Թագուհի փոխեալ յերկինս,
Աղօթեա՛ վասն մեր
Տիրամոր վերափոխման մասին Կաթողիկէ Եկեղեցու քրիստոնեականում կարդում ենք.
«Անարատ Կույսը, ազատ լինելով նախնական մեղքի բոլոր արատներից, երբ իր երկրային կյանքի ընթացքն ավարտեց, մարմնով եւ հոգով փոխադրվեց երկնային փառքի մեջ եւ բարձրացվեց Տիրոջ կողմից՝ որպես Թագուհի ամենայնի, որպեսզի առավել լրիվությամբ պատշաճի իր Որդուն…՝ մեղքի եւ մահվան Հաղթողին», 966:
Այս ձեւակերպումը վերցված է «Ամենաառատաձեռն Աստված» վերնագրով փաստաթղթից, որով Նորին Սրբություն Պիոս 12-րդ Սրբազան Պապը 1950թ. նոյեմբերի 1-ին հռչակեց Աստվածամոր Վերափոխման դոգման (հրամանակարգ վարդապետությունը): Դոգմայի հռչակումը, ինչպես տեսնում եք, եղավ նորագույն ժամանակներում, բայց Ընդհանրական Եկեղեցու հավատքի գանձարանում Տիրամոր Վերափոխման մասին հավատքը եւ վստահությունը գալիս է քրիստոնեության առաջին դարերից:
Աստվածամոր` հոգով եւ մարմնով Երկինք վերափոխման մասին ուսմունքը հասկանալու համար պետք է սկսենք Աստվածամոր Անարատ Հղության ուսմունքից, որը հիմք է դարձել՝ նրա Վերափոխման մասին ճշմարտության հանդեպ հավատքի համար:
Աստված իր նախախնամ ծրագրում արդեն իսկ ունենալով Իր Որդու՝ Հիսուս Քրիստոսի ապագա ծնունդը եւ փրկչագործական վաստակը, Հիսուսի մորը՝ Մարիամին, դեռեւս նրա մայրական արգանդում, այսինքն Աննայի արգանդում, սաղմնավորման վայրկյանից զերծ պահեց ադամական մեղքից կամ, ինչպես միջնադարյան աստածաբան Դունս Սկոտն է արտահայտվում, նախապես փրկեց ադամական մեղքից եւ լցրեց աստվածային ներկայությամբ՝ շնորհներով: Մարիամը, ի սկզբանե եւ իր ամբողջ կյանքի ընթացքում, լինելով «լի շնորհօք»՝ լի շնորհներով, ինչպես աղոթում ենք նաեւ Վարդարանի աղոթքում, ընդհանրապես մեղք չգործեց, մնաց ամբողջովին անարատ՝ սկսած իր հղացման վայրկյանից եւ մինչեւ իր կյանքի ավարտը: Ընդ որում, Մարիամը մնաց ոչ միայն անարատ եւ անմեղ, այլեւ Հիսուսին ծնելուց հետո էլ մնաց միշտ Կույս, որի համար էլ Տիրամորն անվանում ենք նաեւ Ընդմիշտ Կույս:
Քրիստոնյաները աշխարհի տարբեր ծայրերում միշտ հավատացել են այն տրամաբանական ճշմարտությանը, թե քանի որ Տիրամայրը մնաց անարատ՝ ամեն տեսակ մեղքից, հետեւաբար, չէր կարող անարատ չլինել նաեւ մեղքի հետեւանքներից, որոնցից ամենասարսափելին մահն է եւ գերեզմանի ապականությունը: Այլ խոսքերով, Մարիամը, ժառանգած չլինելով ադամական մեղքը եւ երբեւէ չգործելով մեղք, ենթակա չէր նաեւ մահվանը: Սա է Վերափոխման ուսմունքի տրամաբանությունը, որը հիմնված է դարավոր համընդհանուր հավատքի զգացողության (լատ.՝ sensus fidei) վրա, որն անսխալական է եւ կարիք ուներ միայն ձեւակերպվելու Ընդհանրական Եկեղեցու գերագույն ուսուցչական իշխանության կողմից՝ որպես դոգմա:
Պիոս 12-րդ Պապի փաստաթղթի 5-րդ կետում գրված է.
