• Բավրայի հոգևոր ճանապարհը, պատմական անդրադարձ

    Վերաիմաստավորելով անցյալի հոգեւոր ժառանգությունը


    Բավրա գյուղի պատմական անցյալի մասին ճշգրիտ տեղեկություններ գտնելը այնքան էլ դյուրին գործ չէ, տեղեկությունները սակավաթիվ են. քիչ թե շատ վստահելի միջոցը գյուղի հնաբնակներից տեղեկություններ իմանալն է, որոնց հետ զրուցելով ջանացինք փոքրիշատե տեղեկանալ գյուղի պատմական անցյալից ու ավանդույթներից՝ ավելի շատ կենտրոնանալով համայնքի հոգեւոր նկարագրի վրա:

     

    Բավրայի բնակիչների նախնիները 1829-30թթ. Մեծ Գաղթի ժամանակ Արեւմտյան Հայաստանից դեպի Վրաստան եւ Արեւելյան Հայաստան գաղթող հայերի հետ միասին գաղթել են Արդահան գավառի Վել գյուղից: Նախ հաստատվել են Ախալքալաքի շրջանի Բավրա գյուղում, հետո՝ 1854 թ., անցել են Շիրակ եւ հաստատվել այսօրվա գյուղից 3 կմ. դեպի հյուսիս-արեւմուտք գտնվող հին գյուղի տարածքում, որտեղ եղել է վրացիների արոտավայրերից մեկը: Գյուղը կոչվել է «Թիթոյի Խարաբա», որը վրացերենից թարգմանաբար նշանակում է «առաջին քարափ»:

     

    1957 թ. Լենինական-Ախալքալաք մայրուղու մոտ, հին գյուղից դեպի հարավ-արեւելք ՀՍՍՀ կառավարությունը հատկացրեց հողատարածք, որտեղ պետք է կառուցվեր նոր գյուղը: Սակայն աշխատանքները ընթանում էին շատ դանդաղ, եւ միայն 1959 թվականի դեկտեմբերի 8-ի երկրաշարժից հետո, որի հետեւանքով հին գյուղը ավերվեց, բնակիչները տեղափոխվեցին նոր գյուղ: Երկրաշարժի հաջորդ օրը գյուղի  բնակչությունը բաժանվել է երկու մասի: Մի մասը տեղափոխվել է Հոկտեմբերյանի նորաստեղծ 6-րդ Սովխոզ՝ Լենուղի գյուղ, ուր այսօր էլ կա մի փողոց, որին տեղացիները անվանում են ժաշկեցիների փողոց, իսկ բավրեցիներին՝ ժաշկեցիներ,  իսկ մյուս մասը տեղափոխվում է նոր կառուցվող Բավրա գյուղ:

     

    Հին գյուղի եկեղեցին

     

    Բավրա գյուղի բնակիչները հայ կաթողիկէներ են եւ մշտապես առանցքային նշանակություն են տվել հոգեւոր կյանքին եւ հոգեւոր-ազգային ինքնության պահպանությանը: Լավ իմանալով, որ հավատքը մեր բնակիչների համար միշտ էլ գերագույն արժեք է եղել, գյուղի բնակիչներից հետ զրույցում փորձեցինք իմանալ հին գյուղի եկեղեցու կառուցման պատմությունը:

     

    Կորյուն Սումբուլյանը պատմեց, որ Մարիամ Աստվածածնին նվիրված եկեղեցին կառուցվել է, հավանաբար, 1850-ական թվականներին: Այն երկթեք տանիքով, ցածրահարկ, մեկ ընդհանուր սրահով եկեղեցի է՝ փայտե սյուներով եւ առաստաղով: Ներսում՝ արեւելյան հատվածի կենտրոնում դրված է մի գեղեցիկ խաչքար: 1959 թվականի դեկտեմբերի 8-ին վրա հասած չարաբաստիկ երկրաշարժը կիսով չափ ավերել է եկեղեցին: Կարճ ժամանակ անց 1960-ական թվականներին՝ գյուղացիներից Մարիամ Մարգարյանի նախաձեռնությամբ գյուղի բնակիչներից կատարվել է դրամահավաք եւ իրենց ձեռքով էլ իրականացրել են եկեղեցու բարեկարգման աշխատանքները: Բնակչության՝ նոր գյուղի տարածք տեղափոխվելուց հետո Մարիամ Աստվածածնի եկեղեցին լքված ու անմխիթար վիճակում էր մնացել: Այն երկրորդ անգամ նորոգվեց 2007թ. Հայկական Կարիտասի «Ծխական հասարակական խորհուրդներ» ծրագրով եւ գյուղացիների նվիրատվություններով ու կամավոր աշխատանքով եւ հանդիսավորապես վերաօծվեց նույն թվականի հուլիսի 14-ին՝ ձեռամբ Արհ. Տ. Նշան Արքեպս. Գարաքեհեյանի, Տ. Գրիգոր Քհն. Մկրտչյանի հովվական ծառայության ժամանակ: Եկեղեցում մատուցվեց առաջին Սուրբ Պատարագը՝ շուրջ ինը տասնամյակների ընդմիջումից հետո: Եկեղեցու բակում տեղադրված են խաչքարեր, որոնք նվիրել են համայնքի բնակիչները:

    Բավրեցիները շատ կապված են հին եկեղեցու հետ եւ մինչ օրս էլ եկեղեցու մոտ մատաղ են անում, մշտապես ուխտագնացություններ են կատարում դեպի եկեղեցի: Մեծ չափով այցելություններ կատարվում են հատկապես տոների ժամանակ, մանավանդ, Վարդավառին:

     

    Տիրացուները եւ հավատքի կյանքը, հոգեւոր ավանդույթները

     

    Բավրայում ապրող եւ սպասավորող ձեռնադրված հոգեւոր հովիվ երբեւէ չի եղել, խորհրդակատարությունները եւ աղոթքները կազմակերպել են հարեւան հայ կաթողիկէ գյուղերի քահանաները, բայց եղել են տիրացուներ՝ հավատավոր, աղոթասեր անձինք, ովքեր հատուկ ծիսական շապիկներ էին հագնում եւ կատարում հոգեւոր արարողություններ՝ մկրտություններ, թաղումներ, աղոթում հիվանդների, վախեցածների, ծննդկանների եւ ննջեցյալների համար: Տիրացուներից հիշում են Տիգրան Ասլանյանին, հայր եւ որդի Պետրոս Հովհաննես Սումբուլյաններին: Հովհաննեսի եղբայրը՝ Սումբուլյան Նիկոլը, Ախալքալաքում սովորել է գրող Դերենիկ Դեմիրճյանի հետ միասին, այնուհետեւ՝ 1919 թ. մտադրություն է ունեցել հոգեւոր կրթություն ստանալու Էջմիածնի Գեւորգյան ճեմարանում, սակայն հեղափոխությունը խոչընդոտել է, եւ նա կիսատ է թողել ուսումը, չնայած միշտ հավատարիմ է մնացել եկեղեցուն՝ պահպանելով հոգեւոր սովորույթները:

     

    Գյուղի հավատավոր կանանցից են եղել Ղազարյան Լուսիկը եւ Հերիքը, ովքեր հարազատ քույրեր էին եւ մինչեւ իրենց կյանքի վերջը ապրել են ջերմեռանդ աղոթասեր կյանքով, մշտապես ծոմ ու պաս պահելով: Նրանց անուններն այսօր շատերն են հիշում, նույնիսկ՝ հարեւան գյուղերում: Գյուղի տարեցներից փորձեցինք իմանալ, թե իրենց ծնողները, պապերը ինչպիսի հետաքրքրություններ ու զբաղվածություններ են ունեցել մինչեւ Սովետական միության ժամանակները: Նրանք կարոտով էին ջանում մտաբերել պատմություններն այն մասին, թե ինչպես են հին գյուղում ծանր գյուղատնտեսական աշխատանքին զուգահեռ  զբաղվել ինքնակրթությամբ, տոն օրերին խաղեր ու միջոցառումներ են  են կազմակերպել: Այդ ժամանակ եւ մինչեւ հիմա էլ գյուղի կանայք անմասն չեն մնացել ծանր աշխատանքներ կատարելուց՝ ամեն կերպ օգնելով իրենց ամուսիններին:

     

    Աղոթքներ ասելը գյուղում  եղել է ամենակարեւոր առաքելություններից մեկը: Մինչեւ այսօր էլ հիմնականում տատիկները հիշում են իրենց ժամանակների սովորություններն ու աղոթքները, ոմանք մինչ օրս էլ աղոթում են. Վարդարանը, «Հայր Մեր» ու «Ողջույն» են աղոթել ամեն անգամ քնելուց առաջ եւ առավոտյան՝ պահպանելով ու հետագա սերունդներին փոխանցել իրենց իմացածը: Օրինակ, այդպիսի հին, արդեն գյուղական բարբառով խառնված, փոքր-ինչ աղավաղված եւ դժվար հասկանալի աղոթքներից է հետեւյալը.

