«Մեր միջև մինչև հիմա գոյություն ունեցող այս երկպառակությունը մեզ թույլ չի տալիս լիովին լինել Աստծո սիրո նշանը աշխարհում, սակայն հենց դա է մեր կոչումն ու առաքելությունը»
Հունվարի 22-ի ընդհանուր ուկնդրության ժամանակ քրիստոնեական ուսուցումը Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Քահանայապետը նվիրեց Պողոս առաքյալի Մալթա հասնելուն՝ նշելով, որ հյուրընկալությունը հանդիսանում է կարևոր միութենական առաքինություն: Սրբազան Քահանայապետը, հիշեցնելով Քրիստոնյաների միասնության համար անցկացվող աղոթքի շաբաթի մասին, հավատացյալներին հորդորեց միասին աշխատել, որպեսզի աշխարհին ցույց տրվի, որ ամեն ոք Աստծո աչքերում արժեքավոր է:
Խորհրդածելով Գործք Առաքելոց գրքի մի դրվագի շուրջ, որտեղ պատմվում է Մալթայի ափերի մոտ խորտակված նավի, Պողոս առաքյալի՝ Հիսուսի նկատմամբ ունեցած խորը հավատքի և կղզու բնակիչների անկեղծ հյուրընկալության մասին, որը ցուցաբերվեց Պողոս առաքյալի ու նրա ուղեկիցների նկատմամբ, Նորին Սրբությունը մալթացիների այս արարքն անվանում է Աստծո հանդեպ ունեցած զորեղ ու մեծ սիրո նշան: Ֆրանցիսկոս Պապն առաջարկեց վերլուծել այդ հատվածը և համեմատել ներկայումս ծովում տեղի ունեցող իրադարձությունների հետ, երբ հուսալքությունը ստիպում է գաղթական մարդուն բախտը փորձել՝ ալեկոծվող ծովի ալիքների մեջ ցատկելով և եթե նա հրաշքով փրկվում է, ապա բախվում է թյուրըմբռնման ու թշնամանքի հետ:
«Ամբողջ աշխարհում գաղթականները վտանգավոր ուղևորություններ են ձեռնարկում, որպեսզի փախչեն բռնությունից, պատերազմից, աղքատությունից: Պողոս առաքյալի ու նրա ուղեկիցների նման նրանք զգում են անտարբերություն, անապատի, գետի, ծովերի թշնամանքը, հաճախ նաև նրանց չի հաջողվում ափ հասնել: Իսկ երբեմն նաև գաղթականները բախվում են մարդկանց վատթար թշնամանքի հետ: Նրանց շահագործում են մարդկանց առևտրով զբաղվողները: Դա տեղի է ունենում հիմա՛, այսօ՛ր: Որոշ ղեկավարներ նրանց դիտարկում են որպես անդեմ զանգված ու սպառնալիք: Եվ դա տեղի է ունենում մեր օրերու՜մ: Երբեմն անհյուրընկալությունը՝ ինչպես ծովի ալիքները, նրանց գցում է աղքատության կամ այնպիսի վտանգների մեջ, որոնցից նրանք փախչում էին»:
Այնուհետև Ֆրանցիսկոս Պապը հիշեցրեց, որ Մալթայի և Գոզոյի համայնքների կողմից ընտրված թեման քրիստոնյաների միասնության համար անցկացվող աղոթքի շաբաթի ընթացքում լինելու է հյուրընկալությունը, որը Մալթայում ցուցաբերվեց Պողոս առաքյալի և նրա ուղեկիցների նկատմամբ՝ 14-օրյա նավարկությունից հետո: Մի կողմից վախով ուղեկցվող ճանապարհորդություն, որի պատճառը կյանքին վտանգ սպառնացող ծովային փոթորիկն է, մյուս կողմից էլ անվերապահ վստահություն Հայր Աստծուն, Ում սերն անսահման է: Փրկված Պողոս առաքյալն ու նրա ուղեկիցները մալթացիներից ստանում են «հազվագյուտ մարդկայնության» վկայություն՝ կղզում գտնում են ապաստան, սնունդ, ջերմություն: «Նրանց անկեղծությունն ու բարությունը Աստծո հանդեպ ունեցած սիրո դրսևորումն է»,- ընդգծեց Սրբազան Քահանայապետը:
