
Երիտասարդության հոգևոր զարգացման առաքելությունը
2026թ. հուլիսի 20-25-ը Ստեփանավանում կազմակերպվեց ՀԿԵՄ` Հայ կաթողիկէ երիտասարդական միության ճամբարը, որին մասնակցեցին 54 երիտասարդներ` Հայաստանի, Վրաստանի և Ռուսաստանի հայ կաթողիկէ համայնքներից` չորս հոգևորականների և Արհ. Տ. Գևորգ Արքեպս. Նորատունկյանի առաջնորդությամբ: Հանգստյան գոտու լոգիստիկ հարցերի կազմակերպիչն էր Տաշիրի հայ կաթողիկէների ժողովրդապետ Գերհ. Հ. Ներսես Ծ. Վրդ. Գալստյանը` ՀԿԵՄ փոխնախագահ Սերժ Նազարյանի համակարգմամբ: ՀԿԵՄ հոգևոր պատասխանատուներն էին` Տ. Կոմիտաս Քհն. Դավեյանը, Տ. Հովսեփ Քհն. Գալստյանը և ՀԿԵՄ Նախագահ` Նաիրի Հաջյանը: Կաթողիկէ Հայոց Առաջնորդ Արհ. Տ. Գևորգ Արքեպս. Նորատունկյանը իր հայրական ներկայությամբ և օրհնությամբ երիտասարդների հետ էր ճամբարի բոլոր հինգ օրերին:
Ճամբարի օրակարգում ընդգրկված էին հետևյալ գործողությունները.
1.ամենօրյա Սուրբ Պատարագ և լուռ աղոթքի պահեր` բացօթյա տարածքներում. բացման և ամփոփիչ Սուրբ Պատարագները մատուցեց Արհ. Տ. Գևորգ Արքեպս. Նորատունկյանը,
2.ուխտագնացություն դեպի Տաշիրի և Մեծավանի հայ կաթողիկէ եկեղեցիներ. Տաշիրի Աստվածամոր վերափոխման եկեղեցում Սուրբ Պատարագը մատուցեց Տաշիրի հայ կաթողիկէների ժողովրդապետ Գերհ. Հ. Ներսես Ծ. Վրդ. Գալստյանը,
3.բանախոսություններ և քննարկումներ` հետևյալ թեմաներով և բանախոսներով.
– «Երիտասարդների առաքելությունը Եկեղեցում, ո՞րն է իմ կոչումը և դերակատարությունը». Գերհ. Հ. Ներսես Ծ. Վրդ. Գալստյան,
– «Ընտանիք կազմելը` որպես կոչում, քրիստոնեական ընկալումը». Տ. Կոմիտաս Քհն. Դավեյան,
– Խորհրդածություն աղոթքի և աղոթքի տեսակների մասին, Տ. Հովսեփ Քհն. Գալստյան և Արմեն Ադամյան,
– Եկեղեցու ժամանակակից դիրքորոշումը՝ արհեստական բանականության վերաբերյալ, Լևոն 14-րդ Պապի «Magnifica humanitas»՝ «Մեծասքանչ մարդկությունը» շրջաբերական նամակի մի քանի կետեր, Արմեն Ադամյան,
– «Մասնագիտական կողմնորոշումը` որպես կոչում քրիստոնյայի կյանքում», Տ. Հովսեփ Քհն. Գալստյան,
– «Արդյո՞ք հնարավոր են հրաշքները` այս կյանքում», քննարկում, Տ. Միքայել Քհն. Դոմբուրյան,
– «Հոգևոր ծառայության կոչումը` քահանայություն և վանական կյանք` միանձներ և միանձնուհիներ», Արհ. Տ. Գևորգ Արքեպս. Նորատունկյան,
– երեք աշխատարաններ` Ֆրանցիսկոսի պապի «Քրիստոս ապրում է» շրջաբերական նամակի բովանդակության մասին, պատրաստություն ԵՀՕ-2027, Սեուլ միջոցառմանը. երիտասարդները ընթերցում էին հոգևոր տեքստեր, կատարում լուռ խոհրդածություն, լրացնում աշխատաթերթիկներ, լուռ աղոթում և քննարկում արդյունքները,
– Աստծո Խոսքի շուրջ խորհրդածություն` Lectio Divina, Հվհ. 1:35-51` առաքյալների կոչման մասին պատմությունը: Երիտասարդներին տրվեց հնարավորություն` մտածելու սեփական կոչման մասին` որպես Քրիստոսի առաքյալ, ապա կիսվելու միմյանց հետ, թե ինչ մտածեցին և ինչ զգացին Աստծո Խոսքի ընթերցման ընթացքում,
-Սբ. Քարլո Աքութիսի մասին ֆիլմի դիտում և քննարկում, Սուրբ Քարլոյի հավաքածուի մաս կազմող Սուրբ Հաղորդության Լանչիանոյի 8-րդ դարի հրաշքի պատմությունը, որը ներկայացրեց ճեմարանական եղբ. Սիմավոն Մկրտչյանը,
– «Ո՞վ է Սբ. Ֆրանցիսկոս Ասսիզեցին». սրբի ի Տէր հանգչելու 800-ամյածկի առիթով սրբի մասին կենսագրական տեղեկություններ ներկայացրեց Մարիա Ավետիսյանը, ապա դիտեցին և քննարկեցին սրբի մասին ռեժիսոր Ֆրանքո Զեֆիրելիի «Եղբայր արև, քույր լուսին» ֆիլմը,
– սպորտային խաղեր, ինտելլեկտուալ խաղեր,
– խարույկ, երաժշտություն, պարեր, ուրախա երեկույթ և ամփոփիչ միջոցառում, որի ընթացքում Սրբազանը մեկ առ մեկ շնորհակալություն հայտնեց ճամբարի բոլոր կազմակերպիչներին և երիտասարդներին` բաշխելով նրանց իր հայրական օրհնությունը և հրավիրելով մտածել այս օրերի ընթացքում իրենց ունեցած հարուստ հոգևոր և ընկերային փորձառության մասին և թե ինչպես այն կարելի է գործի վերածել` որպես ՀԿԵՄ-ի առաքելություն:
ՀԿԵՄ այս ճամբարը հնարավոր եղավ կազմակերպել Ամերիկյան Եպիսկոպոսների Խորհրդի` USCCB-ի բարերարությամբ և մասնակից երիտասարդների կամավոր նվիրատվություններով:
Տ. Հովսեփ Քհն. Գալստյան
Դիվան Առաջնորդության Կաթողիկէ Հայոց
25 հուլիսի, 2026թ.