     

    «ՈՂՋՈՒՅՆ ՀԱՅՐ ՄԵՐ ԱՆԱՊԱՏԻ ՀԻՍՈՒՍ ԾՆԱՎ ԲԵՐԵՑ ՈՐԴԻ ԽԱՆՁԱՐՈՒՐՈՎ ՓԱԹԱԹԵՑԻՆ ԳԵՒՈՐԳ ՏԱՐԱՆ ՄԿՐՏԵՑԻՆ, ՍՈՒՐԲ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԵՂԱՎ ՔԱՎՈՐ. ԱՄԵՆՔՆ ՀԻՍՈՒՍ ՄԵԿ ԿՈՉԵՑԻՆ. ՏԵՐ ՈՂՈՐՄՅԱ, ՏԵՐ ՈՂՈՐՄՅԱ, ԱՍՏՎԱԾԱԾԻՆ ԲԱՐԻ ՕՍՅԱԹ»,

     

    կամ այս մեկը.

     

    «ԼՈՒՍԱՑԱՎ. ԼՈՒՍՆԻՆ ԲԱՐԻ, ԵՍ ՀԱՎԱՏԱՄ ՏԵՐ ԿԵՆԴԱՆԻՆ, ՄԱՐԻԱՄ ՆՍՏԱՎ ՍՈՒՐԲ ՍԵՂԱՆԻՆ ԳԻՐՔԸ ԱՌԱՎ ԱՆԱՐԱՏ ՀՈԳԻՆ, ՉՈՔԻՆ ԼԱՑԻՆ, ՄԵՂԱՎՈՐՆԵՐ ԽՆԴԱՑԻՆ, ԱՐՔԱՅՈՒԹՅԱՆ ԴՈՒՌԸ ԲԱՑԻՆ, ՏԵՐ ՈՂՈՐՄՅԱ, ՏԵՐ ՈՂՈՐՄՅԱ, ԱՍՏՎԱԾԱԾԻՆ ԲԱՐԻ ՕՍՅԱԹ:

     

    Այս երկու աղոթքները, տատիկների խոսքով, իրենց մեջ հոգեւոր մեծ ուժ են պարունակում: Նշեմ նաեւ, որ գյուղի գրեթե ցանկացած տանը կա «հոգեւոր կամ սրբի անկյուն»՝ սրբապատկերներով մի անկյուն, որտեղ աղոթում ու մոմ են վառում յուրաքանչյուր կիրակի, եւ, եթե նույնիսկ չեն կարողանում ներկա գտնվել եկեղեցում մատուցվող Սուրբ Պատարագին, իրենց հոգեւոր պարտքը այդպես են կատարում:

     

    Թուրքական ջարդերը

     

    Բավրան Ալեքսանդրապոլի գավառի շատ այլ գյուղերի նման ենթարկվել է թե երիտթուրքական կառավարության 1918թ. զորքերի վեցամսյա օկուպացիային եւ թե, հատկապես, 1920թ. դեկտեմբեր եւ հունվար ամիսների թալանին, սպանություններին, սոցիալական դժվարությունների, ֆիզիկական եւ այլատեսակ բռնությունների: Իրենց հայրենի երկրից արտաքսվելուց ինը տասնամյակ անց սիզավետցիները դարձյալ վերապրեցին թուրքական գազանությունների հետեւանքները՝ նոր նահատակներով հանդերձ: Հայաստանի Ազգային արխիվի տեղեկությունները փաստում են հետեւյալը. «Թուրքական բանակում «այլասերումը մեծ չափեր» էր ընդունել: Թուրքերն ամենուր իրենց պահում էին անասելիորեն սանձարձակ: Ժամանակակիցը վկայում է, որ Խոտայ Խարաբա (Բավրա), Դարակեյ (Սարագյուղ), Կոր-Աղբյուր (Սիզավետ), Կոյակուլի-Ղազանչի եւ Շիշթափա (Սեպասար) հայկական գյուղերում կանայք եւ աղջիկները ենթարկվել են բռնարարքների, նրանց մի մասին առեւանգել են տաճիկները, իսկ մի մասին էլ՝ հարեւան Աղաբաբայ գյուղի թուրքերը: Այդ գյուղերում պատկերը շատ ծանր էր. ամեն ինչ կամ ավերված էր, կամ էլ վառված, ամենուր ընկած էին տասնյակ դիակներ,    պատահում էին նաեւ կիսամեռ եւ սովահար եղած երեխաներ ու ծերեր» (Հ. Բ. Աբրահամյան, «Ալեքսանդրապոլյան իրադարձությունների շուրջ, 1920թ. նոյեմբեր-1921թ. ապրիլ»): Թուրքերն անխնա թալանում էին ամեն ինչ՝ տան կահույքը, նույնիսկ վառարանները, ի սպառ ունեզրկում բնակիչներին, տանում էին հացահատիկի բերքը, անասունները, «բայրա» կոչված հարկ պահանջում գյուղացիներից, ովքեր հրաժարվում էին կատարել իրենց պահանջները, գաղտնի սպանում էին, հիմնականում գիշերները:

     

    Նոր՝ Սուրբ Նշան հայ կաթողիկէ եկեղեցին

     

    Սուրբ Նշան հայ կաթողիկէ եկեղեցու շինարարական աշխատանքները սկսվեցին 2007 թվականին՝ հին գյուղի եկեղեցու վերաօծումից անմիջապես հետո, եւ տեւեցին հինգ տարի՝ մինչեւ 2012 թ.: Շինարարական աշխատանքները սկսվեցին Արհ. Տ. Նշան Արքեպս. Գարաքեհեյանի եւ շարունակվեցին ու ավարտվեցին Արհ. Տ. Ռաֆայել Արքեպս Մինասյանի հովանավորությամբ, նախ Տ. Գրիգոր Քհն. Մկրտչյանի, ապա՝ Տ. Նարեկ քհն. Թադեւոսյանի հոգեւոր հովվության ժամանակ: Եկեղեցու կառուցումը տեղի ունեցավ ընդհատումներով, քանի որ ֆինանսական միջոցներ չէին կարողանում հայթայթել: Կառուցման համար մոտ 200.000 եվրո գումար է ծախսվել: Ֆինանսական միջոցներ հատկացրել են Կաթողիկէ Եկեղեցու գերմանական Renovabis, Kirch in Not,  ֆրանսիական Ouvre d’Orient  եւ այլ բարեգործական կազմակերպություններ: Ֆրանսիահայ անհատ բարերար Հակոբ Գաբրաշը եւս օժանդակել է եկեղեցու շինարարությանը՝ Խորանի Սուրբ Սեղանի կառուցման եւ եկեղեցու կահավորման հարցում:  Եկեղեցին կառուցված  է վարդագույն տուֆ քարից, ունի մեկ մեծ գմբեթ, թաղարավոր առաստաղ եւ աբսիդով խորան, նաեւ՝ առանձին զանգակատուն: Սբ. Նշան եկեղեցին հանդիսավորապես օծվեց 2012 թ. դեկտեմբերի 20-ին՝ ձեռամբ Արհ. Տ. Ռաֆայել Արքեպս Մինասյանի: 2013 թ. Առաջնորդ Հոր ձեռամբ նաեւ օծվեց եւ տեղադրվեց եկեղեցու զանգը, որ կշռում է  140 կգ.: Այն նվիրեց համայնքի Խաչի քավոր Վարուժ Հակոբյանը: Զանգի 80 տոկոսը պղինձ է, 20 տոկոսն այլ խտանյութից է: Մոտ 6000 դոլարին համարժեք ռուսական ռուբլի արժողությամբ զանգը պատրաստել են Մոսկվայում, տեւել է երեք ամիս ու կես, Մոսկվայից Բավրա բերել են մեքենայով: Եկեղեցու բակում տեղադրված խաչքարը կանգնեցվել է եկեղեցու ճարտարապետ Լեւ Սումբուլյանի միջոցներով եւ նվիրված է 1941-45 թվականների Մեծ Հայրենական պատերազմում զոհված բավրեցիների հիշատակին:

     

    Եկեղեցում կանոնավոր սկզբունքով Սուրբ Պատարագ է մատուցվում յուրաքանչյուր կիրակի, ինչպես նաեւ կատարվում են ժամերգություններ, ջերմեռանդական այլ աղոթքներ, գյուղում տոնական օրերին կատարվում են աղոթական թափորներ, օրհնություններ՝ Աստվածամոր արձանիկով, Սիրտ Հիսուսի սրբապատկերով: 2018-ից ի վեր գյուղում գործում է հայ կաթողիկէ պատանեկան-երիտասարդական միությունը, որի անունով էլ սկսեցինք հրատարակել այս թերթը, որտեղ պատմվում է երիտասարդների գործունեության մասին:

     

    Այս գրությունը պատրաստելիս մեզ աջակցելու համար շնորհակալություն ենք հայտնում Կորյուն Սումբուլյանին, Արմենակ Իվանյանին, Սլավիկ Սումբուլյանին եւ Իսկոս Ասլանյանին:

     

    Նիկոլ Մարգարյան

    «Կանթեղ» թերթի Գ համար

    Խմբագրեց՝ Տ. Հովսեփ Գալստյան

Օրացույց

Օրացույց