Քրիստոսի ու նրա խաչի սերը չես կարող ինձանից հեռացնել ո՛չ հրով, ո՛չ սրով, ո՛չ կյանքով, ո՛չ էլ մահով
Խաչազգեաց նահատակը և քաջահաղթ վկան Քրիստոսի՝ Դավիթ Երանելին, ազգությամբ պարսիկ էր ու արքայական տոհմից: Հայրը մահմեդական էր, իսկ մայրը քրիստոնյա էր, այս պատճառով էլ տեղյակ էր քրիստոնեական վարդապետության սկզբունքներին:
Նա Հայաստան եկավ 665թ., Անաստաս կաթողիկոսի օրոք: Այդ ժամանակ Հայաստանի պատրիկն էր Գրիգոր Մամիկոնյանը, ով նաև Հայոց հրամանատարն էր՝ կարգված ամիրապետի կողմից:
Դավթի առաջին անունը Սուրհան էր: Նա, տեսնելով քրիստոնյաների պարկեշտ վարքը, ցանկանում է քրիստոնյա դառնալ: Դրա համար գալիս է հայոց բարեպաշտ իշխան Գրիգորի մոտ ու հայտնում իր քրիստոնյա դառնալու ցանկությունը:
Իշխանը նրան տանում է Անաստաս կաթողիկոսի մոտ, ուր քրիստոնեական հիմնական գիտելիքները ստանալուց հետո՝ մկրտվում է և ստանում է «Դավիթ» անունը:
Հետո նա ամուսնանում ու բնակվում է Դվին քաղաքում, դրա համար էլ ստանում է «Դվնեցի» անունը: Այնտեղ նա ապրեց առաքինազարդ վարքով, ունեցավ զավակներ ու դուստրեր, նրանց ևս կրթեց քրիստոնեական հավատով: Այսպես նա ապրեց ու դարձավ վաթսուն տարեկան:
Երանելի Սահակ Ձորափորեցի կաթողիկոսի օրոք ամիրապետը Հայաստանի առաջին ոստիկան է կարգում անգութ ու դաժան Աբդլլահին, ով բնակություն հաստատեց Դվին քաղաքում: Նա իր մոտ կանչեց հայոց մեծամեծներին ու նախարարներին՝ նրանց սիրաշահելու ու նախօրոք վախեցնելու համար: Աբդլլահն այնքան խստացրեց հարկահանության պահանջները մինչև որ կողոպտեց բոլորի ունեցվածքն ու եկեղեցու զարդերը: Այսքանով չբավարարվելով՝ նա երանելի Սահակ հայրապետին ու Սմբատ Բյուրատեան սպարապետին շղթայակապ Դամասկոս ուղարկեց:
Այնուհետև նրան լուր տվեցին Դավիթ Դվնեցու մասին, որ նա եկել է Խորասանից, իսկական անունը Սուհրան է, մահմեդականի զավակ է և, որ Դավիթ է կոչվել քրիստոնյա դառնալուց հետո:
Աբդլլահը նրան իր մոտ բերելու հրաման տվեց: Տեսնելով, որ նա հաստատուն է իր քրիստոնեկան հավատի մեջ, իր զինվորներին հրամայեց հարվածել նրա բերանին, եթե համարձակվի Քրիստոս Աստված անունը տալ: Երբ ոստիկանը ձեռքը բարձրացրեց, որ զարկի սրբին բազուկը կծկվեց ու անշարժացավ:
Այս հրաշքից վախեցած՝ ոստիկանը բանտ գցեց նրան: Դավիթը սուրբ հոգով լցված՝ կրում էր այս զրկանքները ու անդադար աղոթում Աստծուն:
Ութ օր հետո նրան բանտից հանեցին ու ամիրան ասաց.
-Մինչև՞ երբ պետք է անմտորեն համառես: Դարձի՛ր հայրենի հավատքիդ, որ ազատվես:
Դավիթն ասաց.
-Համառը դուք եք, որ չեք գալիս Քրիստոսի ճշմարիտ աստվածագիտության ճանապարհով՝ ընդունելով նրա սուրբ հավատքը:
Բռնավորը հրամայեց ցած նետել նրա խաչը, ապա ծառաները ստիպեցին նրան ոտքով կոխել խաչը: Իսկ երանելին գետնից վերցրեց խաչը, համբուրեց ու աչքերի վրա դրեց: Նա ամիրային ասաց.
-Ա՛յ ամենաչար, իմացիր, որ Քրիստոսի ու նրա խաչի սերը չես կարող ինձանից հեռացնել ո՛չ հրով, ո՛չ սրով, ո՛չ կյանքով, ո՛չ էլ մահով:
Ամիրան՝ տեսնելով Դավթի անդրդվելիությունը, հրամայեց, որ նրան գամեն խաչին ըստ իր Տիրոջ օրինակի:
Նա խնդրեց դահիճներին իրեն թույլ տալ աղոթել ու այսպես աղոթեց.
-Տեր Աստված, շնորհակալ եմ Քեզանից, որ ինձ այսպիսի մահվան արժանացրեցիր՝ քո սուրբ անվան համար ու ինձ Քո խաչակիցը արեցիր:
Դահիճները նրան խաչեցին ու խաչը կանգնեցրին դեպի արևմուտք: Այդ ժամանակ մի զարմանալի նշան կատարվեց: Խաչափայտը ինքն իրեն ճախրելով ՝ սրբի երեսը դարձրեց դեպի արևելք:
Դահիճները գեղարդները ձեռքերին ասում էին.
-Շուտ կատարիր ամիրայի հրամանը, որ չմեռնես:
Սակայն սուրբը զվարթ դեմքով աղոթում էր խաչի վրա: Դավթի կինը քաջալերում էր նրան՝ հաստատուն մնալ Քրիստոսի հավատքի մեջ:
Դահիճները գեղարդներով խոցեցին երանելիի սիրտն ու կողերը: Դավիթ ավանդեց իր հոգին ի Քրիստոս 639թ-ին:
Ամիրան բազում աղաչանքներից ու նվերներ ստանալուց հետո միայն թույլ տվեց խաչից վար իջեցնել մարմինը ու թաղել քրիստոնեական օրենքով: Երանելիի մարմինը Դվինի Սբ. Գրիգոր Կաթողիկէ Եկեղեցում պատվեց մաքուր կտավով ու օծվեց անուշահոտ խնկերով, հետո նրա մարմինը դրեցին վկայարանի մեջ: Իր չարչարանքների փայտը խաչի վերածելով դրեցին դամբարանի վրա, իսկ գեղարդը գնեց Մուշեղը, ով դրան խաչի ձև տալով՝ դրեց տապանի վրա՝ ի հիշատակ սուրբ նահատակի՝ Դավիթ Դվնեցու և ի փառս Հիսուս Քրիստոսի սուրբ անվան:
Սուրբ Դավիթ Դվնեցու հիշատակը Հայ Կաթողիկէ Եկեղեցին տոնում է Վարագա Սուրբ Խաչի տոնին հաջորդող երկուշաբթի:
Աղբյուրը՝ Վարք Սրբոց
Արևելահայերենի վերածեց՝ Նաիրա Բաղդասարյանը