնպես էլ Մարիամի միջոցով դարձանք շնորհի և ողորմության կրողներ՝ Աստծո ողորմությամբ:

     

    Պողոսը խոսում է Ադամի և Քրիստոսի մասին, բայց դա արդար է, per analogiam, նաև Սուրբ Կույս Մարիամի հանդեպ: Ի՞նչ է դա նշանակում մեզ համար: Այն, որ նա, ով ընդունում, երկրպագում, ընդօրինակում և գնում է դեպի Տիրամայրը, ծածկվում է Նրա շնորհի թիկնոցով:

     

    Նա ինքն է պայքարում մեզ համար, Նա մեր գոյության ու կոչման, մեր մարդկության գեղեցկության սրբապատկերն է, Նա նաև մեր հույսն է՝ լի շնորհներ ձեռք բերելու և Քրիստոսով փրկվելու համար:

     

    Մարիամը մեր հոգևոր հաղթանակի գրավականն է՝ այն պայքարում, որ մենք մղում ենք՝ շնորհի և մեզանում Աստծո ներկայության համար:

     

    Հունարեն բառը, որը դարձել է Մարիամի տիտղոսը. «Կեխարիտոմենե»՝ լի շնորհօք, ինչպես Նրան կոչում է Գաբրիել Հրեշտակապետը, մեզ համար ևս դարձել է կոչ, որ Մարիամի հետ միասին, ում խոնարհությունը Աստծո կամքի առջև, վստահությունը Նրա խոսքին և հավատարմությունը կործանեցին սատանային, ուրեմն՝ մենք էլ կհաղթենք չարին մեր մեջ և մեր շրջապատում:

     

    Այդ պատճառով շատ կարևոր է սիրել Մարիամին, ապավինել Նրան կյանքի բոլոր դժվարին և անհույս իրավիճակներում, անվերապահորեն հավատալ, որ Նա կպաշտպանի ու կփրկի մեզ: Չտրվել մեղքին, ամեն անգամ վայր ընկնելուց հետո բարձրանալ և շարունակել ընթացքը: Մաքրվել Ապաշխարության խորհրդի միջոցով և ամրապնդվել Կյանքի Հացով՝ Սուրբ Հաղորդությամբ: Հետևել Մարիամին և սովորել Նրանից՝ ինչպես հավատալ և սիրել:

     

    Եթե մենք գտնվում ենք Նրա թիկնոցի տակ, ապա մեզ ոչ մի վտանգ չի սպառնում, եթե մենք գնում ենք հավատքի ուղիով Նրա ձեռքը բռնած, ապա ճանապարհից չենք շեղվի և Նա անպայման մեզ կտանի Իր Որդու Թագավորություն:

     

    Հ. Պետրոս Ծ. Վրդ. Եսայան

    Թարգմ.՝ Նաիրա Բաղդասարյան

Օրացույց

Օրացույց