• Երանելի Կարլո Ակուտիսը՝ Սուրբ Հաղորդության առաքյալը թվային աշխարհում

    Նա ստեղծել է Եկեղեցու կողմից ճանաչված Սուրբ Հաղորդության հրաշքներին նվիրված մի վիրտուալ հարթակ


    Հոկտեմերի 10-ին Ասսիզիում երանելիների շարքին դասվեց իտալացի 15-ամյա պատանի Կարլո Ակուտիսը, ով մահացավ 2006թ.՝ 15 տարեկանում

     

    Երանացման արարողությունը տեղի ունեցավ Սուրբ Ֆրանցիսկոս Ասսիզեցու սրբավայրում, որտեղ Կարլո Ակուտիսի աճյունը հանգչում է 2019թ. ապրիլից: Այս իրադարձության կապակցությամբ «Հաղորդակցության արհեստանոցը»՝ համագործակցելով VatiVision հարթակի հետ, թողարկեց չորս մասից բաղկացած մի ֆիլմ՝ այս երիտասարդ երանելու մասին: Ֆիլմի համար հիմք են հանդիսանում Կարլո Ակուտիսի ընտանիքի լսողական և տեսաձայնագրությունները, ինչպես նաև վկայությունները, այդ թվում նաև՝ երանացման գործընթացի փաստարկող Նիկոլա Գորիի և Միլանի Սանթա-Մարիա-Սեգրետա ծխի մոնսենյոր Ջանֆրանկո Պոմիի վկայությունները:

     

    Ֆիլմի առաջին մասում պատմվում է այն մասին, թե ինչպես տղայի սիրտը սիրով լցվեց Սուրբ Հաղորդության նկատմամբ՝ դեռ շատ վաղ տարիքից: Նա ուներ երեխային բնորոշ սովորական կյանք. հաճախում էր դպրոց, խաղում էր, նա, կարծես, բնավ սրբակյացի նման չէր, և միևնույն ժամանակ նրան, հատկապես, գրավում էր Հիսուսը՝ Սուրբ Հաղորդության մեջ: Առաջին Հաղորդությունը Կարլոն ստացել է յոթ տարեկան հասակում, որը բացառիկ մի բան է Իտալայի համար, – դրա համար հատուկ թույլտվություն են ստացել եկեղեցական իշխանություններից: Այդ պահից սկսած ամենօրյա հաղորդությունը դառնում է տղայի առօրյա կյանքի բաղկացուցիչ մասը: Կարլոն հոգևոր հաղորդություն էր ստանում, երբ դասերը թույլ չէին տալիս գնալ Պատարագի:

     

    Մի հոգևոր սովորություն էլ ուներ Կարլո Ակուտիսը՝ դա Սուրբ Վարդարանն էր: Իր մայրիկին տղան ասում էր, որ Աստվածամայրը միակ կինն է իր կյանքում: Նրան են պատկանում նաև այս խոսքերը. «Վարդարանը ամենակարճ սանդուղքն է դեպի երկինք»:

     

    Արդեն 14 տարեկանում Կարլոն որոշում է դառնալ քրիստոնեական վարդապետության ուսուցիչ Միլանի Սանթա-Մարիա-Սեգրետա համայնքում և մկրտված տղաներին պատրաստում էր դրոշմի խորհրդին:

     

    Երանելի Ակուտիսի հոգևորության գլխավոր կողմը կարելի է համարել նրա անսասան հավատքը Հիսուսի ներկայության նկատմամբ՝ Սուրբ Հաղորդության նշխարում: Այդ հավատքը մղեց նրան համացանցի միջոցով տարածել «շնորհի աղբյուրը, որը դադարել էին օգտագործել», ինչպես ասում էր ինքը՝ Կարլո Ակուտիսը: Պատանին Սուրբ Հաղորդության հանդեպ իր տածած սերը փոխանցել է ինֆորմատիկայի ոլորտում ունեցած իր ունակությունների միջոցով, և նրան կարելի է անվանել Եկեղեցու կողմից փառաբանված «թվային սերնդի» առաջին սուրբը: Նա ստեղծել է Եկեղեցու կողմից ճանաչված Սուրբ Հաղորդության հրաշքներին նվիրված մի վիրտուալ հարթակ: Կարլոն Սուրբ Հաղորդության վկան և առաքյալն էր, քանի որ այդ սերը վերածվում էր կոնկրետ գործողությունների իր շրջանում  ապրող կարիքավորների, աղքատների և անօթևանների համար: Պատանին նրանց ուտելիք էր տանում և տալիս էր իր գրպանի փողը:

     

    «Սուրբ Հաղորդությունն իմ մայրուղին է՝ դեպի Երկինք», – ասում էր Կարլո Ակուտիսը: Ֆիլմում հնչում են թևավոր դարձած նրա արտահայտությունները, օրինակ. «Բոլորը ծնվում են որպես բնօրինակներ, սակայն շատերը մահանում են որպես պատճեններ»:

     

    Նորահռչակ երանելիի կյանքում կարևոր դեր է խաղացել նաև Խոստովանության կամ Հաշտության Խորհուրդը: «Ինչու՞ են մարդիկ այդպես հոգ տանում իրենց մարմնի գեղեցկության մասին, սակայն հոգու գեղեցկությունը նրանց չի անհանգստացնում»: «Միակ բանը, ինչից պետք է վախենալ դա մեղքն է», – ասում էր պատանին:

     

    Նույնիսկ լեյկոզից իր վաղաժամ մահը, որը տեղի ունեցավ 2006թ. հոկտեմբերի 12-ին Մոնցայում, Կարլոն Աստծո պարգև էր համարում և իր տառապանքները նվիրում, զոհաբերում էր Հռոմի Սրբազան Քահանայապետին ու Եկեղեցուն:

     

    Փառաբանված երանելին զորեղ ուղերձ է թողել իր հասակակիցներին այն մասին, որ բարոյականության սկզբունքներում չի կարող լինել կիսամիջոցներ և փոխզիջումներ: Պետք է ուշադիր լինել և թույլ չտալ, որ առևտրական, հասարակական և քաղաքական շահերը ձեզ ղեկավարեն՝ որպես խամաճիկների: Բոլոր նրանց համար, ովքեր հիասթափված են կյանքից, լի են վախերով, ովքեր տառապում են, միայնակ են ու լքված բոլորի կողմից, Կարլո Ակուտիսը մատնացույց է անում Սուրբ Հաղորդությունը՝ առաջարկելով իրենց կյանքից ներս ընդունել Հիսուս Քրիստոսին և Նրա Ավետարանը:

     

    Կարլոյին կարելի է անվանել առաքյալ՝ իր ապրած կյանքի բոլոր ոլորտներում՝ ընտանիքում, դպրոցում, սպորտում, ճանապարհորդության և խաղերի մեջ: Երանելի Կարլո Ակուտիսը խաղողի որթի առակի ճշմարտացիության իսկական վկան է. նա միշտ փորձել է սնվել Տեր Հիսուսի կենարար հյութով, որպեսզի առատորեն պտղաբերի:

     

    Երանելի Կարլո Ակուտիսի մասին այլ հոդված և նաև ֆիլմերը տե՛ս՝ այստեղ:

     

    Վատիկան Նյուզ, ռուսական բաժին

    Թարգմ.՝ Նաիրա Բաղդասարյանը

    Սրբ.՝ Տ. Հովսեփ Գալստյան

Օրացույց

Օրացույց