Սրբութեամբ կատարե՛նք մեր գործը, քանի որ առանց խտրութեան, մի օր մեր գործերի համար հաշիւ պիտի տանք մեր խղճի ու մեր գիտակցութեան եւ, մանաւանդ՝ Աստծու ահեղ Դատաստանի առաջ
«Յիսուս պատմում է մի մեծահարուստի մասին, որն իր ունեցուածքի համար մի տնտես ունէր (այսօրուայ հասկացողութեամբ տնտեսը կառավարչի պաշտօնն է): Որոշ ժամանակ յետոյ մարդիկ սկսում են նրանից դժգոհել՝ ասելով, թէ նա իր տիրոջ հարստութիւնը փչացնում է: Բնական կերպով տնտեսը սխալ էր գործել իր տիրոջ ունեցուածքն ու հարստութիւնը օգտագործելով իր օգտի համար: Մեծահարուստը լսելով այս մասին, իր մօտ է կանչում տնտեսին ու պահանջում, որ նա անմիջապէս իրեն յանձնուած հարստութեան հաշիւը ներկայացնի եւ հեռանայ իր պաշտօնից» (Ղուկ. 16:3):
Տնտեսը մտածում է. «Ի՞նչ պէտք է անեմ, քանի որ իմ տէրը տնտեսութիւնս ինձնից վերցնում է. հողի վրայ աշխատել չեմ կարող, մուրալ՝ ամաչում եմ: Գիտեմ թէ ի՞նչ պիտի անեմ, որպէսզի, երբ տնտեսութիւնիցս հեռացուեմ ընդունեն ինձ իրենց տները…» (Ղուկ. 16:3): Տիրոջ պարտապաններին մէկ-մէկ կանչելով` զեղչում է նրանց պարտքերի մի մասը այն հաշուով, թէ պաշտօնից զրկուելուց յետոյ իր բարերարների կողմից հոգացուեն իր ապրուստի միջոցները: Բառիս բուն իմաստով այս ձեւը գողութիւն էր, բայց զարմանալիօրէն Տէրը գովում է տնտեսի անիրաւութիւնը, որովհետեւ «իմաստութեամբ գործեց»:
Եթէ աւելի խորը մտածենք` իրօք, սա բոլորովին դէմ է Աւետարանական ընդհանուր քարոզութեան, որն ուղղամտութիւնն է, հաւատարմութիւնը եւ ճշմարտութիւնը: Շատերին թւում է, թէ բնագրի խմբագրութեան մէջ մի շփոթութիւն կայ, բայց առակին հետեւող Յիսուսի վերջին խօսքերը` «Անիրաւ մամոնայից ձեզ համար բարեկամներ արէք, որպէսզի, երբ այն պակասի, յաւիտենական յարկերի տակ ընդունեն ձեզ» (Ղուկ. 16:9) կամ «Քիչ բանի մէջ հաւատարիմը շատի մէջ էլ հաւատարիմ է, իսկ քչի մէջ անիրաւը, շատի մէջ էլ անիրաւ է… Չէք կարող եւ Աստծուն ծառայել եւ մամոնային» (Ղուկ. 16:13), որոշ չափով պարզում են այս խօսքերի իմաստը:
«Մամոնայ» բառը ասորերէն կամ արամերէն ծագում ունի, որ այստեղ գործածւում է ունեցուածք կամ հարստութիւն իմաստով:
Ընդհանրական Քրիստոնէական Եկեղեցու Հայրերը` Որոգինէս, Օգոստինոս, Եփրեմ Խուրի Ասորի, Յովհան Ոսկեբերան, Կիւրեղ Երուսաղէմացի, այսպէս են մեկնաբանում Անիրաւ Տնտեսի առակը.
(Ղուկ. 16:1-13):
«Անիրաւ Տնտեսը խորհրդանշում է մարդուն, ով մեղքերի մէջ թաղուած է եւ ուշ թէ շուտ կանգնելու է դատաստանի առջեւ: Գթացող Աստուած ցանկանում է մարդուն հասկացնել որ մինչեւ մահը ինքը հնարաւորութիւն ունի մաքրուելու այդ մեղքերից եւ դրա լաւագոյն օրինակը Անիրաւ Տնտեսի առակն է:
Լինելով մեղաւոր եւ անդրադառնալով իր գալիք կորստին՝ մարդը ձեւեր է փնտրում քաւելու իր մեղքերը ու կարողանում է գտնել դրանք: Իսկ որո՞նք են այդ ձեւերը.
Բարեգործութիւնը:
Ճիշտ է, կարծես թէ, Տնտեսը անիրաւ գտնուեց եւ չարաշահեց Տիրոջ վստահութիւնը, բայց բարեգործութեամբ շահեց Նրա գովասանքը: Ինչո՞ւ, որովհետեւ այս աշխարհում գտնուող ամէն մի իր, հարստութիւն, կեանք, ունեցուածք, Տիրոջն է պատկանում: Եւ եթէ մարդը Տիրոջ հարստութեամբ կարողանում է հոգիներ շահել եւ մեղքերը քչացնել, ապա՝ կատարում է Աստծու կամքը. «Եւ իր տիրոջ պարտապաններից իւրաքանչիւրին մէկ առ մէկ իր մօտ կանչելով առաջինին ասում է. «Իմ տիրոջը ինչքա՞ն պարտք ունես»: Եւ սա ասում է` «Հարիւր տակառիկ ձէթ», եւ տնտեսը նրան ասում է` «Ա՛ռ քո մուրհակը եւ նստիր ու անմիջապէս գրի՛ր յիսուն»: Դրանք Աստծու դիմաց ունեցած մեղքերն էին, որովհետեւ մեղքն է, որ մարդուն պարտական է դարձնում Աստծուն:
Տնտեսը գիտակցեց, որ մարդիկ ապրելով այս երկրային կեանքում, զանազան տեսակի մեղքեր են գործում, եւ դրա համար էլ շարունակեց իր բարի գործը. «Ապա դարձեալ միւսին ասաց. «Դու ինչքա՞ն պարտք ունես», եւ սա ասաց. «Հինգ հարիւր պարկ ցորեն»: Տնտեսը նրան ասաց. «Ա՛ռ քո մուրհակը եւ նստիր ու գրիր` չորս հարիւր»: Տնտեսը նրանց աչքերը բացեց եւ հնարաւորութիւն տուեց, որպէսզի քաւեն իրենց մեղքերը. «Ա՛ռ քո մուրհակը եւ նստիր ու գրիր` չորս հարիւր», այսինքն՝ իւրաքանչիւր անհատ ինքն է, որ նուազեցնում ու քաւում է իր մեղքերը, տնտեսը ուղղակի ցոյց տուեց այդ միջոցը, թէ ինչպէս կարելի է մեղքերի համար թողութիւն ստանալ. «Եւ տէրը գովեց անիրաւ տնտեսին, որովհետեւ հնարամտութեամբ գործեց…»: Այս ձեւով տնտեսը քաւում է իր մեղքերը:
Այստեղ կարեւոր է նշել այն պարագան, որ անիրաւ Տնտեսը մտադրութիւն չունեցաւ պարտատէրերի մուրհակները փոխել տալով նրանց տարբերութիւնները գանձել իր անձի համար:
Առակից պարզ է դառնում, թէ մեր կեանքը, պաշտօնն ու հարստութիւնը ժամանակաւոր են այս աշխարհի վրայ, մենք Աստծու տնտեսներ ենք, իմաստութիւն պիտի ունենանք օգտագործելու ամէն մի բարի միջոց երկնքի արքայութիւնը ձեռք բերելու համար: Մամոնան նոյնպէս միջոց է՝ բարիք կատարելու համար, երբ այն դառնում է նպատակ, «անիրաւութեան մամոնայ» է: Երկու Աստուած ունենալ չենք կարող:
Բայց մենք տնտեսներ ենք ոչ միայն նիւթական հարստութեան համար: Դրամը պիտի օգտագործենք ինչպէս բարոյական նպատակների, այնպէս էլ մեր հոգեկան շնորհքների համար: Գիտնակա՞ն ենք, արուեստագէ՞տ ենք, լեզուաբա՞ն ենք եւ կամ այլ շնորհքներ ունեցող մասնագէ՞տ ենք, չպէտք է դրանք ծառայեն մեր անձնական, շահադիտական, գծուծ նպատակներին, այլ՝ մարդկանց օգտին:
Տնտեսի առակով Յիսուսի աւանդած դասերից մէկն այն է, որ Աստծու տնտեսութեան մէջ բոլորս էլ հաշուետու տնտեսներ ենք, Աստուած մի օր մեզնից հաշիւ պիտի պահանջի՝ ասելով. «Տո՛ւր քո կեանքի հաշիւը»: Ինչպէս տնտեսից սպասւում էր հաւատարմութիւն, նոյնպէս եւ մեզանից ակնկալւում է` խօսքի, գործի, պատուի, նպատակի, կեանքի ու կենցաղի հաւատարմութիւն:
Անհաւատարիմ տնտեսը, եթէ ժամանակին հեռատես լինէր, ինքն իրեն խնայած պիտի լինէր այն բոլոր տագնապներն ու տառապանքները, որոնց նա ենթարկուեց: Այն օրերին, երբ նա իր տիրոջ ունեցուածքն ու հարստութիւնն էր փչացնում, պէտք է անդրադառնար, թէ այդ ընթացքը իրեն դէպի տնտեսական կործանում է տանում: Եթէ նա իր ժամանակին ճիշտ վարուէր՝ հարցը տարբեր կլինէր: Նոյնն է պարագան նաեւ մեզ բոլորիս համար: Եթէ անդրադառնանք մեր մի շարք սխալներին, թերութիւններին, յանցանքներին եւ մեղքերին, պիտի խնայենք մենք մեզ շատ նեղութիւններ, ցաւեր ու տառապանքներ:
Մեծ Պահոց այս օրերին, երբ բոլորս գիտակցօրէն փորձում ենք աւելի մօտենալ Աստծուն, մեր աղօթքն ու մաղթանքն է, որ մենք չմտածենք միայն նիւթական եւ մամոնայի մեզ տուած ժամանակաւոր ու խաբուսիկ ապահովութիւնների մասին: Փնտրենք հոգեւոր սխրանքը, բարոյական հզօրութիւնն ու տոկունութիւնը, քանի որ մարդն Աստծու համար մեծ արժէք է ներկայացնում: Գոհանա՛նք մեր ունեցած քչով եւ ընտրե՛նք կեանքի ճշմարիտ ուղին, մեր շնորհքով, խելքով ու ազատ կամքով: Սրբութեամբ կատարե՛նք մեր գործը, քանի որ առանց խտրութեան, մի օր մեր գործերի համար հաշիւ պիտի տանք մեր խղճի ու մեր գիտակցութեան եւ, մանաւանդ՝ Աստծու ահեղ Դատաստանի առաջ: Ամէն:
Աղոթք առ Սուրբ Կույս Մարիամ Աստվածածին
Մա՛յր իմ, փորձության և սպասողական վիճակի ենք։
Այսօր մեր մեղքերի համար կանգնած ենք փորձության առջև,
Թույր մի՛ տուր, որ երկմտենք, այլ ավելիով կառչած մնանք քո Որդուն՝ Հիսուս Քրիստոսին, քանի որ Նրանից է ճշմատությունը և կյանքը։
Այսօր մենք վախեցած ենք։ Քո Որդու միջոցով ավելացրո՛ւ մեր հավատքը, վստահությո՛ւն դիր մեր սրտի մեջ, քանզի գիտենք, որ քո Որդին է մեզ առաջնորդելու Իր Հոր հավիտենական օթյակների մեջ։
Մի՛ թող, որ վախենանք։ Ապրենք վստահությամբ, որովհետև մեր Տերն է մեր հույսն ու փրկությունը։
Մեզ՝ մեղավորներիս, օգնի՛ր և առաջնորդի՛ր դեպի քո խաչյալ Որդին, որովհետև Նրանից է կախված մեր հավիտենականությունը։ Ամեն։
Տէր Գրիգոր Աւագ Քհնյ. Մկրտչեան
Գյումրու Սրբոց Նահատակաց Հայ Կաթողիկէ
Աթոռանիստ Եկեղեցւոյ Ժողովրդապետ