• Օծվեցին և տեղադրվեցին Գյումրիի նորակառույց «Սրբոց մարտիրոսաց» առաջնորդանիստ եկեղեցու խաչերը: Անդրադարձ՝ հին և նոր տաճարների պատմությանը

    Սրբոց Մարտիրոսաց աղոթատան օծումն ու բացումը կլինի 2015թ., հանդիսավոր տոնակատարությամբ, բազմաթիվ հյուրերի մասնակցությամբ:


       Նոյեմբերի 20-ին Գյումրիի հայ կաթողիկե համայնքում տոն էր.վերջապես նորակառույց Սրբոց մարտիրոսաց աղոթատան վրա հայտնվեցին խաչերը՝ բոլորին ավետելով, որ արդեն  մոտ է այն գեղեցիկ օրը, երբ Սբ. Պատարագին մասնակցելու և Տիրոջը հաղորդվելու հնարավորություն կունենան նորակառույց, շքեղ տաճարում:

     

    Աղոթատան երկու խաչերն օծեց Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Արևելյան Եվրոպայի հայ կաթողիկեների առաջանորդ Գերշն. Տ. Ռաֆայել Արքեպս. Մինասյանը, հավուր պատշաճի, թեմի հոգևորականների օգնությամբ ու գոհաբանական աղոթքներով, հավատացյալների բազմության, Շիրակի մարզպետարանի, Գյումրիի քաղաքապետարանի և այլ հասարակական կառույցների աշխատակիցների ներկայությամբ: Խաչերը գինով և ջրով լվացին համայնքի նախկին ժողովրդապետ Տ. Գրիգոր ավագ քահանա Մկրտչյանը և ներկայիս ժողովրդապետ Հ. Պետրոս վարդապետ Եսայանը: Յավարտ հանդիսավոր ծիսակարգի, նորաօծ խաչերը հավատացյալների բազմության ծափահարությունների ուղեկցությամբ տեղադրվեցին տաճարի գմբեթին և զանգակատան վրա:

     

      Այս իրադարձությանը Գյումրիի հայ կաթողիկեները սրտի տրոփյունով և խոր կարոտով սպասել են տասնամյակներ շարունակ, գրեթե չորս սերունդ, մոտ 90 տարի՝ 1926թ.-ից, երբ քաղաքում գործող կաթողիկե աղոթատունը մասամբ ավերվեց երկրաշարժից ու այլևս չվերականգնվեց, իսկ 1930-ականներին, ստալինյան հալածանքների ժամանակ, աղոթատունը փակվեց: Համայնավարները արգելեցին հայ կաթողիկե հոգևորականների գործունեությունը առհասարակ, շատերն աքսորվեցին կամ բռնությունների զոհ դարձան.Գերշն. Տ. Ներսես Արքեպս. Տեր-Ներսեսյանի տեղեկություններով՝ շուրջ 40 հոգևորական սպանվեցին 1936-39թթ.:

     

    Գյումրիի կամ, ավելի ճիշտ, Ալեքսանդրապոլի կաթողիկե աղոթատունը նվիրված էր Սրբուհի Աստվածածնին, կառուցվել է 1843-1855թթ., Ալեքսանդր վարդապետ Արարամյանի ջանքերով, ինչպես փաստում է մինչ օրս տաճարի պատին պահպանված քարե արձանագրությունը: Կիսավեր տաճարը, որը գտնվում է Գյումրիի ներկայիս զինվորական կոմիսարիատի հարևանությամբ, այժմ անշուք մի բնակելի շինություն է հիշեցնում:

     

    1926թ. երկրաշարժից հետո խոնարհված տաճարն ապաստարան դարձավ անօթևան չորս ընտանիքների համար, որոնց հետագա տասնամյակների ընթացքում գումարվեցին ևս մեկ տասնյակից ավելի ընտանիքներ: Այդ ընտանիքների արածը սրբապղծություն չէր, այլ՝ ճարահատյալ ընտրություն, իսկ համայնավարներն ազատվեցին այդ ընտանիքներին բնակարանով ապահովելու գլխացավանքից՝ միաժամանակ ոչնչացնելով կառույցի սկզբնական նշանակությունը: Տարիների ընթացքում հին աղոթատունը շրջապատվեց շինություններով, թաքնվեց մարդկանց աչքից, իսկ 1988թ. հետո աղոթատանը կից նաև տձև ժամանակավոր տնակներն հայտնվեցին՝ իրենց վառարանների խողովակներով, որոնց ծուխը մինչ օրս սևացնում է տաճարի բաց մնացած խորանի կամարակապ առաստաղը, որտեղ տեղ-տեղ երևացող աստղերի պատկերներն հուշում են, որ նախկինում խորանը նկարազարդ է եղել:

     

    Այդ խորանը, որտեղ գրեթե 100 տարի առաջ քահանան ճաշակում էր Տիրոջ մարմինն ու արյունը, այժմ անպիտան արկղերի գորշ մի անկյուն է դարձել: Դա էր Աստվածածնին նվիրված աղոթատան խաչը՝ երկրաշարժ, անաստվածության սրբապղծություն, արհամարհանք, ճիշտ ինչպես իր հավատացյալների մի քանի սերունդների կրած ծանր խաչը, մի տարբերությամբ միայն՝ աղոթատունն իր կյանքը տալով՝ փրկեց աղետից տուժած հայ ընտանիքների կյանքերը: Իսկ քաղաքի կաթողիկե ջերմեռանդ հավատացյալների մի խումբ շարունակում էր գաղտնի աղոթել տներում, իսկ հետո՝ առաքելական Սբ. Յոթվերք եկեղեցում:

    100_3893 100_3896 100_3903 100_3904 100_3906 100_3910 100_3924 100_3899

     

      1991թ., երբ Հովհաննես Պողոս Բ Քահանայապետը ձևավորեց Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Արևելյան Եվրոպայի հայ կաթողիկների թեմը՝ Գերշն. Տ. Ներսես Արքեպս. Տեր-Ներսեսյանի առաջնորդությամբ, հայ կաթողիկե հոգևորականները վերսկսեցին իրենց առաքելությունը Հայաստանում, Գյումրիում հաստատվեց թեմի առաջնորդարանը՝ Աթարբեկյան 82 հասցեում, համայնքը տասնամյակների հարկադիր անզգայացումից հետո սկսեց հոգևոր զարթոնք ապրել, աղոթատուն ունենալու խնդիրը օրըստօրե ավելի հրատապ էր դառնում: Խոնարհված աղոթատունը վերանորոգելու համար հարկ կլիներ նախ լուծել այնտեղ ապաստանած ընտանիքներին բնակարաններով ապահովելու բարդ խնդիրը, իսկ դա հսկայական ծախսեր էր պահանջում, որոնք գումարվելու էին վերանորոգման մեծ ծախսերին: Հետևաբար, որոշվեց կառուցել նոր աղոթատուն:

     

      Նոր տաճարի կառուցման աշխատանքները հնարավոր եղավ մեծ դժվարություններով սկսել միայն 2010թ., թեմի առաջնորդական տեղապահ Հ. Վահան ծ.վրդ. Օհանյանի և Գյումրիի ժողովրդապետ Տ. Գրիգոր ավ.քհն. Մկրտչյանի ջանքերով, ով կարողացավ ի վերջո ստանալ ՀՀ Մշակույթի նախարարության թույլտվությունը՝ քանդելու այժմյան նորակառույց տաճարի տարածքում գտնվող պատմամշակութային արժեք համարվող հին շինությունը և տեղում կառուցելու տաճարը: Երբ ձեռնարկվեցին տաճարի հիմքերի փորման աշխատանքները, բարդություններ առաջ եկան գրունտային ջրերի արտահոսքի պատճառով, ինչը ստիպեց շինարարներին կարճ ժամանակով դադարեցնել աշխատանքը, մինչև որ ճիշտ լուծում տրվեց խնդրին: Շինարարությունը լայն թափ շարունակվեց:

     

    Ճարտարապետը Հակոբ Ջիվանյանն է՝ փորձառու մի մասնագետ, ով որոշեց ճարտարապետական առանձնահատուկ մի կառույց պարգևել Եկեղեցուն՝ 8 խաչվող կամարներով, առանց ներքին սյուների, մոտ 30 մետր բարձրությամբ, Զվարթնոցի տաճարին հատուկ ճարտարապետական տարրերով, որոնց վերջնական գեղեցկությունը հավատացյալները կկարողանան ըստ արժանվույն գնահատել արդեն 2015թ. գարնանը, երբ աղոթատան շինարարական ու ներքին հարդարման աշխատանքները լրիվությամբ կավարտվեն: Աղոթատունն ի սկզբանե անվանակոչվել է Սբ. Խաչ, բայց ի տես Ցեղասպանության 100-ամյա տարելիցի, վերանվանվել է Սրբոց Մարտիրոսաց՝ ի հիշատակ Մեծ Եղեռնի 1,5 մլն զոհերի և բոլոր նրանց, ովքեր այս կամ այն կերպ հալածվել են իրենց հավատքի համար ու իրենց ջերմեռանդությունը փոխանցել ներկայիս սերունդներին: Հավատացյալները հպարտ են՝ տեսնելով վերածնված համայնք, խոնարհված հին տաճարի հիշատակն իր մեջ սրբությամբ ամփոփող, շքեղությամբ վեր խոյացող մի երիտասարդ աղոթատուն՝ պատրաստ դիմակայելու նոր փորձությունների ու իր խաչվող ամուր կամարների ներքո երաշխավորելու հայ ժողովրդի հավատքի ամրությունն ու վերելքը:

     

    Ինչպես լրագրողների հետ իր խոսքում խաչերի օծման առիթով նշեց Գերշն. Տ. Ռաֆայել Արքեպս. Մինասյանը, այս աղոթատունը բաց է բոլորի առջև՝ առանց խտրականություն դնելու կաթողիկեների, առաքելականների կամ այլոց միջև, այն ևս մեկ նոր հոգևոր տուն է, Աստուծոյ հետ հաղորդվելու սրբավայր:

     

    Իսկ ժողովրդապետ Հայր Պետրոս վրդ. Եսայանը ուրախ է, որ այսուհետ հավատացյալները, որոնք նախկինում խուսափում էին աղոթքի գալ ժողովրդապետության շենքի նկուղային հարկի աղոթասրահում, այժմ ավելի հոծ բազմությամբ կհաճախեն եկեղեցի: Նոր աղոթատունը, նրա խոսքերով, վերածնվող հավատքի խորհրդանշական փյունիկն է, որն իր թևերի տակ կհավաքի իր ձագուկներին ու կճախրի առ Աստված:

     

     

     

    100_3829 100_3845 100_3847 100_3849 100_3854 100_3870 100_391810662031_793410297364928_4661058685213699355_o10733878_793410087364949_7425598743807751280_o1490766_793410324031592_6594737477001698527_o10609499_793410437364914_4449259554175983320_n

    Շանթ ՀՌԸ անդրադարձը. (դիտեք 08:21 րոպեից)

     

    Ցայգ ՀՌԸ անդրադարձը՝ ստորև.

     

     

Օրացույց

Օրացույց