• Արքեպս. Փոլ Գալագերը ներկա գտնվեց Գյումրիում Առաջորդ Հոր ձեռամբ մատուցված Սուրբ Պատարագին

    «Հավատացյալ մարդն առյուծի քաջությամբ է դիմագրավում խոչընդոտներով լի իրականությունները: Այս խոսքերը, կարծում եմ, շատ լավ են հարմարվում հայ ժողովրդին». Գալագեր


    2019թ. նոյեմբերի 10-ին Գյումրիի Սրբոց Նահատակաց Հայ Կաթողիկէ Մայր Տաճարում կիրակնօրյա Սուրբ Պատարագը մատուցեց Արհ. Տ. Ռաֆայել Արքեպս. Մինասյանը՝ համապատարագությամբ Սուրբ Աթոռի Պետությունների հետ հարաբերությունների քարտուղար Արքեպիսկոպոս Փոլ Գալագերի և Հայաստանում, Վրաստանում Պապական Նվիրակ Արքեպիսկոպոս Խոսե Բեթենկուրի, ինչպես նաև Սուրբ Աթոռից ժամանած պատվիրակության այլ հոգևորականների: Սուրբ Պատարագին ներկա էին Հայաստանում ծառայող հայ կաթողիկէ հոգևորականները՝ իրենց համայնքների հավատացյալների խմբերի հետ, Հայկական Կարիտասի ներկայացուցիչներ, Անարատ Հղության հայ քույրեր, Սպիտակի Գթության միսիոներ քույրերը, Սրբոց Հրեշտակապետաց միացյալ հոգևոր ճեմարանի սաները և հավատացյալների հոծ բազմություն:

     

     

    Ավետարանի ընթերցումից հետո Արհ. Տ. Ռաֆայել Արքեպս. Մինասյանը ողջունեց Արքեպիսկոպոս Գալագերին և ասաց, որ նրա այցելությունը մի շնորհաբեր առիթ է, որ հայ կաթողիկէ համայնքը հավաքվի Մայր Տաճարի կամարների ներքո և լսի նրա հայրական խոսքը: Ռաֆայել Սրբազանը ներկայացրեց, թե ովքեր և ինչ համայնքների ու կազմակերպությունների ներկայացուցիչներ են մեկտեղվել Մայր Տաճարում, ապա խնդրեց Արքեպիսկոպոս Գալագերին իր խոսքն ուղղել հավատացյալներին: Արհիապատիվ Գալագերը մեկնաբանեց օրվա աստվածաշնչյան հատվածները և ասաց, որ վստահ է, թե այդ տողերի «գլխավոր պատգամը սա է՝ հիշել վստահությամբ, որ մեր Աստվածը միայն Արարիչ չէ, որ երբեմն-երբեմն միջամտում է մեր կյանքում, այլ ճշմարիտ Աստված և հայր է, ով ցանկանում է տեսնել մեզ վստահասիրտ և կյանքով լի, բոլոր իրավիճակներում, այն պատճառով, որ նա միշտ կենդանի Աստված է և մեր կողքին է»:

     

    Արքեպիսկոպոս Գալագերը խոսելով հավատքի և հաստատակամության մասին՝ անդրադարձ կատարեց նաև հայ ժողովրդի անցած պատմական ճանապարհին.

     

    «Վատիկանում պապական պալատների սրահներից մեկի պատին գրված է Աստվածաշնչի Առակաց գրքից մի հատված՝ «Հավատքով և Աստծո հանդեպ վստահությամբ մարդը ոչնչից չի վախենում, և ոչ մի բան չի խոչընդոտում իր ճանապարհին, հավատացյալ մարդն առյուծի քաջությամբ է դիմագրավում խոչընդոտներով լի իրականությունները: Այս խոսքերը, կարծում եմ, շատ լավ են հարմարվում հայ ժողովրդին, որը դարերի ընթացքում քաջությամբ ու վճռականությամբ դիմագրավել է բազմաթիվ տառապանքների ու փորձությունների»:

     

    Իր քարոզի ավարտին Սուրբ Աթոռի բարձրաստիճան պաշտոնյան ներկաներին փոխանցեց Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետի հայրական ողջույնը և խոսքը.

     

     

    «Նա ինձ  խնդրեց փոխանցել ձեզ, որ աղոթում է ձեզ համար, նաև ի հիշատակ և ի շարունակություն 2016 թվականին Հայաստան կատարած  իր ճամփորդության և հատկապես ի հիշատակ այն Սուրբ Պատարագի, որ նա  այստեղ՝  Գյումրիում, մատուցեց: Սրբազան Քահանայապետը, ինչպես հաճախ կրկնում է իր առաքելական կոնդակներում, ձեզանից յուրաքանչյուրին քաջալերում է մասնակցել Ավետարանի շնորհին՝ ուրախությամբ, բերկրանքի մեջ, սրտի մղումով և Տիրոջ հանդեպ վստահությամբ: Նա ինձ խնդրել է ներկաներիդ ու ձեր սիրելիներին փոխանցել իր օրհնությունը՝  բոլորիդ հանձնելով Սուրբ Կույս Մարիամի՝ մեր Մոր բարեխոսությանը»:

     

     

    Սուրբ Պատարագի ավարտին Արհ. Տ. Ռաֆայել Արքեպս. Մինասյանը շնորհակալություն հայտնեց Արքեպիսկոպոս Գալագերին՝ հայ կաթողիկէ համայնքին այցելելու համար և, որպես հուշ, նվիրեց մի գեղեցիկ սկիհ:

     

    Պատարագի ավարտից հետո Արքեպիսկոպս Փոլ Գալագերը միանգամից վերադարձավ Սուրբ Աթոռ:

     

    Արհ. Փոլ Գալագերի Հայաստան պաշտոնական այցելության նպատակն ու բնույթը լավ ըմբռնելու համար, թերևս, օգտակար կլինի հիշել 2018թ. հոկտեմբերի 23-ին Վրաստան այցելության ժամանակ, Թբիլիսիի համալսարանում նրա ուշագրավ ելույթը՝ «Սուրբ Աթոռի դիվանագիտությունը և հանձնառությունը՝ հանուն խաղաղության և մարդ անհատի արժանապատվության պաշտպանության, հատկապես, կովկասյան տարածաշրջանում» թեմայով, որը հասանելի է այստեղ:

     

    Տ. Հովսեփ Գալստյան

Օրացույց

Օրացույց