«Մարիամը, բացառիկ արտոնությամբ, լիակատար ձեւով հաղթեց մահվանը` իր Անարատ Հղությամբ, եւ որպես արդյունք, Մարիամը ենթակա չէր գերեզմանի ապականությանը եւ նա ստիպված չեղավ սպասելու մինչեւ ժամանակների լրումը՝ իր մարմնի հարության համար»:
Պիոս 12-րդը հղում է անում Աստվածածնի Վերափոխման մեծագույն արեւելյան աստվածաբաններից մեկին՝ Կաթողիկէ Եկեղեցու դոկտոր Հովհան Դամասկացուն (675-749թթ.), ով գրում է.
«Պատշաճ է, որ Մարիամը, որ իր կուսությունը պահեց անխախտ, իր մարմինն ազատ պահեր ամեն տեսակ ապականությունից նույնիսկ մահվանից հետո: Պատշաճ էր, որ նա, ով Արարչին՝ որպես մանուկ, կրել էր իր կրծքի տակ, բնակվեր աստվածային խորաններում… Պատշաճ էր, որ նա, ով տեսավ իր Որդուն Խաչի վրա եւ ում սիրտը խոցեց վշտի սուրը, որից նա խուսափել էր նրան ծնելիս, նայեր իր Որդուն, որ նստած է իր Հոր կողքին: Պատշաճ էր, որ Աստվածամայրն ունենար այն, ինչ պատկանում է իր Որդուն եւ որպեսզի պատվի առնվեր բոլոր արարածների շուրթերով՝ որպես Մայր եւ Աղախին Աստծո», «Ամենաառատաձեռն Աստված», 21:
Եկեղեցու սուրբ հայրերը մատնանշում են նաեւ Աստվածամոր վերափոխման ուսմունքը անուղղակի հիմնավորող աստվածաշնչյան տեքստեր, օրինակ՝ Սղմ.131, 8՝ «Ելիր քո հանգստավայրը, Տե՛ր, դու եւ տապանակը Քո սուրբ կտակի»: Տապանակը նմանեցվում է Մարիամի հետ: Նաեւ՝ Սղմ. 44:10-ը՝ «Թագուհին կանգնած է Քո աջ կողմում…», Հյտն.12,1՝ աստղերն իր ուսերին առած կնոջ մասին հատվածը՝ որպես պատկեր թագուհու եւ Աստվածամոր եւ այլն:
Բազում վկայություններ կան տարբեր պատմական ժամանակներից, հատկապես, 6-րդ դարից սկսած, որ Եկեղեցում գոյություն է ունեցել հավատքն առ Աստվածածնի վերափոխումը: Տարածված է եղել նաեւ Վերափոխման կամ Ննջման տոնը, որի մասին հիշատակություններ կան ծիսական գրքերում: Տարբեր վայրերում նաեւ կառուցվել են տաճարներ ու արձաններ՝ նվիրված Վերափոխյալ Տիրամորը: Եվ վերջապես, վաղ միջնադարյան արմատներ ունեցող Վարդարանի խորհուրդներից մեկը նվիրված է Վերափոխմանը: Հայկական շարականներում եւ աղոթքներում եւս բազում տողեր կան՝ Վերափոխման մասին:
Պիոս 12-րդ Քահանայապետը գրում է, որ դոգման հռչակելու մասին որոշումը կայացվել է երկար պատմական ուսումնասիրություններից, աշխարհի տարբեր ծայրերում ծառայող եպիսկոպոսների եւ նրանց հավատացյալների կարծիքները հարցնելուց հետո.
