«…մեր նվաստ մարմինն էր աստվածակերպում Իր փառավոր մարմնի նմանությամբ»
«Սա՛ է Աստծո մեծ փառքի ծագման օրը, որը նոր արքայության սկիզբն է և էական Լույսի հայտնությունը և հավիտենական հույսի նկարագիրը», այսպես է գրում է պատմահայր Մովսես Խորենացին՝ Վարդավառի տոնի մասին իր ճառում: Վարդավառը կամ պայծառակերպությունը Տիրոջ փառքի ծագման օրն է, որովհետև այդ օրը Թաբոր լեռան վրա Հիսուս Քրիստոսի սուրբ դեմքից ճառագեց աստվածային փառքը, հայտնվեց աստվածային Լույսը՝ մի երևույթ, որ մինչ այդ աշակերտները երբևէ չէին տեսել և միայն նրանցից երեքին բախտ վիճակվեց տեսնելու այդ եզակի, աստվածատուր տեսիլքը:
Ինչպե՞ս եղավ այդ երջանիկ պահը:
Ավետարանում կարդում ենք, որ Հիսուս իր երեք աշակերտների՝ Պետրոսի և երկու եղբայրների՝ Հովհաննեսի և Հակոբոսի հետ միասին առանձին բարձրացավ Թաբոր լեռը և այդտեղ տեղի ունեցավ նրա պայծառակերպությունը կամ այլակերպությունը: Մեր Տեր Հիսուս Քրիստոսի երկրային կյանքի կարևորագույն շատ իրադարձություններ տեղի են ունենում միշտ լեռան վրա՝ լեռան վրայից Հիսուս տվեց իր երանիների քարոզը, լեռան վրա բուժեց բազում հիվանդների, բազմացրեց հացը և կերակրեց չորս հազարին, Ձիթենյաց լեռան վրա աղոթքով սկսեց իր չարչարանաց ճանապարհը, Գողգոթայի վրա խաչը ելավ և համբարձվեց դարձյալ լեռան վրայից: Հիսուս հաճախ առանձին բարձրանում էր լեռը՝ Հորն աղոթելու համար: Աստվածաշնչում լեռը Աստծո հետ հանդիպման վայր է, Մովսեսը Սինա լեռան վրա Աստծո հետ խոսեց քառասուն օր, մարգարաները ապրում և աղոթում էին լեռների վրա:
Լեռը խորհրդանիշն է Աստծո արդարության, Աստծո սրբության, Աստծո արարչագործ զորության և վեհության: Երբ Հիսուս լեռան վրա է, Նա իր աստվածային բարձունքի վրա է, Նրա աստվածային էության հայտնությունը առավել հստակ է: Հիսուսը լեռ բարձրացավ՝ իր աշակերտներից միայն երեք ընտրյալներին տանելով, որպեսզի նրանց առաջ ցույց տա, թե իրականում ո՛վ է Ինքը, իր մարդկային տկար դեմքի ներքո թաքնված սրբազան գանձը, Իր աստվածային փառքը, աստվածային Լույսը, որով լուսավորվում է աշխարհի խավարը՝ արարչագործության սկզբից ի վեր, դա այն լույսն է, որի մասին վկայում է Հովհաննեսն իր ավետարանում. «և լույսը խավարի մեջ լուսավորում է, և խավարը նրան չնվաճեց… Այդ ճշմարիտ Լույսն էր, որ լուսավորում է ամեն մարդու, որ աշխարհ է գալու», Հվհ. 1, 9: Այդ լույսը Սուրբ Երրորդության լույսն է, աստվածային էությունից բխող լույսն է, չէ՞ որ Աստված լույս է և նրա մեջ խավար չկա:
Տեր Հիսուս Քրիստոս՝ որպես Աստծո Որդի, Ի՛նքն է ճշմարիտ Լույսի Աղբյուրը, ոչ միայն նյութական լույսի, այլև՝ նախևառաջ աստվածային հավիտենական կյանքի լույսի, հոգևոր լույսի, բանականության լույսի, որից Աստված մի սրբազան մասնիկ է տալիս յուրաքանչյուր մարդ արարածի, երբ արարում է մարդու հոգին: Եվ այդ սրբազան լույսի մասնիկը մարդու համար ամբողջ կյանքում դառնում է առաջնորդող փարոս՝ դեպի իր Արարիչը, դեպի իր լույսի Աղբյուրը, որտեղից սերում է մարդը՝ որպես լույսի որդի:
Ավետարանում կարդում ենք, որ Թաբոր լեռան վրա Հիսուսի դեմքն արեգակի պես լուսավորվեց, չէ՞ որ Ի՛նքն է ճշմարիտ Արեգակը, ինչպես Ներսես Շնորհալին է աղոթում.
«Առաւօտ լուսոյ, արեգակն արդար, առ իս լոյս ծագեա՛»:
Տիրոջից ճառագող այդ լույսը ուրախություն տարածեց բովանդակ տիեզերքի վրա, ինչպես սքանչելի լեզվով նկարագրում է Մովսես Խորենացին.
«Երրորդության այս Լույսը Միածինն այսօր Թաբոր լեռան վրա իր շուրջը փայլեցրեց՝ ճառագայթելով արարածներին, որով երկինքը ցնծաց, և երկիրը պայծառացավ, երկնքի վերնահարկերը բացվեցին, և լույս հոսեց դեպի ստորին խորանը, երկնքում հայրական ձայնը հնչեց, տիեզերքը որդեգրվեց, Հոգու ճառագայթը ծագեց, երկնածինները լուսազգեստվեցին, հրեշտակների խումբը պարեց երկրի վրա, հրեղենների դասերը երկնքի դռնով մտան, երկնքի օրհնությունները երկրի վրա հնչեցին, երկիրը երկնանման զարդարվեց, դրախտի դռները բացվեցին, այնտեղից արտաքսվածը պարեց նրա մեջ, կենաց ծառի հոտը բուրեց, երկիրն անմահության ծաղիկ բուսեցրեց, կյանքի լույսը ծագեց, մահու ստվերը փախավ, արդարությունը թագավորեց, մեղքերի իշխանությունը լուծարվեց, ավետարանական փողը գոչեց, տիեզերքը քնից զարթնեց, Աստծուն մարմնով եկած տեսան և նրա հետ աստվածացան»:
Ահա՛ այստեղ է, որ լավագույն ձևով կարող ենք հասկանալ Սբ. Աթանաս Ալեքսանդրացու այն խոսքը, թե «Աստված մարդացավ, որպեսզի մարդն աստվածանա»: Տիրոջ աշխարհ գալու իմաստը սա է՝ մարդու բարձրացումը դեպի աստվածային բարձունքը, մարդու վերստին ազնվացումը, մարդու նախնական արժանապատվության վերադարձը դեպի աստվածային էության գիրկը՝ դեպի այն պատիվը, որ Ադամն ու Եվան ունեին Եդեմի պարտեզում, մարդու՝ որպես տիեզերքի գլուխգործոց, իր արժանի տեղում վերահաստատվելը՝ Աստծո փառավոր լույսերի մեջ, որտեղ մարդն ապրում է Աստծո հետ ներդաշնակ կյանքով՝ իր մարդկային կամքը լիակատար համաձայնության մեջ դնելով աստվածային կամքի հետ, հաղորդվելով աստվածային սրբությանը, իր մեջ արտացոլելով աստվածային պատկերն ու նմանությունը, որով ի սկզբանե ստեղծված է և որը կորցրել էր՝ մեղքով եղծվելու հետևանքով: Քրիստոսի դեմքից ճառագող լույսը միաժամանակ ե՛ւ սրբագրեց այդ եղծումը ե՛ւ եղավ ապացույցը Աստծո խոստման, որ բոլո՛ր մարդիկ պետք է սրբագրվեն այդ եղծումից Քրիստոսի՛ թափած Արյամբ և Քրիստոսի Արյանը հաղորդվելով:
Երբ Հիսուս իր մարդկային բնության մեջ և այդ բնության միջոցով ցոլացրեց իր աստվածային լուսեղեն բնությունը, նրա հետ խոսում էին երկու սրբեր՝ Մովսեսը և Եղիան. Մովսեսը Տիրոջ օրենքի խորհրդանիշն է, որովհետև Աստված Մովսեսի միջոցով Սինա լեռան վրա տվեց իր պատվիրանների ամբողջությունը՝ Օրենքը, իր ժողովրդին, իսկ Եղիան մարգարեությունների հավաքական կերպարն է, մարգարեների, ովքեր ուղարկված էին Աստծո կողմից՝ ժողովրդին քարոզելու ապաշխարություն և խոսելու Փրկչի գալստյան մասին, գալիք փառքի մասին, որ սպասվում է յուրաքանչյուր մարդու՝ Տիրոջ լույսին հետևելու դեպքում:
Ուրեմն, այդ երկու սրբերը Աստծո խոսքի հայտնության պատմությունն են, որոնք իրենց լրումին են հասնում Քրիստոսի մեջ: Նրանք մարգարեացան Քրիստոսի մասին, որ եկավ և կատարեց նրանց մարգարեությունները:
Երբ երեք աշակերտները տեսան այս չտեսնված պատկերը, չհասկացան, թե ինչ է կատարվում, բայց ուզում էին այդ տեսարանն իրենց հետ ունենալ միշտ, որ Քրիստոսը, Եղիան և Մովսեսը մնան իրենց հետ այդտեղ. Պետրոսն առաջարկեց երեք տաղավար կառուցել՝ Տիրոջ, Եղիայի և Մովսեսի համար: Այդ օրը, ինչպես մեր սուրբ քերթողահայր Խորենացին է մեկնում և նրա հետ՝ նաև մերօրյա որոշ մեկնաբաններ (օր.՝ Ժոզեֆ Ռացինգերը), հրեաների Տաղավահարաց տոնի վերջին օրն էր: Այդ տոնը տևում էր մեկ շաբաթ, հրեաները դրսում տաղավարներ էին շինում և տաղավարներում ապրում՝ հիշելով իրենց հայրերի քառասուն տարիների դեգերումը անապատում, վրանների մեջ ապրելը՝ Եգիպտոսից դուրս գալուց հետո, երբ Աստված նրանց փրկեց գերությունից և առաջնորդեց դեպի Ավետյաց երկիր: Այդ տոնն Աստված սահմանել էր, որպեսզի իսրայելացիները հիշեն Իր մեծագործությունը և իրենց երախտագիտությունն Աստծո հանդեպ արտահայտեն՝ հավատարմությամբ, չար գործերից հրաժարվելով, մեղավոր ընթացքից դարձ կատարելով: Հիսուս, լեռան վրա պայծառակերպվելով և Մովսեսի ու Եղիայի հետ խոսելով՝ բացահայտեց Տաղավարահարաց տոնի ճշմարիտ իմաստը՝ հիշել Աստծո ողորմությունը, որն ունի պատմություն և ունի հույսի ապագա՝ Քրիստոսի հարությամբ. բոլոր Քրիստոսին հավատացողները պետք է Քրիստոսի նման պայծառակերպվեն աստվածային լույսով: Քրիստոսի պայծառակերպված մարդկային բնությունը ամբո՛ղջ մարդկային բնությունն է, հետևաբար, Քրիստոսին հետևելով և Նրան միանալով հոգևոր միությամբ՝ Սուրբ Հաղորդությամբ, պետք է հասնենք Նրա պես լուսավորման, Աստվածային փառքի մեջ բնակության: Դարձյալ տեսե՛ք, թե ինչ է գրում Խորենացին. «Լեռը ելնելով՝ մեզ իր հետ բարձրացնում էր դեպի հայրական աթոռը. և մարդկային մարմնի դեմքն արեգակնափայլ լուսազարդելով՝ մեր նվաստ մարմինն էր աստվածակերպում Իր փառավոր մարմնի նմանությամբ»:
Պետրոսն իր՝ տաղավարներ կառուցելու առաջարկին ուղղակի պատասխան չստացավ Հիսուսից, բայց աշակերտները տեսան, թե ինչպես մի լուսավոր ամպ հովանի եղավ լեռան վրա, և մի ձայն ամպի միջից ասաց. «Դա՛ է իմ սիրելի որդին, որ ունի իմ բարեհաճությունը, դրա՛ն լսեցեք», Մտթ. 17, 5: Տերն Ի՛նքը վկայեց իր Որդու աստվածության մասին և պատվիրեց լսել նրան. սա՛ է Տիրոջ կամքը՝ որպեսզի մարդն իր սրտում ընդունի Աստծո Խոսքը և իր սի՛րտը դարձնի տաղավար՝ Աստծո բնակության համար, իր սրտում պահի Աստծո մեծ գործերը, որ կատարվել են և շարունակվում են ամեն վայրկյան կատարվել իր և ամբողջ մարդկության համար, Աստծո Լույսը վերցնի իր մեջ և ներքուստ մաքրվի, լուսավորվի:
Աստված իր վկայությամբ մարդկանց հրավիրում էր դեպի Իր լույսը և ցույց էր տալիս, թե վերջին օրը ինչպես են տեսնելու Մարդու Որդուն և ինչպիսին պետք է լինեն բոլոր նրանք, ովքեր հավատարիմ կմնան Քրիստոսին, թե ինչպես մարդկային ապականացու բնությունը կդառնա լուսե, անապական բնություն, թե ինչպես են ծագելու լույսի որդիները, ըստ Քրիստոսի խոստման, որ տվեց՝ որոմների մասին առակը պատմելիս. «Այդժամ արդարության որդիները արեգակի պես կծագեն երկնքի արքայության մեջ», Մտթ. 13, 43: Աստված Քրիստոսի լույսով մաքրվածներին կպարգևի Քրիստոսի փառքը, Սուրբ Երրորդության աստվածային կյանքին մասնակցելու երանությունը:
Տիրոջ պայծառակերպության օրը առաքյալները տոնում էին նաև որպես իրենց առաքելության սկիզբ, երբ Սուրբ Հոգով լուսավորված՝ սկսեցին վարժվել Հոգու շնորհների գործադրության մեջ և ամբողջ աշխարհում սկսեցին տարածել Տիրոջ լույսը և ավար առնել բոլորի մտքերն ու հոգիները, այստեղից էլ, Խորենացու խոսքերով, ծագում է «Վարդավառ» բառը, որ միայն հայ ազգն է տվել այս տոնին, այսինքն՝ «արդ, ավար»՝ հիմա ժամն է՝ ավար առնելու՝ հանուն Քրիստոսի. «Արդ, ավա՛ր է, ելե՛ք տիեզերքով մեկ՝ գերությամբ գերելու, ավար առնելու, պարգևներ բաշխելու և տալու մարդու որդիներին», ինչպես որ գրում է Պողոսը. «Բոլոր մտքերը գերում ենք՝ ի հնազանդություն Քրիստոսի»», Բ Կորնթ. 10, 5»:
Բայց Խորենացին մեկ այլ գեղեցիկ մեկնություն էլ է ավելացնում, որ հարստացնում է Վարդավառ բառի իմաստը. «Այս տոնը արդ, ավար է, որը Վարդավառ է կոչում Եկեղեցին՝ այդ օրն առաքինության լուսերանգ և հուսահոտ բոցատերև վարդերով հարսնազգեստ պսակվելով և հրճվելով»:
Ուրեմն, այսօր ամբողջ Եկեղեցի՛ն է հրճվում՝ վարդերով զարդարված, վարդի նման բացվելով Տիրոջ լույսի ջերմությունից և վարդի նման բուրելով անուշահոտություն, որ Քրիստոսի բուրմունքն է, որ կյանք է տալիս, ըստ Պողոսի խոսքերի: Այսօր ամբողջ Եկեղեցին, յուրաքանչյուր քրիստոնյա կոչված է աշխարհով մեկ տարածելու Քրիստոսի բուրմունքը՝ իր մաքրամաքուր կյանքով, սուրբ մտածումներով, անբեկանելի հույսով և լավատեսությամբ, թե ամեն չարիք խորտակվելու է, ամեն պատերազմ դադարելու է, երկրի վրա բուսնելու է խաղաղության վարդը, որ ամեն սուր դառնալու է դաշտում աշխատող մի մանգաղ, որ գառն անվնաս մակաղելու է առյուծի կողքին, ըստ Եսայու մարգարեության:
Երբ Թաբոր լեռան վրա աշակերտները լսեցին երկնքից հնչող տերունական ձայնը, երեսն ի վայր ընկան և սաստիկ վախեցան, բայց Հիսուս մոտեցավ, բռնեց նրանց և ասաց. «Ոտքի ելե՛ք և մի՛ վախեցեք»: Այս խոսքերի մեջ է խտանում Տիրոջ պայծառակերպության, Վարդավառի ամբողջ տոնական իմաստը՝ Հիսուս նրանց առջև իր աստվածային լույսով պայծառակեպվեց, որպեսզի փարատի նրանց վախը՝ ի դեմս Իր Խաչի, Իր անվան համար նրանց կրելիք հալածանքների, նահատակությունների, պատերազմների և ամեն տեսակ աղետների, որովհետև Ի՛նքն է այն լույսը, որին այս աշխարհի խավարը չի կարող պարտության մատնել, և Ի՛նքն է, որ բռնել է նրանց ու քաջալերում է, և այդ պատճառով էլ նրան հավատացողը հաղթելու է խավարի ուժերին:
Աշակերտները «բարձրացրին աչքերը եւ Հիսուսից բացի ոչ ոքի չտեսան». Աստծո Խոսքի հայտնությունն իր լրումին է հասնում Քրիստոսի մեջ, աշխարհն իր վերջնական իմաստին հասնում է Քրիստոսի Անձի մեջ եւ Նրա Անձի միջոցով, մարդն իր կյանքի իմաստին է հասնում՝ Քրիստոսին առավելագույն չափով նմանվելով, Քրիստոսի նման ապրելով: Ամեն բան հնազանդվելու է Քրիստոսին, որպեսզի Աստված «լինի ամեն ինչ՝ ամեն բանի մեջ», ըստ առաքյալի խոսքի (Ա Կորնթ. 15, 28). ամեն:
Տ. Հովսեփ Գալստյան
18 հուլիսի, 2020