• Կա՛ ելք՝ «անելանելի» իրավիճակներից. Նայինի այրի կնոջ որդու հարությունը

    Հիսուս մեզ դուրս է կանչում մեր անելանելի վիճակից՝ Ինքն Իրեն առաջարկելով մեզ՝ որպես ելք, լուծում՝ մեր խնդիրներին


    Այսօրվա Ավետարանի հատվածը Ղուկասից է՝ 7, 11-17 համարները, որտեղ պատմվում է Նային քաղաքում Տիրոջ կողմից մի այրի կնոջ որդուն հարություն տալու դրվագը: Մեռյալներին վերստին կյանքի վերադարձնելու մասին պատմությունները Աստվածաշնչում շատ չեն եւ դրանք շատ կարեւոր կետեր են՝ խորհրդածելու համար ամենադժվարին պահերը Աստծո օգնությամբ հաղթահարելու հնարավորությունների մասին:

     

    Այսօրվա պատմությունը շատ հուզիչ է. Հիսուս իր աշակերտների հետ մտնում է Նային քաղաքը եւ դարպասի մոտ տեսնում է, որ մի դագաղ են դուրս բերում, մահացածը մի այրի կնոջ միամոր որդին էր: Կարո՞ղ ենք պատկերացնել, թե ինչպե՛ս էր այդ կինը տանջվում ցավից, որովհետեւ կորցրել էր նախ ամուսնուն, ապա եւ իր միակ որդուն՝ իր ունեցած միակ հարստությունը, իր կյանքը շարունակելու միակ իմաստը, նպատակը, իր ընտանիքի մնացած միակ ծվենը, լուսավոր կետը, մի խոսքով՝ իր ունեցած լավագույնը:

    Ղուկասը գրում է. «Երբ Տերն այդ կնոջը տեսավ, գթաց նրան եւ ասաց. «Մի՛ լար»: Եւ ապա Տերը մոտենում է տղայի դագաղին եւ մեռյալին ասում է. «Քեզ եմ ասում, ո՛վ պատանի, վեր կա՛ց», իսկ գրաբար տեքստում կարդում ենք. «պատանի դու, քեզ ասեմ՝ արի՛», Ղկ. 7, 14: Մեռյալը վեր կացավ, նստեց եւ սկսեց խոսել: Եւ Հիսուս նրան տվեց մորը», կարդում ենք Ավետարանում: Ժողովուրդը զարմացած է եւ վախեցած եւ ասում են. «Մի մեծ մարգարե է հայտնվել մեր մեջ» եւ Աստված բարությամբ այցելել է իր ժողովրդին», Ղկ. 7, 16:

     

    Հիսուսն այդ այրի կնոջը եւ հավաքված բազմությանը հենց դա էր ուզում վստահեցնել, որ Աստված իր բարությամբ այցելել է իր ժողովրդին՝ Իր Որդու անձի մեջ, Հիսուսի անձի մեջ, մտնելով մարդկային պատմության մեջ, գալով մարդկանց մոտ, ապրելով նրանց հետ միասին, շրջելով նրանց քաղաքներում, գյուղերում, որպեսզի մարդկային լեզվով եւ մարդկային կյանքով, իր գործերով բացատրի, թե ինչքա՛ն է Ինքը սիրում մարդուն եւ որ Իր անսահման գթությամբ միշտ գալիս է թեթեւացնելու մարդու վիշտը, ելք շնորհելու՝ անելանելի դրությունների մեջ:

     

    Նայինի այրին այլեւս կորցրել էր իր հույսը, որ մի ելք կլինի. որդուն արդեն տանում էին թաղելու, այլեւս բոլոր դռները փակված էին թվում, եւ ահա՛ գալիս է Նա, ով առաջարկում է ելք, տալիս է մի նոր հույս եւ իր խոսքով փոխում է իրականությունը, որը թվում էր անփոխոփոխ, դառն եւ անդառնալի:

     

