• Սուրբ Հաղորդութիւնը եւ այսօրուայ մտայնութիւնը

    Սուրբ Հաղորդութեան էական եւ քրիստոնէութեան կենսական իմաստը վիրաւորուել է՝ մեր անհիմն ու անիմաստ մարդկային ճղճիմ միջամտութիւններից


    Հետաքրքիր է լսել այս օրերին քրիստոնեաների խոկումներն ու մեկնաբանութիւնները Ս․ Հաղորդութեան նշխարի մասին, որ է Ճշմարիտ մարմինն ու արիւնը Յիսուսի Քրիստոսի։

     

    2020 թուականին՝ քորոնավիրուսի ժանտախտի ընթացքում, քրիստոնէական մի շարք արժէքների խախտում տեղի ունեցաւ: Շատ իրողութիւններ բացայայտուեցին քրիստոնեաների կեանքի մէջ, բարեպաշտական մի քանի սովորութիւններ ակնյայտ փոփոխութիւններ կրեցին: Ժանտախտի պատրուակով Եկեղեցիները փակուեցին: Հաւաքները արգելուեցին, իսկ եթէ մի քանի եկեղեցիներ բաց մնացին, խիստ պայմանների ենթարկուեցին, ինչպէս, օրինակ, օրհնեալ ջրի փոխարէն հականեխական նիւթեր զետեղեցին եկեղեցիների մուտքի մօտ: Փոխանակ հաւատքով եւ լիավստահ մտնելու աստուածային տունը, որ է Եկեղեցին, նախընտրեցին ձեռնոցներով եւ դիմակներով զրահուած ներս մտնել, կարծես ժանտախտի մի դաշտ լիներ այդ սուրբ տարածքը: Մոռանում են, որ տիեզերական արարչի՝ ստեղծիչի եւ փրկիչի տունն է դա: Այստեղ է, որ կարող են գտնել առողջութիւն, սփոփանք եւ մխիթարութիւն: Մոռանում են, որ այդ տունը մեր կեանքի սկիզբն է, երբ մկրտուում ենք ու երբ մեկնում ենք այս աշխարհից: Սակայն, բացի այս այլափոխութիւններից, որոնք անտեղի խանգարումներ են բերում քրիստոնեաների առօրեայ հոգեւոր կեանքին, աւելի ծանր իրողութիւն եւս կայ․ Սուրբ Հաղորդութեան էական եւ քրիստոնէութեան կենսական իմաստը վիրաւորուել է՝ մեր անհիմն ու անիմաստ մարդկային ճղճիմ միջամտութիւններից: Վիրաւորուել է Քրիստոսի Սուրբ Սիրտը, որովհետեւ բաւարար կերպով չենք պատուել: Խափանուել է փոխյարաբերութիւնը Քրիստոսի եւ մարդու միջեւ: Շուքի տակ է մնացել Քրիստոսի ներկայութիւնը՝ որպէս ճշմարիտ մարմին եւ  արիւն նշխարի մէջ: Այսինքն՝ վիրաւորուել է նոյն ինքը Քրիստոսը մեր շինծու եւ խաբուսիկ քորոնայի համաճարակի պատրուակով եւ եկեղեցիները փակելով,   հազարաւոր ճշմարիտ քրիստոնեայ հաւատացեալներ զրկուել են իրենց քրիստոնէական մտերիմ եւ վսէմ կեանքը Քրիստոսի հետ ապրելուց:

     

    Այս կենցաղային նկարագրով, այսինքն՝ զանցառելով Սուրբ Հաղորդութիւնը եւ չբաշխելով մեր հաւատացեալներին կամ բաշխելու կերպը խեղաթիւրելով՝ մենք դաւաճանում ենք Յիսուսի՝ մեզ տուած պատուէրը, ուր մեզ ասում է․ «Այս է իմ մարմինը, որ շատերի համար է տրուած. այս արէ՛ք իմ յիշատակի համար» (Ղուկ. 22,19):

     

    Քորոնայի համաճարակի անունով զրկում ենք հաւատացեալներին իրենց Յիսուսի հետ հոգեւոր կապից, քանի Ինքն է դարձեալ՝ Քրիստոս, որ ասում է աշակերտներին․ «Ես եմ Ճանապարհը եւ Ճշմարտութիւնը եւ Կեանքը» (Յվհ.14,6): Եթէ այս կեանքի կապից զրկենք մեզ յանձնուած հոգիները, մենք՝ հոգեւորական դասը, կը մեղանչենք Քրիստոսի դէմ, կը դաւաճանենք մեր կոչումի ուխտը: Շատ քրիստոնեաներ, որոնք մոռացել էին եկեղեցին, Սուրբ Պատարագն ու Սուրբ Հաղորդութիւնը, այս համաճարակով արթնացան եւ  դարձի գալով իրենց ճշմարիտ հաւատքին՝ կարօտով փնտռում են եկեղեցին, Ս. Պատարագն ու սուրբ պահը՝ ընդունելու Քրիստոսին Սուրբ Հաղորդութեան մէջ, որ է ճշմարիտ սնունդն ու կեանքը հոգու: Ուստի, նրանք եւս արժանի են մեր սիրուն եւ հոգածութեանը, որ ապրեն Յիսուսի՝ մէզ խոստացած կեանքը։

     

    Երանի թէ պատմութիւնը վերջանար այստեղ եւ չգտնուէին, ցաւ ի սրտի, շատ ուրիշ  հոգիներ՝ շուարած եւ հեռու մնացած Սուրբ Հաղորդութեան ճշմարտութիւնից, ովքեր, օգտուելով քորոնայի համաճարակից, հալածում են Քրիստոսի ներկայութիւնը Սուրբ նշխարի մէջ: Նրանք չեն իմացել  իսկական իրողութիւնը՝ Քրիստոսի ֆիզիկական ներկայութիւնը նշխարի մէջ: Նրանք չեն հասկացել աստուածային կարողութիւնն ու շնորհները, որ կարող են ստանալ եւ վայելել թէ այս եւ թէ գալիք  յաւիտենական կեանքում: Նրանք մնացել են սրտի ու մտքի խաւարի մէջ ու նշխարը նկատել են զուտ որպէս երեւակայական եղելութիւն, որ եկեղեցին, դարեր ի վեր որդեգրած որպէս աւանդութիւն, շարունակում է բաշխել քրիստոնեաներին, սակայն, ի հեճուկս իրականութեան, նրանց համար այն մնում է հացի կտոր։

     

    Եկեղեցիների փակումը իսկական  պատճառ դարձաւ նման մարդկանց հոգեկան տատամսումի եւ անորոշութեան համար, եթէ ոչ անկումի եւ կորստեան։  Մէկ խոսքով՝ եկեղեցիների կամ աղօթատեղիների փակումը անուղղակի հալածանք է կրօնական բոլոր հաստատութիւններին:

     

    Նման հալածանքները կամ հալածիչները, սակայն, մոռանում են կամ անտեղեակ են Քրիստոսի խոստումի մասին, որ ասում էր․ «Ուսուցանեցէ՛ք նրանց պահել այն բոլորը, ինչ որ ձեզ պատուիրեցի: Եւ ահա ես ձեզ հետ եմ բոլոր օրերում՝ մինչեւ աշխարհի վախճանը» (Մասթ 28, 20), ուստի բոլոր հալածիչները պարտուած են եւ պիտի պարտուին Քրիստոսի դիմաց, որ ներկայ է մինչեւ աշխարհի վերջ՝ Սուրբ Հաղորդութեան խորհրդի մէջ: Եկեղեցին իր տիեզերական ըմբռնումով եւ հաւատքով կը մնայ անյաղթելի՝ ի գին ամէն տեսակի հալածանքների:

     

    Հետեւաբար, նման ազատամիտ կամ հակակրօնական կազմակերպութիւնների կամ հաւատադրուժ անհատների համար, որոնք աշխատում են խեղաթիւրել Սուրբ հաղորդութեան իմաստը եւ այն ներկայացնել որպէս պարզ հաց եւ ոչ Քրիստոսի մարմնի եւ արեան իրականութիւնը, պատասխանը Պօղոս Առաքեալի՝ Դամասկոսի ճանապարհին ունեցած պատմութիւնն է, այսինքն՝ միայն Քրիստոսի անմիջական միջամտութեամբ է նրանց փրկութիւնը: Քրիստոս, Դամասկոսի ճանապարհին երեւալով Պօղոս Առաքեալին՝ քրիստոնեաներին հալածողին, ասաց․ ««Սաւո՜ւղ, Սաւո՜ւղ, ինչո՞ւ ես հալածում ինձ»: Եւ նա ասաց. «Ո՞վ ես դու, Տէ՛ր»: Եւ ձայնն ասաց. «Ես Յիսուսն եմ, որին դու հալածում ես»» (Գրծք 9, 4-6): Այս երեւումից հետո Պօղոսը դառնում է զօրագոյն առաքեալը: Անհաւատներին, կարծրասիրտ եւ մռայլ հոգիներին Պօղոս Առաքեալի անկումն է պէտք, որ Յիսուսի հետ եւ բազմագութ ողորմութեամբ խթանուեն եւ լսեն նրա ձայնը, որ ասում է․ «Եկէ՛ք ինձ մօտ, բոլոր յոգնածներդ ու բեռնաւորուածներդ, եւ ես ձեզ կը հանգստացնեմ: Իմ լուծը ձեր վրայ վերցրէ՛ք եւ սովորեցէ՛ք ինձնից, որ հեզ եմ եւ սրտով խոնարհ. եւ ձեզ համար հանգիստ պիտի գտնէք, որովհետեւ իմ լուծը քաղցր է, եւ իմ բեռը՝ թեթեւ» (Մտթ.11, 28-30):

     

    Այս բոլորը ասելուց հետո հարց ենք տալիս. ի՞նչ է Սուրբ Հաղորդութիւնը:

     

    Սուրբ Հաղորդութիւնը այն խորհուրդն է, որ Քրիստոս անձամբ հաստատեց երկու հանգրուաններով․ առաջին մասը՝ իր առաքելութեան ընթացքում, ապա՝ վերջին ընթրիքի ժամանակ։ Նրա համար սահմանումը հեշտ է, եւ կարիք չկա բացատրութեան, եթէ ոչ Յիսուս Քրիստոսի խօսքերով. «Ես եմ կենաց հացը. ով դէպի ինձ գայ, քաղց չի զգայ» (Յվհ. 6,35): «Ձեր հայրերը անապատում մանանան կերան, սակայն մեռան: Այս է երկնքից իջած հացը, որպէսզի ով որ սրանից ուտի, չմեռնի: Ես եմ կենդանի հացը, որ երկնքից է իջած. թէ մէկն այս հացից ուտի, յաւիտենապէս կ՚ապրի. եւ այն հացը, որ ես կը տամ, իմ մարմինն է, որը ես կը տամ, որպէսզի աշխարհը կեանք ունենայ» (Յվհ. 6,49-52): Մատթէոս աւետարանիչը գրում ու նկարագրում է Յիսուսի՝ ընթրիքի ընթացքում կատարած արարողութիւնը եւ ասում․ «Եւ մինչ նրանք դեռ ուտում էին, Յիսուս հաց վերցրեց, օրհնեց ու կտրեց եւ տուեց աշակերտներին ու ասաց. «Առէ՛ք, կերէ՛ք, այս է իմ մարմինը»: Եւ բաժակ վերցնելով՝ գոհութիւն յայտնեց, տուեց նրանց ու ասաց. «Խմեցէ՛ք դրանից բոլորդ, որովհետեւ այդ է նոր ուխտի իմ արիւնը, որ թափւում է շատերի համար՝ իրենց մեղքերի թողութեան համար» (Մտթ. 26, 26-28): Այս բառերի մէջ է, որ նաեւ Իր մնայուն կեցութիւնը հաստատեց մեր մէջ, իր պատրաստակամութիւնը՝ օգնելու մեզ այս տառապեալ կեանքի ընթացքում՝ պարգեւելով մեզ իր առատահոս շնորհները: Ուստի, այն հացը, որ այսօր ստանում ենք, Ս. Հաղորդութիւնն է:

     

    Այս բոլոր միջամտութիւնները Քրիստոս կատարեց իր առաքելական կեանքի ընթացքում՝ մեզ վստահեցնելու վճռական կերպով, թէ ինքը ճշմարիտ կերպով մարմնով եւ արիւնով ներկայ է հացի եւ գինու տեսակի տակ, որ է՛ Սուրբ Հաղորդութիւնը: «Այս է երկնքից իջած հացը, որպէսզի, ով որ սրանից ուտի, չմեռնի: Ես եմ կենդանի հացը, որ երկնքից է իջած. թէ մէկն այս հացից ուտի, յաւիտենապէս կ՚ապրի. եւ այն հացը, որ ես կը տամ, իմ մարմինն է, որը ես կը տամ, որպէսզի աշխարհը կեանք ունենայ․․․ Յիսուս շարունակեց ասել հրեաներին. «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, եթէ չուտէք մարդու Որդու մարմինը եւ չըմպէք նրա արիւնը, ձեր մէջ կեանք չէք ունենայ: Ով ուտում է իմ մարմինը եւ ըմպում իմ արիւնը, յաւիտենական կեանք ունի. եւ ես նրան վերջին օրը յարութիւն առնել պիտի տամ, քանի որ իմ մարմինը ճշմարիտ կերակուր է, եւ իմ արիւնը՝ ճշմարիտ ըմպելիք: Ով ուտում է իմ մարմինը եւ ըմպում իմ արիւնը, կը բնակուի իմ մէջ, եւ ես՝ նրա մէջ» (Յվհ․ 6, 50-57)։

    Եւ ոչ մի ուրիշ մեկնաբանութիւն չկայ: Յիսուսի շեշտադրութիւնները եւ երկարաշունչ բացատրութիւնները մեզ հրաւիրում են հասկանալու մեր դերը, հասկանալու՝ ինչու ենք հաւատում, ինչ ենք տեսնում այն նշխարի մէջ, որ ստանում ենք Ս. Պատարագի ընթացքում, աւանդական արարողութի՞ւն է արդեօք, թէ՞ հետաքրքրական օրհնուած կամ կախարդականացուած հացի կտոր, ինչպէս անհաւատներն են նկարագրում:

     

    Սուրբ Հաղորդութիւնը մեր քրիստոնեաների կեանքում

     

     Յիսուսի կեանքը աշխարհի մէջ ամբողջական եւ կատարեալ փրկչագործական մի գիծ է: Նպատակն էր եւ է մեզ՝ ամբողջ մադկութեանն ազատել սատանայի ստրկութիւնից եւ մեզ տալ յաւիտենական երջանկութեան կեանքը: Սակայն, ի հեճուկս այս անգին շնորհքի՝ Յիսուսի կեանքի հրաշքներին, բուժումներին, մեռելների յարութեան հրաշքին եւ Յիսուսի անձնուիրումին մինչեւ խաչի վրայ մեռնելը, մարդը նախընտրել է մեղքը, անհաւատութիւնը, ապերախտութիւնը, մի ափ արծաթի համար իր Փրկչին ծախելը: Այսուհանդերձ, Յիսուս պահեց իր խոստումը․  «Եւ ահա ես ձեզ հետ եմ բոլոր օրերում՝ մինչեւ աշխարհի վախճանը» (Մտթ․ 28, 20)։ Այս խոստումը միայն պարզ արտայայտութիւն չէ, քանզի մարդկութեան պատմութեան ընթացքում փաստուում է Քրիստոսի ամեն խօսքի կատարումը։

     

    8-րդ դարում Իտալիայի Լանջիանո քաղաքի մէջ տեղի է ունենում Սուրբ Հաղորդութեան հրաշքը։ Ս. Պատարագի ընթացքում՝ սրբագործումից անմիջապէս յէտոյ, նշխարից արիւն է հոսում խորանի վրայ: Սարսափած քահանան իրողութիւնը եպիսկոպոսին է հաղորդում: Եպիսկոպոսը արիւնոտ նշխարը պահում է տապանակի մէջ երկար տարիներ:

     

    1991թ․-ին նշխարի հրաշքը դարձեալ կրկնւում է Վենեսուէլայում՝ Պեթանիա Մոայի մէջ: Մէկ անգամ եւս սուրբ նշխարն արիւնոտւում է: Քննութիւնների արդիւնքում արեան տեսակը համապատասխանում է թէ՛ Լանջիանոյի հրաշքի եւ թէ՛ Վարշամակի արեան հետքերին, որով փաթաթուած էր Քրիստոսի մարմինը խաչից իջեցնելուց յետոյ: Յիսուսի խոստումը իրականանում է, նոյն անձի արեան տեսակը փաստւում է: Սակայն, քանի դեռ մարդը ենթակայ է մոռացութեան, նաեւ նկարագիրն է ենթակա ուրացութեան։

     

    1996թ․-ի օգոստոսի 18-ին Բուենոս Այրես քաղաքի մէջ երեկոյեան ժամը 7-ի Պատարագի աւարտին հաւատացեալներից մէկը մօտենում է Հայր Ալէսսանդրոյին՝ ասելու, թէ Ս. Հաղորդութեան նշխարը նետուած է մի կողմնակի խորանի անկիւնը: Վարդապետը մօտենում եւ վերցնում է ու մասնատուփի մէջ է պահում՝ յուսալով, որ մի քանի օր անց, երբ հալուի, նրա ջուրը կը լցնի բոյսերի վրայ: Օրեր անց՝ 1996թ․-ի օգոստոս 26-ին, երբ Հայր Ալեսսանդրոն բացում է մասնատուփը, տեսնում է, որ հացի մասնիկը մի կտոր մսի է վերածուել: Մնում է լուռ մինչեւ սեպտեմբեր 6-ը, երբ քննարկում է կատարուածը Ծիրանաւոր Պէրկոլիոյի՝ այն ժամանակ արքեպիսկոպոս, այսօրուայ Ֆրանցիսկոս Պապի՝ Քահանայապէտի հետ։ Քննարկելուց եւ երեք տարի լուռ մնալուց յետոյ Ծիրանաւոր արքեպիսկոպոս Խորխէ Պերկոլիոն 1999թ․֊ին պատմում է տեղի ունեցածը Ռիգարտո Գաստանիոլին, ով, հրաշագործ նշխարից մի մասնիկ առած, տանում է այն Նիւ Եորքի մասնագիտական բարձրագոյն լաբորատորիա, ուր մանրազնին քննութիւններից յետոյ պարզւում է, որ այս մասնիկը չարչարանքով ապրող մարդու սրտի մկանից մի մասնիկի է համապաատասխանում, եւ կարելի է սահմանել նրա արեան տեսակը, որ AB դրական է, եւ անձը Միջին Արեւելքի շրջանում ապրող մարդ է: Քննող բժիշկը՝ բացայայտ ազատամիտ անհաւատ եւ անաստուած մի մարդ, պատմութիւնն իմանալուց յետոյ, սիրահարուած Քրիստոսի անբնական կարողութեանը, դարձի է գալիս եւ ընդունում քրիստոնէութիւնը: Սակայն ամենահետաքրքրական մասը սա չէ միայն, այլ 1200 տարիներ առաջ, այսինքն՝ 8-րդ եւ յաջորդ դարերում, նոյն դէպքը կրկին ու կրկին է պատահել: Ստուգելու համար, թէ արդեօք կապ կա 1999թ․-ի նշխարի պատմութեան եւ անցեալի հրաշքների միջեւ, մարմին դարձած նշխարից մի մասնիկ քննւում է նոյն լաբորատորիայում, եւ արդիւնքում պարզւում է՝ նոյն Մարդու սրտի մկանի մասնիկն է եւ արեան նոյն տեսակը՝ դրական AB:

     

    Երկու հազար թուին փակւում էր Քրիստոսի խաչելութեան եւ Յարութեան քսաներորդ դարը, սակայն Յիսուս իր աշակերտներին խոստացել էր մնալ նրանց հետ մինչեւ աշխարհի վերջը։ Մատթէոս աւետարանիչը պատմում է՝ հաստատելու այս խոստումը․ «Ինձ է տրուած ամէն իշխանութիւն երկնքում եւ երկրի վրայ. ինչպէս Հայրն ինձ ուղարկեց, ես էլ ձեզ եմ ուղարկում: Գնացէ՛ք ուրեմն աշակերտ դարձրէ՛ք բոլոր ազգերին, նրանց մկրտեցէ՛ք Հօր եւ Որդու եւ Սուրբ Հոգու անունով: Ուսուցանեցէ՛ք նրանց պահել այն բոլորը, ինչ որ ձեզ պատուիրեցի: Եւ ահա ես ձեզ հետ եմ բոլոր օրերում՝ մինչեւ աշխարհի վախճանը» (Մտթ. 28, 18-20): Սրանք Քրիստոսի խօսքերն են, որոնք ճշմարտութիւն են  եւ  հաստատում՝ Սուրբ Հաղորդութեան խորհրդի: Դարերի ընթացքում հրաշքով իրականացւում է եւ կրկին ու կրկին նորոգւում է Իր յաւիտենական խոստումը՝ Իր Սուրբ Հաղորդութեան ներկայութեամբ եւ չի դադարում մինչեւ վերջերս։ Լեհաստանում եւս 2013թ․-ին Սուրբ Հաղորդութեան Նշխարը դառնում է  Քրիստոսի իրական մարմինն ու արիւնը՝ փոխուելով հացից մսեղէն կերպարանքի:

     

    Քրիստոսի կատարած այս բոլոր հրաշքները բաւարար չե՞ն արդեօք հաւատալու ու վերադառնալու Իրեն: Դժբախտաբար պիտի ասեմ՝ ո՛չ, որովհետեւ սրտերը կարծրացած ու աչքերը կուրացած են՝ տեսնելու ճշմարտութիւնն ու այն ընդունելու: Դժբախտաբար ոչ պիտի ասեմ, քանի որ այսօրուայ սերունդը աւելի լաւը չէ, քան Էմմաուսի երկու աշակերտները, որոնք, Յիսուսի հետ ապրելով հանդերձ, խաչելութեան երրորդ օրը յուսահատուած հեռացան  Երուսաղեմից, ու եթէ Քրիստոս չբացեր նրանց աչքերը, որ տեսնեն յարութեան իրականութիւնը, պիտի մնային կուրացած՝ իրենց անհաւատութեան մէջ: Այո՛, մենք էլ նրանց նման քանիցս յուսահատուած՝ լքել ենք Քրիստոսին ու հեռացել Սուրբ Հաղորդութեան խորհրդից: Այո՛, մենք էլ ոչ միայն Էմմաուսի աշակերտների նման հեռացել, այլեւ Սուրբ Պօղոսի նման Նրան հալածել ենք եւ անարգել մեր անտարբերութեամբ, դաւաճանութեամբ, սուտ վկայութեամբ եւ մեր ընչաքաղցութեամբ: Այո՛, մենք էլ նրանց նման կարիքն ունենք Քրիստոսի անմիջական միջամտութեան:

     

    Զարմանում ենք աշխարհի մէջ պատահած աղէտների վրայ: Սարսափում ենք ախտավարակներից, փնտռում եւ դիմում ենք ամէնուրէք եւ ամէն տէսակ միջոցների՝ խուսափելու այս արհաւիրքներից, բայց չենք յիշում եւ չենք դիմում կեանք պարգեւողին՝ Յիսուս Քրիստոսին, չենք ապաւինում հիւանդութիւնները բուժողին ու մեռելներին յարութիւն տուողին: Իսկ այս օրերին՝ քորոնավիրուսի համաճարակի ընթացքում, զգուշանում ենք բռնելու եւ բաշխելու սուրբ Հաղորդութիւնը, վախենում ենք վարակուելուց, զգուշանում ենք ամէն ինչից, հականեխում ենք եկեղեցիները՝ փոխանակ հականեխելու մեր սառած սրտերը, դառնալու կեանքի պարգեւատուին եւ խնդրելու Նրա օգնութիւնը: Ապստամբեցուցիչ է երեւոյթը, երբ լսում ենք համարձակօրէն արտայայտւողներից, թէ Հաղորդութիւնը հոգեւոր եւ խորհրդանշական ներկայութիւն է, բայց ոչ ֆիզիքական: Նրանք եւ նրանց նման մարդիկ, որոնք սրբագործուած նշխարը նկատում են խաբուսիկ աւանդութիւն եւ մարդ գրաւելու միջոց, պատասխանը Քրիստոսի խօսքերի մէջ կը գտնեն․ «Ես եմ կենաց հացը. ով դէպի ինձ գայ, քաղց չի զգայ, եւ ով ինձ հաւատայ, երբեք չի ծարաւի» (Յվհ. 6, 35): Սակայն, յետոյ աւելացնում է․ «Բայց ես ձեզ ասել եմ, թէ ինձ տեսաք եւ չէք հաւատում» (Յվհ. 6, 36): Անտարակոյս, որովհետեւ հրեաները այն ժամանակ տրտնջում էին, քանի որ ասել էր՝ ես եմ երկնքից իջած հացը: Այսօր՝ երկու հազար տարիներ յետոյ, նոյնը հրեաների նման կրկնում ենք, նոյն տրտունջը, տարակուսում ենք իր ֆիզիքական ներկայութեան վրայ, երբ ճշմարիտ մարդացած Աստուած մեզ հետ է՝ Սուրբ հաղորդութեան մէջ: Տարակուսում ենք, որովհետեւ մոռացել ենք Նրա խնդրանքը․ Սուրբ հաղորդութիւնը հաստատելուց անմիջապէս յետոյ ասաց. «Այս արէ՛ք իմ յիշատակի համար» (Ղկ. 22, 19): Ահա աւետարանական ամբողջ ընթացքը, որով Քրիստոս քայլեց եւ շարունակում է քայլել՝ մեզ քաշելու դէպի փրկութիւն: Ի՞նչ կը մնայ մեզ, եթէ ոչ բացել մեր աչքերը ու մեր սիրտը՝ ընդունելու Քրիստոս Փրկչին ու սրտաբաց զրուցելու Նրա հետ՝ տալով Նրան մեր ցաւերը, յոյսերը, կեանքի նպատակները: Ի՞նչ կը մնայ մեզ, եթէ ոչ խնդրել նրանից առողջութիւն, յաջողութիւն եւ սրտի անդորրութիւն: Ի՞նչ կը մնայ մեզ, եթէ ոչ ամբողջական նուիրումը ապրելու այս աշխարհում Իր հետ եւ Իր համար:

     

    Աղօթք

     

    Տէր եւ Փրկիչ Յիսուս Քրիստոս, վերջապէս տեսնում եմ Քեզ այսօր իմ իրական աչքերով, Քեզ եմ տեսնում Սուրբ Հաղորդութեան մէջ, իրական եւ ճշմարիտ սիրոյ Աստուած: Քեզ եմ տեսնում Սուրբ Երրորդութեան խորհրդի մէջ, գթասիրտ եւ ողորմած, արա՛ իմ սիրտը Քո սրտի նման․ ամէն:

     

    Ռափայէլ Արքեպս. Մինասեան

    2 Յուլիսի, 2020

Օրացույց

Օրացույց