• Միայնության բարիքի մասին

    «Քանի որ Դու՛ եղար իմ օգնականը, քո թևերի հովանու տակ ես պիտի ցնծամ: Քեզ հետևեց իմ հոգին» (Սղմ. 62,8-9)


    Յուրաքանչյուր մարդ ստեղծված է Աստծո և մարդկանց հետ հաղորդակցվելու համար: Ամեն ոք  ցանկանում է սիրել և սիրված լինել: Մենք բոլորս էլ վախենում ենք միայնությունից, լքված լինելուց: Այնուամենայնիվ, մեզանից յուրաքանչյուրը շատ առումներով միայնակ է: Օրինակ, շատ ես սիրում ինչ-որ երգ կամ ֆիլմ, իսկ քո ընկերը կամ ընկերուհին՝ ամենևին ոչ: Դու ինչ-որ բանի հանդեպ ունես այսպիսի զգացողություն, իսկ մեկ ուրիշը՝ լրիվ այլ: Մենք շատ առումներով ենք միայնակ. հիվանդությունների, մահվան, փորձությունների ժամանակ, զգացմունքներ ունենալիս: Նույնիսկ եթե մեր ամենամտերիմ ու սիրելի մարդիկ մեր կողքին են, նրանք չեն կարող դա զգալ և ապրել մեր փոխարեն: Մեզանից յուրաքանչյուրն ունի մի տարածություն, որը ոչ ոք և ոչինչ չի կարող լցնել: Սուրբ Օգոստինոսը երեսուն տարեկանում՝ ճանաչելով ընկերությունն ու սերը, ընտանիքն ու փառքը, գրում է, որ «անհանգիստ է մարդու սիրտը, քանի դեռ չի գտել իր խաղաղությունը՝ Աստծո մեջ»: Ցավոք սրտի, մարդու ամենամեծ սխալն այն է, որ այդ տարածությունը լցնելու համար և քաղցած լինելով, մարդը հույս ունի լրացնել այդ բացը՝ զգացմունքներում, մարդկանց մեջ, սիրելի մարդու մեջ: Քանի՜ երիտասարդ է մտածում, որ հարցերի բոլոր պատասխանները կգտնի սիրելի տղայի կամ աղջկա մեջ: Նրանք ագահորեն միմյանց, կարծես, կլանում են, սակայն քաղցն այդպես էլ չի հագենում: Կարծես, ցանկանում են արբել միմյանցով, լցվել մեկը մյուսի մեջ, սակայն դա անհնարին է: Այդպիսի պահվածքը խեղդում է հարաբերությունները, քանի որ դա եսասիրություն է, և, հետևաբար, այդպիսի հարաբերությունները դատապարտված են ձախողման: Երբեմն նաև ծնողներն են այդպես վարվում իրենց երեխաների հետ, երբ նրանց վերաբերվում են որպես սեփականության: Դա «հուզական վամպիրիզմ» է, որը միշտ հանգեցնում է հարաբերությունների սպառման և ոչնչացման:

     

    Բանն այն է, որ միայն Աստված կարող է լցնել մարդու ներսի դատարկությունը, որը ստեղծվել է Արարչի կողմից, որպեսզի մեզ կանչի դեպի Իրեն, փափագ առաջացնի Իր նկատմամբ: Դավիթ մարգարեն, թագավորը, ով ուներ և՛ իշխանություն, և՛ կանանց հարեմ, և՛ փող, գրում է. «Աստվա՛ծ, Աստվա՛ծ իմ, հոգիս ծարավ է Քեզ, առավել ևս՝ մարմինն իմ, ինչպես մի անապատ և անջուր երկիր» (Սղմ. 62,2):

    Հետևաբար իմաստությունն այն է, որ ընդունեք ձեր միայնությունը և այն ուղղորդեք դեպի Տերը՝ մարդկային հոգու միակ Ամուսինը և հավերժական Ընկերը: «Քանի որ Դու՛ եղար իմ օգնականը, քո թևերի հովանու տակ ես պիտի ցնծամ: Քեզ հետևեց իմ հոգին» (Սղմ. 62,8-9):

     

    Այդ դեպքում մարդկային միայնությունը կդառնա օրհնություն, հանդիպման վայր՝ Նրա հետ, Ով լցնում է մեզ Իր ներկայությամբ, խաղաղությամբ և երջանկությամբ:

     

    Հ. Պետրոս Ծ. Վրդ. Եսայան

Օրացույց

Օրացույց


Recent Comments