«Այսպես, Եկեղեցու վարդապետական իշխանության տիեզերական համաձայնությամբ, մենք ունենք հստակ եւ հաստատուն ապացույց, որ Կույս Մարիամի Վերափոխումը երկինք, որը մարդն իր մտավոր կարողությամբ երբեք չի կարող իմանալ… Աստծո կողմից հայտնված ճշմարտություն է, հետեւաբար, մի բան, որին պետք է հաստատակամորեն եւ հավատարմորեն հավատան Եկեղեցու բոլոր զավակները», «Ամենաառատաձեռն Աստված», 12:
Եկեղեցում մշտապես եղել է ամուր վստահություն՝ առ այն, որ Աստվածամայրը, մեղքից ազատ լինելով հանդերձ, թեեւ մահվան իշխանության տակ չէր, բայց որպես մարդ, մահկանացու էր, ուստի, կիսելով իր Որդու առաքելությունը եւ մշտապես միացած լինելով իր Որդու հետ, Նրա նման Մարիամն էլ մահացավ, բայց միայն ժամանակավոր կերպով, ինչպես Քրիստոս, այլ խոսքով ասում ենք՝ ննջեց, եւ ապա կիսեց նաեւ իր Որդու Հարությունը եւ եղավ բոլոր մարդկանց հարության նախատիպարը՝ Քրիստոսից հետո եւ Նրա վաստակի շնորհիվ (Տե՛ս՝ Կաթողիկէ Եկեղեցու քրիստոնեականը, կետ՝ 966): «Հարություն»-ից տարբերվող անունով կոչելու համար, ընդունված է ասել, որ Տիրամայրը վերափոխվեց Երկինք՝ հոգով եւ մարմնով:
Սուրբ Կույսի վերափոխման եւ հրաշագործ պատկերի ավանդական պատմությունը
Եկեղեցու սուրբ հայրերն ավանդում են, որ Տեր Հիսուս Քրիստոս իր համբարձման ժամանակ Իր մորը` Սուրբ Կույս Մարիամին, խոստացավ վերստին գալ եւ իր մոտ՝ Երկինք տանել նրան: Բայց Տերը կամեցավ, որ Տիրամայրը մի քիչ էլ մնար երկրի վրա՝ Իր աշակերտների հետ միասին՝ նրանց մխիթարելու եւ նրանց համար հոգեւոր մայր լինելու համար: Սուրբ Կույսը Տիրոջ համբարձումից հետո երկրի վրա մնաց եւս տասներկու տարի, եւ երբ նրա վաթսուն տարին լրացավ, նրան դարձյալ երեւաց Գաբրիել հրեշտակապետը եւ հայտնեց, որ մոտեցել է իր Երկինք վերափոխվելու օրը: Ներսես Շնորհալին Վերափոխման մասին իր շարականում գրում է, թե Գաբրիելը Տիրամորը տվեց նաեւ մի բրաբիոն՝ ծաղկեպսակ՝ ի նշան երկրային կյանքի չարչարանքների մեջ տոկալու, չարի հանդեպ հաղթանակի: Կույս Մարիամը ոչ միայն տեսավ իր Որդու չարչարանքները, այլեւ համբերեց հրեաների ատելությանը, հալածանքներին, իրեն սպանելու փորձերին, որոնցից նրան ազատում էր Տերը: Երբ Տիրամայրն ընդունեց այդ լուրը, Հովհաննես ավետարանչին, որ հոգ էր տանում իր մասին որդու նման, խնդրեց Սուրբ Պատարագ մատուցել իր համար, ապա, իր Որդու Սուրբ Մարմինն ու Արյուը ճաշակելուց հետո, խնդրեց կույսերին իրեն մաքուր զգեստներ հագցնել եւ վառված ջահերով պատրաստվել իր հուղարկավորմանը: Տիրամայրն Աստծուն խնդրեց, որ վերջին անգամ իր մոտ գան Հիսուսի աշակերտները, որպեսզի հրաժեշտ տա նրանց: Աստվածային հրաշքով բոլոր առաքյալները, որ քարոզում էին աշխարհի տարբեր մասերում, հավաքվեցին Երուսաղեմի այն Վերնատանը, ուր ապրում էր Մարիամը: Դիոնեսիոս Արիսպագացին իր թղթերում գրում է այս պատմությունը, թե երբ առաքյալները հավաքվեցին Տիրամոր մոտ եւ իմացան, որ Տիրամայրը պետք է վերցվի իրենցից, շատ տխրեցին եւ սկսեցին ողբալ, բայց Մարիամը հանգստացնում էր նրանց այն լուսավոր վստահությամբ, որ ինքը գնում է իր Որդու մոտ:
Մովսես Խորենացին մեզ ավանդել է մի հետաքրքիր պատմություն՝ Տիրամոր հրաշագործ պատկերի մասին: Հովհաննես ավետարանիչը կիպարիսի մի փայտից կերտեց Տիրամոր պատկերը, որպեսզի մի հիշատակ մնա նրանից: Աշակերտները աղաչեցին Տիրամորը, որ վերցնի այդ պատկերը, հպի իր դեմքին, օրհնի այն եւ Տիրոջից խնդրի, որ Տերն այդ պատկերի միջոցով երկրին բարիք բերի, մանավանդ, բժշկություն շնորհի այդ օրերին Երուսաղեմում տարածված բորոտությունից: Տիրամայրը խոնարհությամբ հրաժարվեց՝ ասելով, թե հիվանդությունները վերացնելու իշխանությունն իր Որդին տվել է առաքյալներին, ինքն արժանի չէ այդպիսի պատվի, ինչպիսին աշակերտներն իրեն մատուցում էին: Սուրբ Պողոսն ասաց Տիրամորը.
