Երիտասարդները նախաձեռնել են ակցիաների շարք՝ անապահով երեխաներին ձմռան վառելիքով և սննդով օգնելու նպատակով
Կաթողիկե Եկեղեցին մշտապես ուշադրության կենտրոնում է պահել աղքատներին, հաշմանդամներին, խոցելի խմբերին և տարբեր ձեռնարկներով ջանում է օգտակար լինել նրանց՝ առաջնորդվելով Եկեղեցու սոցիալական վարդապետության սկզբունքներով, որոնց հիմքը Տիրոջ ավետարանական պատվիրաններն են: Աղքատների մեջ Քրիստոսին տեսնելու և նրանց օգնելու պարտականության մասին իր քարոզներում մշտապես հիշեցնում է Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը և մատնացույց անում հատկապես Մատթեոսի ավետարանի 5-րդ և 25-րդ գլուխները, պատվիրում ամեն օր վերընթերցել դրանք ու դարձնել կենսակերպի օրենք՝ modus vivendi, Ավետարանը քարոզել ապրելով, կյանքով, և, հարկ եղած դեպքում՝ նաև բառերով, ինչպես իր եղբայրներին սովորեցնում էր Սուրբ Ֆրանցիսկոս Ասսիզեցին՝ այդ «մեծ աղքատը»՝ Poverello-ն:
Գյումրիի հայ կաթողիկե մի խումբ երիտասարդներ, համայնքի ժողովրդապետի օրհնությամբ և աջակցությամբ, ամեն տարի Սուրբ Ծննդյան տոնից առաջ աղքատներին վառելիքով, սննդով կամ նվերներով օգնելու ցանկությամբ կազմակերպում են փողոցային հանգանակություններ և իրենց ձեռքով պատրաստված իրերի, վարդարանների, սրբապատկերների վաճառք: Եվ ամեն տարի ինչ-որ մի աղքատ երեխա, ինչ-որ մի տարեց կամ հաշմանդամ Սուրբ Ծննդյան սեղան է ունենում և տաքանում վառարանի ջերմությամբ: Այս անգամ իրենց ավանդական նախաձեռնությունը երիտասարդները սկսեցին Սուրբ Ծնունդից մեկ ամիս առաջ, որպեսզի կարողանան մեծ գումար ու սնունդ հավաքել: Դրսում ցուրտ է, բայց երիտասարդները, մեծ մասամբ՝ աղջիկներ, թողնելով իրենց հարմարավետ տները, Ռիժկովի ճեմափողոցում կանգնած, ջանում են անցորդների ուշադրությունը գրավել՝ յուրաքանչյուրին հրավիրելով մի փոքրիկ նվիրատվություն կատարել կամ մի բան գնել յօգուտ անապահով մանուկների: Այս անգամ օգտագործեցին նաև անապահով երեխաների լուսանկարներ, որոնք սիրով տրամադրել է անապահովների հետ աշխատանքի մեծ փորձառություն ունեցող «Շիրակ կենտրոն» հասարակական կազմակերպությունը:
Անցորդների մեծամասնությունը անտարբերությամբ անցնում էր՝ չուզենալով նկատել անգամ, թե ինչ են անում երիտասարդները և ինչու: Պետք է ասել, որ Ռիժկովի ճեմափողոցը քաղաքի ամենաբանուկ վայրերից է, ուր կարող ես հանդիպել տարբեր մասնագիտությունների, հասարակական ու կրոնական պատկերացումների տեր մարդկանց, նաև՝ շատերի կողմից հարգի անձանց, ովքեր մշտապես խոստանում են օգնել աղքատներին ու, մեծ մասամբ, մոռանում են, որ այդպիսի խոստում են տվել երբևէ, բայց նաև՝ առատաձեռն մարդկանց, ովքեր պատրաստ են իրենց ունեցած քչից մեծ բաժին հանել իրենցից ավելի աղքատների համար.ավաղ, վերջին տեսակի անցորդները երիտասարդների փոքրիկ սեղանի մոտից հազվադեպ էին անցնում: Ոմանք լսելով երիտասարդների խնդրանքը՝ ճանապարհից հետ էին դառնում ու, գանձանակի մեջ գումար գցելով, առանց նվեր վերցնելու, հեռանում.