• Տոն հիշատակության Սուրբ Եւստաքէոսի և նրա կնոջ Թեոպիստէի և երկու որդիների

    «Ձեզ զանազան տառապանքներ են սպասվում, սակայն չհուսահատվե՛ք, որովհետև ես պիտի ձեզ մխիթարեմ»


    Եւստաքէոսը ապրել է Ք. Հ. Ա դարում, Հռոմում, Վեսպասիանոս կայսեր օրոք և եղել է նրա քաջ զորավարներից մեկը: Ազնվական տոհմից էր: Հեթանոսական անունը Պլակիդոս էր, իսկ կնոջ անունը Տատյանա էր: Ուներ անթիվ հարստություններ: Այս առաքինի զորավարը շատ էր սիրում որսի գնալ: Մի օր նա գնաց լեռը՝ եղնիկներ ու եղջերուներ որսալու:

     

    Տեր Հիսուս՝ ծառայի կերպարանք առած, ցանկանում է եղջերուի կերպարանքով փրկություն բերել Պլակիդոսին: Եվ ահա Պլակիդոսը բլրի վրա տեսնում է մի գեղեցիկ եղջերուի:

     

    Ցանկանալով ցույց տալ իր քաջավարժ որսորդությունը՝ նա սկսում է հալածել եղջերուին: Բավական հետապնդելուց ու հոգնելուց հետո, վերջապես մոտեցավ կենդանուն և ուզում էր հարվածել նրան, երբ հանկարծ ձայն լսվեց եղջերուի մեջից, որ ասում էր.

     

    -Ո՛վ Պլակիդոս, ինչու՞ ես հալածում ինձ: Կհիշե՞ս՝ ժամանակին Սողոսն էլ հալածեց ինձ ու բռնվեց իմ կողմից: Քեզ էլ եմ ուզում դարձի բերել:

    Պլակիդոսը հարցրեց.

    -Ո՞վ է հետս խոսում…

    Նա տեսավ եղջերուի մեջտեղը մի լուսավոր խաչ ու Քրիստոսի կերպարանքը, որ խոսում էր իր հետ.

    -Ես եմ Աստված, որ քեզ համար մարդ եղա: Ինձով պետք է նորոգվես և դու: Սակայն լավ հիշիր, որպեսզի հոգով բարձրանաս, պետք է հրաժարվեց հարստությունիցդ ու փառքիցդ: Հիմա ուզու՞մ ես ինձ խոնարհվել…

    Զորավարը ահուդողի մեջ, շփոթված, ասաց.

    -Աղաչու՛մ եմ, Տեր, սպասի՛ր մինչև վաղը, որպեսզի պատմեմ կնոջս ու միասին խոնարհվինք քո առջև:

    Տերն ասաց նրան.

    -Եթե ուզում ես մոտս գալ, նախ կգնաս քահանայի մոտ, ըստ քրիստոնեական օրենքի մկրտվիր և ապա ինձ այստեղ կտեսնես:

     

    Զորավարը կնոջը պատմեց տեսիլքը: Կինը հրճվանքով ասաց, որ ինքն էլ է տեսել նույն տեսիլքը: Վերցնելով իրենց երկու զավակներին՝ նրանք գնացին Հովհան եպիսկոպոսի մոտ ու մկրտվեցին: Պլակիդոսի անունը դրուեց Եւստաքէոս, իսկ կնոջ անունը՝ Թէոպիստէ, այսինքն աստվածահավատ:  Երկու զավակներին էլ կոչեցին Ագապիոս և Թէոպիստոս:

     

    Հաջորդ օրը Եւստաքէոսը գնաց տեսիլքի վայրն ու գոհություն տվեց Աստծուն այս շնորհքի համար:

     

    Տերը նրան ասաց.

     

    -Ձեզ զանազան տառապանքներ են սպասվում, սակայն չհուսահատվե՛ք, որովհետև ես պիտի ձեզ մխիթարեմ:

     

    Հաջորդ օրն իսկ սատկեցին նրա յոթանասուն ձիերը, ոչնչացավ նրա ամբողջ հոտն ու ցանքը: Հետո ժանտախտից մահացան նրա բոլոր ծառաները, աղախիններն ու զինակիցները: Այնուհետև կործանվեց նրա ապարանքը: Այսպիսով, Եւստաքէոսը, կինն ու զավակները մնացին միայն իրենց հագուստներով:

    Կինը ամուսնուն ասաց.

    -Հեռանա՛նք այս երկրից, քանի որ բոլորի առաջ ծաղր ու ծանակ եղանք:

    Եվ նրանք բոլորը միասին գնացին Եգիպտոս:

    Երբ ծովեզերք հասան, ստիպված էին նավարկել:

     

    Նավապետն ու ընկերները ստոր ու շնաբարո մարդիկ էին: Նավապետն առաջակեց, որ վարձքի փոխարեն Եվստաքէոսն իր կնոջը՝ Թէոպիստէին, տա, որովհետև շատ գեղեցիկ էր: Եվստաքէոսը հակառակվեց, սակայն ստիպված էր զավակների հետ իջնել, գոնե նրանց կյանքը փրկելու համար, իսկ կնոջը նավի մեջ թողնել՝ հանձնելով Աստծո խնամքին:

     

    Եւստաքէոսը հասավ գետի եզերքին, քանի որ հոսանքն ուժեղ էր, նա Ագապիոսին թողեց եզերքի մոտ ու Թէոպիստոսին ուսն առնելով՝ անցավ գետի մյուս կողմը: Երբ վերադարձավ, որ մյուս զավակին էլ փոխադրի, չհասցրեց, և առյուծը Ագապիոսին հափշտակեց, գետի մյուս կողմում էլ գայլը հափշտակեց  Թէոպիստոսին:

    Հայրը լսելով տղաների աղիողորմ ճիչերը, որոշեց անձնասպան լինել: Սակայն աստվածային նախախնամությունը նրան անվնաս գետեզերք հանեց: Աստված փրկեց նաև երկու զավակներին:

    Եւստաքէոսը հույսը կտրած չգիտեր ինչ աներ, ուր գնար: Վերջապես հասավ Բանտիսոն գյուղ ու խնդրեց բնակիչներից, որ իրենց մոտ որպես սպասավոր աշխատի:

    Եվ այսպես, մի այգեպանի մոտ նա որպես ծառա աշխատեց տասնհինգ տարի:

    Նավավարը աստվածային կարգադրությամբ Թէոպիստէին անվնաս պահեց, բայց հիվանդացավ ու տուն հասնելուն պես մահացավ: Իսկ Թէոպիստէն այլազգիների մեջ ծառայություն անելով պարկեշտ կյանք էր վարում:

    Բավական ժամանակ հետո՝ Թէոպիստէի երկրի այլազգիները հարձակվեցան հռոմեացիների վրա ու բազմաթիվ գավառներ գրավեցին:

    Այդ ժամանակ Ներուաս կայսրը հիշեց քաջ զորավար Պլակիդոսի մասին: Կայսրը հրամայեց գտնել նրան՝ մեծ վարձք խոստանալով գտնողին:

    Եւստաքէոսը ճանաչեց խնդրակներին, որ գյուղ էին եկել: Խնդրակները հարցնում էին նրան, թե ճանաչում է արդյոք Պլակիդոս անունով մեկին:

    Եւստաքէոսն ուրացավ իր ինքնությունն ու նրանց հրավիրեց ճաշի ագարակապանի տանը:

    Մինչ կսպասարկեր նրանց, խնդրակներից մեկը նրա սպին տեսնելով, ճանաչեց Եւստաքէոսին ու փաթաթվեց նրան՝ ասելով.

    -Պլակիդո՛ս, դու մեր տերն ես մենք քեզ պետք է սպասարկենք:

    Պատվիրակները Եւստաքէոսին տարան թագավորի մոտ, ու նա պատմեց այն ամենը, ինչ պատահել էր իր հետ:

    Թագավորը նախկին պաշտոնը շնորհեց նրան: Եւստաքէոսը տեսնելով, որ բանակը չունի բավարար թվով զորք՝ պատվիրակներ ուղակեց զինվորագրություն կատարելու համար:

    Եկան այն գլյուղը, որտեղ Եւստաքէոսի երկու զավակներն էին ապրում: Գյուղացիները մեծ գին պահանջելով՝ ծախեցին նրանց: Եւստաքէոսը շատ հավանեց նրանց, մեկին իրեն թիկնապահ նշանակեց, իսկ մյուսին՝ սենյակի սպասավոր:

    Եւստաքէոսը հաջող պատերազմներ մղեց ընդդեմ բարբարոսների: Հռոմեացիների բանակը հասավ մինչև այն գյուղը, որտեղ ապրում էր Թէոպիստէն՝ Եւստաքէոսի կինը: Նա ուրախ գնաց զորավարի՝ իր ամուսնու մոտ, այն հույսով, որ թույլտվություն ունենա վերադառնալ իր հայրենիք:

    Եղբայրները նստան ծառի տակ ու սկսեցին իրար պատմել իրենց մանկության մասին:

    Ագապիոսը ասաց կրտսերին.

    -Ես իմ մանկությունը հազիվ եմ հիշում: Միայն այն գիտեմ, որ հայրս զորավար էր ու շատ հարուստ էր: Մի փոքր խարտյաշ եղբայր ունեի: Մի օր նավով ճամփորդեցինք: Նավից իջանք, սակայն մայրս մնաց նավի մեջ: Հայրս եղբորս շալակն առնելով անցրեց գետի մյուս կողմը, իսկ ես մնացի մյուս ափին: Երբ վերադառնում էր, որ ինձ էլ տաներ հանկարծ առյուծը եկավ ու ինձ հափշտակելով փախավ: Հովիվները հազիվ ինձ փրկեցին: Բայց չգիտեմ հայրս ու եղբայրս ինչ եղան:

    Սա լսելուց հետո Թէոպիստոսը փաթաթվեց եղբոր պարանոցին՝ ասելով.

    -Դու իմ սիրելի եղբայրն ես: Ես էի գետի մյուս կողմ տարվողը, սակայն չգիտեմ հայրս ինչ եղավ, քանի որ ինձ էլ մի գազան հափշտակեց ու ինձ խնամողներն ասացին, որ գայլի բերանից են ազատել:

    Թէոպիստէն, որ գաղտնի ականջ էր դնում, այլևս կասկած չուներ, որ իր զավակներն են: Առավոտյան ներկայացավ Եւստաքէոսի մոտ ու ասաց.

    -Տե՛ր իմ, ես հռոմեացի եմ, աղաչում եմ ազատիր ինձ ու Հռոմ վերադարձրու:

    Մինչ խոսում էր, տեսավ ամուսնու վզի սպին ու կռահեց, որ զորավարն իր ամուսինն է:

    Թէոպիստէն փաթաթվելով նրա վիզն ասաց.

    -Ես եմ քո սիրելի կինը: Այլազգիները թեպետ հափշտակեցին ինձ, սակայն Հիսուսի շնորհիվ անաղարտ մնացի: Բայց ու՞ր են մեր երկու զավակները:

    Եւստաքէոսը լացելով ասաց, որ նրանց գազանները կերան:

    Թէոպիստէն անհամբեր ասաց.

    -Քո երկու զինակիրներդ մեր երկու որդիներն են: Օրհնյալ լինի Աստծո բարությունը, որ մեզ դարձյալ իրար միացրեց:

    Չորսն էլ անսահման ուրախությամբ ողջագուրվեցին ու փառք տվին Աստծուն:

    Եւստաքէոսը ևս մի նոր հաղթանակ տարավ այլազգիների վրա ու մեծ փառքով վերադարձավ Հռոմ:

    Սակայն իր սիրելի կայսր Ներուասը մահացել էր ու նրա փոխարեն թագավոր էր դարձել Տրայիանոսը, ով միշտ պայքար էր մղում քրիստոնյաների դեմ:

    Եւստաքէոսին նախ ուզեց խոսքով համոզել, որ հրաժարվի քրիստոնեությունից, բայց չկարողացավ ու նետեց առյուծների առջև, որ նրան բզկտեն: Սակայն գազանները ոչ մի վնաս չտվեցին նրան:

    Զայրացած թագավորը հրամայեց, որ պղնձե ցուլ շինեն ու կրակով հրաշեկ դարձնեն, ապա երանելիներին նետեն մեջը, որ հրկիզվեն:

    Երբ նրանք հրաշեկ գործիքի մեջ էին, կրակի զորությունը նվազեց ու սկսեցին այնտեղ աղոթել: Ապա խաղաղությամբ ավանդեցին իրենց հոգիները:

    Երեք օր հետո՝ երբ նրանց հանեցին հնոցից, տեսան, որ անգամ նրանց գլխի մազերը չեն այրվել: Եվ բոլորը փառք տվին Աստծուն:

     

    Աղբյուրը՝ Վարք Սրբոց, արևելահայերենի վերածեց՝ Նաիրա Բաղդասարյանը

     

Օրացույց

Օրացույց