«Սուրբ Կո՜ւյս եւ Մա՜յր Աստծո, մենք անպիտան ծառաներն ենք աշխարհի Արարչի, Որն հաճեց քեզանից մարմնանալ. Քո Որդուց եւ մեր Աստծուց արժանացած ենք այս առաքելական շնորհին, որ ունենք, իսկ Դու մեր Տիրամայրն ես… Երրորդության հարսն ես, եւ մենք՝ փողեր, որ հնչեցնում ենք անճառ այս Ծնունդը, որ քեզանից էր: Աղաչում ենք քեզ, մեզ համար նշան դարձրու՛ այս պատկերը, ինչպես Քո Միածին Որդին, որ Իր մահվան փայտը՝ որպես անմահության գործիք, կյանքի գանձ եւ դեւերի հալածիչ տվեց աշխարհին: Իսկ այժմ շնորհ արա՛, որ սա բժշկություն լինի վիրավորվածներին եւ նշխար՝ հավատացյալներին, որպեսզի երբ նրանք, ովքեր փափագում են Քեզ տեսնել, այս տեսնեն, նրանց խնդրվածքներն իրագործվեն»:
Այդ ժամանակ Սուրբ Կույսն իր ձեռքերը դեպի Երկինք տարածելով՝ ասաց.
«Տե՛ր Աստված ամենակալ, Հա՛յր բարերար մեր Տիրոջ Հիսուսի Քրիստոսի, Դո՛ւ, որ Քո Միածին Որդուն աշխարհի փրկության համար առաքեցիր՝ մարմնանալու Քո անարժան աղախնու միջոցով, Ով կատարելով Օրենքում ու մարգարեներում գրվածները՝ դարձյալ համբարձվեց Քեզ մոտ՝ դեպի Քո Հայրական փառքը: Աղաչում եւ խնդրում ենք Քեզանից բարերար Աստված, վերցրո՛ւ բորոտության ախտը մարդկանց միջից, Դո՛ւ, որ վերցրիր մեր մեղքերը Քո Միածնի ձեռքով: Կատարի՛ր խնդրվածքը Քո ընտրյալ այրերի, ովքեր Քո հրամանով առաքվեցին աշխարհի փրկության համար՝ ավետարանելու Սուրբ Երրորդությունդ»:
Նույն ժամին լուսեղեն կամար իջավ սրբուհու վրա եւ լսելի եղավ մի ձայն, որ ասում էր. «Թող լինի այնպես, ինչպես կամենում ես, մայր Իմ»: Ամպեղեն լույսը խաչանման կաթեց սուրբ պատկերի վրա, եւ սուրբ Կույսը հորդառատ արտասուք հեղեց Տիրոջ առջեւ եւ դրանով թրջեց պատկերը:
Երբ արդեն մոտ էր Տիրամոր փոխման ժամը, առաքյալերը շուրջանակի նստել էին Տիրամոր մոտ եւ աղոթքով հսկում էին ամբողջ գիշեր:
Տիրուհին սպասում էր, որ իր Որդին Երկնքի բարձունքներից իջնի, եւ առավոտյան բարձրացրեց իր ձեռքերը դեպի վեր ու աղոթեց Աստծուն: Նույն ժամին որոտ, փայլատակում եւ սաստիկ շարժում եղավ, լսվում էր հրեշտակների երգը, ովքեր իջնում էին Քրիստոսի հետ, եւ բացի առաքյալներից բոլոր ներկաները թմրեցին: Օրվա երրորդ ժամին երկնքից իջավ սուրբ Կույսի Որդին՝ երկնային բազում զորքերով, Իր անճառելի փառքով, Գաբրիել ու Միքայել հրեշտակապետները նրա առջեւում էին: Այդժամ երկինքն ու երկիրը բուրեցին անուշահոտությամբ: Մեր շարականներից մեկում երգում ենք այսպես.
