Եղբայրական այցելություններ
2020թ. փետրվարի 7-ին Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը Վատիկանում ընդունեց Տանն Կիլիկիոյ կաթողիկէ Հայոց Ամեն. Տ. Գրիգոր Պետրոս Ի Կաթողիկոս Պատրիարքին Մերձավոր Արևելքի կաթողիկէ պատրիարքներին՝ կարդինալ Լուի Ռաֆայել Ա. Սագոն, կարդինալ Պշարա Պութրոս Ռաային, գերապայծառ Իպրահիմ Իզաաք Սիտրաք եպիսկոպոսին, գերապայծառ Յուսէֆ Ապսի եպիսկոպոսին և գերապայծառ Ինիաս Եուսեֆ Գ Յունան եպիսկոպոսին։
Հանդիպումը տեղի ունեցավ վերջիններիս խնդրանքով։ Հաջորդ օրը՝ փետրվարի 8-ին, պատրիարքները հանդիպեցին նաև Վատիկանի պետական քարտուղար Փիեթրո Փարոլինի հետ։
Սրբազան Քահանայապետի հետ հանդիպման ընթացքում տեղի ունեցած քննարկումների առանցքը Միջին Արևելքի տագնապալի կացությունն էր։
Հանդիպումից հետո Կարդինալ Լուի Ռաֆայել Սագոն հայտարարեց, որ Նորին Սրբությունը շատ մոտիկություն է ցուցաբերել։ «Նրա հետ խոսեցինք մեր երկիրների ու Եկեղեցիների դիմագրաված դժվարությունների մասին և նա իրապես հասկանում է մեր տառապանքը», ասաց նա։
Նշենք, որ Ամենապատիվ և Գերերջանիկ Հոգևոր Տերը փետրվարի 4-ին մեկնել էր Հռոմ՝ նախագահելու Հայ կաթողիկէ Եկեղեցու մնայուն Սինհոդոսի ժողովում, ինչպես նաև կատարելու Տեր Կարապետ Գլընճեանի քահանայական ձեռնադրությունը։ Նա Բեյրութ կվերադառնա մարտի 1-ին։
Աղբյուր՝ Հայ Կաթողիկէ Պատրիարքության պաշտոնական կայք