Սուրբ Ծննդյան մսուրի դիմաց կանգնած՝ մենք հիշում ենք այն ժամանակները, երբ փոքր էինք ու անհամբերությամբ սպասում էինք, թե երբ է այն տեղադրվելու: Այդ հիշողությունները մեզ օգնում են նորից ու նորից գիտակցել այն թանկարժեք ընծան, որը մենք ստացանք նրանցից, ովքեր մեզ փոխանցեցին հավատքը:
1.Սուրբ Ծննդյան մսուրի հրաշալի պատկերը, որ այնքա՜ն սիրելի է քրիստոնյա ժողովրդի համար, երբեք չի դադարում հիացմունք ու զարմանք առաջացնել: Հիսուս Քրիստոսի ծննդյան պատկերումը ինքնին հանդիսանում է Աստծո Որդու Մարդեղության խորհրդի պարզ և բերկրալից հռչակումը: Իսկապես, Սուրբ Ծննդյան պատկերը, կարծես, Սուրբ Գրքի էջերից դուրս եկած կենդանի Ավետարան լինի: Սուրբ Ծննդյան պատմությունը մեզ հրավիրում է սկսել հոգևոր ճամփորդություն, դեպի ուր մեզ գրավում է խոնարհությունն այն Անձի, Ով մարդ դարձավ, որպեսզի հանդիպի յուրաքանչյուրի հետ: Եվ մենք իմանում ենք, որ Նա մեզ այնքա՜ն է սիրում, որ միանում է մեզ, որպեսզի մենք էլ կարողանանք միանալ Իրեն:
Այս ուղերձով ես ցանկանում եմ քաջալերել Սուրբ Ծննդյան տեսարանի պատրաստության ավանդույթը մեր ընտանիքներում, ինչպես նաև՝ այն տեղադրելու սովորությունը՝ աշխատանքի վայրերում, դպրոցներում, հիվանդանոցնեորւմ, բանտերում, հրապարակներում: Մշտապես մեծ երևակայություն և ստեղծարարություն է ի գործ դրվում՝ օգտագործելով զանազան նյութեր՝ գեղեցկության փոքր գլուխգործոցներ ստեղծելիս: Մենք սովորում ենք մանկուց, երբ մայրիկն ու հայրիկը՝ տատիկի ու պապիկի հետ միասին, մեզ են փոխանցում այս բերկրալից ավանդույթը, որն արտահայտում է ժողովրդի հարուստ բարեպաշտությունը: Ես հուսով եմ, որ այս ավանդույթը երբեք չի դադարի գոյություն ունենալ և, որ այն կվերականգնվի ու կվերածնվի այնտեղ, որտեղ մոռացվել է:
2.Սուրբ Ծննդյան մսուրի ծագումը ամենից առաջ ի հայտ է գալիս մի քանի ավետարանական դրվագներում, որտեղ մանրամասն պատմվում է Բեթղեհեմում Հիսուսի ծննդյան մասին: Ղուկաս Ավետարանիչը պարզապես ասում է, որ Մարիամը ծնեց իր Անդրանիկ Որդուն, խանձարուրի մեջ փաթաթեց Նրան ու դրեց մսուրի մեջ, որովհետև իջևանում նրանց համար տեղ չկար (Ղկ. 2, 7): Հիսուս դրվեց մսուրի մեջ (կերակրատաշտակ՝ կենդանիների համար), որի լատիներեն համարժեքն է «praesepium»-ը, որտեղից էլ առաջացել է իտալերեն «presepe» բառը, որը նշանակում է «մսուր»:
Այս աշխարհ գալով՝ Աստծո Որդին հայտնվում է այնտեղ, որտեղից կերակրվում են կենդանիները: Խոտը դարձավ առաջին անկողին՝ Նրա համար, Ով Ինքն Իրեն հայտնում է որպես «երկնքից իջած հացը» (Հվհ. 6, 41): Սբ. Օգոստինոսը մյուս Հայրերի հետ միասին տպավորված է եղել այս խորհրդանշանով. «Հիսուս, Ում դրեցին մսուրի մեջ, դարձավ մեր սնունդը» (Քարոզ 189, 4): Իսկապես, մսուրի տեսարանն իր մեջ պարունակում է Հիսուսի կյանքի տարբեր խորհուրդներ և օգնում է այդ խորհուրդներն ավելի մոտ զգալ մեր առօրյա կյանքում:
Սակայն, եկե՛ք վերադառնանք Սուրբ Ծննդյան մսուրի ակունքներին, որ այնքա՜ն հոգեհարազատ է մեզ: Եկե՛ք մտովի տեղափոխվենք Գրեչչո՝ Ռիետի հովիտ: Այնտեղ կանգ առավ Սբ. Ֆրանցիսկոսը, հավանաբար, Հռոմից վերադառնալիս, երբ 1223թ. նոյեմբերի 29-ին Հոնորիոս Գ Պապից ստացավ իր կանոնադրության վավերացման մասին լուրը: Սուրբ Երկիր այցելությունից հետո՝ Գրեչչոյի այդ քարայրներն առանձնահատուկ ձևով նրան հիշեցրեցին Բեթղեհեմի բնապատկերը: Նաև հնարավոր է, որ «Ասսիզիի աղքատը» Հռոմի Սուրբ Մարիամի մեծ բազիլիկայում տպավորված է եղել Հիսուսի ծնունդը պատկերող խճանկարով, շատ մոտ այն վայրին, որտեղ, հնագույն ավանդության համաձայն, պահվում էին Հիսուս Մանկան մսուրի տախտակները:
Ֆրանցիսկյան աղբյուրները մանրամասն պատմում են այն ամենը, ինչ տեղի է ունեցել Գրեչչոյում: Սուրբ Ծննդից տասնհինգ օր առաջ Ֆրանցիսկոսն իր մոտ է կանչում Ջովանի անունով տեղացի մի բնակչի և խնդրում նրան օգնել իրեն իրականացնել իր ցանկությունը. «կյանքի կոչելու հիշողությունը Բեթղեհեմում ծնված Մանկան, և իմ մարմնական աչքերով տեսնելու այն անհարմարությունները, որոնք Նա զգացել է՝ զրկված լինելով այն ամենից, ինչն անհրաժեշտ է նորածնին, ինչպես է Նա դրվել անասունների կերակրատաշտակի մեջ ու պառկել խոտերի վրա՝ եզի ու էշի միջև»[1]: Սա լսելով՝ նրա հավատարիմ ընկերը միանգամից անցնում է այն ամենի նախապատրաստությանը, ինչ խնդրել էր սուրբը: Դեկտեմբերի 25-ին Գրեչչոյում հավաքվեցին մեծաթիվ վանական եղբայրներ՝ տարբեր տեղերից, ինչպես նաև՝ ժողովուրդ տարածքի գյուղերից՝ բերելով ծաղիկներ ու ջահեր, որպեսզի լուսավորեին այդ սուրբ գիշերը: Ֆրանցիսկոսը եկավ և տեսավ խոտով լի կերակրատաշտակը, եզը և էշը: Սուրբ Ծննդյան տեսարանը մարդկանց մոտ աննկարագրելի տպավորություն թողեց՝ մի բան, որ երբևէ չէր պատահել: Հետո քահանան մատուցեց Սուրբ Պատարագ՝ մսուրի վրա՝ ցույց տալով Աստծո Որդու Մարդեղության և Սուրբ Պատարագի միջև կապը: Գրեչչոյում չկային որևէ արձաններ. Սուրբ Ծննդյան տեսարանը իրականացրեցին ու վերապրեցին բոլոր նրանք, ովքեր ներկա էին:
Այդպես ծնվեց մեր ավանդույթը. բոլորը քարայրի շուրջ են, խնդությամբ լի, առանց որևէ հեռավորության կայացած իրադարձության ու նրանց միջև, ովքեր դարձան այդ խորհրդին հաղորդակից[2]:
Սբ. Ֆրանցիսկոսի առաջին կենսագիրը՝ Թովմաս Չելանացին, հիշում է, որ այդ գիշեր այդ հասարակ և հուզիչ տեսարանն ուղեկցվել է հրաշալի տեսիլքի պարգևով. ներկաներից մեկը տեսել է հենց Մանուկ Հիսուսին՝ պառկած այդ մսուրի մեջ: 1223թ. Սուրբ Ծննդյան տոնակատարությունից «բոլորը վերադարձան տուն՝ լի աննկարագրելի խնդությամբ[3]»:
3.Սբ. Ֆրանցիսկոսն այդ խորհրդի պարզությամբ իրականացրեց ավետարանացման հսկայական մի գործ: Նրա այս ուսմունքը ներթափանցեց քրիստոնյաների սրտերն ու մինչ օրս հանդիսանում է իսկական օրինակ, թե ինչպես կարելի է պարզությամբ ցույց տալ մեր հավատքի գեղեցկությունը: Հիրավի, որ այն վայրը, որտեղ պատրաստվեց առաջին Սուրբ Ծննդյան պատկերը, արտահայտում և առաջացնում է այդ զգացողությունները: Գրեչչոն դարձավ սրբավայր՝ մարդու հոգու համար, որ ապաստանում է ժայռերի մեջ, որպեսզի պարուրվի լռությամբ:
Ինչու՞ է Սուրբ Ծննդյան մսուրը նման զարմանք և հուզում առաջացնում մեզ մոտ։ Ամենից առաջ այն պատճառով, որ այն ցույց է տալիս Աստծո քնքուշ սերը։ Տիեզերքի Արարիչն իջնում է մինչև մեր փոքրությունը։ Կյանքի պարգևը, որ ինքնին մշտապես խորհրդավոր է մեզ համար, դառնում է առավել զարմանալի, երբ մենք գիտակցում ենք, որ Մարիամից Ծնվածը հանդիսանում է սկզբնաղբյուր ու օժանդակություն ցանկացած կյանքի համար։ Հանձին Հիսուսի Աստված մեզ տվեց եղբայր ու հավատարիմ ընկեր, Ով գալիս է մեզ փնտրելու, երբ մենք շփոթված ենք և չգիտենք ուր գնալ, Ով միշտ մեր կողքին է։ Նա մեզ տվեց Իր Որդուն, Ով ներում և ազատում է մեզ մեր մեղքերից։
Սուրբ Ծննդյան մսուրի ներկայությունը մեր տներում օգնում է մեզ վերապրել Բեթղեհեմում կատարվածի պատմությունը։ Անշուշտ, այդ Իրադարձությունը հասկանալու և նրա մասին խորհելու համար մշտական աղբյուր է հանդիսանում Ավետարանը։ Միաժամանակ, այդ իրադարձության արտահայտությունը մսուրի մեջ օգնում է մեզ պատկերացնել այդ տեսարանները, առաջացնում է զգացողություններ, հրավիրում է մեզ մասնակից դառնալու փրկության պատմությանը՝ այդ իրադարձության ժամանակակիցների հետ միասին, իրադարձության, որը կենդանի է և արդիական՝ առավել ընդարձակ պատմական ու մշակութային համատեքստում։
Մասնավորապես, Սուրբ Ծննդյան մսուրը, ֆրանցիսկյանների մոտ ի հայտ գալուց ի վեր, հրավեր է «զգալու» այն աղքատությունը, որն Աստծո Որդին կրեց Իր վրա՝ մարմնավորվելիս և «դիպչելու» այդ աղքատությանը։ Իսկ ակնարկությամբ, Սուրբ Ծննդյան մսուրը մեզ ոգեշնչում է հետևել Հիսուսին՝ խոնարհության, աղքատության և ինքնուրացման ճանապարհով, որը Բեթղեհեմի մսուրից տանում է դեպի Խաչը։ Սուրբ Ծննդյան մսուրը կոչ է անում հանդիպել Հիսուսին և ծառայել նրան, լինել գթասիրտ՝ մեր առավել կարիքավոր եղբայրների ու քույրերի նկատմամբ (Մտթ. 25, 31-46)։
4.Այժմ ես կցանկանայի անդրադառնալ Սուրբ Ծննդյան տեսարանի տարբեր խորհրդանշական տարրերին, որպեսզի հասկանանք դրանց իմաստը և նշանակությունը: Նախ, պատկերացնենք աստղազարդ երկինքը՝ գիշերվա խավարի ու լռության մեջ: Մենք այն պատկերում ենք ոչ միայն հանուն հավատարմության ավետարանական պատմություններին, այլ նաև՝ հանուն այն իմաստի, որն այն պարունակում է: Մտածենք այն մասին, թե որքա՛ն հաճախ է գիշերը ներթափանցել մեր կյանք: Սակայն, անգամ այդ պահերին Աստված մեզ մենակ չի թողնում, այլ գալիս է որպեսզի պատասխանի մեր կարևոր հարցերին՝ մեր գոյության իմաստի վերաբերյալ. ո՞վ եմ ես, ո՞րտեղից եմ եկել, ինչու՞ եմ ծնվել այս դարաշրջանում, ինչու՞ եմ սիրում, ինչու՞ եմ տառապում, ինչու՞ պետք է մահանամ: Հենց այս հարցերին պատասխանելու համա՛ր Աստված մարդ դարձավ: Նրա մերձավորությունը մեզ հետ լուսավորում է խավարի մեջ, և ճանապարհ ցույց տալիս նրանց, ովքեր ապրում են տառապանքի ստվերների մեջ (Ղկ. 1, 79):
Ուշադրության են արժանի նաև այն դեկորացիաները, որոնք կազմում են մսուրի բաղկացուցիչ մասը և հաճախ պատկերում են հին տների կամ ապարանքների ավերակները՝ որոշ դեպքերում փոխարինելով Բեթղեհեմի քարանձավին և հանդիսանալով Սուրբ Ընտանիքի տունը: Հավանաբար, այդ ավերակները ոգեշնչված են եղել դոմինիկյան Իակով Վարագինացու տասներեքերորդ դարի «Ոսկե լեգենդով», որը պատմում է հեթանոսական մի հավատալիքի մասին, որի համաձայն Հռոմի Խաղաղության տաճարը պետք է փլուզվեր, երբ Կույսը ծներ: Այս ավերակները, նախևառաջ, ընկած ու կործանված մարդկության տեսանելի նշանն է, փլուզված ամեն բան քայքայվում ու մահանում է: Այսպիսի տեսարանը խոսում է այն մասին, որ Հիսուս նորություն է հին աշխարհի համար և, որ Նա եկել է բուժելու և վերականգնելու, որպեսզի մեր կյանքին ու աշխարհին վերադարձնի իրենց սկզբնական վեհությունը:
5.Ինչպիսի՜ հույզերով հարկ է Սուրբ Ծննդյան տեսարանում պատկերել լեռները, առվակները, ոչխարներին ու հովիվներին: Այսպես մենք հիշում ենք այն մասին, որ, ինչպես կանխագուշակում էին մարգարեները, ամբողջ արարչությունը մասնակցում է Տիրոջ Օծյալի գալստյան տոնակատարությանը: Հրեշտակներն ու առաջնորդող աստղը այն նշաններն են, որոնք կոչ են անում, որ մենք ևս պետք է ճանապարհ ընկնենք՝ քարանձավին հասնելու և Աստծո առջև խոնարհվելու համար:
«Եկե՛ք գնանք մինչև Բեթղեհեմ և տեսնենք, թե ի՛նչ բան է այս եղածը, որ Տերը մեզ ցույց տվեց» (Ղկ. 2, 15), – այսպես ասացին հովիվները՝ լսելով հրեշտակների ավետիսը: Այս պարզ նկարագրությունից բխում է մի գեղեցիկ դաս: Ի տարբերություն այլ գործերով զբաղված բազմաթիվ մարդկանց՝ հովիվները դառնում են ամենակարևոր, շնորհով լի փրկության առաջին վկաները: Միայն ամենախոնարհներն ու աղքատները կարողացան ընդունել Մարդեղության իրադարձությունը: Աստծուն, Ով մեզ հանդիպման է գալիս Մանուկ Հիսուսի միջոցով, հովիվները պատասխանում են նրանով, որ գնում են դեպի Հիսուսը, որպեսզի Նրան դիմավորեն սիրով ու երախտագետ ակնածանքով: Աստծո ու Նրա զավակների՝ Հիսուսի շնորհիվ կատարված հենց այս հանդիպումն է ծնում մեր կրոնը և արարում նրա յուրօրինակ գեղեցկությունը, որն առանձնահատուկ ձևով դրսևորվում է Սուրբ Ծննդյան տեսարանում:
6.Մեր Սուրբ Ծննդյան տեսարաններում հաճելի է ավելացնել բազմաթիվ խորհրդանշական արձանիկներ. նախ՝ աղքատների ու այն մարդկանց արձանիկները, ովքեր սրտի հարստությունից բացի այլ հարստություն չգիտեն: Նրանք նույնպես ամենայն իրավունքներով գտնվում են Մանուկ Հիսուսի կողքին, և ոչ ոք չի կարող նրանց դուրս անել կամ հեռացնել մսուրից, որն այնպես է պատրաստված, որ աղքատները, կարծես, իրենց տանը լինեն: Իսկապես, աղքատներն արտոնյալ տեղ ունեն այս խորհրդում, և, ի տարբերություն մյուսների, նրանք կարողանում են առաջինը ճանաչել Աստծո ներկայությունը մեր մեջ:
Սուրբ Ծննդյան տեսարանում աղքատներն ու հասարակ մարդիկ մեզ հիշեցնում են, որ Աստված մարդ դարձավ նրանց համար, ովքեր հատկապես Նրա սիրո կարիքն ունեին և խնդրում էին Նրա մերձավորությունը: Հիսուս՝ «հեզ և խոնարհ սրտով» (Մտթ. 11, 29), ծնվեց աղքատության մեջ և ապրեց հասարակ կյանքով, որպեսզի մեզ սովորեցնի հասկանալ էականն ու ապրել դրանով: Մսուրը պարզորոշ կերպով մեզ սովորեցնում է, որ մենք չենք կարող թույլ տալ ինքներս մեզ՝ խաբվելու հարստությամբ ու երջանկության վաղանցիկ խոստումներով: Հետին պլանում երևում է Հերովդեսի ապարանքը, որը փակ է և անտեղյակ ուրախ լուրին: Ծնվելով մսուրի մեջ՝ Աստված Ի՛նքն է սկսում միակ ճշմարիտ հեղափոխությունը, որը հույս և արժանապատվություն է ներշնչում անօթևաններին ու լքվածներին․ սիրո հեղափոխությունը, քնքշության հեղափոխությունը։ Մսուրի միջոից Հիսուսը հեզությամբ, բայց զորեղ կերպով, հայտարարում է անհրաժեշտությունը՝ կարիքավորների հետ կիսելու մեր ունեցածը՝ որպես ճանապարհ՝ դեպի առավել մարդկային ու եղբայրական աշխարհ, որտեղ ոչ ոք անտեսված ու լքված չէ։
Երեխաները, ինչպես նաև մեծահասակները, սիրում են Սուրբ Ծննդյան մսուրին ավելացնել այլ արձանիկներ, որոնք, կարծես թե, ոչ մի առնչություն չունեն ավետարանական պատմությունների հետ։ Այնուամենայնիվ, նման երևակայության նպատակն է արտահայտել այն միտքը, որ Հիսուսով նորոգված այս աշխարհում տեղ կա յուրաքանչյուր իսկական մարդկային բանի համար և բոլոր արարածների համար։ Հովվից մինչև դարբին, հացթուխից մինչև երաժիշտ, սափորով ջուր փոխադրող կանանցից մինչև խաղացող երեխաներ. այս ամենը խոսում է ամենօրյա սրբության, առօրյա անելիքներն արտասովոր ձևով կատարելու ուրախությունը, երբ Հիսուս մեզ հետ կիսում է Իր աստվածային կյանքը։
7.Աստիճանաբար Սուրբ Ծննդյան մսուրը մեզ տանում է դեպի քարայրը, որտեղ մենք գտնում ենք Մարիամի ու Հովսեփի արձանիկները։ Մարիամը մի մայրիկ է, ով խորհրդածելով նայում է իր մանկանը և ցույց է տալիս բոլոր նրանց, ովքեր եկել էին Նրան տեսնելու։ Մարիամի արձանիկը մեզ ստիպում է մտածել մեծ խորհրդի մասին, որը համակել էր այս աղջկան, երբ Աստված թակեց Նրա անարատ սրտի դուռը։ Հրեշտակի լուրին, ով Նրան խնդրեց դառնալ Աստծո Մայրը, Մարիամը պատասխանեց լիակատար հնազանդությամբ։ Նրա խոսքերը – «Ահավասի՛կ ես մնում եմ Տիրոջ աղախինը, թող քո խոսքի համաձայն լինի ինձ» (Ղկ․ 1, 38) – մեզ համար հանդիսանում են վկայությունն այն բանի, թե ինչպես հավատքով մերժես ինքդ քեզ՝ հանուն Աստծո կամքի։ Այս «այո»-ով Մարիամը դարձավ Աստծո Որդու մայրը՝ չկորցնելով, այլ Նրա շնորհիվ սրբացնելով իր կուսությունը։ Մարիամի մեջ մենք տեսնում ենք Աստվածամորը, ով իր Ոդուն միայն իր համար չի պահում, այլ կոչ է անում բոլորին հնազանդվել Նրա խոսքին և իրականացնել այն գործերով (Հվհ․ 2, 5)։
Մարիամի կողքին է սուրբ Հովսեփը, ով պաշտպանում է Մանկանը և Նրա մորը։ Սովորաբար, նա պատկերվում է ձեռքին գավազան բռնած, սակայն, երբեմն նաև՝ լապտեր պահած։ Սուրբ Հովսեփը շատ կարևոր դեր է խաղում Հիսուսի ու Մարիամի կյանքում։ Նա պահապանն է, ով անտրտունջ պաշտպանում է իր ընտանիքը։ Երբ Աստված նրան զգուշացրեց Հերովդեսի սպառնալիքի մասին, նա առանց երկմտելու ճանապարհ ընկավ դեպի Եգիպտոս (Մտթ. 2, 13-15)։ Երբ վտանգն անցավ, նա ընտանիքին հետ բերեց Նազարեթ, որտեղ դարձավ Հիսուսի մանկության ու պատանեկության առաջին ուսուցիչը։ Հովսեփն իր սրտում պահում էր այն մեծ խորհուրդը, որ ունեին Հիսուսը ու Մարիամը՝ իր կինը. լինելով արդար մարդ՝ նա միշտ վստահում էր Աստծո կամքին և պահում այն գործանականում։
8.Սուրբ Ծննդյան տեսարանը կյանք է առնում, երբ մսուրի մեջ տեղադրում ենք Մանուկ Հիսուսի արձանիկը։ Աստված մեզ հայտնվում է որպես երեխա, որպեսզի մենք մեր ձեռքերի մեջ վերցնենք Իրեն։ Թուլության ու քնքշության տակ Նրա քողարկում է Իր ուժը, որը ամեն ինչ ստեղծում և վերափոխում։ Դա թվում է անհնար, բայցևայնպես, ճիշտ է․ Հիսուսի մեջ Աստված երեխա էր և այդպես Նա ցանկացավ բացահայտել Իր սիրո մեծությունը՝ ժպտալով և իր ձեռքերը բացելով բոլորի առջև։
Երեխայի ծնունդն առաջ է բերում ուրախություն և հիացմունք. այն մեր առջև է դնում կյանքի մեծ խորհուրդը։ Տեսնելով, թե ինչպես են փայլում ամուսինների աչքերը՝ մենք հասկանում ենք Մարիամին և Հովսեփին, ովքեր Մանուկ Հիսուսին նայելիս՝ զգում էին Աստծո ներկայությունն իրենց կյանքում։
«Կյանքը հայտնվեց մեզ» (Ա Հվհ․ 1: 2)։ Այս խոսքերով Հովհաննես առաքյալը ամփոփում է Մարդեղության խորհուրդը։ Սուրբ Ծննդյան տեսարանը մեզ թույլ է տալիս տեսնել ու զգալ այդ յուրօրինակ ու եզակի իրադարձությունը, որը փոխեց պատմության ընթացքը, այնպես որ ժամանակն այդուհետ սկսեցին հաշվարկվել Քրիստոսի Ծննդից առաջ կամ հետո։
Աստծո ճանապարհներն ապշեցնում են, որովհետև անհնարին է թվում, որ Նա հրաժարվեր Իր փառքից՝ մեզ նման մարդ դառնալու համար։ Ի զարմանս մեզ, մենք տեսնում ենք, որ Աստված ապրում է մեզ նման՝ քնում է, խմում է մայրիկի կաթը, լացում և խաղում է ինչպես բոլոր մանուկները։ Ինչպես միշտ, Աստված շփոթեցնում է մեզ, Նա անկանխատեսելի է և միշտ այնպիսի բաներ է անում, որոնք մենք նույնիսկ երևակայել չենք կարող։ Այսպիսով, Սուրբ Ծննդյան տեսարանը, մեզ ցույց տալով, որ Աստված մտավ մեր աշխարհ, ստիպում է մեզ մտածել, թե ինչպես է մեր կյանքը Աստծո կյանքի մի մասը: Սուրբ Ծննդյան տեսարանը մեզ հրավիրում է դառնալ Նրա աշակերտները, եթե մենք ուզում ենք հասնել կյանքի վերջնական իմաստին։
9.Աստվածահայտնության տոնին ընդառաջ Սուրբ Ծննդյան մսուրում տեղադրում են երեք թագավորների արձանիկները: Աստղին հետևելով՝ այս իմաստուն և հարուստ մարդիկ Արևելքից ուղևորվեցին դեպի Բեթղեհեմ, որպեսզի գնտնեն Հիսուսին և Նրան նվիրեն ոսկի, կնդրուկ և զմուռս: Այդ ընծաներն ունեն նաև այլաբանական նշանակություն. ոսկին պատվում է Հիսուսի թագավորությունը, կնդրուկը՝ Նրա աստվածությունը, զմուռսը՝ Նրա սուրբ մարդկությունը, որը պետք է մեռներ և թաղվեր:
Այս տեսարանի մասին խորհելիս՝ մենք հասկանում ենք, որ յուրաքանչյուր քրիստոնյա պատասխանատվություն ունի՝ տարածելու Ավետարանը: Մեզանից յուրաքանչյուրը կանչված է Բարի Լուրի տանելու բոլորին՝ մեր ողորմության գործերով վկայելով մեր ուրախությունն՝ առ այն, որ գիտենք Հիսուսին և Նրա սերը:
Մոգերը մեզ սովորեցնում են, որ հեռվից էլ կարելի է գալ Քրիստոսի մոտ: Նրանք հարուստ մարդիկ են, իմաստուն օտարականներ, ովքեր փափագում են անսահմանություն՝ դուրս գալով դեպի երկար ու վտանգավոր ճանապարհորդության, որն ավարտվում է Բեթղեհեմում (Մտթ. 2, 1-12): Նրանց մեծ ուրախություն է համակում՝ Մանուկ Թագավորի ներկայությամբ: Նրանց չի շփոթեցնում աղքատությունը, նրանք առանց որևէ կասկածի ծունկի են գալիս ու խոնարհվում Նրա առջև: Մոգերը հասկանում են, որ Աստված ինչպես իր իմաստությամբ ղեկավարում է աստղերի շարժը, այնպես էլ ուղղորդում է պատմության ընթացքը՝ տապալելով հզորներին և բարձրացնելով խոնարհներին: Եվ, իհարկե, իրենց երկիր վերադառնալով՝ նրանք պատմեցին Փրկչի հետ այդ զարմանալի հանդիպման մասին՝ սկիզբ դնելով ժողովուրդների մեջ Ավետարանի տարածմանը:
10.Սուրբ Ծննդյան մսուրի դիմաց կանգնած՝ մենք հիշում ենք այն ժամանակները, երբ փոքր էինք ու անհամբերությամբ սպասում էինք, թե երբ է այն տեղադրվելու: Այդ հիշողությունները մեզ օգնում են նորից ու նորից գիտակցել այն թանկարժեք ընծան, որը մենք ստացանք նրանցից, ովքեր մեզ փոխանցեցին հավատքը: Միևնույն ժամանակ օգնում են նաև գիտակցել այդ փորձառությունը մեր երեխաների ու թոռների հետ կիսելու պարտքը: Կարևոր չէ, թե ինչպես է ձևավորված մսուրը. այն կարող է լինել միշտ նույնը կամ էլ տարեցտարի փոխվել: Կարևորը նրա նշանակությու՛նն է մեր կյանքում: Որտեղ էլ, որ այն գտնվի և ինչպես էլ, որ ձևավորված լինի՝ այն մեզ պատմում է Աստծո սիրո մասին, Որը դարձավ երեխա, որպեսզի մեզ ասի, թե որքան մոտ է Նա յուրաքանչյուր մարդու, ինչ իրավիճակում էլ, որ մարդ հայտնված լինի:
Սիրելի՛ եղբայրներ ու քույրեր, Սուրբ Ծննդյան մսուրը հանդիսանում է հավատքը փոխանցելու սքանչելի ու պահանջկոտ գործընթացի մի մասը: Մեր մանկությունից սկսած մինչև մեր կյանքի յուրաքանչյուր շրջան՝ այն մեզ սովորեցնում է ճանաչել Հիսուսին, զգալ Աստծո սերը և հավատալ, որ Աստված մեզ հետ է, մենք էլ՝ Իր հետ ենք՝ Իր բոլոր զավակները, եղբայրները և քույրերը՝ շնորհիվ այս Մանկան, որ Որդին է Աստծո և Որդին է Սուրբ Մարիամի: Եվ հասկանալ, որ դա իմանալը իսկական երջանկություն է: Սուրբ Ֆրանցիսկոսի նման եկե՛ք մեր սրտերը բացենք այս պարզ շնորհի առջև, որպեսզի մեր զարմանքից ծնվի խոնարհ մի աղոթք՝ գոհության աղոթք՝ առ Աստված, Ով ցանկացավ կիսել բոլորիս հետ իր ունեցած ամեն ինչը, որպեսզի մենք երբեք մենակ չմնանք:
Ֆրանցիսկոս
Հրապարակված է Գրեչչոյում՝ Սուրբ Ծննդյան սրբավայրում, 2019թ. դեկտեմբերի 1-ին, իմ քահանայապետության յոթերորդ տարում:
[1] Հմմտ.՝ Thomas of Celano, First Life, 84; Franciscan Sources, 469
[2] Նույն տեղում, 85
[3] Նույն տեղում, 86
Թարգմանեց՝ Նաիրա Բաղդասարյան
Սրբագրեց՝ Տ. Հովսեփ Քհն. Գալստյան