• Մոսկվայի հայ կաթողիկէները նշեցին Սբ. Գրիգոր Լուսավորչի նշխարների տոնը

    Թող Սուրբ Գրիգորը խնդրի մեզ համար հավատքի շնորհ, հավատքի զորացում, կենդանի ու գործուն հավատք


    Սուրբ Գրիգոր Լուսավորչի նշխարների գյուտի տոնը Մոսկվայի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հայ կաթողիկէ ժողովրդապետության գլխավոր տոնն է և տարեկան ուխտի օրը, քանի որ ժողովրդապետությունը անվանված է ի պատիվ հայոց հավատքի նախահոր:

     

    Այս տարի ևս, ըստ սովորության, տոնը նշվեց կիրակի՝ հունիսի 28-ին, Մոսկվայի Անարատ Հղության Կաթողիկէ Մայր Տաճարում, հանդիսավոր Սուրբ Պատարագով, որ մատուցեց Մոսկվայի հայ կաթողիկէների ժողովրդապետ, Ռուսաստանում Առաջնորդական Փոխանորդ Գերհ. Հ. Պետրոս Ծ. Վրդ. Եսայանը, ներկայությամբ պապական նվիրակության ներկայացուցիչ Գերհ. Հ. Պյոտր Տարնավսկու, Մոսկվայի լատինածես կաթողիկէների Առաջնորդական Փոխանորդ Հ. Կիրիլ Գորբունովի, Մոսկվայի լատինածես կաթողիկէների ժողովդրապետ Հ. Վլադիմիր Կաբակի, ֆրանցիսկյան միաբանության Ռուսաստանի մեծավոր Հ. Դարիուշ Կուստոտի, Հույն Կաթողիկէ Եկեղեցու համայնքի հովիվ Տ. Վասիլի Վայդայի, Opus Dei հասարակության անդամ Հ. Կառլոսի, սալեզյան միաբան Հ. Դարիուշ Հերազիմովիչի, Գթության քույրերի և Սալեզյան միաբանությունների միանձնուհիների, Ռուսաստանում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանի և նրա տիկնոջ, ինչպես նաև համայնքի հավատացյալների:

     

     

    Հ. Պետրոսի խնդրանքով Սուրբ Պատարագի ընթացքում ողջույնի խոսքով հանդես եկավ նախ Հ. Կիրիլ Գորբունովը.

     

    «Ձեզ հետ միասին ուրախանում եմ այն հարստությամբ, որ դուք պահում եք ձեր համայնքում, շնորհակալություն Ձեզ՝ Հ. Պետրոս, որ պահում եք այդ ավանդությունը, այդ թվում՝ լուսավորչությունը, որ Սուրբ Գրիգորը ավանդեց իր Եկեղեցուն … և ձեզ բոլորիդ ուզում եմ խնդրել, որ ձեր ընտանիքներում փայփայեք փոխադարձ սիրո, ծառայության, խոնարհության և գեղեցկության պարգևները: Արքեպս. Պավել Պեցցիի, Մոսկվայի Աստվածամոր  արքեպիսկոպոսության անունից խոնարհվում եմ ձեր առջև և ձեզ համար հայցում աստվածային օրհնությունը»:

     

    Գերհ. Հ. Պյոտր Տարնավսկին իր խոսքում ասաց.

     

    «Հայերը, հիրավի, պատվում են Գրիգորին՝ որպես Լուսավորչի և իրենց հոր, ինչը արտահայտություն է Քրիստոսին և Ավետարանին հավատարմության: Աշխարհն ու Եկեղեցին այսօր կարիքն ունեն այսպիսի զորեղ վկայության: Շնորհակալություն ձեզ՝ վկայության համար: Թող Աստված ամրացնի ձեզ հավատքի մեջ»:

     

    Տ. Վասիլին ողջունեց ներկաներին հույն կաթողիկէ համայնքի անունից և ասաց հետևյալը.

     

    «Մենք բյուզանդական ծեսի հետևորդներ ենք: Սբ. Գրիգոր Լուսավորչի անունը սերտորեն կապված է Բյուզանդական Եկեղեցու պատմության հետ: Արդեն 5-րդ դարում Սուրբ Գրիգորի վարքը թարգմանվել էր հունարեն, իսկ 8-րդ դարում Փոտիուս պատրարքի օրոք նրա անունը ներդրվեց ծիսական օրացույցի մեջ՝ որպես մեծ սրբի տոն՝ իր աղոթքով: Եվ Փոտիուս Պատրիարքի ժամանակ Սուրբ Սոֆայի տաճարում ստեղծվեց Սուրբ Գրիգոր Լուսավորչի սրբապատկերը: Այսպիսի խոր հարգանքով է բյուզանդական ավանդությունը պատվում ձեր սրբին՝ նրա անդադրում քարոզչության, քրիստոնեության տարածման համար՝ ոչ միայն Հայաստանում, այլև՝ ամբողջ Կովկասում: Եվ շարունակելով այդ դարավոր ավանդույթը՝ նրա հիշատակը մենք տոնում ենք տարեկան մի քանի անգամ: Ձեր սուրբը նաև մե՛ր սուրբ է, որովհետև մենք համաշխարհային՝ Կաթողիկէ Եկեղեցի ենք և պատվում ենք տարբեր ծեսերի սրբերին: Ես ուզում եմ ձեզ ի սրտե շնորհավորել այս տոնի առիթով, և թող Աստված օրհնի՛ ձեր համայնքը: Խնդրե՛նք Սուրբ Գրիգորի հատուկ բարեխոսությունը՝ ձեր համայնքի, ձեր Եկեղեցու համար»:

     

    Հ.  Վլադիմիր Կաբակն   ասաց.

     

    «Ես շատ ուրախ եմ, որ մեր համայքնում կա ավանդությունների այսպիսի բազմազանություն, և մեր եկեղեցում այդ հարստությունը ներկայացված է նաև հայկական ծեսով և եկեղեցով, որ աղոթում է այստեղ: Սա Եկեղեցու տիեզերականության շունչն է, որ մենք զգում ենք: Ձեր համայնքի հովանավորը այնպիսի աստղ է, որ ցույց է տալիս ճանապարհը դեպի Աստված: Թող Սուրբ Գրիգորը հովանավորի մեր ընթացքն առ Աստված»:

     

    Հ. Պետրոս Եսայանն իր քարոզում անդրադարձավ նախ Ավետարանի օրվա հատվածին ապա՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչի մասունքների պատմությանը.

    «Նախ, ցանկանում եմ ձեզ բոլորիդ սրտանց ողջունել մեր եկեղեցական գլխավոր տոնի կապակցությամբ, որը նվիրված է Սուրբ Գրիգոր Լուսավորչին… Այսօր մենք լսեցինք Ավետարանում, որ Աստված մեզ հավատի մշտական պահպանման կոչ է անում, որպեսզի մենք լինենք լույս՝ ներկայիս աշխարհում: Սուրբ Գրիգոր Լուսավորիչը լուսավորեց, մկրտեց հայ ժողովրդի զավակներին. այդպես էին հասկանում առաջին քրիստոնյաները «լուսավորել»  բառը՝ լուսավորում հավատքով և մկրտությամբ: Եվ այդ մկրտության շնորհիվ մենք բոլորս Աստծո զավակներ ենք: Հաճելի է, որ տարբեր ավանդույթները միասնական են Ընդհանրական Եկեղեցում: Այստեղ բոլորս միասին փառաբանում ենք Աստծուն և խնդրում Սուրբ Գրիգոր Լուսավորչի բարեխոսությունը, որի մասունքները չորս տարի առաջ մենք որպես ընծա ստացանք Նեապոլի արքեպիսկոպոսից, որտեղ գտնվում է Սուրբ Գրիգոր Լուսավորչի Եկեղեցին, որի մեջ դրված են սրբի գանգը և այլ մասունքներ: 8-րդ դարում, երբ Կոստանդնապոլսում պատկերամարտության խռովության ժամանակներն էին, միանձնուհիները փրկեցին սրբի մասունքները՝ տանելով Նեապոլ: Այնտեղ հին քաղաքի կենտրոնական փողոցներից մեկում կառուցեցին մի մեծ եկեղեցի՝ նվիրված Սուրբ Գրիգոր Լուսավորչին: Դա մի հիանալի եկեղեցի է: Եվ ահա այդտեղից Կարդինալ Կռեշենցո Սեպեն՝ քաղաքի Արքեպիսկոպոսը, մեզ նվիրեց սրբի մասունքի որոշ մասեր: Եվ դա մեզ համար դարձավ երկակի տոն՝ ոչ միայն Սուրբ Գրիգոր Լուսավորչի մասունքների ձեռքբերման տոնը, որը մենք տոնում են օրացույցում, այլ նաև դա մեծ ձեռքբերում էր մեր համայնքի համար: Սակայն այն, ինչ Գրիգոր Լուսավորիչը սովորեցնում է մեզ և այն, ինչ Աստված է ասում Ավետարանում, ևս կարևոր է, որ մենք ներկայիս աշխարհում անհավատության, անտարբերության մոխրով չծածկենք կրակը, որը Նա վառեց մեր ժողովրդի մեջ և այլ ժողովուրդների մեջ ևս՝ 3-րդ դարավերջում և 4-րդ դարասկզբում: Թող Սուրբ Գրիգորը խնդրի մեզ համար հավատքի շնորհ, հավատքի զորացում, կենդանի ու գործուն հավատք, որպեսզի, ինչպես ասացի, այս անաստվածության մեջ, փողի, իշխանության պաշտամունքի առկայության մեջ, ամենաթողության մեջ, անբարոյականության մեջ, անգամ սատանային թաքուն երկրպագության մեջ, մեր կյանքի ուղին անցնելով՝ պահպանենք հավատը, որը մեզ է կտակել Սուրբ Գրիգոր Լուսավորիչը: Սա՛ եմ աղոթում մեր բոլոր հավատացյալների համար: Այսօր ավելի շատ մարդ կլիներ այստեղ հավաքված, սակայն համաճարակի հետ կապված շատերը վախենում են, շատերը չեն կարող գալ և դա հասկանալի է: Դրա համար բոլոր ներկա և բացակա գտնվող հավատացյալների համար մատուցում եմ այս Սուրբ Պատարագը. ամեն»:

     

    Սուրբ Պատագարի ավարտին Հ. Պետրոսը Սուրբ Խորանի սպասավորներ Ռուդոլֆ Մանուկյանին, Լևոն Մուրադյանին, Հովհաննես Մելքոնյանին շնորհեց Արհ. Տ. Ռաֆայել Արքեպս. Մինասյանի օրհնության գրերը՝ նվիրյալ և հավատարիմ ծառայության համար, որ նրանք մատուցում են Մոսկվայի Անարատ Հղության Մայր Տաճարում տարիներ ի վեր և, մանավանդ, համաճարակի սահմանափակությունների այս օրերին: Հ. Պետրոսը նաև երգչախմբի մեներգչուհի Եղիսաբեթին նվիրեց Մարիամ Աստվածածնի արձանիկը:

     

    Սուրբ Պատարագից հետո դրսում եկեղեցու երգչախումբը երգեց «Ազգ իմ փառապանծ» երգը՝ որպես խորհրդանշական ավարտ տոնական այդ օրվա:

     

     

    Տեղեկությունը տրամադրեց՝ Գերհ. Հ. Պետրոս Ծ. Վրդ. Եսայանը

    Պատրաստեցին՝ Տ. Հովսեփ Գալստյանը, Նաիրա Բաղդասարյանը

     

Օրացույց

Օրացույց