«Մալթացիների ցուցաբերած հյուրընկալությունը պարգևատրվում է հրաշք ապաքինումներով, որոնք Աստված կատարում է կղզում՝ Պողոս առաքյալի միջոցով: Այսպիսով, եթե Մալթայի ժողովուրդը եղել է Աստծո նախախնամության նշանը առաքյալի համար, ապա Պողոսը ևս դարձել է Աստծո ողորմած սիրո վկան՝ նրանց համար»:
Քրիստոսով եղբայրներ լինել՝ նշանակում է միմյանց ընդունել որպես եղբայրներ. միայն այդպես է հյուրընկալությունը դառնում «կարևոր միութենական առաքինություն», որը չի հանդիսանում «միակողմանի մեծահոգության արարք, քանզի մյուս քրիստոնյաներին ընդունելով՝ մենք նրանց ողջունում ենք՝ որպես մեզ ուղարկված երկնային ընծաներ»: Հենց սա՛ է Սուրբ Հոգու շնորհը. ընդունել այն, ինչն Աստված անում է այլ մարդկանց կյանքում: Այստեղ Ֆրանցիսկոս Պապը մի դրվագ հիշեց իր կյանքից, որը նրա հետ տեղի էր ունեցել Արգենտինայում, երբ «կաթողիկէների մի փոքրիկ խումբ ուղևորվեց այրելու ավետարանական միսիոներների վրանները»: «Դա քրիստոնեական չէ,-ընդգծեց Նորին Սրբությունը,- մենք եղբայրներ ենք և պե՛տք է հյուրընկալ լինենք».
«Ընդունել այլ ավանդույթի քրիստոնյաներին՝ ամենից առաջ նշանակում է նրանց հանդեպ ցուցաբերել Աստծո սերը, քանի որ նրանք Աստծո զավակներն են՝ մեր եղբայրներն ու քույրերը: Դա նաև նշանակում է ընդունել այն ամենը, ինչ Աստված կատարել է նրանց կյանքում: Էկումենիկ հյուրընկալությունը պահանջում է մյուս քրիստոնյաներին լսելու ունակություն՝ ուշադրություն դարձնելով նրանց հավատքի անձնական պատմություներին և իրենց համայնքի պատմությանը, այլ ավանդույթ ունեցող հավատքի համայնքերի պատմությանը»:
Ծովը մնում է ծով՝ վտանգներով լի, առատ ստորջրյա քարերով, որոնք սպառնալիք են բոլոր նրանց համար, ովքեր փախչում են բռնությունից, պատերազմից և աղքատությունից: Թշնամանքը գաղթականների նկատմամբ, շարունակեց Ֆրանցիսկոս Պապը, դրսևորվում է փակ նավահանգիստներով, մարդկային խնդիրների հանդեպ անտարբերությամբ, այդ իսկ պատճառով գաղթականների մեծ մասը նորից հայտնվում է վտանգի ու աղքատության մեջ: Այս ամենին դիմակայելու համար քրիստոնյաները կոչված են միասին աշխատել, որպեսզի դառնան «լավագույն մարդիկ, լավագույն աշակերտները և առավել համախմբված քրիստոնյա ժողովուրդ»:
«Մենք՝ քրիստոնյաներս, պարտավոր ենք միասին աշխատել գաղթականներին ցույց տալու համար Աստծո սերը՝ արտահայտված Հիսուս Քրիստոսով: Մենք կարող ենք և պետք է վկայենք, որ կա ոչ միայն թշնամանք և անտարբերություն, այլ նաև՝ այն, որ ամեն մարդ սիրելի ու թանկ է Աստծո համար: Մեր միջև մինչև հիմա գոյություն ունեցող այս երկպառակությունը մեզ թույլ չի տալիս լիովին լինել Աստծո սիրո նշանը աշխարհում, սակայն հենց դա է մեր կոչումն ու առաքելությունը»:
Vatican News, թարգմ.՝ Նաիրա Բաղդասարյանը