հենց նրանց նվիրատվությունների շնորհիվ էլ հանգանակվեց գումարի մեծ մասը: Երիտասարդներից մի քանիսը խմբերով շրջում էին քաղաքի այլ փողոցներում, նաև բախում բնակիչների դռները և խնդրում մի սրբապատկեր կամ մի վարդարան գնել՝ անապահով երեխաների համար: Նրանց խնդրանքներն հաճախ անարձագանք չէին մնում, իսկ վերադարձին երիտասարդներին ընկերները դիմավորում էին ծափահարություններով: Մի խոսքով՝ ուրախ և ավյունով լի երիտասարդական խումբ, որը չի հուսահատվում մարդկանց անտարբերությունից և շարունակում է իր առաքելությունը՝ ուշադրություն չդարձնելով, որ ոտքերն ու ձեռքերը սառել են, իսկ շուրթերը երեք ժամ սառելուց հետո հազիվ են արտաբերում «համեցե՛ք, օգնե՛ք անապահով երեխաներին» բառերը: Հիմա դեռ ցուրտն անտանելի չէ, բայց դեկտեմբերյան սառնամանիքները ևս սարսափելի չեն երիտասարդների համար: Նրանք, հիրավի, արժանի են գովեստի խոսքերի, որովհետև իրենց փառքը չէ որ փնտրում են, խուսափում են տեսախցիկներից, հասկանում են աղքատների հոգեբանությունն ու կարիքները, որովհետև իրենք էլ կամ եղել են նույն անապահով և օգնության կարոտ վիճակում, կամ հիմա էլ, մեծ մասամբ, գրեթե նույն վիճակում են, ինչ՝ այն երեխաները, ում ջանում են օգնել: Գուցե, հենց դա է պատճառը, որ այդ երիտասարդները գիտակցում են իրենց առաքելության կարևորությունն ու ոգևորվում ամեն մի փոքրիկ նվիրատվությամբ, որոնցով մարդիկ պատասխանում են իրենց խնդրանքներին: Մարդկանցից օգնություն խնդրելը այլոց համար երիտասարդները ամոթ չեն համարում.այդպիսի գեղեցիկ օրինակներ են տվել Սբ. Ֆրանցիսկոսը, Սբ. Վինսենթ դե Փոլը, Մայր Թերեզան և բազում սրբակենցաղ անձինք, որոնք այսօր էլ կան, նաև՝ մեր հայ Եկեղեցում.նրանց անունները հայտնի չեն, բայց նրանք քայլող օրինակներ են ավետարանական սրբության, Քրիստոսի նմանության:
Խնդրելով Աստվածածնի բարեխոսությունը իրենց առաքելության հաջողության համար՝ երիտասարդները մտադիր են շարունակել իրենց նախաձեռնությունը այլ ձեռնարկներով ևս, նաև՝ գյուղերում, բնամթերք հավաքելով: Նրանց նպատակն այն է, որ հարևանին օգնելու շահագրգռություն ստեղծեն ոչ թե սփյուռքահայ հարուստների մոտ, ովքեր մշտապես օգնում են Հայաստանի հայերին, այլ՝ հենց տեղի համայնքներում, անապահով երեխայի «պատկից» հարևանների մոտ, ովքեր հաճախ զլանում են նայել իրենց իսկ կառուցած պատից այն կողմ:
«Աղքատների հանդեպ սերը սի՛րտն է ավետարանի».ասաց Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը 2014թ. հոկտեմբերի 28-ին ժողովրդկան շարժումների հետ հանդիպման ժամանակ՝ բավական դիպուկ խոսելով աղքատների հանդեպ հասարակության վերաբերմունքի մասին և կոչ անելով երիտասարդներին շարունակել պայքարը՝ զրկյալներին, կարիքավորներին օգնելու, նրանց արժանապատվության հանդեպ հարգանք ձևավորելու դժվարին գործում, որովհետև, նրա խոսքերով, առանց ոտքերը ցեխոտելու ոչինչի չի ստացվի: Ոչ թե պետք է շպարել աղքատությունը և սոցիալական վերքերը, այլ պետք է բուժել դրանք կոնկրետ, անկեղծ քայլերով: «Այսօր ես ուզում եմ ձայնս միացնել ձեր ձայնին և աջակից լինել ձեր պայքարին».ասաց Նորին Սրբությունը:
Անապահով երեխաներին օգնելու համար կարող եք այցելել ք. Գյումրի, Աթարբեկյան 82, իսկ դրամական փոխանցումներ կատարել հետևյալ բանկային հաշվեհամարին. Փոխանցումներ դրամով՝
Ինեկոբանկ ՓԲԸ, Գյումրի մասնաճյուղ
CJSC «INECOBANK», FOR GYUMRI BRANCH
Մինասյան Ռաֆայել Ֆրանկոիս MINASSIAN RAPHAEL FRANCOIS
20501 5001824 1001 AMD
Դրամական փոխանցումներ կատարելիս խնդրում ենք նշել փոխանցման նպատակը (աջակցություն` Հայ Կաթողիկե Եկեղեցու «Օգնենք կարիքավորներին» երիտասարդական նախաձեռնությանը):
«Շիրակ կենտրոն»հկ տրամադրած լուսանկարները: