• Համացանցի հովանավոր հանճարեղ ապագա սուրբը՝ Կարլո Ակուտիսը

    «Սուրբ Հաղորդությունն իմ մայրուղին է՝ դեպի Երկինք». Կարլո Ակուտիս


    Մեկ ամիս առաջ Ն. Ս. Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը հանձնարարեց Սուրբ Աթոռի Սրբադասման  վարչությանը հրապարակել որոշում՝ 15-ամյա պատանի Կարլո Ակուտիսի երանացման համար (1991-2006): Իր հետսինոդական Christus vivit ուղերձում Սրբազան Քահանայապետն այս պատանուն ներկայացնում է որպես օրինակ երիտասարդության համար՝ նոր տեխնոլոգիաների նկատմամբ նրա ցուցաբերած ողջամիտ վերաբերմունքի համար:

     

    Ո՞վ էր Կարլոն: Այդ մասին պատմում է Նիկոլա Գորին, ով հանդիսանում է Ակուտիսի երանացման գործընթացի փաստարկողը և հեղինակը նրա կենսագրության, որ կոչվում է «Համակարգչային հանճարն երկնքում» և որը տպագրվել է Վատիկանի LEV հրատարակչության կողմից:

     

    «Կարլոն շատ անկեղծ էր բոլորի նկատմամբ, հատկապես, ամենակարիքավորների, ուշադրություն չէր դարձնում նրանց էթնիկ ծագմանն ու դավանանքին», – ընդգծում է երանացման գործընթացի փաստարկողը: Կարլո Ակուտիսը ծնվել է 1991թ. Լոնդոնում և ապրել է Միլանում: 2006թ. նա մահացել է սուր լեյկոզից Լոմբարդիայի Մոնցա քաղաքում և Աստծո ծառա է հռչակվել 2018թ. ամռանը: 2019թ. ապրիլի 5-ին նրա աճյունը հանդիսավոր ձևով տեղափոխվեց Ասսիզիի Սանթա-Մարիա-Մաջորե սրբավայր՝ տեղի արքեպիսկոպոս մոնսենյոր Դոմենիկո Սորենտինոյի խնդրանքով: Սուրբ Պատարագը գլխավորեց Իտալիայի Եպիսկոպոսական խորհրդաժողովի նախագահ կարդինալ Գուալտյերո Բասետտին, արարողությանը ներկա էին բազմաթիվ հավատացյալներ ու քահանաներ: Ներկայումս ապագա երանելիի աճյունը հանգչում է սպիտակ սարկոֆագի մեջ՝ շրջապատված լույսով, որը կարծես սավառնում է հին սրբավայրի կողային պատի մոտ:

     

    Կարլոյին միշտ բնութագրել են որպես լիովին սովորական մի տղայի՝ ճիշտ այնպիսի սովորություններով, որոնք ունեին իր հասակակիցները. նա սիրում էր սովորել, ֆուտբոլ խաղալ և շփվել ուրիշների հետ: «Սակայն,–ընդգծում է Նիկոլա Գորին,–նա իր համար մի հիանալի ընկեր էր գտել՝ Հիսուսին: Նա ցանկանում էր այդ թանկարժեք Գանձով կիսվել բոլորի հետ, դրա համար էլ դարձավ առաքյալ: Ինչպե՞ս: Շնորհիվ ինֆորմատիկայի, ինչն ամենից շատ էր սիրում»:   Պատանին ստեղծել էր Սուրբ Հաղորդության հրաշքներին նվիրված մի վիրտուալ հարթակ, որպեսզի բոլորին պատմեր Հիսուսի հետ իրական հանդիպման ուրախության մասին:

     

    Նիկոլա Գորին որոշ հատվածներ է մեջբերում իր «Համակարգչային հանճարն երկնքում» գրքից, ինչպես նաև ապագա սրբի մասին «Իմ մայրուղին՝ դեպի Երկինք» վավերագրական ֆիլմից, որը թողարկել է «Հաղորդակցման արհեստանոց» (Officina della Comunicazione) բերգամական մեդիաընկերությունը՝ Vatican Media-յի հետ համատեղ: Երանացման գործընթացի փաստարկողի խոսքերի համաձայն՝ Կարլոն «հանճար է եղել, քանի որ նույնիսկ առանց հատուկ կրթության, նա կարողանում էր ստեղծել համակարգչային ծրագրեր՝ ավելի լավ, քան դա անում էին մասնագետները, ինչպես նաև օգտագործել ԶԼՄ-ները՝ մարդու ավետարանացման ու առաջընթացի համար»:

     

    Նրա հոգևոր հիմնասյուններն էին հանդիսանում Սուրբ Կույս Մարիամը և Սուրբ Հաղորդությունը, որոնց հետ նա ամեն օր հանդիպում էր եկեղեցու խորանի մոտ, ինչպես նաև՝ աղքատներին օգնությունը, որոնց նա անդադար փնտրում էր: Տանը նա խնդրում էր ուտելիքի մնացորդները դնել փակ ամանների մեջ, որպեսզի փոխանցեր տեղի աղքատներին: «Երեկոյան, -պատմում է Նիկոլա Գորին, – նա իր ծնողների հետ միասին քայլում էր Միլանի փողոցներով և վերմակներ ու տաք ուտեստներ էր բաժանում անօթևաններին»: Տղան ճիշտ բնորոշում էր տալիս փողին և բարկանում էր, երբ ցանկանում էին նրան գնել երկրորդ զույգ կոշիկը: Բացի այդ, հավելում է երանացման գործընթացի փաստարկողը, «նա ամեն շաբաթ հավաքում էր գրպանի փողերը, որը նրան տալիս էր իր ընտանիքը և բաժանում էր կարիքավորներին՝ Միլանի Սբ. Ֆրանցիսկ Ասսիզեցու անվան բարեգործական կենտրոնում»:

     

    Երբ Կարլոն առավոտները հեծանիվով վարժարան էր գնում, ընդգծում է Գորին, «նա կանգ էր առնում, որպեսզի խոսեր դպրոցի մոտ գտնվող տների դռնապանների հետ, հատկապես փախստականների, ովքեր այլ կրոններ էին դավանում»: Երանացման գործընթացում ներառված է նաև մավրիտանացի աշխատողի մկրտության պատմությունը, որ ծառայում էր Ակուտիսների տանը: «Այս մարդը վկայում է, որ նա քրիստոնյա հավատացյալ է դարձել՝ Կարլոյի շնորհիվ, ընդ որում այս տղայի վկայությունն ու սկզբունքային հետևողականությունն ավելի մեծ դեր են խաղացել, քան նրա խոսքը», – ընդգծում է երանացման գործընթացի փաստարկողը:

     

    Հոսպիտալացումից անմիջապես հետո Կարլոն իր ծնողներին ասաց. «Ես իմ ​​բոլոր տառապանքները, որոնք ստիպված կլինեմ կրել, նվիրում եմ Տիրոջը՝ հանուն Հռոմի Սրբազան Քահանայապետի ու Եկեղեցու կարիքների, որպեսզի ազատվեմ  քավարանից և ուղիղ Երկինք հասնեմ»:

     

    Նա միշտ փորձում էր ցույց չտալ իր ցավը. «Կան մարդիկ, ովքեր ինձանից շատ են տառապում, – պատասխանում էր նա բուժքույրերին, ովքեր հարցնում էին նրա վիճակի մասին: Եվ ավելացնում էր. «Մայրիկին չասեք: Նա հոգնել է և միայն անհանգստանալու է»:

     

    Վատիկան Նյուզի ռուսերեն բաժնից թարգմանեց՝ Նաիրա Բաղդասարյանը

     

     

     

Օրացույց

Օրացույց