• Նիգերիայում առևանգվել են չորս ճեմարանականներ

    Հալածանքներ քրիստոնյաների նկատմամբ՝ Աֆրիկայում


    Նիգերիայի Կաթողիկէ Եպիսկոպոսները կոչ են անում ազատ արձակել չորս ճեմարանականներին, ովքեր 2020թ. հունվարի 8-ի գիշերը հրազենով զինված անհայտ անձանց կողմից առևանգվել են Նիգերիայի Կադունա քաղաքում:

     

    ԱԱՏԵՀ-ի[1]՝ Կոտ դ’Իվուարի Աբիջան քաղաքում տեղակայված Արևմտյան Աֆրիկայի Կաթողիկէ Եպիսկոպոսների տեղական գրասենյակը հաղորդում է, որ ճեմարանականներին ազատ արձակելու կոչով Նիգերիայի Կաթողիկէ Եպիսկոպոսները դիմել են առևանգողներին: Ոչ մի հավելյան տեղեկատվություն չի տրամադրվել: Ավելի ուշ, Նիգերիայում գործող որոշ աղբյուրներ տեղեկացնում են ԱԱՏԵՀ-ին, որ առևանգիչները կապ են հաստատել առևանգված ճեմարանականների ընտանիքների հետ, սակայն փրկագին չեն պահանջել:

     

    Անհետացած չորս ճեմարանականները՝ 19-ամյա Պիուս Կանուայը, 23-ամյա Փիթեր Ումենուկորը, 23-ամյա Ստեֆեն Ամոսը և 18-ամյա Մայքլ Ննադին Կադունայի Բարի Հովիվ Ճեմարանի Փիլիսոփայության բաժնի առաջին կուրսի ուսանողներ են:

     

    Ճեմարանականներն առևանգվել են Նիգերիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Կադունա քաղաքում գործող Ճեմարանից՝ երեկոյան ժամը 22:30-ի սահմաններում, երբ զինվորական համազգեստ կրող առևանգիչները ճեղքելով Ճեմարանի անվտանգության համակարգը՝ անկանոն կրակ են բացել: Բարեբախտաբար, մարդկային կորուստներ չեն եղել:

     

    Ճեմարանն ունի 268 ուսանող:

     

    Ճեմարանի վրա իրականացված հարձակումը շատ ծանոթ երևույթ է այնպիսի մի տարածաշրջանում, որտեղ Բոկո Հարամը և իսլամիստական այլ խմբավորումներ վայրագ ու բիրտ գործողությունների են դիմում, որպեսզի ամրապնդեն ահաբեկչության գերիշխանությունը: Առևանգումները, հատկապես՝ զանգվածային, դատապարտելի, սակայն ընդունված տակտիկական քայլ են զինյալ խմբավորումների կողմից՝ լրատվամիջոցների ուշադրությունը գրավելու և բռնի կերպով մարդկանց իրենց շարքերը ներգրավելու համար, ինչպես նաև՝ փրկագին պահանջելով դրամ կորզելու միջոց:

     

    Vatican News, թարգմանեց՝ Հրանուշ Սարգսյանը

     

    [1] Արևմտյան Աֆրիկայի Տեղական Եպիսկոպոսական Համաժողով (RECOWA)

Օրացույց

Օրացույց