«Այսօր առաքեալները… Սուրբ Կոյսին դնելով գերեզմանի դռան մօտ, սպասում էին եւ ակնկալում Տիրոջը… Տեսան Արարչին, որ գալիս էր բազում հրեշտակներով… Տեսան Սուրբ Կոյսին՝ օդում ճախրելիս եւ ամպեղէն կառքով վեր՝ դէպի Երկինք, համբառնալիս եւ երկնային խորանները մտնելիս՝ իմաստուն կոյսերի հետ միասին, եւ նրանց միաձայնելով՝ ասում էին՝ օրհնեա՛լ ես ամենօրհնեալդ կանանց մէջ», (Ժամ. ի գիշերի, Օրհն. ԴՁ):
Տիրամայրը, տեսնելով իր Հիսուսին, գոհանում էր Աստծուց եւ Նրա անունը փառաբանում, քանի որ Նա կատարեց Իր խոստումը: Ապա Տիրամայրն իր պատկերը դրեց Աստվածորդու առջեւ, եւ Քրիստոսն Իր աստվածային աջով օրհնեց այն: Աստվածամայրն այդ պատկերը տվեց առաքյալներին, եւ նրանք վերցնելով երկրպագեցին ու տեսան, որ Տիրուհու պատկերը նկարվել է տախտակի վրա:
Ապա ամենամաքուր Կույսը զվարթ դեմքով ավանդեց իր հոգին իր Միածին Որդու եւ Արարչի ձեռքը: Սրբուհու հոգին ելավ ու խառնվեց լուսեղեն զորքին, իսկ մահճում մնացած մարմինը չայլակերպվեց ինչպես դիակ, այլ նրա մարմնից անուշահոտություն էր բուրում:
Այդպես՝ քերովբեական կառքով՝ իբրեւ փայլակ, համբարձվում է սուրբ Կույսի ամենամաքուր հոգին: Եվ ցնծում են երկնավորներն ու երկրավորները՝ փառաբանելով Տիրուհու վախճանը:
Տիրամոր սուրբ եւ անապական մարմինը Հովհաննես ավետարանիչը պատանեց, ապա մարմինը դրեցին դագաղի մեջ, որի վրա էլ՝ Գաբրիելի բրաբիոնի պսակը: Հովհաննեսը որդու նման Հիսուսի խաչելությունից հետո խնամել էր Տիրամորը՝ ըստ Տիրոջ հանձնարարության, թե «ահա՛ քո մայրը», եւ մահվան ժամին ամենայն սիրով եւ հավուր պատշաճի ավարտին հասցրեց իր սուրբ առաքելությունը: Ապա բոլոր աշակերտները, քրիստոնյաների համայնքը հոգեպարար սաղմոսերգություններով եւ օրհներգություններով պատվեցին Տիրամորը, որից հետո առաքյալները Տիրամոր մարմինը իրենց ուսերի վրա առնելով՝ տարան եւ դրեցին մի գերեզմանի մեջ՝ Գեթսեմանիի պարտեզում՝ այնտեղ, ուր սկսվեցին Հիսուսի չարչարանքները:
Երբ Անարատ Սուրբ Կույսն իր հոգին ավանդեց Տիրոջ ձեռքերի մեջ, հրեաները հարձակվեցին առաքյալների վրա եւ ուզում էին հափշտակել Ամենասուրբ Կույսի մարմինը: Նրանցից Սոփոնիա անունով մի մարդ բռնեց Տիրամոր մահճից, որ առաքյալները բարձրացած տանում էին: Այդ Սոփոնիայի ձեռքերն արմունկներից հանկարծ պոկվեցին եւ կախված մնացին մահճի կողքից: Սոփոնիան մինչեւ գերեզման լալիս էր: Պողոսը հրեաներին կոչ արեց զղջալ՝ Տիրոջը խաչելու համար: Ներկա հրեաները զղջացին, իսկ Պողոսը վերցնելով Սոփոնիայի կտրված ձեռքերը, բուժեց դրանք:
«Եւ խավարյալները լուսավորվեցին, հրեաներն ու հեթանոսները մեծ-մեծ խմբերով մկրտվեցին, եւ քաղաքում եղած բորոտները գալիս էին առաքյալների մոտ, յուղով օծվում, սուրբ պատկերով տյառնագրվում եւ իսկույն բժշկվում էին հիվանդություններից. եւ Տիրոհու ննջման լուրը լսելով՝ բոլոր հիվանդները գալիս անմիջապես առողջանում էին, մինչեւ որ լուրը տարածվեց ողջ Հրեաստանում». գրում է Խորենացին:
Բարդուղիմեոս առաքյալը այդ ժամանակ աշակերտների հետ չէր եւ երբ վերադարձավ, խնդրեց առաքյալներին, որ անպայման իրեն տանեն Տիրամոր գերեզմանը, որ տեսնի նրա մարմինը: Եւ երբ բացեցին գերեզմանի դուռը, տեսան, որ Տիրամոր մարմինը չկա: Երեք օր էր անցել Տիրամոր ննջումից: Առաքյալները հասկացան, որ Տիրամոր մարմինը փոխադրվել է Երկինք, ինչպես որ ասել էր ինքը: Բարդուղիմեոսը շատ տխրեց, եւ որպեսզի ինչ-որ կերպ մխիթարեին իրենց եղբորը, առաքյալները նրան տվեցին Տիրամոր պատկերը, եւ Բարդուղիմեոսն այն վերցնելով՝ գնաց Հայք, որտեղ Թադեոս առաքյալն արդեն իսկ նահատակվել էր Սանատրուկ արքայի կողմից: Բարդուղիմեոսը Տիրամոր պատկերն իր հետ տարավ նախ Պարսկաստան եւ ապա Հայաստան, որտեղ պատկերի զորությամբ բազում դեւեր հալածեց եւ բուժումներ կատարեց: Բարդուղիմեոս առաքյալն ի վերջո, Տիգրիս գետի ափին մի եկեղեցի կառուցել տվեց, որտեղ դրեց Տիրամոր հրաշագործ պատկերը, իսկ այս եկեղեցին կոչվեց «Հոգեաց վանք»:
Առաքյալներին մնաց ոչ միայն Տիրամոր հրաշագործ նյութեղեն պատկերը, այլեւ՝ Սուրբ Կույսի հոգեւոր՝ առավել իրական եւ զորավոր ներկայությունը՝ իրենց սրտերում եւ Տիրոջ հիմնած Սուրբ Եկեղեցում, որի Մայրն է Սուրբ Կույս Աստվածածինը, որ Երկնքում մշտապես բարեխոսում է իր Որդու առաջ՝ իր բոլոր զավակների համար, ովքեր մկրտվում են դառնում են Քրիստոսի Եկեղեցու անդամ: Տիրամայրը ամենազորեղ բարեխոսն է մարդկության համար, որովհետեւ ի՛նքը եղավ սկիզբը եւ գիտակից պատճառը՝ մարդկության փրկության, որովհետեւ Հիսուսի ծննդյան մասին ավետման լուրին իր տված համաձայնության՝ «եղիցի»-ի շնորհիվ, Իր սուրբ եւ անարատ արգանդում տեղի ունեցավ մարդեղության գերազանց խորհուրդը, այսինքն՝ Աստծո Որդին Կույս Մարիամի համաձայնությամբ եւ Սուրբ Հոգու զորությամբ մարդկային մարմին առավ Կույս Մարիամից եւ ծնվեց նրանից որպես մարդ. Աստված մարդացավ՝ Աստված իր վրա վերցրեց մարդկային էությունը՝ մարմնով եւ հոգով, սրբացրեց այն եւ երկրիս երեսին ապրեց մարդկան հետ միասին՝ որպես կատարյալ մարդ եւ կատարյալ Աստված՝ մեկ անձի եւ դեմքի մեջ, որ Տեր Հիսուս Քրիստոսի անձն է՝ Աստծո Որդու սրբազան Անձը: Հենց ա՛յս պատճառով Աստված նրան արժանի դարձրեց կիսելու նաեւ իր Որդու փառքը՝ Երկնքում՝ մարմնով եւ հոգով՝ որպես Հիսուսից հետո առաջին հարություն առած մարդը, առաջինը, որ ոչ միայն հոգով, այլ նաեւ մարմնո՛վ է Երկնքում: Եւ այդ պատճառով է, որ Տիրամայրը կիսում է նաեւ իր Որդու միջնորդությունը մեզ համար եւ սրբերից ամենավսեմն է. Քրիստոսը միշտ լսում է իր մոր բոլոր խնդրանքները՝ Իր Սուրբ Եկեղեցու եւ յուրաքանչյուր մարդ արարածի համար:
Ուրեմն, յուրաքանչյուր քրիստոնյայի համար՝ Տիրամոր բարեխոսությունը հայցելը աստվածային առատ շնորհներ ընդունելու ամենավստահելի ճանապարհն է: Իհարկե, բոլոր սրբերն են վայելում Աստծո սերը եւ նրանց խնդրանքները մեզ համար լսելի են Աստծո առաջ, բայց Տիրամայրը առանձնահատուկ տեղ եւ արտոնություն ունի սրբերի եւ հրեշտակների դասերի մեջ՝ փրկության պատմության մեջ եւ եզակի դերակատարության համար, ինչպես եզակի է Ինքը՝ ի սկզանե՝ իր մոր որովայնից սկսած:
Տիրամայրը մեզ համար ոչ միայն ամենազորեղ բարեխոսն է եւ մեր բոլորի մտահոգ, սիրագորով Մայրը, այլեւ՝ Քրիստոսի Ընդհանրական, Մեկ եւ Սուրբ Եկեղեցու կատարյալ տիպարն է, այն բարձրագույն նշաձողը, անթերի սրբապատկերը, որին պետք է մշտապես ձգտի նմանվել Եկեղեցին՝ Քրիստոսին ամբողջ ընտանիքը եւ այդ ընտանիքի յուրաքանչյուր անդամ՝ անկախ տարիքից, ազգությունից, սեռից եւ զբաղմունքից: Տիրամայրը լավագու՛յն իմացությամբ է ճանաչում Իր Որդուն, հետեւաբար նա մեզ կարող է լավագույն ձեւով սովորեցնել, թե ինչպես պետք է հետեւել Քրիստոսին, կիսել նրա չարչարանքները, նմանվել նրա սրբությանը եւ մասնակից դառնալ Նրա երկնային փառքին, որովհետեւ այդ ամենը նախ Ի՛նքն է արել կատարյալ ձեւով:
Եկե՛ք Տիրամոր նվիրված յուրաքանչյուր տոն դարձնենք առիթ՝ ավելի լավ ճանաչելու նրա պատկերի վեհությունը եւ կարեւորությունը՝ մեր սրբության եւ փրկության համար: Ամեն օր սիրով աղոթե՛նք Տիրամոր սիրելի եւ պարզ Վարդարանը, երգե՛նք մեր հայերեն գեղեցիկ երգերը, շարականները՝ նվիրված Տիրամորը եւ խոսե՛նք նրա հետ՝ ինչպես զավակը խոսում է իր սիրելի մոր հետ՝ վստահ, որ գտնելու է իր բոլոր հարցերի եւ մտահոգությունների պատասխանը եւ անդավաճան մի հոգի՝ պատրաստ կիսելու իր բոլոր ցավերը:
Տ. Հովսեփ Գալստյան
ԱՂՈԹՔ
Տու՜ր ինձ սիրտ` նման Քո սրտին
Հեղ.՝ Հ. Լեոնս Դը Գրանմեզոն
Սրբուհի Մարիա՜մ, Մա՜յր Աստուծոյ, տու՜ր ինձ մի սիրտ մանկական, որ լինի ջինջ ու պայծառ՝ մշտահոս աղբիւրի նմա:
Տու՜ր ինձ մի սիրտ՝ պարզ եւ համեստ, որ չհրճուի ուրիշների տխրութեամբ. սիրտ մի՝ վեհանձն՝ նուիրուելու, եւ եռանդուն՝ ներելու մէջ, սիրտ մի՝ պարկեշտ եւ ասպետական, որ չմոռանայ բարիքը եւ չյիշի բնաւ չարիքը:
Տու՜ր ինձ մի սիրտ՝ քաղցր եւ խոնարհ, մի սիրտ՝ առանց սէր ակնկալելու, սիրտ՝ մեծ, անզուսպ ու արի, որ չընկնճուի ուրիշների ապերախտութեամբ եւ չյուսալքուի նրանց անտարբերութեամբ:
Տու՛ր ինձ մի սիրտ՝ տառապող, մի սիրտ՝ տանջուող՝ Քրիստոսի փառքով, վիրաւորուած նրա սիրով եւ բուժելի՝ միայն Երկնքում: