• Սկսում ենք ավետարանացման մի նոր հզոր փուլ՝ Սուրբ Հոգու առաջնորդությամբ

    Ավետարանել՝ նշանակում է ամեն ինչ տրամադրել Սուրբ Հոգուն, որպեսզի Նա քաջալերի հռչակել վկայությամբ, նույնիսկ նահատակությամբ


    Ընդունել Աստծո Խոսքը՝ նշանակում է պատրաստ լինել դուրս գալու սեփական սահմանափակումներից, որպեսզի հանդիպես Աստծուն և նմանվել Քրիստոսին՝ Երկնային Հոր Կենդանի Խոսքին: Հոկտեմբերի 2-ին Սուրբ Պետրոսի հրապարակում ընդհանուր ուկնդրության ժամանակ ասաց Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը:

     

    Շարունակելով Գործք Առաքելոց գրքի մեկնաբանությունը՝ Սրբազան Քահանայապետը խորհրդածեց Փիլիպոս առաքյալի ու ավետարանացման նոր ուղիներով երթի մասին: Ստեփանոս սարկավագի նահատակվելուց հետո առաքյալները մնացին Երուսաղեմում՝ Երուսաղեմի Եկեղեցու հալածանքների ու հետապնդումների պատճառով, սակայն քրիստոնյաներից շատերը սփռվեցին Իսրայելի ու Սամարիայի տարբեր վայրերը: Համաձայն Գործք Առաքելոց գրքի, հալածանքները եղել են առաքյալների կյանքի անբաժանելի մասը՝ լիովին համապատասխանելով Հիսուսի խոսքին. «Եթե ինձ հալածեցին, ապա ձեզ էլ կհալածեն» (Հվհ. 15, 20): Սակայն հալածանքները նպաստեցին ավետարանացման արագացմանը, ընդգծեց Նորին Սրբությունը:

     

    Աստծո Խոսքի երթի մի նոր փուլ է սկսվում աշխարհում: Սամարիայի քաղաքներում քարոզող Փիլիպոս առաքյալին Սուրբ Հոգին բերում է Երուսաղեմից Գազա տանող ճանապարհ: Աստված առաքյալին պատվիրում է մոտենալ անցորդին՝ եգիպտոսի թագուհու վերակացու ներքինիին, ով այդ ժամանակ կարդում էր մի հատված՝ Եսայի մարգարեությունից, Տիրոջ օծյալի մասին չորրորդ երգը: Փիլիպոսը մոտենում է կառքին ու հարցնում վերակացուն. «Հասկանու՞մ ես արդյոք, ինչ որ ընթերցում ես»: «Ինչպե՞ս կկարողանամ հասկանալ, եթե մեկն ինձ չառաջնորդի»: (Գրծք 8, 30-31): «Այս ազդեցիկ վերակացուն խոստովանում է, որ ինքն առաջնորդության կարիք ունի՝ Աստծո Խոսքն հասկանալու համար», ասաց Սրբազան Քահանայապետը:

     

    «Փիլիպոսի ու վերակացուի միջև երկխոսությունը ստիպում է խորհել այն մասին, որ միայն Սուրբ Գրքի ընթերցանությունը բավական չէ, այլ առավել կարևոր է հասկանալ իմաստը, զգալ նրա կենսունակ համը, նրա կենդանացնող հյութը՝ ներթափանցելով արտաքին պատիճից ներս, պետք է ոգեշնչվել Սուրբ Հոգուց, Որը կյանք է սերմանում տառին»:

     

    Բացելով Աստծո Խոսքին նվիրված Սինոդը՝ Ֆրանցիսկոս Պապի նախորդ Բենեդիկտոս 16-րդն ասել է. «Սուրբ Գրքի մեկնությունը, անկեղծ ընթերցանությունը միայն գրական երևույթ չէ: Դա իմ կյանքի շարժումն է»:

     

    Եվ այսպես ո՞վ էր գլխավոր հերոսն այն հատվածի, որ կարդում էր եթովպացի վերակացուն: Փիլիպոս առաքյալն իր զրուցակցին ավետարանում է Հիսուսին. «այս խոնարհ մարդը, ով չի պատասխանում չարին և որին անհաջողակ էին համարում, ժողովրդին ազատում է ապօրինություններից և պտուղ բերում Աստծուն»: Սա հենց այն Քրիստոսն է, Որին ավետում են Փիլիպոսն ու ողջ Եկեղեցին. «Իր Հարությամբ Նա փրկեց ամբողջ մարդկությանը»:

     

    «Վերջապես, եթովպացին, հավատալով Տեր Հիսուսին, ճանաչում է Նրան ու Մկրտություն խնդրում: Սա հիանալի պատմություն է, սակայն ո՞վ խրախուսեց Փիլիպոսին անապատ գնալ, որպեսզի հանդիպի նման մարդու: Ո՞վ խրախուսեց մոտենալ կառքին: Սուրբ Հոգի՛ն. Նա է գլխավոր գործող անձը Ավետարանի քարոզման գործում: «Հա՛յր, ես գնում եմ ավետարանելու», «Իսկապե՞ս, իսկ ինչպե՞ս ես դա անելու», «Ես կհռչակեմ Ավետարանն ու կասեմ, թե ով է Հիսուս, կփորձեմ մարդկանց համոզել, որ Հիսուս Աստված է»: Սիրելի՛ս, առանց Սուրբ Հոգու, ավետարանացում չի կարող լինել: Դա կարելի է անվանել պրոզելիտիզմ, գովազդ

     Ավետարանել՝ նշանակում է ամեն ինչ տրամադրել Սուրբ Հոգուն, որպեսզի Նա քաջալերի հռչակել վկայությամբ, նույնիսկ նահատակությամբ»:

     

    Փիլիպոսն ամբողջությամբ իրականացրեց իր առաքելությունը: «Սուրբ Հոգին մկրտվածներից կհանի Ավետարանի քարոզիչներ, ովքեր մարդկանց գրավում են ոչ դեպի իրենք իրենց, այլ՝  դեպի Քրիստոս, և գիտեն՝ ինչպես Աստծո գործողությունների համար տեղ ազատել, ովքեր կարող են ուրիշներին դարձնել ազատ և պատասխանատու՝ Աստծո առջև»:

     

    Ողջունելով մեծաթիվ ուխտավորներին՝ Սրբազան Քահանայապետն ասաց, որ ծիսական տարվա Հոկտեմբերի 2-ին Եկեղեցին նշում է Սուրբ Պահապան Հրեշտակների հիշատակը:

     

    «Թող նրանց ներկայությունը ամրապնդի մեր վստահությունը, որ Աստված ուղեկցում է յուրաքանչյուր մարդու: Թող որ նրանք մեզ օգնեն Քրիստոսի Բարի Լուրի ավետման, ավետարանական պատվիրանների կյանքի կոչման և Աստծո սիրով նորոգված աշխարհի ստեղծման գործում»:

     

    Vatican News լրատվականի ռուսերեն բաժնից թարգմանեց՝ Նաիրա Բաղդասարյանը

Օրացույց

Օրացույց