    Հիսուս այս եւ մյուս գործերով փաստում է, որ Աստված անտարբեր չէ իր զավակների ցավի հանդեպ, որ միշտ շարժվում է Իր աստվածային գութը, որ Տերը միշտ խորապես ցավ է զգում՝ տեսնելով յուրաքանչյուրիս՝ տառապանքի, անելանելի դրության մեջ հայտնվելը եւ միշտ շտապում է փոխելու այդ իրականությունը, կանգնելու տառապյալի կողքին, մանավանդ, երբ տեսնում է մարդու մեջ հավատ եւ զղջում: Հիսուս պատանուն ասաց. «արի՛» եւ պատանին վեր կացավ: Ճիշտ ինչպես այդ տղային ասաց, Հիսուս մեր դժվարին օրերին միշտ մոտ է մեզ եւ այդ նույն գթությամբ, նույն ջերմությամբ եւ ցավ ի սիրտ ունենալով՝ ասում է. «արի՛»:

    Հիսուս մեզ դուրս է կանչում մեր անելանելի վիճակից՝ Ինքն Իրեն առաջարկելով մեզ՝ որպես ելք, լուծում՝ մեր խնդիրներին, նա առաջարկում է ամբողջովին վստահել եւ ապավինել Իրեն, ինչպես աղոթում է սաղմոսերգուն.

     

    «Տերն իմ կյանքի ապավենն է. ես ումի՞ց պիտի դողամ», Սղմ. 26, 1:

     

    Հիսուս նեղության մեջ գտնվող տառապյալին առաջարկում է Ինքն Իրեն՝ որպես Դուռ.

    «Ես եմ դուռը, եթե մեկն իմ միջով մտնի, կփրկվի», Հվհ. 10, 9:

     

    Հիսուս մահվան ստվերների եւ սարսափների մեջ գտնվողին առաջարկում է Ինքն Իրեն՝ որպես առաջնորդող եւ օգնական.

    «Թեկուզ գնամ մահվան ստվերների միջով, չարից չպիտի վախենամ, քանզի դու՝ Տեր, ինձ հետ ես: Քո ցուպն ու գավազանը կմխիթարեն ինձ», Սղմ. 22, 4:

     

    Հիսուս խավարի մեջ խարխափող հուսահատներին Ինքն Իրեն առաջարկում է որպես Լույս.

     

    «Տերն իմ լույսն է եւ իմ կյանքը, ես ումի՞ց պիտի վախենամ», Սղմ. 26, 1:

    «Արթացի՛ր, դու, որ քնած ես, վեր կա՛ց մեռելների միջից, եւ Քրիստոս կլուսավորի քեզ», Եփ. 5, 14:

     

    Ուրեմն, այս օրերի մեր դրությունը բնավ անելանելի չէ, նույնիսկ երբ չարն իր ճանկերը հասցնի մինչեւ մեզ եւ մեր հարազատներին, մենք իրավունք չունե՛նք վախենալու, որովհետեւ Հիսուս, որ սիրեց եւ սիրում է մարդուն մինչեւ վերջ՝ ի սպառ, չի թողնի մեզ մենակ:

     

    Բայց գիտե՞ք՝ Հիսուսի կանչը՝ «արի՛», նաեւ պատասխանատվություն է դնում մեր ուսերին: Երբ նա մեզ կանչում է Իր մոտ մեր կյանքի կոնկրետ հանգամանքներում,- իսկ Նա մի՛շտ կանչում է,-մենք չենք կարող Իրեն մոտենալ նույն վիճակով, որովհետեւ Նայինի այրի որդու մահը մեզ նաեւ առիթ է տալիս մտածելու ոչ միայն հիվանդությունների, մահվան սպառնալիքի, այլեւ՝ մեր մեղավոր վիճակի մասին, որի հետեւանքով էլ, շատ հաճախ, մենք տառապում ենք: Ինչպես գիտեք, տառապանքը, նաեւ մարմնական տառապանքը, հիվանդությունները, մահը նախնական մեղքի հետեւանք են՝ մարդկային բնության՝ Աստծուց հեռանալու մոլուցքի անխուսափելի հետեւանք: Հետեւաբար, մեղքերի մեջ թաղված եւ նույն մեղավոր կյանքը շարունակաբար ապրող մարդը նման է մեռյալի, որի համար, մի գուցե, կենսաբանական մայրը չի սգում այնպես, ինչպես պիտի սգար իր զավակի բնական մահվան դեպքում, բայց սգում է մեր բոլորի Մայրը՝ Տիրամայրը, Հիսուսի՛ մայրը, յուրաքանչյուրիս հոգեւոր մայրը եւ մեզ հոգեւոր կերակրով սնողը, դաստիարակողը:

    Սուրբ Կույսը սգում է յուրաքանչյուր մարդու, մանավանդ, մկրտվածների մեղավոր վիճակի համար, որ նշանակում է հոգեւոր մահ, եւ որն ավելի սարսափելի է՝ քան ֆիզիկական մահը, որովհետեւ ֆիզիկակական մահվանից հետո կա հավիտենական կյանք, Աստված մեկ այլ մարմին է տալու մեզ, բայց հոգու մահը, չզղջալու, մեղքերից չհրաժարվելու դեպքում կարող է լինել հավերժական, որ նշանակում է դատապարտվել դժոխքի կրակների մեջ այրվելու, իսկ սա կյանք չէ, սա հավիտենական մահ է, որովհետեւ կյանքը միայն Տիրոջ ներկայություն մեջ է եւ բխում է միայն Տիրոջից:

     

    Հիսուս մոտենում է յուրաքանչյուր մեղավորի՝ ճիշտ ինչպես մոտեցավ Նայինի մեռյալ տղային եւ ասում է. «արի՛», «վեր կա՛ց» քո մեռյալ, անկյալ վիճակից, որպեսզի գաս դեպի ինձ, դեպի լույսը: Իսկ ինչպե՞ս ենք մենք պատասխանում Իր այդ հրավերին, որ սիրուց է մղված: Երբ նեղության մեջ ենք, հիվանդությունը, վախը կրծում է մեր հոգին, մենք սիրում ենք աղաղակել եւ օգնության կանչել Տիրոջը, բայց երբ չկա հիվանդություն, առողջ ենք մարմնապես, մոռանում ենք առողջ պահել նաեւ մեր հոգին, քայլել դեպի Հիսուսը՝ մաքրագործվելով, հստակ հեռու մնալով այն ամենից, ինչ վնասում է մեր հոգին եւ մարմինը:

     

    Եւ չմոռանա՛նք, որ Հիսուս մոտեցավ այդ մեռյալի դագաղին՝ առանց այրի կնոջ խնդրանքի, Ի՛ր նախաձեռնությամբ, որովհետեւ, կարդում ենք, «գթաց նրան»: Հիսուս չի սպասում, որ մեղքերի մեջ մեռյալը Իրեն դիմի, Ինքը գիտի մեր կարիքները՝ նախքան, որ մենք Իրենից խնդրենք, ինչպես Ինքն է ասում Ավետարանում: Հիսուս Ի՛նքն է գալիս մեզ մոտ եւ կանչում է իր ետեւից եւ ասում է. «Վերցրու՛ քո խաչը եւ արի՛ իմ ետեւից», ինչպես ասաց այն հարուստ երիտասարդին, որ սակայն, չուզեց թողնել իր ունեցածը եւ հետեւել Հիսուսին: Տերը մեզ մոտ գալիս է հանկարծակի, ինչպես եկավ, օրինակ, մաքսատանը նստած Ղեւիի մոտ եւ միայն կարճ մի խոսք ասաց. «Իմ ետեւից արի՛», եւ նա թողնելով ամեն ինչ, վեր կացավ, գնաց նրա ետեւից», Ղկ. 5, 27-28: Դարձյալ այստեղ ունենք՝ «վեր կացավ»: Հիսուսին մոտենալու համար հարկավոր է վեր կենալ մեր անկյալ վիճակից, դուրս գալ քնի կամ մահվանի վիճակից եւ գնալ դեպի կյանքը: Երբ մոտենանք Հիսուսին, որ Կյանքն է, հավատացե՛ք, այլեւս, ոչինչ չի կարող ունենալ այնքան մեծ կարեւորություն, որի համար մենք հեռանանք Հիսուսից, ճիշտ ինչպես Ղեւիի համար, որ կոչվեց «Մատթեոս» եւ եղավ ավետարանիչ, ըստ ավանդության:

     

    Մահվանից դեպի կյանք դառնալու կամ հարության այս դրվագները մեզ նախապատրաստում են զատկական շաբաթվան եւ Հարության մեծագույն իրադարձությանը: Այս թեմային կվերադառնանք նաեւ այս շաբաթվա վերջին՝ խորհրդածելով Ղազարոսի հարության մասին:

     

    Տ. Հովսեփ

    30 մարտի, 2020

Օրացույց

Օրացույց