• Կորուսյալ դրախտը. քարոզներ, Բուն Բարեկենդան եւ Ադամի մուտքը դրախտ

    «Որտեղ որ ձեր գանձերն են, այնտեղ էլ ձեր սրտերը կլինեն», Մտթ. 6, 19-21


    Մեծ Պահոց շրջանի առաջին կիրակին կոչվում է Բուն Բարեկենդան կամ Մուտն Ադամայ ի դրախտն: «Բարեկենդան», քանի որ այսօր Սուրբ Եկեղեցին ձեզ՝ հավատացյալներիդ հրավիրում է զորացնել ձեր մարմինները՝ լավ սնվել, որպեսզի կարողանաք անցնել Մեծ Պահքի օրերը: Բարեկենդան՝ նշանակում է «բարի կենդանություն», սա էին միմյանց մաղթում նախկինում հայերն այս օրը, այսինքն՝ բարի, լավ կյանք: Բայց որպես քրիստոնյաներ, մենք պետք է միշտ հիշենք, որ բարի կյանքը նախեւառաջ ոչ թե նյութական ապահովության, առատ ուտելիքի եւ զվարճանքի մեջ է, այլ՝ այն երջանկության, որը բխում է Աստծո հետ մարդու մտերմությունից: Այս կիրակին նաեւ մեզ հիշեցնում է Ադամի եւ Եվայի դրախտային կյանքը, դրա համար էլ կոչվում է «Ադամի մուտքը դրախտ», երբ նրանք ոչ մի բանի կարիք չունեին, ապրում էին լիառատ, երջանիկ եւ, ամենակարեւորը, Աստծո եւ իրենք իրենց հետ ներդաշնակ կյանքով: Ադամի եւ Եվայի երջանկության գլխավոր պատճառը նրանց ապրելն էր Աստծո ներկայության մեջ, նրանք Աստծո մտերիմներն էին, որովհետեւ ապրում էին Արարչի կամքի համաձայն, պահում էին Նրա օրենքը՝ չուտել բարու եւ չարի գիտության ծառից, այսինքն՝ հեռու մնալ ոչ միայն չար արարքներից, այլեւ՝ նույնիսկ չարի մասին գիտելիքից, մտքից, որովհետեւ Աստված գիտեր, որ մարդն այնքան ուժեղ չէ, որ կարողանա դիմադրել չարի գայթակղություններին:

     

    Քանի որ չկար մեղքը, ապա չկար նաեւ որեւէ խզում ներդաշնակության՝ մարդու եւ Արարչի միջեւ, հետեւաբար, չկար եւ խզում մարդկային հարաբերությունների ներդաշնակության մեջ, չկար խռովք մարդու հոգում, մարդն ինքն իր հետ եւս հաշտ ու ներդաշնակ էր, չկար ամոթի զգացում, քանի որ չկար գործված սխալ, չկար մարմնի անկանոն ցանկություններ, հետեւաբար եւ չկար անհրաժեշտություն ծածկելու մարմինը. «Նրանք մերկ էին եւ չէին ամաչում», Ծննդ. 2, 25: Մարդը լիովին կարողանում էր կառավարել իր մարմինը, իր ցանկությունները, իր հոգին զորեղ էր, միտքը հստակ եւ համաձայն Աստծո հետ: Աստված Ադամին տվեց կին, որպեսզի Ադամը միայնակ չլինի եւ կարողանա զարգանալ որպես ընկեր, սոցիալական անհատ, կարողանա սովորել սիրել, ինքն իրեն նվիրել դիմացինին եւ իր կնոջ հետ դառնալ մեկ անբաժանելի մարմին՝ նմանվելով իր Արարչին՝ Սուրբ Երրորդությանը, որն առաջին եւ կատարյալ ընտանիքն է կամ համայնքը՝ աստվածային Անձերի անբաժանելի միությամբ, որոնց հարաբերությունները հիմնված են հավերժական սիրո վրա: Ադամը եւ Եվան Աստծո կողմից հրավիրված էին իրենց հարաբերությունները կառուցել սիրո վրա՝ նմանվելով Սուրբ Երրորդությանը. «Եւ Աստված ասաց. «Մարդ ստեղծենք ըստ մեր պատկերի եւ նմանության», Ծննդ. 1, 26:

     

    Այսպիսով, մեր նախածնողները՝ Ադամը եւ Եվան ունեին Աստծուց իրենց շնորհված բոլոր հնարավորությունները ապրելու ըստ Աստծո նմանության, իրենք իրենց եւ իրենց միջեւ ընտանեկան հարաբերությունները կառուցելու Աստծո կամքի եւ ծրագրի համաձայն, այսինքն ունեին բոլոր հնարավորությունները ապրելու հավիտենական երջանկության մեջ՝ մասնակից լինելով Աստծո երջանկությանը, որը մարդու արարման գերագույն նպատակն է Աստծո ծրագրում՝ մարդուս երջանկությունը՝ Աստծո հետ անբաժանելի հավերժական մտերմության, միության կամ հաղորդության մեջ: Սուրբ Հաղորդությունն էլ, որ ճաշակում ենք յուրաքանչյուր Սուրբ Պատարագի ժամանակ, մեզ հիշեցնում է Աստծո հետ այդ միության մասին, որը ունեինք նախքան մեղսագործությունը եւ որը դարձյալ կարող ենք վերականգնել՝ հավատալով եւ հետեւելով Տեր Հիսուս Քրիստոսին:

     

    Ադամը եւ Եվան այս անսահման հոգեւոր բարիքի շնորհիվ, որ վայելում էին, ունեին նաեւ այլ առավելություններ՝ չկային մեղքի հետեւանքները՝ մարմնի ապականությունը, քայքայումը, հիվանդությունները, հացը երեսի դառն քրտինքով վաստակելու անհրաժեշտությունն ու հանապազորյա մտահոգությունը. ամեն ինչ նրանց ավելի հեշտ էր տրվում: Ի վերջո, չկար մեղքի ամենասարսափելի հետեւանքը՝ մահը:

     

    Ուրեմն, տեսե՛ք, թե ի՛նչեր ունեին մեր նախածնողները բարօրության դրախտում՝ Էդենի պարտեզում, որը մենք հրավիրված ենք այսօր հիշելու եւ վերապրելու: Ուրեմն, մեր ուշադրությունը պետք է սեւեռենք ավելի Ադամի եւ Եվայի ունեցած հոգեւոր առավելությունների, բարիքների վրա, քան թե նյութականի: Ճիշտ այդպես էլ երբ սկսենք պահեցողությունը, պետք է առավել կենտրոնանանք ոչ թե սննդային պահեցողության մանրամասների կամ սննդատեսակների վրա, այլ՝ բարոյապես վատ ու կործանարար սովորություններից ինքներս մեզ ետ պահելու վրա, այլ խոսքով՝ մեղքի ամենափոքր դրսեւորումի՛ց անգամ հեռու մնալու անհրաժեշտության վրա:

     

    Երբ մենք լավ հասկանանք, վերլուծենք եւ գնահատենք այն երանելի վիճակը, որը վայելում էին Ադամը եւ Եվան նախքան մեղսագործելը, առաջիկա քառասունութ օրերին եւ ընդհանրապես պետք է ամեն ինչ անենք, որպեսզի չկրկնենք Ադամի եւ Եվային անդառնալի հանցանքը, որի մասին առավել մանրամասն պիտի խոսենք հաջորդ կիրակի, որ կոչվում է «Ադամի արտաքսումը դրախտից»:

     

    Բայց մենք, որպես քրիստոնյաներ, կոչված ենք մտածելու շատ ավելի վսե՛մ մի իրականության մասին, որը գերազանցում է Էդենի պարտեզին՝ Երկնքի Արքայության մասին: Երկինքը Աստծո բնակության հավերժական վայրն է, որը գալու է այս ժամանակավոր իրականությունից հետո եւ որի համեմատ Էդենի պարտեզի կամ դրախտի նկարագրությունը շատ թույլ է եւ թերի. այն ինչ որ սպասվում է Աստծուն սիրողներին այս աշխարհի եւ ժամանակների վախճանին, շատ ավելի՛ն է, քան այն, ինչ եղավ սկզբում եւ գրվեց Ծննդոց գրքում: Աստվածաշնչի վերջին գիրքը մեզ ներկայացնում է շա՛տ ավելի վեհ մի պատկեր, քան ունենք Ծննդոց գրքում.

     

    «Տեսա նոր երկինք եւ նոր երկիր, քանի որ առաջին երկինքն ու երկիրն անցել էին, եւ ծով չկար այլեւս: Եւ տեսա սուրբ քաղաքը՝ նոր Երուսաղեմը, որ իջնում էր Աստծու մոտից եւ երկնքից` ինչպես իր փեսայի համար զարդարված եւ պատրաստված հարսը: Եւ երկնքից լսեցի մի ձայն, որ ասում էր. «Ահավասիկ Աստծո տունը, Նա պիտի բնակվի նրանց մեջ եւ նրանք պիտի լինեն նրա ժողովուրդը, եւ Նա՝ նրանց Աստվածը: Եւ նրանց աչքերից պիտի սրբի ամեն արտասուք. այլեւս մահ չպիտի լինի, ո՛չ սուգ, ո՛չ աղաղակ, ո՛չ ցավ եւ ոչ չարչարանք պիտի լինեն, քանի որ նախկինն անցավ», Հյտն. 21, 1-4:

     

    Այս վսեմ իրականությու՛նն է սպասում յուրաքանչյուր մարդ արարածի, ով հավատում է Աստծո հայտնությանը եւ Եկեղեցու առաքելության նպատակին՝ մարդուն առաջնորդել դեպի ազատագրում մեղքից:

     

    Մեծ Պահքը մեզ առաջարկում է առավել վճռականորեն պայքարել մեղքի դեմ՝ հիշելով, թե ինչ՛ից զրկվեցին առաջին մարդիկ եւ ինչպիսի՛ դափնեպսակ է սպասվում այս պատերազմը հաղթողներին:

     

    Մենք այսօր պիտի մտածենք, թե ինչպիսի՛ խոստում ունենք՝ մեզ շնորհված Աստծուց, որը կարող ենք կորցնել մեր անփութության, ծուլության, անտարբերության պատճառով, ավելի շատ նյութականի ետեւից վազելու մեր անհագուրդ ցանկության պատճառով, որը եւ մեզ կոչ է անում սանձել Եկեղեցին Մեծ Պահքի օրերին:

     

    Այսօրվա առաքելական գրության մեջ Պողոս առաքյալը հռոմեացիներին ասում է. «Ճիշտ ժամանակն է՝ քնից արթնանալու, որովհետեւ փրկությունն այժմ մեզ ավելի մոտ է, քան երբ հավատացինք: Գիշերն անցավ, եւ ցերեկը մոտեցավ: Ուստի, դեն նետենք խավարի գործերը եւ հագնե՛նք լույսի զենքերը», Հռմ. 13, 11-12:

     

    Փրկության օրեցօր առավել մոտալուտ լինելը, մշտապես մեր աչքի առաջ ունենալը մեզ պիտի մղի ամեն ժամ առավել արթուն լինելու, որպեսզի սատանան մեզ չկարողանան խաբել՝ ինչպես խաբեց առաջին մարդկանց եւ շարունակում է խաբել այսօրվա մարդուն ամեն վայրկյան, երբ մարդը քնած է: Բայց Պողոսն ասում է՝ վե՛ր կացեք, գիշերն անցավ, այսինքն մեր խավարային կյանքը, մեղքերը արդեն հաղթարել ենք, դուրս ենք եկել դեպի լույսը, ցերեկը, պետք է մեղքի եւ չարի դեմ կռվենք լույսի զենքերով՝ Տիրոջ պատվիրաններով, Նրա Խոսքով եւ Նրանով սնվելով: Այս քառասուն օրերին մենք պիտի հիշենք մեր յուրաքանչյուրիս կյանքի գիշերը, մեր մեղքերը, որոնք թոթափեցինք եւ ուրիշները, որոնք հրավիրված ենք վայրկյան առաջ թոթափելու, որպեսզի էլ երբե՛ք, երբե՛ք մեղքի մեջ չընկնենք, էլ երբե՛ք մեր մեղքերի համար արդարացումներ չփնտրենք, մեր անտարբերության, Սուրբ Պատարագի ներկա չլինելո համար արդարացումներ չմտածենք, մեղքերը չխոստովանելու համար պատճառներ չհորինենք, հողմաղացների դեմ կռվելու փոխարեն՝ սատանայի դեմ կռվենք՝ մեր հավատի եւ սրբության վահանով, որոնք լույսի զենքերն են:

     

    Եւ հիշենք, թե ինչ էր այօրվա ավետարանական հատվածի վերջին տողերը, որոնք ասում է Հիսուս.

     

    «Ձեզ համար գանձեր մի՛ դիզեք երկրի վրա, որտեղ ցեցն ու ժանգն են փչացնում, որտեղ գողերը պատերն են ծակում եւ գողանում, այլ ձեզ համար գանձեր դիզե՛ք երկնքում, որտեղ ոչ ցեցը, ոչ ժանգը չեն փչացնում, ոչ էլ գողերն են պատերը ծակում եւ գողանում, որովհետեւ որտեղ որ ձեր գանձերն են, այնտեղ էլ ձեր սրտերը կլինեն», Մտթ. 6, 19-21:

     

    Եկե՛ք այս օրերին մտածենք, թե որտեղ են իրականում մեր սրտերը, որո՞նք են մեր գլխավոր մտահոգությունները, ինչի՞ն են ուղղված մեր առաջնային ձգտումները, նպատակները՝ երկրային հարստությունների՞ն, թե՝ երկնային:

     

    Թո՛ղ Աստվածամայրը մեզ առաջնորդի մեր այս քառասնօրյա ճամփորդության ընթացքում. Ամեն:

     

    Տ. Հովսեփ

Օրացույց

Օրացույց


Recent Comments