• Խոսեց արդյո՞ք Սրբազան Քահանայապետը հայոց ցեղասպանության մասին Թուրքիայում: Քահանայապետական այցի մանրամասները

    Խոսեց արդյո՞ք Սրբազան Քահանայապետը հայոց ցեղասպանության մասին Թուրքիայում:
    Քահանայապետական այցի մանրամասները


     Թուրքիա այցելության առաջին օրը`նոյեմբերի 28-ին Անկարայում Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը հանդիպեց Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանին և քաղաքական մյուս առաջնորդներին: Իր ողջույնի բավական ուշագրավ խոսքում Նորին Սրբությունը նախ ասաց, որ Թուրքիայի տարածքը շատ թանկ է քրիստոնյաների համար, որովհետև այդտեղ առաջին քրիստոնյա համայնքներն է հիմնել Պողոս առաքյալը, և այդտեղ են տեղի ունեցել ընդհանրական Եկեղեցու առաջին յոթ տիեզերաժողովները: Սրբազան Պապը նշեց նաև, որ միայն անցյալը չէ, որ հարգանքի արժանի է Թուրքիայում, այլև՝ ներկայում այդ երկրում ապրող աշխատասեր ու առատաձեռն ժողովուրդը: Քահանայապետը շատ կարևոր է համարում երկխոսության զարգացումը թուրք ժողովրդի հետ՝ միասնական ջանքեր գործադրելու մահմեդականների, քրիստոնյաների և հրեաների խաղաղ համակեցության ուղղությամբ, մարդկային արժանապատվությունը հարգելու միջոցով: «Պարոն նախագահ, միջկրոնական և միջմշակութային երկխոսությունը կարող է կարևոր նպաստ բերել խաղաղության նպատակին հասնելու գործին, որպեսզի վերջ տրվի ֆունդամենտալիզմի և ահաբեկչության բոլոր ձևերին, որոնք նսեմացնում են ցանկացած տղամարդու և կնոջ արժանապատվությունը և շահագործում կրոնը».ասել է Նորին Սրբությունը Էրդողանին: Հարգանք մարդկային կյանքի և կրոնական ազատության հանդեպ.միայն այսպես կարելի է համերաշխություն հաստատել տարբեր կրոնների ներկայացուցիչների միջև, որի կարիքն ունեն այսօր Մերձավոր Արևելքի պատերազմական գոտիներում հայտնված ընտանիքները: Քահանայապետը խոսեց նաև Սիրիայում և Իրաքում եզդիների ու քրիստոնյաների հանդեպ դաժան հալածանքների մասին՝ շեշտելով, որ անցյալում ևս հալածանքներ են եղել կրոնական փոքրամասնությունների նկատմամբ: Իր խոսքի վերջում Քահանայապետն ասել է, որ Թուրքիան իր աշխարհագրական դիրքով ու ազդեցությամբ մեծ պատասխանատվություն ունի տարածաշրջանում խաղաղություն հաստատելու ուղղությամբ:

     Իսկ Թուրքիայի մահմեդական առաջնորդների հետ հանդիպման ժամանակ Նորին Սրբությունը, ավելի մանրամասն անդրադառնալով Սիրիայում և Իրաքում տիրող իրավիճակին, ասաց, որ կրոնական առաջնորդները պարտավոր են դատապարտել մարդու կյանքի և արժանապատվության դեմ ցանկացած ոտնձգություն, առավել ևս, եթե ահաբեկիչները բռնությունը փորձում են արդարացնել կրոնական գաղափարներով: Նրանք, ովքեր ուզում են պաշտել Աստծուն, պետք է լինեն խաղաղարարներ և կարողանան ուրիշների հետ ապրել որպես եղբայրներ և քույրեր՝ անկախ ազգային, կրոնական կամ գաղափարական տարբերություններից: Քրիստոնյաներն ու մահմեդականները ունեն ընդհանուր հոգևոր արժեքներ, օրինակ՝ Բազումողորմ Աստծու պաշտամունքը, Աբրահամի հանդեպ հարգանքը, աղոթքը, ծոմապահությունը և այլն, որո:նք կարող են հիմք դառնալ միջկրոնական երկխոսության զարգացման և խաղաղության հաստատման ուղղությամբ, շեշտել է Սրբազան Քահանայապետը:

     

     

     

     Խոսեց արդյո՞ք Քահանայապետը հայոց ցեղասպանության մասին Թուրքիայում

     

     Քահանայապետը Թուրքիայի առաջնորդներին ուղղված իր խոսքերում դատապարտեց մարդու կյանքի իրավունքի և արժանապատվության հանդեպ թե անցյալում կատարված և թե ներկայում տեղի ունեցող բռնության  և հալածանքի ցանկացած դրսևորում: Թեև Քահանայապետը բաց տեքստով ևս մեկ անգամ ի մասնավորի չխոսեց հայերի ցեղասպանության մասին, բայց նրա խոսքերի ենթատեքստում և հստակ դիրքորոշման մեջ պետք է անպայմանորեն նկատել ցանկացած ցեղասպանության և ջարդերի դատապարտությունը, մանավանդ, ի նկատի ունենալով այն փաստը, որը Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Քահանայապետը 2013թ. հունիսին հստակ խոսեց հայերի ցեղասպանության մասին՝ այն համարելով 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը: Թուրքիայի ղեկավարությունը քաջատեղյակ է Նորին Սրբության դիրքորոշման մասին, ավելին՝ այդ հայտարարությունից հետո Վատիկանից հետ էր կանչել Թուրքիայի դեսպանին: Թե ինչ փոփոխություններ եղան հետագայում Թուրքիայի ղեկավարության դիրքորոշման մեջ, թողնում ենք քաղաքական վերլուծաբաններին, բայց փաստ է, որ Քահանայապետի այս այցը Թուրքիա տեղի ունեցավ ոչ միայն Տիեզերական Պատրիարք Բարդուղիմեոս Աի, այլև՝ Թուրքիայի նախագահի հրավերով: Փաստ է նաև այն, որ Սրբազան Քահանայապետի այս այցի նպատակների մեջ չէր մտնում մասնավորապես հայոց ցեղասպանության վերաբերյալ Թուրքիայի ժխտողական քաղաքականության դատապարտումը, այլ՝ մարդու հիմնարար իրավունքների հանդեպ բռնության դատապարտումն ընդհանրապես, լինի Թուրքիայում, Օսմանյան Կայսրությունում, Սիրիայում, Իրաքում կամ այլուր: Քահանայապետի այցը քրիստոնեական սիրո դրսևորում էր բոլորի հանդեպ, անկախ անցյալի ժառանգությունից և ներկա քաղաքականությունից, նաև՝ հորդոր հեռու մնալու չարի ճանապարհներից:

     

     

     

     Նոյեմբերի 29-ին Սրբազան Քահանայապետը Անկարայից մեկնեց Ստամբուլ, որտեղ նրան դիմավորեց Պոլսի Տիեզերական Պատրիարք Բարդուղիմեոս Ա-ը, իսկ առաջին վայրն ուր այցելեց, Սուլթան Ահմեդի մզկիթն էր, կամ՝ Կապույտ Մզկիթը: Այնտեղ Քահանայապետին դիմավորեցին Ստամբուլի Մեծ Մուֆթին և այլ մահմեդական առաջնորդներ: Մզկիթում Քահանայապետը մահմեդականների կողքին լուռ աղոթեց 1-2 րոպե, ապա այցելեց թանգարանի վերածված հռչակավոր Հագիա Սոֆիայի տաճար: Ամբողջ աշխարհի ուշադրությունը գրավեց հատկապես նույն օրը Սբ. Գևորգ տաճարում Պոլսի Տիեզերական Պատրիարք Բարդուղիմեոս Ա-ի հանդիպումը՝ առ Աստված միասնական էկումենիկ աղոթք բարձրացնելու համար: Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը եղբայրաբար խոնարհվեց Բարդուղիմեոս Պատրիարքի առջև՝ խնդրելով նրա օրհնությունը իր և Կաթողիկե Եկեղեցու համար: Իսկ անակնկալի եկած Պատրիարքը համբուրեց Սրբազան Քահանայապետի գլուխը: Պետք է ասել, որ այս գեղեցիկ քայլը արտահայտում է երկու արյունակից առաքյալ եղբայրների՝ Պետրոսի և Անդրեասի ջերմ հարաբերությունները, որոնց առաքելական ժառանգներն են Հռոմի Սրբազան Քահանայապետը և Պոլսի Տիեզերական Պատրիարքը: Նրանք խոսեցին երկու Եկեղեցիների միջև միությունը վերակագնելու հույսի մասին, որի վկայությունն են իրենց հանդիպումները: Հիշեցնենք, որ Բարդուղիմեոս Ա Պատրիարքը հունաց պատրիարքներից առաջինն էր, որ անձամբ ներկա գտնվեց Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետի գահակալման արարողությանը 2013թ. գարնանը:

     Միության մասին առավել մանրամասն Պատրիարքն ու Քահանայապետը խոսեցին հաջորդ օրը նույն տաճարում Սբ. Անդրեաս առաքյալի տոնի առթիվ մատուցված Սբ. Պատարագից հետո, որին կանդրադառնանք ստորև: Սբ. Գևորգի տաճարում են պահվում ընդհանրական սրբեր Գրիգոր Աստվածաբանի և Հովհան Ոսկեբերանի մասունքները, որոնք 13-րդ դարում գողացվել էին Պոլսից և տարվել Հռոմ, իսկ 2004թ. Սրբազան Քահանայապետը դրանք վերադարձրեց Պոլսի Տիեզերական Պատրիարքությանը:

     Նոյեմբերի 29-ին Ֆրանցիսկոս Քահանայապետը Սբ. Պատարագ մատուցեց Ստամբուլի «Սուրբ Հոգի» կաթողիկե տաճարում՝ մասնակցությամբ Պոլսի Տիեզերական Պատրիարք Բարդուղիմեոս Ա-ի, Պոլսի հայ կաթողիկե համայնքի Առաքելական Կառավարիչ Գերշն. Տ. Լևոն Արքպեպս. Զեքիյանի, Հայ Առաքելական Եկեղեցու Պոլսի Պատրիարքի տեղապահ Գերշն. Տ. Արամ Արքեպս. Աթեշյանի, Սիրիայի, Քաղդեական կաթողիկե պատրիարքների և Ստամբուլում գործող այլ քրիստոնեական համայնքների ներկայացուցիչների: Գերշն. Տ. Լևոն Արքեպս. Զեքիյանը համապատարագեց Սրբազան Քահանայապետի հետ, իսկ Սբ. Պատարագի ժամանակ հնչեցին հայկական «Խորհուրդ խորին», «Հրաշափառ», «Սուրբ, Սուրբ» շարականները: Իր քարոզում Քահանայապետը խոսեց այն մասին, որ միայն Սուրբ Հոգու միջոցով է հնարավոր միասնականություն հաստատել Քրիստոսի Եկեղեցում.հաճախ դիմադրում ենք Սուրբ Հոգուն, որովհետև Սուրբ Հոգին մեզ դուրս է հանում մեր ստեղծած հարմարավետության գոտուց  և ստիպում վեր կենալ, առաջ տանել Եկեղեցին: Միշտ հեշտ է նստել ու չփոխել ոչնինչ մեր ընթացքի մեջ: Միայն այն ժամանակ կդառնանք Հիսուսի ճշմարիտ աշակերտներ, երբ թույլ տանք, որ Սուրբ Հոգին առաջնորդի մեզ.«Սուրբ Հոգին թարմություն է, երևակայություն և նորություն».ասաց Նորին Սրբությունը: Երբ պաշտպանվում ենք Սուրբ Հոգուց, կարծրանում ենք սեփական գաղափարների, հավականությունների, փառասիրության մեջ: Սրանք Քահանայապետը համարում է պաշտպանողական մեխանիզմներ, որոնք խոչընդոտում են մեզ բացվել ուրիշների առջև: Իսկ Սուրբ Հոգին ավելի շուտ ոչ թե մտքերը լցնում է գաղափարներով, այլ՝ բոցավառում է սրտերը, ոչ թե իշխանություն է տալիս, այլ՝ սիրելով ծառայելու կարողություն՝ մի լեզու, որը կարող են հասկանալ բոլորը:

     Նոյեմբերի 30-ին, ինչպես ասացինք, Նորին Սրբությունը ներկա գտնվեց Սբ. Անդրեաս առաքյալի տոնի առթիվ Ստամբուլի Սբ. Գևորգ տաճարում մատուցված Սբ. Պատարագին՝ Բարդուղիմեոս Ա Պատրիարքի նախագահությամբ: Սբ. Պատարագից հետո քույր Եկեղեցիների գլուխները  խոսեցին Կաթողիկե և Ուղղափառ Եկեղեցիների միության մասին: Քահանայապետը հայտարարեց.«Մենք արդեն գնում ենք դեպի լիակատար հաղորդութենական միություն»: Այդ միությունը վերականգնումն է Քրիստոսի մարմնին և արյանը միասնաբար հաղորդվելու սովորության, որը գոյություն է ունեցել մինչև Ընդհանրական Եկեղեցու մեծ բաժանումը՝ 1054թ.: Հաղորդութենական միությունը չի ենթադրում մեկի ենթակայությունը մյուսին, կամ միաձուլում, այլ՝ սիրով ընդունումը այն բոլոր շնորհների, որոնք Աստված տվել է յուրաքանչյուրին: Այդպիսի միության համար Կաթողիկե Եկեղեցին ոչ մի պայման չի դնում, բացի միայն՝ հավատքի միասնական խոստովանությունը,  ընդգծել է Սրբազան Քահանայապետը: Պատրիարք Բարթուղիմեոս Ա-ն աղոթեց, որ գա այն օրը, երբ հնարավոր կլինի վերագումարել միասնական տիեզերական ժողով, իսկ մինչ այդ, փաստեց Պատրիարքը, երկու եկեղեցիների ներկայացուցիչները մասնակցում են միմյանց եպիսկոպոսաց ժողովներին՝ դիտողի կարգավիճակով: Պատրիարքի խոսքերով, թեև վերամիավորման ճանապարհն անհարթ է, բայց միավորումն անշրջելի է: Այդ ճանապարհը Պատրիարքը համեմատել է Ղուկասի ավետարանում պատմվող Էմմավուսի ճանապարհի հետ.երկու աշակերտների հետ քայլում է ծպտյալ Տերը, ով Ինքն Իրեն հայտնում է միայն նրանց հետ միասին հաց բեկանելիս (Ղկ. 24:35):  Թե Քահանայապետը և թե Պատրիարքը վստահ են, որ վերամիավորումը առավել հրատապ է դարձել՝ հաշվի առնելով Մերձավոր Արևելքում քրիստոնյաների հանդեպ սանձազերծված սարսափելի հալածանքները: «Հալածողները չեն հարցնում, թե իրենց զոհերը որ եկեղեցուն են պատկանում…Մենք այլևս չենք կարող ինքներս մեզ թույլ տալ մեկուսացված գործելու շքեղությունը».հայտարարել է Պատրիարքը: Իր հերթին Ֆրանցիսկոս Քահանայապետն անդրադարձել է, որ միության անհրաժեշտությունը հրատապ է նաև՝ ի նկատի ունենալով իրենց ուղղված աղքատների, հալածվածների և հուսալքված երիտասարդների կանչերը՝  համընդհանուր անտարբերության ծոցում: Աղքատության, գործազրկության, ոտնահարված արժանապատվության երևույթները պարարտ հող են ատելության, ահաբեկչության տարածման համար, ուստի հարկ է միասնական ուժերով պայքարել այդ երևույթների դեմ, շեշտել է Նորին Սրբությունը: Փաստելով, որ մերօրյա երիտասարդները մեծ մասամբ երջանկություն են փնտրում միայն նյութական բարեկեցության մեջ, հենց նրանց վիճակն է  հրատապ դարձնում միասնության ուղղությամբ շարժվելու քայլերը: Երիտասարդներն են, որ ավելի շահագրգիռ են միության, որովհետև նրանք ունակ են տեսնելու տարբերություններից անդին՝ բնավ չարհամարհելով դրանք, ունակ են հասկանալու ամենակարևորը՝ այն, ինչ միացնում է, ասել է Նորին Սրբությունը: Երկու Եկեղեցիների պետերը ստորագրեցին երկրորդ միացյալ հայտարարությունը, որի համար հող էր նախապատրաստել նախորդ հայտարարությունը՝ ստորագրված 2014թ. մայիսի 25-ին, Երուսաղեմում: Այս երկրորդ պատմական փաստաղթում նրանք փաստում են միության ուղղությամբ միասնական ջանքերի գործադրման իրենց պատրաստակամությունը և խնդրում հավատացյալներին աղոթել, որպեսզի «բոլորը լինեն մեկ» (Հվն.,17:21): Փաստաթղում կարևոր անդրադարձ կա նաև Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակին և կոչ՝ միջազգային հանրությանը՝ միջոցներ ձեռնարկելու քրիստոնյաների վիճակը դյուրացնելու համար: Եկեղեցու պետերը կարևորում են նաև մահմեդականների լավ հարաբերություններ զարգացնելու անհրաժեշտությունը: Երկու Եկեղեցիների միջև հարաբերությունները սկսեցին վերականգնվել Պողոս 6-րդ Քահանայապետի և Աթենագորաս Պատրիարքի ջանքերով՝ 1964թ. Երուսաղեմում տեղի ունեցած եղբայրական հանդիպմամբ: Իսկ Հովհաննես Պողոս Բ Պապն ու Դիմիտրիոս Պատրիարքը 1981թ. ստեղծեցին աստվածաբանական երկխոսության Միացյալ միջազգային հանձնաժողովը:

     Թուրքիայից հեռանալուց առաջ Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը հանդիպեց Թուրքիայում ապաստանած փախստական երիտասարդների, ովքեր գաղթել են Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի երկրներից և Թուրքիայում գտվնում են Սալեզյան կաթողիկե միաբանների հոգածության ներքո: «Սիրելինե՛ր, մի հուսահատվեք, Աստուծոյ օգնությամբ շարունակեցե՛ք հուսալ, որ լավ կլինի…Կաթողիկե Եկեղեցին ձեզ հետ է…Հիշեցե՛ք, որ Աստված չի մոռանում իր զավակներից և ոչ մեկին, որ ամենաշատն են տառապում, ամենամոտն են Հոր սրտին: Ամբողջ Եկեղեցու հետ միասին ես կշարունակեմ աղոթել Տիրոջը, որ ոգեշնչի ղեկավարներին, որ նրանք առանց վարանելու հաստատեն արդարություն, խաղաղություն…Եկեղեցին…կմնա ձեր կողքին և ձեր հարցը կշարունակի բարձրացնել աշխարհի առաջ».ասել է իր խոսքում Նորին Սրբությունը:

     Քահանայապետը Հռոմ մեկնելուց առաջ այցելեց նաև Հայ Առաքելական Եկեղեցու Պոլսի Պատրիարք Մեսրոպ Մութաֆյանին, ով ծանր հիվանդ է և բուժում է ստանում Ստամբուլի Սան Սալվադորի հայկական հիվանդանոցում:

     

    604165_772893496118306_4471409654005321129_n 1509925_1012882588738915_1362937829353371031_n 10407368_772944269446562_7471539200973721733_n 10421124_772893559451633_2544094559046481537_n 10394128_1010262972332866_8161372665556475070_n10620342_753720721350161_1138665054223698846_o (1)

     

    Նոյեմբերի 29-ի Սբ. Պատարագը «Սուրբ Հոգի» տաճարում, հայկական շարականներով:

Օրացույց

Օրացույց